Ցանկացած արտաքին տեխնոլոգիա կախվածություն է ստեղծում. հարցն այն է, թե այդ կախ

Հոկտեմբեր 12, 2026

168.am-ի զրուցակիցը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանն է։

– ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը հայտարարել է, թե դաշնակցային հարաբերությունների վերանայման դեպքում Հայաստանը կարող է կորցնել ռուսական գազի արտոնյալ գինը․ սա եթե իրականություն դառնա, ի՞նչ տնտեսական հետևանքների է բախվելու Հայաստանը։

– Նախ արձանագրենք, որ առայժմ խոսքը հնարավորության մասին է։ Բայց տնտեսական հետևանքները պետք է հաշվարկել հիմա, ոչ թե այն ժամանակ, երբ արդեն նոր գին կներկայացվի։ Մի քանի թիվ բերեմ. Հայաստանի համար ռուսական գազի գինը 177,5 ԱՄՆ դոլար է՝ 1000 խմ-ի դիմաց, մինչդեռ 2026 թ. ռուսական գազի արտահանման միջին գինը կանխատեսվում է շուրջ 313 ԱՄՆ դոլար։

Չինաստանի համար գնահատվում է շուրջ 248, Թուրքիայի և եվրոպական մի շարք երկրների համար՝ 562 ԱՄՆ դոլար։ Սրանք տարբեր պայմանագրեր են, տարբեր ծավալներ ու մատակարարման պայմաններ։ Հետևաբար, չի կարելի ասել, թե արտոնությունը կորցնելու դեպքում Հայաստանի համար ինքնաբերաբար գործելու է, օրինակ, 562 դոլարը։

Կարդացեք նաև

  • Չեմ բացառում, որ ամերիկացիներն ԱՄՆ-ում ահաբեկչական ակտ կիրականացնեն՝ ժողովրդին ընդդեմ Իրանի համախմբելու համար. Ռոստիսլավ Իշչենկո
  • «Երկաթուղային դիվանագիտություն». Ինչո՞ւ է Բելոզյորովը ժամանում Երևան, և ի՞նչ է նախապատրաստվում Կրեմլում
  • «Կոչնչացնենք ամեն ինչ և բոլորին». ՆԱՏՕ-ի՝Եվրոպայում միացյալ զինված ուժերի գլխավորհրամանատարը սպառնացել է Ռուսաստանին

Բայց թվերի տարբերությունն արդեն ցույց է տալիս, թե տնտեսական ինչ նշանակություն ունեն քաղաքական հարաբերությունները։ Պարզ հաշվարկ անենք։ Եթե 177,5-ի փոխարեն՝ գինը պայմանականորեն դառնա 313 դոլար, աճը կլինի շուրջ 76%։ Սա կանխատեսում չէ, այլ հնարավոր բեռի չափը պատկերացնելու օրինակ։ Այդ դեպքում ներմուծվող յուրաքանչյուր մեկ միլիարդ խմ գազի համար պետք է լրացուցիչ վճարենք 135,5 մլն ԱՄՆ դոլար։ Եվ սա դեռ միայն ներմուծման արժեքի տարբերությունն է։

Հիմա՝ այդ թանկացումը որտե՞ղ ենք զգալու։ Միայն բնակարանի ջեռուցման կամ գազօջախի հաշվում չէ։ Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 42,2%-ը բաժին է ընկել ջերմաէլեկտրակայաններին։ Այսինքն՝ գազի թանկացումը բարձրացնելու է նաև էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքը։

Իհարկե, նույն տոկոսով չէ. վերջնական ազդեցությունը կախված է արտադրության կառուցվածքից և սակագնային որոշումներից։ Բայց ճնշումը լինելու է։ Դրան ավելացրեք ջերմոցային տնտեսությունները, սննդի արտադրությունը, գազ օգտագործող մյուս ձեռնարկությունները, տրանսպորտը։ Բիզնեսը կա՛մ թանկացնելու է ապրանքը, կա՛մ աշխատելու է ավելի փոքր շահույթով, որոշ դեպքերում էլ կրճատելու է արտադրությունը։ Ընտանիքներն էլ ավելի մեծ գումար են ուղղելու կոմունալ վճարներին՝ կրճատելով մյուս ծախսերը։


