Գուցե սեփական աշխատավարձերը բարձրացնելուց առաջ մի փոքր էլ քաղաքո՞վ զբաղվեք. Մ

Հոկտեմբեր 12, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔՊ-Ն ՈՐՈՇԵԼ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԻՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ

ԻՍԿ ՔԱՂԱՔԸ ՊԱՀՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵ՞ՐԻՆԸ ․ ․ ․

Վաղը՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի ավագանու հերթական նիստում ՔՊ իշխանությունը նախատեսում է հաստատել քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ․

Քաղաքապետ՝ 1,320,000-ից՝ 2,080,000 դրամ, աճը՝ 760,000 դրամ

Քաղաքապետի առաջին տեղակալ՝ 1,020,000-ից՝ 1,913,600 դրամ, աճը՝ 893,600 դրամ

Քաղաքապետի տեղակալ՝ 952,000-ից՝ 1,830,400 դրամ, աճը՝ 878,400 դրամ

Վարչական շրջանի ղեկավար՝ 850,000-ից՝ 1,248,000 դրամ, աճը՝ 398,000 դրամ

Քաղաքապետի խորհրդական՝ 629,000-ից՝ 915,200 դրամ, աճը՝ 286,200 դրամ

Իսկ օրինակ Վարչական շրջանի աշխատակազմի հավաքարարի աշխատավարձն ընդամենը 47,840 դրամով է բարձրանում

Այս նախագծում ո՛չ մի խոսք չկա «Երևան ավտոբուս»-ի վարորդների աշխատավարձերի բարձրացման մասին

Ո՛չ մի խոսք չկա «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի՝ ամեն օր Երևանի փողոցները մաքրող աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին

ՔՊ-ի պատկերացմամբ Երևանը միայն քաղաքապետարա՞նն է, թե՞ նաև այն մարդիկ, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ քաղաքն ապրում է

Երևանի բյուջեն քաղաքապետարանի ղեկավարության անձնական բյուջեն չէ՝ դա երևանցիների գումարն է

Սեփական աշխատավարձերը վերանայելուց առաջ գուցե արժե՞ր հիշել նաև նրանց, ովքեր ամեն օր իրական աշխատանքով սպասարկում են Երևանը

Հ.Գ. Ձեր «պահած» Երևանը՝ մեկ պատկերով ․ ․ ․

Այսօր՝ Բաղրամյան պողոտա, Ազգային ժողովի դիմաց

Փողոցի երթևեկելի հատվածում՝ աղբաման, աղբամանի մեջ՝ ծառի ճյուղեր ․ ․ ․

Երևանը պատրաստվում է COP17-ին՝ կենսաբազմազանության միջազգային համաժողովին ․ ․ ․

Եվ ահա քաղաքային իշխանությունների ներդրումը կենսաբազմազանության պահպանման գործում. ծառերը՝ աղբամաններում, աղբամանները՝ փողոցի մեջտեղում

Թերևս սա կանաչապատման նորարարական ծրագիր է, որի մասին աշխարհը դեռ չգիտի ․ ․ ․

Հուսամ՝ COP17-ի հյուրերին էլ կծանոթացնեք այս բացառիկ փորձին

Իսկ մինչ այդ գուցե սեփական աշխատավարձերը բարձրացնելուց առաջ մի փոքր էլ քաղաքո՞վ զբաղվեք ․ ․ ․»:

—

Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտք

Հոկտեմբեր 12, 2026

Մի քանի ամիս մարդու կալանքի պատճառ դարձած այս պատմության ամենաուշագրավ մասը 14,5 միլիոն դոլարի ճակատագիրը չէ։ Ամենահետաքրքիրն այն է, որ, պաշտպանության կողմի ներկայացրած փաստերի համաձայն, սեփական միջոցները ներդրած, գործընկերոջը բաժնեմաս տրամադրած և վերջում իր գումարները վերադարձնելու պահանջ ներկայացրած Գագիկ Ծառուկյանը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում, իսկ նրան գումար վերադարձնելու պարտավորություն ստանձնած անձինք ներկայացվում են որպես տուժողներ։

Այսինքն՝ բիզնեսի նոր հայկական մոդելը, կարծես, հետևյալն է. դու ներդրում ես անում, գործընկերոջդ բաժնեմաս ես տալիս, գումար ես տրամադրում, հետո երբ պահանջում ես վերադարձնել այն, որպես բոնուս՝ ստանում ես մեղադրյալի կարգավիճակ։ Շատ հարմար համակարգ է․ ներդրողը կորցնում է և՛ գումարը, և՛ հանգիստը, իսկ պարտապանը ստանում է տուժողի կարգավիճակ։

Փաստաբանների այսօրվա հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ Ծառուկյանը բիզնեսում ներդրել է 14,5 միլիոն դոլար՝ 7 միլիոնը բանկից վերցված վարկով, ևս 7,5 միլիոնը՝ սեփական միջոցներից։ Գործընկերը՝ Արման Օլամային նույնիսկ մեկ դրամ չի ներդրել, բայց ստացել է ընկերության 50 տոկոս բաժնեմասը։
Այսինքն՝ Ծառուկյանը ոչ միայն գումար է ներդրել, այլև գործընկերոջը բաժին է տվել այն բիզնեսից, որի ֆինանսավորումն ամբողջությամբ ինքն է ապահովել, իսկ գործընկերները հետագայում իրենց վրա վերցրած պարտավորությունները չեն կատարել։ Եվ երբ գումարների ճակատագրի շուրջ հարցեր են առաջանում, պատմությունը հանկարծ շրջվում է 180 աստիճանով։ Վերջում պարզվում է, որ հնարավոր է՝ հենց ներդրողն է խարդախություն կատարել։

Բայց այստեղ մի փոքր անհարմար հարց կա, որից դժվար է խուսափել։ Եթե Գագիկ Ծառուկյանի նպատակը սկզբից իսկ գումար հափշտակելն էր, ապա ինչո՞ւ էր նա սեփական միջոցները ներդնում, ինչո՞ւ էր մյուս կողմին տրամադրում ընկերությունների 50 տոկոս բաժնեմասը, և ինչո՞ւ էր պահանջում վերադարձնել իր ներդրած գումարները։

Սրանք հանգամանքներ են, որոնք իրավական գնահատման ժամանակ պահանջում են հստակ, փաստարկված և համակողմանի քննություն։ Եթե առկա են փաստաթղթեր, որոնցով մյուս կողմը ճանաչել է գումարների վերադարձման պարտավորությունը, ապա դրանք չեն կարող անտեսվել միայն այն պատճառով, որ քրեական գործով արդեն ձևավորվել է մեղադրանքի որոշակի հրահանգված վարկած։

Առավել ուշագրավ է հրապարակված զրույցի այն հատվածը, որտեղ, պաշտպանության ներկայացմամբ, Հաջիալի Օլամային ընդունում է, որ Ծառուկյանի ներդրումները կատարվել են պատշաճ մակարդակով, և վստահեցնում, որ նրա գումարները չեն կորչի։ Այստեղ առաջանում է միանգամայն օրինաչափ հարց․ ինչպե՞ս են այս հայտարարությունները համադրվում այն մեղադրանքի հետ, թե Ծառուկյանն ի սկզբանե նպատակ է ունեցել խարդախությամբ հափշտակել մյուս կողմի գումարները։ Սա արդեն ոչ թե սովորական բիզնես պատմություն է, այլ իրավական ֆանտաստիկայի ժանր։
Ահա այստեղ է, որ հարցը դուրս է գալիս մեկ գործարարի և նրա գործընկերների վեճի շրջանակներից ու վերածվում արդարադատության նկատմամբ հանրային վստահության հարցի։

Միակ բանը, որ դեռ պետք է պարզել, այն է, թե Հայաստանում ներդրողն ինչպե՞ս պետք է վարվի, որպեսզի վաղը սեփական գումարները կորցնելուց բացի չկորցնի նաև ազատությունը։

