Նոյեմբեր 19, 2026
Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձյալ հիշել էր 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից 12.000 դասալիք լինելու թեման:
Եվ սրանից օրեր հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում և կառավարությունում ակտիվացրեց 2020 թ. պատերազմում «փախածների» թեման:
«Խելագարվելու բան ա, կամերաները պետք է հանել, նկարները դնել, թե էդ ինչ արագությունների տակ են 2020 թվականի նոյեմբերի 7-ին, ինչի՞ նոյեմբերի 7-ին, սեպտեմբերի 27-ի օրվա երկրորդ կեսին փախնում Հայաստան։ Ես եմ մեղավոր, որ էդ մարդկանց անվանական ցանկերը չեմ կազմել և չեմ հրապարակում։ Տիկին Սարգսյան, տեսախցիկների արխիվները մնացե՞լ են, թե՞ չկա։ Չէ, լուրջ եմ հարցնում, մի հատ կպարզեք։ Ինձ պետք է 2020 թվականի սեպտեմբերի 27-28-ի արագաչափերը և տեսախցիկները, Գորիս-Երևան մայրուղու ավտոմեքենաների համարները ու արագությունների գերազանցումները, որ չստացվի, որ ես չափազանցնում եմ»,- ՆԳ նախարարին նոյեմբերի 18-ին կայացած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմել է Նիկոլ Փաշինյանը:
Տեղից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն արձագանքել է՝ դրանք անձնական տվյալներ են, հրապարակման ենթակա չեն: Բայց իրականությունը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է «անցնել» և՛ ռազմական գաղտնիության էլեմենտներ պարունակող օրենքով սահմանված տեղեկությունների վրայով, և՛ անձնական տվյալներ պարունակողների: Մյուս կողմից, ամեն անգամ փախածների մասին էմոցիոնալ հայտարարությունների փոխարեն՝ Փաշինյանը կարող է անվանացանկ հրապարակել, այնպես, ինչպես պիտի հրապարակեր 44-օրյայի զոհերի անվանական ցուցակը:
Ավելի ուշ պատերազմում փախածների և զոհվել-չզոհվելու թեման Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ շարունակել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ բանավեճում:
«Կախո՞ւմ եք դրոշները, դե ասեք՝ ով ա զոհվելու «Բայրաքթարների» տակ, ով ա կայացնելու էդ որոշումը: Էդ դրոշները կախել եք և չեք մտածել «Բայրաքթարների» տակ զոհվելու մասին: Դրոշ եք կախում, ասեք՝ ով ա զոհվելու «Բայրաքթարների» տակ: Բա զոհվեիք: Էլի բացենք փախածների թեմա՞ն»:
Մանուկյանը Փաշինյանի այս էմոցիոնալ-դերասանական ելույթին հակադարձել է.