– Ինչպես օրերս «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հայտարարությունից տեղեկացանք, Ռուսաստանը «կոնկրետ առաջարկ» է ներկայացրել ատոմակայանի առնչությամբ։ Փաշինյանն էլ չի բացառել ռուսական տարբերակը։ Մասնագիտական դիտանկյունից՝ ո՞ր առաջարկն է Հայաստանի համար շահեկան։

– Ես հարցը մի փոքր այլ կերպ կդնեի․ մեզ համար սկզբունքայինը չպետք է լինի՝ ռուսակա՞ն, ամերիկյա՞ն, թե՞ մեկ այլ տեխնոլոգիա։ Սկզբում պետք է հասկանանք՝ Հայաստանին ի՞նչ հզորություն է անհրաժեշտ առաջիկա 30-40 տարվա համար։ Հետո նոր ընտրենք տեխնոլոգիան։ Հիմա ռուսական կողմը խոսում է առնվազն 1 ԳՎտ հզորության բլոկի մասին։ Մեկ տարի առաջ Հայաստանի իշխանությունները հիմնականում խոսում էին փոքր մոդուլային ռեակտորի մասին։ Սա արդեն ինքնին հարց է առաջացնում՝ լավ, ի՞նչ փոխվեց մեկ տարվա ընթացքում։

Եթե այսօր պարզվում է, որ մեզ 1 ԳՎտ նոր ատոմային հզորություն է անհրաժեշտ, նշանակում է՝ կա՛մ մեկ տարի առաջ պահանջարկի հաշվարկները ճիշտ չէին, կա՛մ նման հաշվարկներ ընդհանրապես չկային։ Իսկ ատոմակայանը ճանապարհ կամ մի գործարան չէ, որը հինգ տարի հետո կարող ես վերափոխել։ Այն կառուցվում է տասնամյակների համար։ Հետևաբար, պետք է հասկանալ՝ 2040 թ․-ին Հայաստանն ինչ տնտեսություն է ունենալու, ինչ արդյունաբերություն, որքան է սպառելու ԱԲ ենթակառուցվածքը, տվյալների կենտրոնները՝ Հրազդանում, նաև կրիպտոմայնինգը։ Ուզո՞ւմ ենք նաև էլեկտրաէներգիա արտահանել Իրան և Վրաստան, թե՞ ոչ։ Եթե այս ամենը հաշվարկելուց հետո պարզվում է, որ պահանջարկն իսկապես կտրուկ աճելու է, և Հայաստանն ուզում է պահպանել նաև արտահանման ներուժը, ապա մեծ հզորության դասական ատոմակայանը կարող է շատ ավելի տրամաբանական լուծում լինել, քան փոքր մոդուլային կայանը։

Բայց կա նաև հակառակ կողմը՝ Հայաստանի էներգահամակարգը փոքր է, և 1 ԳՎտ-անոց մեկ բլոկը շատ խոշոր միավոր է մեր համակարգի համար։ Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունենում, երբ այդ բլոկը պլանային վերանորոգման է կանգնում կամ վթարային անջատում է լինում։ Որտեղի՞ց ենք միանգամից փոխարինում այդ հզորությունը։ Հետևաբար, ինձ համար ընտրության բանաձևը շատ պարզ է․ պետք է սեղանին դրվեն բոլոր առաջարկները և համեմատվեն նույն չափանիշներով՝ որքա՞ն արժե կառուցումը, ի՞նչ տոկոսով է ֆինանսավորվում, ի՞նչ ժամկետում է կառուցվում, ի՞նչ արժե 1 կՎտժ էլեկտրաէներգիան ամբողջ կյանքի ցիկլի ընթացքում, որքա՞ն է վառելիքի, սպասարկման և թափոնների կառավարման արժեքը։ Առանց այս թվերի ասել՝ «ռուսականն ավելի լավ է», կամ՝ «ամերիկյանն ավելի լավ է», մասնագիտական մոտեցում չէ։