Եթե սա բիզնեսի նոր կանոններն են, ապա թերևս արժե դրանք պաշտոնապես հրապարակել։ Որպեսզի հաջորդ ներդրողը նախապես իմանա՝ գումար ներդնելը կարող է վտանգավոր լինել ոչ միայն ֆինանսական, այլև քրեաիրավական տեսանկյունից։ Իսկ գործընկերոջը բաժնեմաս տրամադրելուց առաջ լավ կլինի ճշտել՝ արդյոք վաղը այդ բաժնեմասը չի՞ դառնալու սեփականատիրոջ դեմ ներկայացվող մեղադրանքի մասը։
Գուցե հաջորդ անգամ գործընկերոջը բաժնեմաս տրամադրելուց առաջ պետք է ոչ թե բիզնես ծրագիր կազմել, այլ նախապես ճշտել՝ արդյոք այդ գործարքի վերջում ներդրողը պատահաբար մեղադրյալ չի՞ դառնալու։

Որովհետև եթե ներդրողը դառնում է մեղադրյալ, պարտապանը՝ տուժող, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն, ապա գուցե խնդիրը ոչ թե միայն մեկ գործի մեջ է, այլ այն նպատակի, որով այդ գործը ներկայացվում է։

Այսքանից հետո, առաջիկա դատական նիստին դատավորին մնում է միայն մեկ բան՝ անհապաղ լուծել Ծառուկյանի ազատության հարցը։ Հնարավորություն ընձեռել, որպեսզի վերջինս կարողանա պատշաճ կերպով իրականացնել իր շահերի պաշտպանությունը։ Դա է պահանջում այս անհասկանալի գործի և ԵԽԽՎ զեկույցի տրամաբանությունը։

Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ




—

Մի խփնված ադրբեջանցի է մտել գյուղ, նենց շոու ենք սարքել. Սասուն Միքայելյան

Հոկտեմբեր 12, 2026

ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն առաջարկել են Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայողի ներթափացման հետ կապված ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշում ընդունել և դրանով պատասխանատու պաշտոնյաներին նիստին հրավիրել։ Այդ մասին այսօր հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։

«Պաշտպանության նախարարից, ներքին գործերի նախարարից, ԱԱԾ տնօրենից ըստ վերաբերելիության պահանջել գրավոր պարզաբանում այն մասին, թե «Պաշտպանության մասին», «Պետական սահմանի մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» և հարակից օրենքների, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի որ կարգավորումներն են խախտվել, որոնք հանգեցրել են Սյունիքի մարզի Սիսիան համայնքի շաքի բնակավայրում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի հայտնվելուն, և ինչ պատճառներով է պայմանավորված վերջինիս՝ ժամանակին չհայտնաբերելը, ինչ կարգավորումներ են անհրաժեշտ նմանատիպ դեպքերը հետագայում բացառելու համար»,- հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։

Հանձնաժողովի ՔՊ-ական անդամները կարծում են՝ որոշման ընդունումն իմաստազուրկ է, դրա փոխարեն կարող են առանց դրա էլ համապատասխան պատասխանատուներին հրավիրել հանձնաժողովի նիստին և իրենց հուզող հարցերն ուղղել։ Մյուս կողմից հիշեցնում են, որ նախաքննական գաղտնիքի գործոն էլ կա, համալիր քննություն չի իրականացվել, որպեսզի հնարավոր լինի որոշման նախագծում առաջարկվող հարցերի բոլոր պատասխանները ստանալ։ Ուստի ՔՊ-ականներն ի սկզբանե զգուշացրեցին՝ դեմ են քվեարկելու որոշման նախագծին։

Իր հերթին ՔՊ-ական Սասուն Միքայելյանն էլ հայտարարեց, թե անիմաստ տեղը շոու է սարքվում, հարցը քաղաքականացվում է։ Համաձայն չէ նաև ընդդիմադիրների բարձրացրած մտահոգությունների, թե քանի դեռ բոլոր հարցերի պատասխանները չկան, Շաքիում և հարակից գյուղերում որոշակի խուճապ կա։

«Մի հատ խփնված ադրբեջանցի է մտել գյուղ, մենք էս բարձր ամբիոնից նենց մի հատ շուխուր ենք սարքել։ Երևի Ադրբեջանում հիմա կմտածեն՝ էս կտցրուկը գնացել, թպրտում ա սաղ Հայաստան»,- հայտարարեց Միքայելյանը։

Նիստի վերջում համաձայնություն կնքվեց․ ընդդիմադիր պատգամավորները հետ են կանչում որոշման նախագիծը, դրա փոխարեն հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը խոստացավ՝ առաջիկա օրերին կառավարության գործընկերներին կհրավիրեն նիստին՝ հարցի բովանդակալի քննարկման համար։

—

«Կոչնչացնենք ամեն ինչ և բոլորին». ՆԱՏՕ-ի՝Եվրոպայում միացյալ զինված ուժերի գլխ

Հոկտեմբեր 12, 2026

ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը Վարշավայի անվտանգության համաժողովում նախազգուշացրել է Մոսկվային, որ դաշինքը պատրաստ է զանգվածային հարված հասցնել՝ դաշինքի անդամ որևէ երկրի դեմ ագրեսիայի դեպքում.

«Եթե որևէ մեկը այնքան հիմար գտնվի, որ հարձակվի մեզ վրա, մենք կպայքարենք։ Մենք կկասեցնենք հարձակումը և թույլ չենք տա, որ հակառակորդը հասնի իր նպատակներին՝ անկախ դրանց բնույթից։ Մի խոսքով՝ մենք այնպես կանենք, որ դաշնակիցներից որևէ մեկի վրա ցանկացած հարձակում լիովին անիմաստ դառնա»։

Գեներալ Ալեքսուս Գրինկևիչն ընդգծել է, որ պատասխան հարվածը կտարածվի առաջնագծից շատ ավելի հեռու.
«Եթե հակառակորդը որոշի շարունակել հարձակումը կամ գործի դնել պահեստային ուժերը, մենք կկործանենք մեր դեմ ուղղված ռազմական գործողությունների համակարգը։ Դա ներառում է ոչ միայն անմիջականորեն հարձակվող ուժերը, այլև այն ամենը, ինչ աջակցում է դրանց, ապահովում դրանց գործունեությունը և ղեկավարում դրանք»,-հայտարարել է նա։

Կարդացեք նաև

  • Չեմ բացառում, որ ամերիկացիներն ԱՄՆ-ում ահաբեկչական ակտ կիրականացնեն՝ ժողովրդին ընդդեմ Իրանի համախմբելու համար. Ռոստիսլավ Իշչենկո
  • Ցանկացած արտաքին տեխնոլոգիա կախվածություն է ստեղծում. հարցն այն է, թե այդ կախվածությունը որքանով է կառավարելի․ Վահե Դավթյան
  • «Երկաթուղային դիվանագիտություն». Ինչո՞ւ է Բելոզյորովը ժամանում Երևան, և ի՞նչ է նախապատրաստվում Կրեմլում

Գրինկևիչը ՆԱՏՕ-ի վրա լայնածավալ հարձակման հավանականությունը գնահատել է համեմատաբար ցածր՝ նշելով, որ ռուսական բանակը զբաղված է Ուկրաինայում ռազմական գործողություններով և կենդանի ուժի կորուստներ է կրում, որոնք, նրա պնդմամբ, գերազանցում են Ուկրաինայի զինված ուժերի կորուստները և ազդում Ռուսաստանի երկարաժամկետ հեռանկարների վրա։

Միաժամանակ նա նշել է, որ պահպանվում են դիվերսիաների և հիբրիդային հարձակումների սպառնալիքները։
Հարցին, թե որքան արագ ԱՄՆ-ը կարձագանքի Լեհաստանի կամ Բալթյան երկրների վրա հարձակման դեպքում՝ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի շրջանակում, գեներալը պատասխանել է. «Մենք պատրաստ ենք շատ արագ արձագանքել»։

Նա նաև հիշեցրել է դաշինքի օդային գերազանցության մասին՝ մատնանշելով F-35 կործանիչների հնարավորությունները։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը




—

ՀՀ իշխանությունները սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահան

Հոկտեմբեր 12, 2026

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավար Օլիվիե Ֆորը գրառում է կատարել և նշել, որ ՀՀ իշխանությունները սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով։

