Պատմությունից փախչողը․ հանուն ի՞ր, թե՞ պետության ապագայի

Հոկտեմբեր 12, 2026

Հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը հերթական «պատմագիտական» ֆեյսբուքյան գրառումն է արել՝ նշելով.

«Պատմություն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։

Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլևս ի՞նչ կարող ենք անել։

Կամ եթե նույնիսկ ինչ–որ բան կարող ենք անել, դա անցյալն այսօր վերարտադրելու և այսպիսով դա փոխելու փորձն է, բայց գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել։

Կարդացեք նաև

  • «Ասել ենք՝ ախպեր ջան, Գյումրիում «զադնի» դնող չկա», ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չունի». Գևորգ Ավագյան
  • Սովորական մարդու հետ այնպես չեն աշխատել, որ Նիկոլ Փաշինյանը նրանց  չկարողանար համոզել, թե Արցախը թոկ էր մեր վզին. Հակոբ Բադալյան
  • Փաշինյանը, Փաշազադեն և Ալիևը՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու․ Տեր Վրթանես քահանա Բաղալյան և Հրանտ Միքայելյան

Ի՞նչ անել ուրեմն։

Լուծումը մեկն է․ պատմություն ասելով նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա։ Այս ընկալումը մեզ դարձնում է պատմության լիարժեք հեղինակ, որովհետև այն ստեղծվում է հիմա և պետք է ստեղծվի վաղը։

Իսկ ի՞նչ է այն, որ տեղի է ունեցել անցյալում։ Դա պատմական փորձառությունն է, պատմական փորձը, որը գործնական ձեռնարկ է այն մասին, թե ինչ անել և ինչ չանել պատմությունը չկրկնելու համար։

Այն պատմությունը, որն այսօր ստեղծում է ՀՀ քաղաքացին, դրանով է առանձնահատուկ։ Այն նախկինում երբեք տեղի չի ունեցել և թերևս առաջին անգամ է, որ մենք պատմություն ստեղծող ենք և ոչ թե վերարտադրող։

Պատմությունն այլևս այն չէ, որ տեղի է ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա։ Իսկ պետք է տեղի ունենա հարատև պետության ռազմավարության իրագործումը, Ազատ և Երջանիկ Հայաստանի տեսլականով։

Ովքեր կիսում են «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, անկախ նրանից, թե որտեղ և ինչ են աշխատում, աշխատանքի են հաճախում այս տեսլականով, բարի օր բոլորիդ»:

Առաջին հայացքից թվում է՝ Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է ասում. պատմությունից պետք է դասեր քաղել և առաջ շարժվել: Բայց հարցը ոչ միայն այն է՝ որքանո՞վ է դասեր քաղում պատմությունից հենց ինքը՝ Փաշինյանը, այլ այն, որ նրա գրառման մեջ ստորջրյա խութեր և հակասություններ կան:

Նախ՝ վերջերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մտահոգություն էր հայտնել, թե հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրություններ, և Նիկոլ Փաշինյանին «տնային առաջադրանք» էր տվել՝ ակտիվորեն աշխատել իր հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։

Եվ հիմա նա ասում է, որ պետք է վերաշարադրել ինստիտուցիոնալ հիշողությունը, համակերպվել պարտվողի կարգավիճակի հետ, երբ ոչ միայն հայկական երկրորդ պետությունն ես կորցրել, այլև արդեն 4-5 տարի է՝ օկուպացված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ավելի քան 200 քկմ տարածքը:

Մենք, բնավ, պատերազմի կոչ չենք անում։ Պարտված Նիկոլ Փաշինյանի օրոք պատերազմի կոչը մահապարտություն կլիներ։ Բայց Փաշինյանը զրկում է հայերին՝ ՀՀ քաղաքացիներին, երբևէ հաղթող պետություն, ուժեղ բանակ ունենալու երազանքից։ Այո՛, հենց այդպես էլ ասում է՝ չպետք է վերարտադրել պատմությունը, այլ նոր պատմություն ստեղծել, որն ապագայում է լինելու։

Երկրորդ՝ այս գրառման մեջ տեղ գտած մտքերը ոչ այլ ինչ են, քան պատասխանատվությունից փախչելու փորձ:

2020 թվականի 44-օրյա պատերազմը, որի հանգամանքների ուսումնասիրության համար ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցն այդպես էլ չհրապարակվեց, արդյո՞ք Փաշինյանն անցյալ է համարում: Եթե այո, ապա, օրինակ, ինչո՞ւ են 44-օրյա պատերազմի համար զինվորականները շարունակում անցնել քրեական վարույթներով։ Փակե՞ն այդ գործերը, արդարացնե՞ն նրանց։ Ակնհայտ է, որ անցյալում տեղի ունեցածը չի կարելի փոխել, բայց դա չի վերացնում դրա իրավական գնահատման և պատասխանատվության հարցը՝ ո՛չ զինվորականների, ո՛չ էլ պետական ու քաղաքական ղեկավարների դեպքում։

Այլ հարց է, որ թեև պատերազմը վարում է պետությունը, սակայն պետական և քաղաքական որևէ բարձրաստիճան պաշտոնյա պատասխանատվություն չի կրել 44-օրյա պատերազմի արդյունքի համար, նաև՝ հետպատերազմական որոշ դրվագների, ինչո՞ւ չէ՝ Սյունիքից զորքի հետքաշման հրամանի:

Ի դեպ, քանի որ խոսեցինք 44-օրյայի արդյունքներից, հիշեցնենք 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, և ուշադրություն հրավիրենք այն հանգամանքի վրա, որ «Զանգեզուրի միջանցք»-ը, որը Թուրքիայում «Թուրանի միջանցք» են համարում, և այդպես էլ կա, ըստ էության, 100 տարվա ծրագիր է, որովհետև Թուրքիան իր գործողությունների պլանները գծում է 50, 100 տարվա կտրվածքով: Այսինքն, Թուրքիայի և Ադրբեջանի՝ Նախիջևանի միջոցով ցամաքային կապի հարցը պատմական արմատներ ունի:

Օրերս էլ Փաշինյանն անդրադառնալով ԹՐԻՓՓ-ին՝ հայտարարել է.