«Էժան, դիշովի զրույցի թեմա եք բացել: Որպես բանակում ծառայածի հեր եմ ասում՝ հերիք ա: Ով գնաց ծառայեց, ով ծառայեց, մենք էլ հո գիտե՞նք Բալուջայում ոնց են ծառայել, բերանս եք բացում: Զինվորը, որ գնում է, չզոհվելու համար է գնում: Հերիք է մեղադրեք չզոհվելու մեջ»:
Այս թեման չի շրջանցվել նաև նոյեմբերի 19-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, երբ Նիկոլ Փաշինյանը կրկնել է նախկինում ոչ մեկ անգամ ասածը՝ մի շարք գեներալներ վախկոտներ և դասալիքներ են: Բայց այստեղ ևս որևէ անուն չի հնչել:
Նախորդ մտքի համատեքստում հարկ է հիշեցնել, որ 44-օրյա պատերազմի օրերին այդ ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ պատերազմի առաջին օրերին Արցախը որոշ պաշտոնյաներ լքել են, որոնք կազատվեն աշխատանքից, նրանց նկատմամբ կկիրառվի օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ, ինչը տեղի է ունեցել: Թե ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, հայտնի չէ: Բայց գիտենք, որ մի շարք փորձառու գեներալների չի թույլատրվել աջակցել պատերազմական գործողություններին, օպերացիաների պլանավորմանը: Բայց սա առանձին քննարկման թեմա է:
Իսկ Նիկոլ Փաշինյանը պետք է որ շատ լավ իմանա 44-օրյա պատերազմի ժամանակ ոստիկանների և քրեակատարողական հիմնարկների ծառայողների շրջանում դասալքության և դիրքերը թողնելու բազմաթիվ դեպքերի մասին, հարուցված և «ջրված» գործերի:
Նրանց թիվը բավականին մեծ է, և Նիկոլ Փաշինյանը համապատասխան մարմիններից կարող է նաև այդ ցուցակը պահանջել, թեպետ մի առիթով ասել է, որ «այնքան ինֆորմացիա ունի այդ պատերազմի մասին, որ ամբողջ իրավապահ համակարգն իրար հետ վերցրած՝ դրա կեսի ինֆորմացիան էլ չունի»: Մեկ այլ առիթով էլ նա ակնարկել է, որ 6 հատ քննիչ հանձնաժողով էլ լինի, չի կարող ունենալ այնքան ինֆորմացիա պատերազմի մասին, որքան ինքն ունի, ինչը բնական է, քանի որ երկրի ղեկավարն է:
Իսկ մեզ այս տարիներին չի հաջողվել պարզել, թե աշխարհազորի մասին օրենքը դեռ չընդունված՝ մարզպետարանների կամավորական ջոկատները որտե՞ղ են մասնակցել մարտերի:
Որտե՞ղ են մարտերի մասնակցել 44-օրյայի ժամանակ պետական մի շարք կառույցների կամավորական խմբերը, այդ թվում՝ ՀՀ քննչական կոմիտեի: Հիշեցնենք նաև, որ պատերազմի ժամանակ Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը փախուստի մեջ էր մեղադրել ՀՀ ԱԱԾ ստորաբաժանմանը: Այլ հարց է՝ որքանով էր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ ԱԱԾ զինծառայողներին ներկայացված պահանջը: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի մեղադրանքների սուբյեկտիվ, օբյեկտիվ, հիմնավոր կողմերը դեռ պիտի հասկանալ: Ի դեպ, մեզ ԱԱԾ-ից հայտնել էին, որ ԱԱԾ ստորաբաժանման փախուստի մասով քրեական վարույթ չի նախաձեռնվել:
Այստեղ հավելենք, որ պատերազմի օրերին դեպք է եղել, որ գնդի հրամանատարի պարտականություններից գնդապետը հրաժարվել է, և նախ նրան մեղադրանք է առաջադրվել, այնուհետև արդարացվել է, և այդ ընթացքում շարունակել է ծառայությունն արդեն ՀՀ զինված ուժերում՝ պաշտոնից պաշտոն տեղափոխվելով: Խոսքը Վահան Յայլոյանի մասին է:
Իսկ ՀՀ քննչական կոմիտեից էլ այս տարվա ապրիլին մեզ ասել էին հետևյալը.
«Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի ապրիլի 1-ի հարցման՝ հայտնում ենք, որ 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողությունների ընթացքում զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում 11.000 և ավելի զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է 1500 քրեական վարույթ, որոնցով իրականացվել է նախաքննություն և օրենքով սահմանված կարգով լուծվել է շատերի ընթացքը»:
ՀՀ գլխավոր դատախազությունից էլ մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ փոխանցել էին այս տեղեկությունը.