«Դաշնակցություն կուսակցության (Հայաստանի ընկերվար կուսակցություն) իմ գործընկեր Իշխան Սաղաթելյանի և այդ կուսակցության Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի հետ միասին քննարկեցինք ադրբեջանական բանտերում պահվող հայ պատանդների ողբերգական ճակատագիրը, Արցախի հայերի վերադարձի իրավունքը, ինչպես նաև Հայաստանի քաղաքական իրավիճակը, որտեղ գործող իշխանությունները թուրքական և ադրբեջանական ճնշումների ներքո հակված են զիջումների գնալ նույնիսկ սեփական Սահմանադրության հարցում»,-նշել է նա։

—

«Երկաթուղային դիվանագիտություն». Ինչո՞ւ է Բելոզյորովը ժամանում Երևան, և ի՞նչ

Հոկտեմբեր 12, 2026

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզյորովի սպասվելիք այցը Հայաստան դուրս է սովորական աշխատանքային գործուղումից և ձեռք է բերում ընդգծված աշխարհաքաղաքական նշանակություն:

Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բարդ ու բազմաշերտ փուլում տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքները դարձել են երկկողմ օրակարգի ամենազգայուն հարցերից մեկը: ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի փոխանցմամբ՝ Բելոզյորովը Երևան է ժամանում հենց հայկական երկաթուղու օրակարգով, ինչը վկայում է կուտակված խնդիրների հանգուցալուծման անհրաժեշտության մասին:

Հայաստանի երկաթուղային համակարգը 2008 թվականից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր «Հարավկովկասյան երկաթուղուն»: Սակայն արդեն ամիսներ շարունակ Երևանն ակտիվորեն բարձրաձայնում է, որ գործող պայմանագրի պատճառով երկիրը կորցնում է իր մրցակցային առավելությունները: Հայկական կողմի պնդմամբ՝ գործընկեր երկրները խուսափում են օգտվել ռուսական վերահսկողության տակ գտնվող ենթակառուցվածքներից, ինչը լուրջ խոչընդոտ է դառնում միջազգային լոգիստիկ նախագծերում ներգրավվելու համար:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ՀՀ իշխանություններն առաջարկում են կոնցեսիոն կառավարումը փոխանցել և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի: Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ընդգծում է, որ հայկական կողմը ցանկանում է հարցը լուծել բացառապես բարեկամական մթնոլորտում և երկուստեք ընդունելի փոխզիջումների միջոցով:

Կարդացեք նաև

  • Չեմ բացառում, որ ամերիկացիներն ԱՄՆ-ում ահաբեկչական ակտ կիրականացնեն՝ ժողովրդին ընդդեմ Իրանի համախմբելու համար. Ռոստիսլավ Իշչենկո
  • Ցանկացած արտաքին տեխնոլոգիա կախվածություն է ստեղծում. հարցն այն է, թե այդ կախվածությունը որքանով է կառավարելի․ Վահե Դավթյան
  • «Կոչնչացնենք ամեն ինչ և բոլորին». ՆԱՏՕ-ի՝Եվրոպայում միացյալ զինված ուժերի գլխավորհրամանատարը սպառնացել է Ռուսաստանին

Ռուսական կողմն իր հերթին՝ բավականին կոշտ է արձագանքում կառավարման մոդելի հնարավոր փոփոխությանը: Մոսկվայից հստակ հասկացնում են, որ կոնցեսիայի պայմանների փոփոխության կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում կարող են պահանջել տարիների ընթացքում կատարված խոշոր ներդրումների ամբողջական վերադարձ: Սա ստեղծում է լուրջ ֆինանսաիրավական հանգույց, որի հանգուցալուծումը պահանջում է բարձր մակարդակի առարկայական բանակցություններ:

Բելոզյորովի այցը Երևան պատահական չի կազմակերպվում հենց այս փուլում,  այն տեղավորվում է որոշակի դիվանագիտական տրամաբանության մեջ:

Վերջին  կարճ ժամանակահատվածում Ռուսաստանի խոշոր պետական կորպորացիաների ղեկավարների՝ Հայաստան կատարած երկրորդ նմանատիպ այցն է՝ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցելությունից հետո: Երևանն ու Մոսկվան նախապատրաստվում են առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կատարելիք Փաշինյանի այցին ու առարկայական բանակցություններին հայ-ռուսական հարաբերությունների ապագայի, ինչպես ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշման շուրջ:

Նախքան Փաշինյան-Պուտին հանդիպումը, ռազմավարական ոլորտների պատասխանատուները տեղում գույքագրում են առկա խնդիրներն ու հստակեցնում «կարմիր գծերը», փորձում նորովի դիրքավորվել: Լիխաչովը քննարկել էր էներգետիկ ոլորտի և ԱԷԿ-ի ապագան, Բելոզյորովին վերապահված է տրանսպորտային ուղիների և երկաթուղու կառավարման ճակատագիրը: Երկու այցելություններն էլ նպատակ ունեն ձևավորել այն օրակարգն ու հնարավոր լուծումների փաթեթը, որը հետագայում կդրվի Փաշինյան-Պուտին սեղանին: Փաշինյանը թեմայի վերաբերյալ ասել էր, թե «աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշակի հետևություններ կանենք»:

Ամփոփելով՝ Օլեգ Բելոզյորովի այցը կարելի է որակել՝ որպես «երկաթուղային դիվանագիտության» կարևոր փուլ, որտեղ որոշվելու է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա ընթացքը:

Այս ամենը վկայում է այն մասին, որ Կրեմլում սպասվող Փաշինյան-Պուտին առաջիկա բանակցությունները լինելու են չափազանց հագեցած, հանգամանալից և առարկայական: Հատկանշական է, որ օրերս Թուրքմենստանում ընթացող ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանն ու Պուտինը սահմանափակվեցին միայն կարճատև, ոտքի վրա շփումներով և առանձին երկկողմ հանդիպում չունեցան:

Սա պատահականություն չէր. կողմերը խուսափեցին մակերեսային քննարկումներից, քանի որ նպատակադրված են Կրեմլում անցկացնել լիարժեք բանակցություններ և հանգել լուրջ, ռազմավարական եզրակացությունների:

Ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների ղեկավարների հաջորդական այցելությունները Երևան փաստում են, որ կողմերից ոչ մեկն այս փուլում չի ձգտում մակերեսային կամ ձևական քննարկումների: Եվ այս ֆոնին հատկապես ռուսական կողմը փորձում է նոր առաջարկներով հանդես գալ՝ ներկայացնելով համակարգային ու երկարաժամկետ լուծումներ:

Ռուսական շրջանակները կարծես  լրջորեն նախապատրաստվում են այդ հանդիպմանը՝ փորձելով կանխավ գտնել հնարավոր փոխզիջումների եզրերը:

Ըստ էության, այս նախապատրաստական փուլի հիմնական նպատակն է՝ ձևավորել փաստաթղթային ու պայմանավորվածությունների որոշակի փաթեթ, որը բարձրագույն մակարդակի հանդիպման ժամանակ թույլ կտա խոսել կոնկրետ հարցերից: Երկաթուղային հաղորդակցության, էներգետիկ անվտանգության և արտաքին քաղաքական կողմնորոշումների շուրջ նախապես մշակված առաջարկները հնարավորություն կտան կայացնել քաղաքական որոշումներ՝ հիմնված տեղում կատարված  գույքագրման և իրատեսական հաշվարկների վրա:

—

Սիրիայի և Իսրայելի միջև պատերազմն անխուսափելի է

Հոկտեմբեր 12, 2026

Մինչ համաշխարհային ԶԼՄ-ները քննարկում են Իրանի հետ դիմակայության և պատերազմի վերսկսման սպառնալիքը, Սիրիայի հարավում՝ Դամասկոսից 20 կմ հեռավորության վրա, հանգիստ ու մեթոդաբար տեղի է ունենում այն, ինչը կարող է դառնալ casus belli։