«TRIPP նախագիծն էինք պայմանավորվում կամ նրա շրջանակն էինք գծագրում, շատ քննարկումներ կար նրա մասին, թե 50 տարով, հետո ևս 50 տարով, ինչ-որ մեկը ինչ-որ փայաբաժին կունենա Հայաստանի Հանրապետությունում: Ես մեր գործընկերների և հանրության ուշադրությունը հրավիրեցի հետևյալ փաստի վրա, որ մենք այլ տեսակետից պետք է նայենք՝ փաստորեն աշխարհի թիվ մեկ գերտերությունը Հայաստանի Հանրապետության հետ 90 և ավելի տարիների պայմանավորվածություն է ձեռք բերում: Հազարամյա պատմության ընթացքում երբեք մեր առջև 90 տարվա հեռանկար չենք ունեցել»:

Կա՞ երաշխիք, որ անցյալում՝ 44-օրյա պատերազմի պարտության համատեքստում, կայացված «գործարքի» որոշումը 10-20 տարի հետո ինչ-որ մեկը չի համարի անցյալ, կամ, որ այն գործնականում չի կարելի վերաձևումների ենթարկել:

44-օրյա պատերազմում հաղթած Ադրբեջանի նախագահն ինքը երբեք աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերափոխումները չի բացառում: Եվ հենց դրա համար է, որ վերահսկելով ամբողջ Արցախը, համառորեն պահանջում է ՀՀ սահմանադրությունից հանել Անկախության հռչակագիրը:

Ի՞նչ է ստացվում՝ Փաշինյանը պնդում է, որ չի կարելի փոխել «անցյալում մնացած» պարտությունները, իսկ Ալիևը հավատո՞ւմ է, և դրա համար իրավական ամեն տեսակ հիմքերը փորձում է վերացնել:

Իրականում նման օրինակներ շատ կարելի է բերել, բայց հիմա մեկ այլ կարևոր դրվագի վրա եմ ցանկանում ուշադրություն հրավիրել. ցեղասպանական գործողությունները, մարդկության դեմ հանցագործությունները, ռազմական հանցագործությունները միջազգային իրավունքի տեսանկյունից, ըստ էության, վաղեմության ժամկետ չունեն, այլապես տարբեր երկրների ռազմական, քաղաքական առաջնորդներ այս կամ այն ժամանակներում չէին կանգնի միջազգային դատարանի առաջ: Մի կողմ թողնենք, թե որոշ դեպքերում որքանով են արդարացի եղել այդ որոշումները՝ զերծ աշխարհաքաղաքական տարբեր դրվագներից և հետաքրքրություններից:

Բայց հիմա խոսքն այլ բանի մասին է: Եվ նշված տրամաբանությամբ է գործում նաև Իլհամ Ալիևը, երբ անընդհատ խոսում է «Խոջալուի ցեղասպանության», «Գյանջայի դեպքերի», «Ղարաբաղի անօրինական օկուպացիայի» մասին, և եթե Փաշինյանին թվում է, որ Ալիևը 44-օրյայի հետ կապված «դրվագները» չի վերածելու «իրավական թղթածրարի», սխալվում է:

Այսինքն, եթե պատմությունն այն է, ինչ պետք է տեղի ունենա ապագայում, ապա ի՞նչ անել այն ամենի հետ, ինչն արդեն տեղի է ունեցել՝ ներառյալ երկրի ղեկավարների ընդունած որոշումները և դրանց հետևանքները: Տարբեր երկրների առաջնորդների գործերը, ռազմական հանցագործության կամ պատերազմի օրենքների խախտման դրվագները ցույց են տալիս՝ միջազգային արդարադատությունը չի սահմանափակվում ապագան կանխելու կոչերով, այն նաև քննում է անցյալում կատարված գործողությունները և, իրավական հիմքերի առկայության դեպքում, որոշում պատասխանատվության հարցը։

Սա է սկզբունքային տարբերությունը՝ անցյալը փոխել հնարավոր չէ, բայց դրա համար պատասխանատվության հարցը կարող է մնալ բաց։

Միջազգային իրավունքի համատեքստում, թերևս, տեղին է հիշեցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը՝ 2016 թ. Ապրիլյան պատերազմից 10 տարի անց կայացված որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել է 90.000 եվրո փոխհատուցում վճարել դաժանաբար սպանված Մատաղիսի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, մայոր Հայկ Թորոյանի հարազատներին:

Այսինքն, իրականում պատմության դասերը սկսվում են ոչ թե անցյալը քննարկումից դուրս հայտարարելուց, այլ այն քննելու պատրաստակամությունից։ Իսկ ապագա կերտելու պատասխանատվությունը չի վերացնում անցյալի համար հաշվետու լինելու պարտավորությունը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Khoyetsian Rose. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/13/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%81-%d6%83%d5%a1%d5%ad%d5%b9%d5%b8%d5%b2%d5%a8%e2%80%a4-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b6-%d5%ab%d5%9e%d6%80-%d5%a9%d5%a5/

Leave a Reply