«2025 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ Քրեական օրենսգրքի (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված) 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը) և 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) հոդվածներով նախաձեռնվել է 1786 քրեական վարույթ 10.687 անձի նկատմամբ: 486 քրեական գործ 655 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Մեղադրական դատավճիռ է կայացվել 410 անձի վերաբերյալ:
Թե այս ամիսներին ինչ է փոխվել այս վիճակագրության մեջ, այս պահին չենք կարող ասել: Մի բան հստակ է՝ կանոնավոր զորքից դասալքություն չի եղել, ոչ էլ փախուստներ, ըստ էության, և դրանք հիմնականում եղել են մոբ-ի, կամավորական ջոկատների շրջանում, որոնցից շատերը, հիշում ենք, թե ինչ սկզբունքով և «կոնտինգենտով» էին ձևավորվում: Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ կանի իրականացնի իր «սպառնալիքը» և հրապարակի թռածների ցուցակը, թեև ոչ մի գեներալի նկատմամբ նման մեղադրանք չի առաջադրվել այս 6 տարիներին:
Վատ չէր լինի նաև ՔՊ-ական կամավորների մարտական գործողությունների մասին որոշ տեղեկություններ իմանայինք՝ որտե՞ղ են մասնակցել մարտերին, որ ժամանակ են ունեցել ստատուսներ գրելու:
Իհարկե, կփորձեենք Պաշտպանության նախարարությունից, ՀՀ քննչական կոմիտեից, Գլխավոր դատախազությունից գրավոր հարցումների միջոցով ստանալ համապատասխան տեղեկությունները:
Իսկ մինչ այդ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը վերոնշյալ մտքի համատեքստում նկատեց.
«Այս իշխանության համար մահակներից մեկը պատերազմի օրերին փախնելու թեման է: Մինչև հիմա Նիկոլ Փաշինյանն Արցախի պաշտպանության բանակի բարձրաստիճան զինվորականներին մեղադրանքներ է ներկայացնում, բայց մինչև հիմա էլ դրանք՝ պատերազմից փախնելու, խուսափելու, որևէ կերպ չի հիմնավորվել:
ԱԺ ամբիոնից մեկ անգամ մեղադրեց ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, և իր կամակատար քննչական մարմիններն արագ գործի անցան: Մոտ 3 տարի գեներալն անազատության մեջ գտնվեց: Եվ դեռ մինչև հիմա դատաքննությունը շարունակվում է: Բայց վերջնական ավարտին չի հասնում, սակայն դատաքննության ընթացքում փլուզվում են բոլոր քաղաքական հիմքով քրեական մեղադրանքները:
Եվ հասունացել է վաղուց պահը, որ արցախցի զինվորականները որևէ հայտարարություն անեն, խոսք ասեն, քանի որ նման մերկապարանոց մեղադրանքները վնասում են 30-ամյա փառապանծ բանակին և անարգում իրենց զինակիցների հիշատակը»:
Ինչ վերաբերում է չզոհվելուն, ապա պետք է Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրենք մասնագիտական մի կարևոր հանգամանքի վրա. պատերազմի ժամանակ զոհվելը միշտ չէ, որ խոսում է պատերազմում իրական կռված լինելու մասին, հատկապես, երբ գիտենք, թե ինչպես են 44-օրյայի ժամանակ մարդիկ զոհվել՝ դեռ մարտի դաշտ չհասած: Եղել են զոհեր նաև փախնելու ընթացքում: Փոխարենը՝ պատերազմից հաշմանդամություն ձեռք բերած կամ ձեռք չբերած վերադարձել են մարտական գործողություններին լուրջ դերակատարում ունեցած անձինք: Այսինքն, անընդհատ զոհվել-չզոհվելու մասին խոսելիս, առաջ ենք բերում պատերազմ գործուղված զոհվածների հանգամանքների և կռված-չկռված լինելու հարցը:
Ի դեպ, վատ չէր լինի, եթե վիճակագրություն լիներ, թե 44-օրյայի ժամանակ զոհեր և վիրավորումներ հիմնականում ինչ զինատեսակից են եղել:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/20/%d5%be%d5%a1%d5%b2%d5%b8%d6%82%d6%81-%d5%b0%d5%a1%d5%bd%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%a8%d5%9d-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d6%81%d5%ab-%d5%a6%d5%ab%d5%b6/