Իսրայելական» բուլդոզերներն ու էքսկավատորները կրկին դուրս են եկել Կունեյտրա նահանգի բաժանարար գիծ։ Նախագիծը, որն իսրայելական շտաբային փաստաթղթերում նշվում է որպես «Sufa 53», իսկ սիրիական ամփոփագրերում՝ «Մեծ փոթորիկ», դադարել է «ժամանակավոր պաշտպանական միջոց» լինելուց։ Այն վերածվում է մշտական տեղակայման լիարժեք ռազմական ենթակառուցվածքի։

Ի՞նչ է կառուցում «Իսրայելը»

Սիրիական «Ալ Իխբարիա» պետական հեռուստաալիքի տվյալների և իսրայելական աղբյուրների հավաստումների համաձայն՝ աշխատանքները վերսկսվել են Կունեյտրա նահանգի հարավային մասում գտնվող Աշա գյուղից արևմուտք։ Խոսքը կետային աշխատանքների մասին չէ։ «Սահմանային պատի» նախագիծը, որը սկսվել է դեռևս 2022 թվականի կեսերին Կունեյտրայի հյուսիսում գտնվող Հադերա շրջանում, ներկայումս ձգվում է Ջուբաթա էլ Խաշաբի, Ալ Համիդիայի, Քահթանիայի, Բիր Աջամի և Բարիկայի միջով՝ տարածվելով դեպի հարավ՝ Աշա գյուղ, այնուհետև՝ սիրիական, հորդանանյան և իսրայելական սահմանների միացման կետ։

Կարդացեք նաև

  • TRIPP, ԵԱՏՄ, ԵՄ… AI, ԱՆԿԱՅՈՒՆ ԱՇԽԱՐՀ… ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՄԻ ՓՆՏՐԵՔ, ՉԿԱ ԵՎ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ. ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
  • Երբ Փաշինյանն Ադրբեջանի պահանջով ձերբակալում է Հայաստանի գործիչներին՝ որպես տնտեսական հանցագործների, հող է նախապատրաստում, որ ձևակերպումը փոխվի՝ որպես պատերազմի հանցագործների. քաղաքագետ
  • Հայ-իրանական դիվանագիտական մարաթոն. Ի՞նչ է նախապատրաստվում Թեհրանում, ի՞նչ որոշումներ են սպասվում Հայաստանի արտաքին քաղաքական խաչմերուկում

Ի՞նչ է ներառում նախագիծը

Մոտ 8 մետր լայնությամբ ռազմական ճանապարհ, որը նախատեսված է զրահատեխնիկայի և ծանր ռազմական բեռնատարների երթևեկության համար։

Մինչև 5 մետր բարձրությամբ հողային լիսեռներ, որոնք կատարում են պաշտպանիչ պատնեշների և միաժամանակ նոր «դե ֆակտո» գծի տեսողական նշիչի գործառույթ։

Խորը խրամատներ, որոնք փոխում են անձրևաջրերի բնական հոսքը։

Դիտակետեր և ամրացված ռազմական դիրքեր մայրուղու ողջ երկայնքով:

Սիրիական աղբյուրների տվյալներով՝ սիոնիստները հրադադարի գծից տարբեր վայրերում 300-1000 մետր առաջ են շարժվել դեպի սիրիական տարածքի խորքը։

Սա այլևս «բուֆերային գոտի» չէ 1974 թվականի իմաստով․ դա իրականացման փուլում գտնվող անեքսիա է, որը քողարկված է որպես ինժեներական անվտանգություն։

Սա «ինժեներական գործողություն» է, որն ընդլայնում է Գոլանի օկուպացիան դեպի հարավ, փաստացի բուֆերային գոտին տեղափոխում է իսրայելական վերահսկողության տակ և երկարաժամկետ հիմք է ստեղծում անեքսիայի համար՝ ԱՄՆ-ի փաստացի աջակցությամբ։

Մարդասիրական գինը՝ 12 հազար դունամ և ավերված ճակատագրեր

Ռազմական ենթակառուցվածքների չոր թվերի հետևում կանգնած է մարդկային ողբերգություն, որի մասին նախընտրում են չխոսել արևմտյան մայրաքաղաքներում։

Կունեյտրայի տեղական իշխանությունները գնահատում են, որ նահանգի հյուսիսային և կենտրոնական մասերում շուրջ 12,000 դունամ (1200 հա) գյուղատնտեսական հողեր արդեն առգրավվել կամ ոչնչացվել են։ Միայն Ջուբաթա էլ Խաշաբում կորել է մոտ 7000 դունամ, ևս 6000 դունամ՝ Ալ Համիդիայում և Ալ Հուրիայում։ Ջուբաթա էլ Խաշաբի մուխթար Մուհամմադ Մազեն Մարյուդը նկարագրում է հետևանքները․ խրամատները փոխել են անձրևաջրերի հոսքի ուղիները, ինչը հանգեցրել է հողի էրոզիայի։ Ֆերմեր Աբու Սադամ Հասան Ահմեդը կորցրել է 10 դունամ պտղատու այգի, ինչը նրա ընտանիքի եկամտի միակ աղբյուրն էր։ Նրա որդուն առևանգել են սիոնիստները և պահում են անհայտ վայրում։ Բնակիչները հայտնում են խրամատների մոտ գտնվող գյուղատնտեսական մշակաբույսերի վրա անհայտ քիմիական նյութերի ցողման մասին, ինչը հանգեցնում է ծառերի չորացման և հողի դեգրադացիայի։

Նպատակն ակնհայտ է՝ ստեղծել բուսականությունից և բնակչությունից զերծ գոտի՝ ռազմական հսկողությունն ու վերահսկողությունը հեշտացնելու համար։

Դամասկոսի լեթարգիական արձագանքը և համաշխարհային հանրության լռությունը

Սիրիայի նոր իշխանություններն Իսրայելի հանցավոր գործողություններին արձագանքում են հայտարարություններով, բողոքներով և դիմումներով։ Խաղաղ բնակչության պաշտպանության ուղղությամբ Դամասկոսը ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկում, ինչը միայն ուժեղացնում է սիոնիստների ախորժակը։

Սիրիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հերթապահ հայտարարությամբ՝ «Sufa 53»-ի ուղղությամբ աշխատանքների շարունակությունն անվանելով 1974 թվականի ուժերի անջատման մասին համաձայնագրի «աղաղակող խախտում» և կոչ անելով միջազգային հանրությանը «զսպող միջոցներ» ձեռնարկել։ Դամասկոսը շարունակում է կրկնել նույն ձևակերպումը՝ «հաստատելով հավատարմությունը 1974 թվականի համաձայնագրին» և պահանջելով իսրայելական զորքերի դուրսբերումը գրավյալ տարածքներից։

Սակայն հռետորական դատապարտումներից այն կողմ լռություն է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել բուֆերային գոտում սիոնիստական ռազմական կազմավորումների առկայության կապակցությամբ, սակայն Անվտանգության խորհուրդը չի ընդունել ոչ մի բաձաձև, որը Իսրայելին կպարտավորեցներ դադարեցնել աշխատանքները և ազատագրել գրավյալ տարածքները։

ՄԱԿ-ի՝ ուժերի անջատման վերահսկման դիտորդական առաքելությունը (UNDOF) արձանագրում է խախտումները, բայց ոչ ավելին՝ իր անգործությունը բացատրելով այն պատճառաբանությամբ, որ չունի հարկադրանքի մանդատ։

Թուրքական հայացք. ի՞նչ է կանգնած Անկարայի լռության հետևում

Թուրքիայի համար այն, ինչ տեղի է ունենում Սիրիայի հարավում, վերացական աշխարհաքաղաքական սյուժե չէ։ Դա ուղղակի սպառնալիք է հետասադական Սիրիայում Անկարայի ռազմավարական շահերի համար։ Էրդողանը բազմիցս իսրայելական ագրեսիան անվանել է «Սիրիայի կայունության գլխավոր սպառնալիք» և կայուն կարգավորման ճանապարհին՝ «գլխավոր խոչընդոտ»։ Այդուհանդերձ, Թուրքիան իր գործողությունները սահմանափակում է դիվանագիտական ակտիվությամբ։

Միևնույն ժամանակ, 2025 թվականի օգոստոսին Անկարան և Սիրիայի անցումային կառավարությունը ռազմական համագործակցության հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է սիրիական զինված ուժերի պատրաստում և համակարգում անվտանգության ոլորտում։

Թուրքիան Դամասկոսին անվտանգության մասին նոր համաձայնագիր է առաջարկել, որը ներառում է Սիրիայի տարածքում իսրայելական ավիահարվածներին հակազդելու մեխանիզմներ։

Իսկ ինչո՞ւ Անկարան չի անցնում ավելի կոշտ գործողությունների։ Պատճառները մի քանիսն են.