Մի բան, սակայն, ակնհայտ է՝ Ռուսաստանն այս ոլորտում Հայաստանի հետ աշխատում է տասնամյակներ շարունակ, կա պատրաստված անձնակազմ, տեխնոլոգիական և ինստիտուցիոնալ փորձ, գործող կայանի սպասարկման ամբողջ համակարգ։ Սա ռուսական առաջարկի իրական առավելություններից մեկն է։ Ի վերջո, չմոռանանք նաև, որ ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Ռուսաստանն արդեն ունի շահագործման մեջ գտնվող մոդուլային ռեակտոր:

– Արդյո՞ք նոր ռուսական բլոկը նոր կախվածություն չի ստեղծի ՀՀ-ի համար ու, ինչպես գազի գնի դեպքում է, ռիսկային չի դառնա ՀՀ-ի համար։

– Իհարկե, կախվածության ռիսկ կա, բայց ես այստեղ չէի նույնացնի գազն ու ատոմային էներգետիկան։ Դրանք տարբեր տեսակի կախվածություններ են։ Գազի դեպքում Հայաստանը մշտապես ֆիզիկական մատակարարման կարիք ունի։ Գազն ամեն օր պետք է գա Հայաստան։ Գինն էլ անմիջապես ազդում է տնտեսության վրա։ Ատոմային էներգետիկայի դեպքում պատկերը մի փոքր այլ է։ Ատոմակայանը գտնվում է Հայաստանում, էլեկտրաէներգիան արտադրվում է Հայաստանում, իսկ միջուկային վառելիքը հնարավոր է նախապես կուտակել որոշակի ժամանակահատվածի համար։ Ուստի այստեղ չկա գազի նման ամենօրյա մատակարարման նույն խոցելիությունը։

Ավելին՝ մեծ ատոմային հզորությունը հենց նվազեցնում է Հայաստանի կախվածությունը գազից։ Սա շատ կարևոր է։ Եթե մենք ավելացնում ենք ատոմային արտադրության բաժինը, բնականաբար, նվազեցնում ենք գազի գնի տատանումների ազդեցությունն էլեկտրաէներգետիկ համակարգի վրա։

Բայց դրանից տեխնոլոգիական կախվածության հարցը չի վերանում։ Եթե նույն երկրից ենք ստանում ռեակտորը, վառելիքը, հիմնական սարքավորումները, ծրագրային և ինժեներական աջակցությունը, պահեստամասերը և երկարաժամկետ սպասարկումը, բնականաբար, առաջանում է մեկ մատակարարից կախվածություն։ Ուրեմն խնդիրը Ռուսաստանից հրաժարվելը չէ․ դա չափազանց պարզունակ մոտեցում կլինի։

Խնդիրը պայմանագիրն ու նախագիծն այնպես կառուցելն է, որ այդ կախվածությունը կառավարելի լինի՝ օրինակ, հենց սկզբից պետք է ապահովել վառելիքի ռազմավարական պաշար, Հայաստանում պատրաստել սեփական մասնագետներին, ստանալ ամբողջ տեխնիկական փաստաթղթերը, հնարավորինս տեղայնացնել սպասարկման որոշ գործառույթներ։ Եվ շատ կարևոր է միջազգային կոնսորցիումի գաղափարը, որն առաջարկեց Լիխաչովը: Եթե ռուսական տեխնոլոգիայի հիմքով կառուցվող կայանում ներգրավված են նաև եվրոպական կամ ասիական արտադրողներ, ապա մատակարարման ամբողջ շղթան մեկ երկրի վրա չի փակվում։

Առհասարակ, ցանկացած արտաքին տեխնոլոգիա կախվածություն է ստեղծում։ Ամերիկյան ռեակտոր ընտրելու դեպքում էլ մենք կախված ենք լինելու ամերիկյան տեխնոլոգիայից, լիցենզավորումից, վառելիքից և սպասարկման համակարգից։ Հարցն այն է, թե այդ կախվածությունը որքանով է կառավարելի:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Karakhanian Suren. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/13/%d6%81%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d6%81%d5%a1%d5%ae-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d6%84%d5%ab%d5%b6-%d5%bf%d5%a5%d5%ad%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab%d5%a1-%d5%af%d5%a1%d5%ad%d5%be%d5%a1%d5%ae%d5%b8/

Leave a Reply