Նախ՝ տնտեսական առաջնահերթությունները։ Թուրքիան վերականգնման բարդ շրջան է ապրում 2023 թվականի ավերիչ երկրաշարժերից հետո և շահագրգռված չէ Իսրայելի հետ ուղղակի ռազմական առճակատման մեջ։

Երկրորդ՝ ուժերի հավասարակշռությունը Սիրիայում։ Թուրքիան արդեն զգալի տարածքներ է վերահսկում Սիրիայի հյուսիսում և չի ցանկանում երկրորդ ճակատ բացել հարավում։ Իսրայելական օկուպացիայի ընդլայնումը Կունեյտրայում անուղղակիորեն թուլացնում է Իրանի դիրքերը տարածաշրջանում, ինչը թուրք ստրատեգների տեսանկյունից ունի նաև դրական կողմեր:

Երրորդ՝ ռուսական գործոնը։ Մոսկվան, որը պահպանում է ռազմական ներկայությունը Սիրիայում, ակտիվորեն առաջ է մղում իր պարեկներին անջատման գոտի վերադարձնելու գաղափարը՝ որպես բուֆերային ուժ։ Ըստ մի շարք աղբյուրների՝ Ռուսաստանը գործում է ԱՄՆ-ի հավանությամբ, ինչը բարդ բազմակողմ կոնֆիգուրացիա է ստեղծում, որում Թուրքիան նախընտրում է միայնակ չգործել:

Չորրորդ՝ Ահմադ Շարաան, որն ամրապնդվել է Դամասկոսում և հենվում է թուրքական օգնության վրա, ամեն կերպ փորձում է նվազեցնել թուրքական միանձնյա ազդեցությունը՝ Սիրիա ներգրավելով բոլոր նրանց, ում հնարավոր է՝ Ռուսաստանից և Ֆրանսիայից՝ մինչև ԱՄԷ ու Սաուդյան Արաբիա։ Ընդ որում, որպես Թուրքիայի գլխավոր հակակշիռ՝ Ահմադ Շարաան դիտարկում է ԱՄՆ-ին։

Եվ Անկարայում դա շատ լավ տեսնում և հասկանում են։

Աշխարհաքաղաքական ենթատեքստ. «Մեծ փոթորիկը»՝ որպես մեծ խաղի մաս

«Sufa 53» նախագիծը չի կարելի դիտարկել մեկուսացված։ Սա ավելի լայն իսրայելական ռազմավարության տարր է, որը 2024 թվականի դեկտեմբերին Ասադի վարչակարգի անկումից հետո «ժամանակավոր արձագանքից» վերածվեց Սիրիայի ողջ հարավային պարագծի համակարգային վերաձևավորման։

Ասադի անկումից հետո Իսրայելը Սիրիայի հարավ-արևմուտքում ստեղծել է ինը ռազմաբազա և հենակետ՝ Հերմոն լեռից մինչև Դարաայի և Կունեյտրայի նահանգներ, որոնցից չորսը գտնվում են բուֆերային գոտուց դուրս։ Միայն 2026 թվականի մայիսին սիոնիստական զինված ստորաբաժանումները 84 ցամաքային արշավանք են իրականացրել Սիրիայի հարավում՝ կատարելով առևանգումներ և սպանություններ։

Իր հերթին՝ Նեթանյահուն բացահայտ հայտարարել է «բուֆերային գոտու» օկուպացիան պահպանելու մտադրության մասին և պահանջել է «ապառազմականացված գոտի» ստեղծել Դամասկոսից մինչև Գոլանի բարձունքներ։ Իսկ դա մարտավարություն չէ, դա դոկտրին է։

Բախումն անխուսափելի է։

Դատելով իրադարձությունների դինամիկայից և սիոնիստների հայտարարած ծրագրերից՝ ամեն ինչ տանում է Սիրիայի և Իսրայելի միջև ռազմական բախման՝ չնայած սիոնիստական ագրեսիային հակահարված տալու՝ Դամասկոսի անզորությանը։

 Իսրայելն ավարտում է ենթակառուցվածքների շինարարությունը, ստեղծում է անդառնալի «փաստեր գետնի վրա», այնուհետև Դամասկոսին առաջարկում է բանակցություններ վարել իր պայմաններով՝ պահպանելով օկուպացիոն վերահսկողությունը ռազմավարական բարձունքների և ռազմական ճանապարհի նկատմամբ։

Թուրքիան, Իրանը և Ռուսաստանն օգտագործում են սիրիական հովանավորյալ ուժերը Թել Ավիվի վրա ճնշում գործադրելու համար՝ խուսափելով ուղղակի առճակատումից, բայց մշտական սպառնալիք ստեղծելով իսրայելական հաղորդակցության ուղիների համար։

Կողմնակի սցենար, երբ անջատման գծում տեղի ունեցած միջադեպը, օրինակ՝ իսրայելական պարեկային խմբերի գնդակոծումը կամ սիրիական գյուղի վրա չափազանց արյունալի հարձակումը, վերաճում է լայնամասշտաբ ռազմական հակամարտության՝ Թուրքիայի, Իրանի և, հնարավոր է, Ռուսաստանի մասնակցությամբ։

Ներկայիս իրավիճակն ուղղակիորեն փորձարկում է Սիրիայի նոր ղեկավարության ինքնիշխանությունը։ Իսրայելի կողմից խրամատների, լիսեռների և ճանապարհների օգնությամբ ստեղծված միջանցքը մեծացնում է ռազմական շարժունակությունը և միաժամանակ ուժեղացնում ճնշումը քաղաքացիական բնակչության վրա։ Տեղական դիմադրության ներուժը կարող է աճել գյուղատնտեսական հողերի առգրավման պատճառով։

Թուրքական դիվանագիտությունն այսօր աշխատում է երրորդ սցենարը թույլ չտալու ուղղությամբ։ Սակայն Անկարան ավելի ու ավելի քիչ ազդեցության լծակներ ունի։

Մինչ Էրդողանը ելույթ է ունենում «գլխավոր սպառնալիքի» մասին, իսկ Ահմադ Շարաան բողոքում է ՄԱԿ-ին և վկայակոչում միջազգային հանրությանը, իսրայելական բուլդոզերները մեթոդաբար շարունակում են իրենց աշխատանքը։ Եվ ռազմական ճանապարհի յուրաքանչյուր նոր կիլոմետրի հետ դիվանագիտական մանևրի տարածքը նեղանում է։

«Sufa 53»-ը պարզապես շինարարական նախագիծ չէ։ Սա ռազմաճակատի նոր գիծ է, որն անցնում է ոչ միայն սիրիական հողով, այլև Մերձավոր Արևելքում Թուրքիայի ռազմավարական շահերով։

Եվ եթե Անկարան չգտնի այդ գործընթացը կանգնեցնելու կամ գոնե այն իր վերահսկողության տակ դնելու ձևը, իսկ Դամասկոսը գործնական քայլեր չձեռնարկի անվերջ ու անիմաստ բողոքների փոխարեն, կարճ ժամանակ անց թուրք զինվորականները ստիպված կլինեն գործ ունենալ գրեթե իրենց հարավային սահմանների մոտ ամրացված սիոնիստական միջնաբերդի հետ, իսկ սիրիացիները կմնան հեշտ թիրախ իսրայելական հրետանու անմիջական հարվածների տակ։

«Կովկաս Կենտրոն»

kavkazcenter.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Պատմությունից փախչողը․ հանուն ի՞ր, թե՞ պետության ապագայի

Հոկտեմբեր 12, 2026

Հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը հերթական «պատմագիտական» ֆեյսբուքյան գրառումն է արել՝ նշելով.

«Պատմություն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։

Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլևս ի՞նչ կարող ենք անել։

Կամ եթե նույնիսկ ինչ–որ բան կարող ենք անել, դա անցյալն այսօր վերարտադրելու և այսպիսով դա փոխելու փորձն է, բայց գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել։

Կարդացեք նաև

  • «Ասել ենք՝ ախպեր ջան, Գյումրիում «զադնի» դնող չկա», ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չունի». Գևորգ Ավագյան
  • Սովորական մարդու հետ այնպես չեն աշխատել, որ Նիկոլ Փաշինյանը նրանց  չկարողանար համոզել, թե Արցախը թոկ էր մեր վզին. Հակոբ Բադալյան
  • Փաշինյանը, Փաշազադեն և Ալիևը՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու․ Տեր Վրթանես քահանա Բաղալյան և Հրանտ Միքայելյան

Ի՞նչ անել ուրեմն։

Լուծումը մեկն է․ պատմություն ասելով նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա։ Այս ընկալումը մեզ դարձնում է պատմության լիարժեք հեղինակ, որովհետև այն ստեղծվում է հիմա և պետք է ստեղծվի վաղը։

Իսկ ի՞նչ է այն, որ տեղի է ունեցել անցյալում։ Դա պատմական փորձառությունն է, պատմական փորձը, որը գործնական ձեռնարկ է այն մասին, թե ինչ անել և ինչ չանել պատմությունը չկրկնելու համար։

Այն պատմությունը, որն այսօր ստեղծում է ՀՀ քաղաքացին, դրանով է առանձնահատուկ։ Այն նախկինում երբեք տեղի չի ունեցել և թերևս առաջին անգամ է, որ մենք պատմություն ստեղծող ենք և ոչ թե վերարտադրող։

Պատմությունն այլևս այն չէ, որ տեղի է ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա։ Իսկ պետք է տեղի ունենա հարատև պետության ռազմավարության իրագործումը, Ազատ և Երջանիկ Հայաստանի տեսլականով։

Ովքեր կիսում են «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, անկախ նրանից, թե որտեղ և ինչ են աշխատում, աշխատանքի են հաճախում այս տեսլականով, բարի օր բոլորիդ»:

Առաջին հայացքից թվում է՝ Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է ասում. պատմությունից պետք է դասեր քաղել և առաջ շարժվել: Բայց հարցը ոչ միայն այն է՝ որքանո՞վ է դասեր քաղում պատմությունից հենց ինքը՝ Փաշինյանը, այլ այն, որ նրա գրառման մեջ ստորջրյա խութեր և հակասություններ կան:

Նախ՝ վերջերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մտահոգություն էր հայտնել, թե հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրություններ, և Նիկոլ Փաշինյանին «տնային առաջադրանք» էր տվել՝ ակտիվորեն աշխատել իր հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։

Եվ հիմա նա ասում է, որ պետք է վերաշարադրել ինստիտուցիոնալ հիշողությունը, համակերպվել պարտվողի կարգավիճակի հետ, երբ ոչ միայն հայկական երկրորդ պետությունն ես կորցրել, այլև արդեն 4-5 տարի է՝ օկուպացված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ավելի քան 200 քկմ տարածքը:

Մենք, բնավ, պատերազմի կոչ չենք անում։ Պարտված Նիկոլ Փաշինյանի օրոք պատերազմի կոչը մահապարտություն կլիներ։ Բայց Փաշինյանը զրկում է հայերին՝ ՀՀ քաղաքացիներին, երբևէ հաղթող պետություն, ուժեղ բանակ ունենալու երազանքից։ Այո՛, հենց այդպես էլ ասում է՝ չպետք է վերարտադրել պատմությունը, այլ նոր պատմություն ստեղծել, որն ապագայում է լինելու։

Երկրորդ՝ այս գրառման մեջ տեղ գտած մտքերը ոչ այլ ինչ են, քան պատասխանատվությունից փախչելու փորձ:

2020 թվականի 44-օրյա պատերազմը, որի հանգամանքների ուսումնասիրության համար ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցն այդպես էլ չհրապարակվեց, արդյո՞ք Փաշինյանն անցյալ է համարում: Եթե այո, ապա, օրինակ, ինչո՞ւ են 44-օրյա պատերազմի համար զինվորականները շարունակում անցնել քրեական վարույթներով։ Փակե՞ն այդ գործերը, արդարացնե՞ն նրանց։ Ակնհայտ է, որ անցյալում տեղի ունեցածը չի կարելի փոխել, բայց դա չի վերացնում դրա իրավական գնահատման և պատասխանատվության հարցը՝ ո՛չ զինվորականների, ո՛չ էլ պետական ու քաղաքական ղեկավարների դեպքում։

Այլ հարց է, որ թեև պատերազմը վարում է պետությունը, սակայն պետական և քաղաքական որևէ բարձրաստիճան պաշտոնյա պատասխանատվություն չի կրել 44-օրյա պատերազմի արդյունքի համար, նաև՝ հետպատերազմական որոշ դրվագների, ինչո՞ւ չէ՝ Սյունիքից զորքի հետքաշման հրամանի:

Ի դեպ, քանի որ խոսեցինք 44-օրյայի արդյունքներից, հիշեցնենք 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, և ուշադրություն հրավիրենք այն հանգամանքի վրա, որ «Զանգեզուրի միջանցք»-ը, որը Թուրքիայում «Թուրանի միջանցք» են համարում, և այդպես էլ կա, ըստ էության, 100 տարվա ծրագիր է, որովհետև Թուրքիան իր գործողությունների պլանները գծում է 50, 100 տարվա կտրվածքով: Այսինքն, Թուրքիայի և Ադրբեջանի՝ Նախիջևանի միջոցով ցամաքային կապի հարցը պատմական արմատներ ունի:

Օրերս էլ Փաշինյանն անդրադառնալով ԹՐԻՓՓ-ին՝ հայտարարել է.

«TRIPP նախագիծն էինք պայմանավորվում կամ նրա շրջանակն էինք գծագրում, շատ քննարկումներ կար նրա մասին, թե 50 տարով, հետո ևս 50 տարով, ինչ-որ մեկը ինչ-որ փայաբաժին կունենա Հայաստանի Հանրապետությունում: Ես մեր գործընկերների և հանրության ուշադրությունը հրավիրեցի հետևյալ փաստի վրա, որ մենք այլ տեսակետից պետք է նայենք՝ փաստորեն աշխարհի թիվ մեկ գերտերությունը Հայաստանի Հանրապետության հետ 90 և ավելի տարիների պայմանավորվածություն է ձեռք բերում: Հազարամյա պատմության ընթացքում երբեք մեր առջև 90 տարվա հեռանկար չենք ունեցել»:

Կա՞ երաշխիք, որ անցյալում՝ 44-օրյա պատերազմի պարտության համատեքստում, կայացված «գործարքի» որոշումը 10-20 տարի հետո ինչ-որ մեկը չի համարի անցյալ, կամ, որ այն գործնականում չի կարելի վերաձևումների ենթարկել:

44-օրյա պատերազմում հաղթած Ադրբեջանի նախագահն ինքը երբեք աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերափոխումները չի բացառում: Եվ հենց դրա համար է, որ վերահսկելով ամբողջ Արցախը, համառորեն պահանջում է ՀՀ սահմանադրությունից հանել Անկախության հռչակագիրը:

Ի՞նչ է ստացվում՝ Փաշինյանը պնդում է, որ չի կարելի փոխել «անցյալում մնացած» պարտությունները, իսկ Ալիևը հավատո՞ւմ է, և դրա համար իրավական ամեն տեսակ հիմքերը փորձում է վերացնել:

Իրականում նման օրինակներ շատ կարելի է բերել, բայց հիմա մեկ այլ կարևոր դրվագի վրա եմ ցանկանում ուշադրություն հրավիրել. ցեղասպանական գործողությունները, մարդկության դեմ հանցագործությունները, ռազմական հանցագործությունները միջազգային իրավունքի տեսանկյունից, ըստ էության, վաղեմության ժամկետ չունեն, այլապես տարբեր երկրների ռազմական, քաղաքական առաջնորդներ այս կամ այն ժամանակներում չէին կանգնի միջազգային դատարանի առաջ: Մի կողմ թողնենք, թե որոշ դեպքերում որքանով են արդարացի եղել այդ որոշումները՝ զերծ աշխարհաքաղաքական տարբեր դրվագներից և հետաքրքրություններից:

Բայց հիմա խոսքն այլ բանի մասին է: Եվ նշված տրամաբանությամբ է գործում նաև Իլհամ Ալիևը, երբ անընդհատ խոսում է «Խոջալուի ցեղասպանության», «Գյանջայի դեպքերի», «Ղարաբաղի անօրինական օկուպացիայի» մասին, և եթե Փաշինյանին թվում է, որ Ալիևը 44-օրյայի հետ կապված «դրվագները» չի վերածելու «իրավական թղթածրարի», սխալվում է:

Այսինքն, եթե պատմությունն այն է, ինչ պետք է տեղի ունենա ապագայում, ապա ի՞նչ անել այն ամենի հետ, ինչն արդեն տեղի է ունեցել՝ ներառյալ երկրի ղեկավարների ընդունած որոշումները և դրանց հետևանքները: Տարբեր երկրների առաջնորդների գործերը, ռազմական հանցագործության կամ պատերազմի օրենքների խախտման դրվագները ցույց են տալիս՝ միջազգային արդարադատությունը չի սահմանափակվում ապագան կանխելու կոչերով, այն նաև քննում է անցյալում կատարված գործողությունները և, իրավական հիմքերի առկայության դեպքում, որոշում պատասխանատվության հարցը։

Սա է սկզբունքային տարբերությունը՝ անցյալը փոխել հնարավոր չէ, բայց դրա համար պատասխանատվության հարցը կարող է մնալ բաց։

Միջազգային իրավունքի համատեքստում, թերևս, տեղին է հիշեցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը՝ 2016 թ. Ապրիլյան պատերազմից 10 տարի անց կայացված որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել է 90.000 եվրո փոխհատուցում վճարել դաժանաբար սպանված Մատաղիսի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, մայոր Հայկ Թորոյանի հարազատներին:

Այսինքն, իրականում պատմության դասերը սկսվում են ոչ թե անցյալը քննարկումից դուրս հայտարարելուց, այլ այն քննելու պատրաստակամությունից։ Իսկ ապագա կերտելու պատասխանատվությունը չի վերացնում անցյալի համար հաշվետու լինելու պարտավորությունը։

—

Ցանկացած արտաքին տեխնոլոգիա կախվածություն է ստեղծում. հարցն այն է, թե այդ կախ

Հոկտեմբեր 12, 2026

168.am-ի զրուցակիցը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանն է։

– ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը հայտարարել է, թե դաշնակցային հարաբերությունների վերանայման դեպքում Հայաստանը կարող է կորցնել ռուսական գազի արտոնյալ գինը․ սա եթե իրականություն դառնա, ի՞նչ տնտեսական հետևանքների է բախվելու Հայաստանը։

– Նախ արձանագրենք, որ առայժմ խոսքը հնարավորության մասին է։ Բայց տնտեսական հետևանքները պետք է հաշվարկել հիմա, ոչ թե այն ժամանակ, երբ արդեն նոր գին կներկայացվի։ Մի քանի թիվ բերեմ. Հայաստանի համար ռուսական գազի գինը 177,5 ԱՄՆ դոլար է՝ 1000 խմ-ի դիմաց, մինչդեռ 2026 թ. ռուսական գազի արտահանման միջին գինը կանխատեսվում է շուրջ 313 ԱՄՆ դոլար։

Չինաստանի համար գնահատվում է շուրջ 248, Թուրքիայի և եվրոպական մի շարք երկրների համար՝ 562 ԱՄՆ դոլար։ Սրանք տարբեր պայմանագրեր են, տարբեր ծավալներ ու մատակարարման պայմաններ։ Հետևաբար, չի կարելի ասել, թե արտոնությունը կորցնելու դեպքում Հայաստանի համար ինքնաբերաբար գործելու է, օրինակ, 562 դոլարը։

Կարդացեք նաև

  • Չեմ բացառում, որ ամերիկացիներն ԱՄՆ-ում ահաբեկչական ակտ կիրականացնեն՝ ժողովրդին ընդդեմ Իրանի համախմբելու համար. Ռոստիսլավ Իշչենկո
  • «Երկաթուղային դիվանագիտություն». Ինչո՞ւ է Բելոզյորովը ժամանում Երևան, և ի՞նչ է նախապատրաստվում Կրեմլում
  • «Կոչնչացնենք ամեն ինչ և բոլորին». ՆԱՏՕ-ի՝Եվրոպայում միացյալ զինված ուժերի գլխավորհրամանատարը սպառնացել է Ռուսաստանին

Բայց թվերի տարբերությունն արդեն ցույց է տալիս, թե տնտեսական ինչ նշանակություն ունեն քաղաքական հարաբերությունները։ Պարզ հաշվարկ անենք։ Եթե 177,5-ի փոխարեն՝ գինը պայմանականորեն դառնա 313 դոլար, աճը կլինի շուրջ 76%։ Սա կանխատեսում չէ, այլ հնարավոր բեռի չափը պատկերացնելու օրինակ։ Այդ դեպքում ներմուծվող յուրաքանչյուր մեկ միլիարդ խմ գազի համար պետք է լրացուցիչ վճարենք 135,5 մլն ԱՄՆ դոլար։ Եվ սա դեռ միայն ներմուծման արժեքի տարբերությունն է։

Հիմա՝ այդ թանկացումը որտե՞ղ ենք զգալու։ Միայն բնակարանի ջեռուցման կամ գազօջախի հաշվում չէ։ Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 42,2%-ը բաժին է ընկել ջերմաէլեկտրակայաններին։ Այսինքն՝ գազի թանկացումը բարձրացնելու է նաև էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքը։

Իհարկե, նույն տոկոսով չէ. վերջնական ազդեցությունը կախված է արտադրության կառուցվածքից և սակագնային որոշումներից։ Բայց ճնշումը լինելու է։ Դրան ավելացրեք ջերմոցային տնտեսությունները, սննդի արտադրությունը, գազ օգտագործող մյուս ձեռնարկությունները, տրանսպորտը։ Բիզնեսը կա՛մ թանկացնելու է ապրանքը, կա՛մ աշխատելու է ավելի փոքր շահույթով, որոշ դեպքերում էլ կրճատելու է արտադրությունը։ Ընտանիքներն էլ ավելի մեծ գումար են ուղղելու կոմունալ վճարներին՝ կրճատելով մյուս ծախսերը։


– Ինչպես օրերս «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հայտարարությունից տեղեկացանք, Ռուսաստանը «կոնկրետ առաջարկ» է ներկայացրել ատոմակայանի առնչությամբ։ Փաշինյանն էլ չի բացառել ռուսական տարբերակը։ Մասնագիտական դիտանկյունից՝ ո՞ր առաջարկն է Հայաստանի համար շահեկան։

– Ես հարցը մի փոքր այլ կերպ կդնեի․ մեզ համար սկզբունքայինը չպետք է լինի՝ ռուսակա՞ն, ամերիկյա՞ն, թե՞ մեկ այլ տեխնոլոգիա։ Սկզբում պետք է հասկանանք՝ Հայաստանին ի՞նչ հզորություն է անհրաժեշտ առաջիկա 30-40 տարվա համար։ Հետո նոր ընտրենք տեխնոլոգիան։ Հիմա ռուսական կողմը խոսում է առնվազն 1 ԳՎտ հզորության բլոկի մասին։ Մեկ տարի առաջ Հայաստանի իշխանությունները հիմնականում խոսում էին փոքր մոդուլային ռեակտորի մասին։ Սա արդեն ինքնին հարց է առաջացնում՝ լավ, ի՞նչ փոխվեց մեկ տարվա ընթացքում։

Եթե այսօր պարզվում է, որ մեզ 1 ԳՎտ նոր ատոմային հզորություն է անհրաժեշտ, նշանակում է՝ կա՛մ մեկ տարի առաջ պահանջարկի հաշվարկները ճիշտ չէին, կա՛մ նման հաշվարկներ ընդհանրապես չկային։ Իսկ ատոմակայանը ճանապարհ կամ մի գործարան չէ, որը հինգ տարի հետո կարող ես վերափոխել։ Այն կառուցվում է տասնամյակների համար։ Հետևաբար, պետք է հասկանալ՝ 2040 թ․-ին Հայաստանն ինչ տնտեսություն է ունենալու, ինչ արդյունաբերություն, որքան է սպառելու ԱԲ ենթակառուցվածքը, տվյալների կենտրոնները՝ Հրազդանում, նաև կրիպտոմայնինգը։ Ուզո՞ւմ ենք նաև էլեկտրաէներգիա արտահանել Իրան և Վրաստան, թե՞ ոչ։ Եթե այս ամենը հաշվարկելուց հետո պարզվում է, որ պահանջարկն իսկապես կտրուկ աճելու է, և Հայաստանն ուզում է պահպանել նաև արտահանման ներուժը, ապա մեծ հզորության դասական ատոմակայանը կարող է շատ ավելի տրամաբանական լուծում լինել, քան փոքր մոդուլային կայանը։

Բայց կա նաև հակառակ կողմը՝ Հայաստանի էներգահամակարգը փոքր է, և 1 ԳՎտ-անոց մեկ բլոկը շատ խոշոր միավոր է մեր համակարգի համար։ Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունենում, երբ այդ բլոկը պլանային վերանորոգման է կանգնում կամ վթարային անջատում է լինում։ Որտեղի՞ց ենք միանգամից փոխարինում այդ հզորությունը։ Հետևաբար, ինձ համար ընտրության բանաձևը շատ պարզ է․ պետք է սեղանին դրվեն բոլոր առաջարկները և համեմատվեն նույն չափանիշներով՝ որքա՞ն արժե կառուցումը, ի՞նչ տոկոսով է ֆինանսավորվում, ի՞նչ ժամկետում է կառուցվում, ի՞նչ արժե 1 կՎտժ էլեկտրաէներգիան ամբողջ կյանքի ցիկլի ընթացքում, որքա՞ն է վառելիքի, սպասարկման և թափոնների կառավարման արժեքը։ Առանց այս թվերի ասել՝ «ռուսականն ավելի լավ է», կամ՝ «ամերիկյանն ավելի լավ է», մասնագիտական մոտեցում չէ։

Մի բան, սակայն, ակնհայտ է՝ Ռուսաստանն այս ոլորտում Հայաստանի հետ աշխատում է տասնամյակներ շարունակ, կա պատրաստված անձնակազմ, տեխնոլոգիական և ինստիտուցիոնալ փորձ, գործող կայանի սպասարկման ամբողջ համակարգ։ Սա ռուսական առաջարկի իրական առավելություններից մեկն է։ Ի վերջո, չմոռանանք նաև, որ ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Ռուսաստանն արդեն ունի շահագործման մեջ գտնվող մոդուլային ռեակտոր:

– Արդյո՞ք նոր ռուսական բլոկը նոր կախվածություն չի ստեղծի ՀՀ-ի համար ու, ինչպես գազի գնի դեպքում է, ռիսկային չի դառնա ՀՀ-ի համար։

– Իհարկե, կախվածության ռիսկ կա, բայց ես այստեղ չէի նույնացնի գազն ու ատոմային էներգետիկան։ Դրանք տարբեր տեսակի կախվածություններ են։ Գազի դեպքում Հայաստանը մշտապես ֆիզիկական մատակարարման կարիք ունի։ Գազն ամեն օր պետք է գա Հայաստան։ Գինն էլ անմիջապես ազդում է տնտեսության վրա։ Ատոմային էներգետիկայի դեպքում պատկերը մի փոքր այլ է։ Ատոմակայանը գտնվում է Հայաստանում, էլեկտրաէներգիան արտադրվում է Հայաստանում, իսկ միջուկային վառելիքը հնարավոր է նախապես կուտակել որոշակի ժամանակահատվածի համար։ Ուստի այստեղ չկա գազի նման ամենօրյա մատակարարման նույն խոցելիությունը։

Ավելին՝ մեծ ատոմային հզորությունը հենց նվազեցնում է Հայաստանի կախվածությունը գազից։ Սա շատ կարևոր է։ Եթե մենք ավելացնում ենք ատոմային արտադրության բաժինը, բնականաբար, նվազեցնում ենք գազի գնի տատանումների ազդեցությունն էլեկտրաէներգետիկ համակարգի վրա։

Բայց դրանից տեխնոլոգիական կախվածության հարցը չի վերանում։ Եթե նույն երկրից ենք ստանում ռեակտորը, վառելիքը, հիմնական սարքավորումները, ծրագրային և ինժեներական աջակցությունը, պահեստամասերը և երկարաժամկետ սպասարկումը, բնականաբար, առաջանում է մեկ մատակարարից կախվածություն։ Ուրեմն խնդիրը Ռուսաստանից հրաժարվելը չէ․ դա չափազանց պարզունակ մոտեցում կլինի։

Խնդիրը պայմանագիրն ու նախագիծն այնպես կառուցելն է, որ այդ կախվածությունը կառավարելի լինի՝ օրինակ, հենց սկզբից պետք է ապահովել վառելիքի ռազմավարական պաշար, Հայաստանում պատրաստել սեփական մասնագետներին, ստանալ ամբողջ տեխնիկական փաստաթղթերը, հնարավորինս տեղայնացնել սպասարկման որոշ գործառույթներ։ Եվ շատ կարևոր է միջազգային կոնսորցիումի գաղափարը, որն առաջարկեց Լիխաչովը: Եթե ռուսական տեխնոլոգիայի հիմքով կառուցվող կայանում ներգրավված են նաև եվրոպական կամ ասիական արտադրողներ, ապա մատակարարման ամբողջ շղթան մեկ երկրի վրա չի փակվում։

Առհասարակ, ցանկացած արտաքին տեխնոլոգիա կախվածություն է ստեղծում։ Ամերիկյան ռեակտոր ընտրելու դեպքում էլ մենք կախված ենք լինելու ամերիկյան տեխնոլոգիայից, լիցենզավորումից, վառելիքից և սպասարկման համակարգից։ Հարցն այն է, թե այդ կախվածությունը որքանով է կառավարելի:

—

168: Չեմ բացառում, որ ամերիկացիներն ԱՄՆ-ում ահաբեկչական ակտ կիրականացնեն՝ ժող

Հոկտեմբեր 12, 2026

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Ռոստիսլավ Իշչենկոն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են ռազմաճակատում տիրող իրավիճակը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի հետագա զարգացումը։

Առանձին անդրադարձ է կատարվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ համաձայնագրին։

Կարդացեք նաև

  • Ցանկացած արտաքին տեխնոլոգիա կախվածություն է ստեղծում. հարցն այն է, թե այդ կախվածությունը որքանով է կառավարելի․ Վահե Դավթյան
  • «Երկաթուղային դիվանագիտություն». Ինչո՞ւ է Բելոզյորովը ժամանում Երևան, և ի՞նչ է նախապատրաստվում Կրեմլում
  • «Կոչնչացնենք ամեն ինչ և բոլորին». ՆԱՏՕ-ի՝Եվրոպայում միացյալ զինված ուժերի գլխավորհրամանատարը սպառնացել է Ռուսաստանին

Քննարկվել է նաև Ռուսաստանի և Եվրամիության միջև լայնածավալ պատերազմի սպառնալիքը, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը։

Մեկ այլ թեմա է եղել ԱՄՆ-ում առաջիկա ընտրությունները, ինչպես նաև դրանց հնարավոր հետևանքները՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության համատեքստում։

Հայկ Դերզյան




—