Բացահայտվել է օտարերկրյա բանկերի քարտերից 8,3 մլն դրամի հափշտակության սխեմա

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և խոշոր չափերով փողերի լվացման դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով։


«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ․Ա․-ն, ՍՊ ընկերության տնօրեն Ռ․Ս․-ի հետ լինելով մտերիմ հարաբերությունների մեջ, տիրապետելով ընկերության վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ում ու ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված տվյալներին և Ռ․Ս․-ի միջոցով փաստացի կառավարելով ընկերության գործունեությունը, 2024 թվականի փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում, համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ ներգործելու միջոցով, արտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակել է ընդհանուր 8 մլն 300 հզր ՀՀ դրամ, որը փոխանցել է նշված ՍՊ ընկերության՝ ՀՀ ՊԵԿ-ում բացված հաշվեհամարին:


Բացի այդ, հափշտակված գումարի իրական բնույթը և ծագման աղբյուրը խեղաթյուրելու, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու նպատակով Կ․Ա․-ի կազմակերպմամբ ՍՊ ընկերության անունից 2024 թվականի մարտից ապրիլն ընկած ժամանակահատվածում 4 դիմում է ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու խնդրանքով։ Նշված դիմումների համաձայն՝ ընդհանուր 5 մլն 151 հզր 19 ՀՀ դրամը փոխանցվել է ընկերության՝ բանկում բացված հաշվեհամարին, որից հետո կանխիկացվել է՝ փաստացի տնօրինվելով Կ․Ա․-ի կողմից, իսկ մնացած 3 մլն 148 հզր 981 ՀՀ դրամն ուղղվել է ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների մարմանը՝ այդ կերպ խեղաթյուրելով և օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված 8 մլն 300 հզր ՀՀ դրամի իրական բնույթը և ծագման աղբյուրը:


Նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել Կ․Ա․-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով hամակարգչային հափշտակությունը) և 296-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով փողերի լվացումը)։


Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։


Քրեական վարույթը նշված անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

—

Հովիկ Աբրահամյանի որդին կմնա կալանքի տակ

Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ, Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը։


Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից:


Մասնավորապես՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արգամ Աբրահամյանը կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով:


Այնուհետև, Արգամ Աբրահամյանը օգտագործելով Գ.Հ.-ի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։


Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։


Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը)։


2026 թվականի օգոստոսի 8-ին քննիչի որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Ա․Ա․-ն ձերբակալվել է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։


Հիշեցնենք, որ Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), ապա՝ դեռևս 2024 թվականի ապրիլին, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:


Նախաքննությունը շարունակվում է, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ։


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

—

Իրանը Հայաստանի հզորացումը դիտարկում է որպես տարածաշրջանային հավասարակշռությա

Իրանը խոսում է Հայաստանը զորացնելու անհրաժեշտության մասին։ Իսկ Երևանը արդյո՞ք պատրաստ է պաշտպանել այդ հնարավորությունը։


Սեպտեմբերի 23-ին Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարեց՝ տարածաշրջանում կայուն խաղաղության համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի իրական հավասարակշռություն։ Նա նաև հայտնեց Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու և այդ գործընկերությունն ինստիտուցիոնալացնելու Թեհրանի մտադրության մասին։


Այս երկու ուղերձների համադրությունը հստակ քաղաքական իմաստ ունի: Իրանը Հայաստանի ամրապնդումը դիտարկում է որպես տարածաշրջանային հավասարակշռության բաղադրիչ։ Իհարկե, Թեհրանն առաջնորդվում է սեփական շահերով, բայց այստեղ դրանք համընկնում են Հայաստանի կենսական շահի՝ Ադրբեջանի նկատմամբ խոցելիությունը նվազեցնելու հետ։


Եվ հենց այս պայմաններում հայտնվում է հակառակ ուղղությամբ մտահոգիչ ազդակ։


Ըստ Wall Street Journal-ի՝ ԱՄՆ-ի երկրորդային պատժամիջոցների սպառնալիքի պայմաններում մի շարք երկրներում չեղարկվում են իրանական ավիափոխադրողների չվերթները։ Սահմանափակումների վտանգի տակ են նրանց վառելիք և այլ ծառայություններ տրամադրող օտարերկրյա ընկերությունները։


Հայաստանում ևս արձանագրվել են չեղարկումներ: «Ա1+»-ի տվյալներով՝ սեպտեմբերի 23-ի Երևան–Թեհրան երեք չվերթից մեկը, իսկ հաջորդ օրվա երկուսից՝ մեկը։ Սակայն դրանց պատճառը և պատժամիջոցներին միանալու պետական որոշման առկայությունը հրապարակայնորեն հաստատված չեն։ Լրատվամիջոցը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից պատասխան չի ստացել։


Հենց այստեղ է իշխանության քաղաքական պատասխանատվությունը։ Երբ հարևանը ռազմավարական գործընկերության պատրաստակամություն է հայտնում, իսկ երկկողմ հաղորդակցությունը խափանվում է արտաքին ճնշման պայմաններում, կառավարությունը պարտավոր է հստակ պատասխանել՝ ո՞վ է կայացրել որոշումը, ի՞նչ հիմքով և ի՞նչ քայլեր են արվում կապը պահպանելու համար։


Եթե չեղարկումները ամերիկյան ճնշմանը հարմարվելու հետևանք են, ապա «հավասարակշռված արտաքին քաղաքականության» մասին իշխանության խոսքը բախվում է իր առաջին իսկ գործնական քննությանը։ Ստացվում է՝ Հայաստանը կարող է թուլացնել այն կապը, որի ամրապնդմամբ հնարավոր է բարելավել սեփական բանակցային դիրքը։
ԱՄՆ-ի հետ գործընկերությունը զարգացնելիս իշխանությունը պարտավոր է պաշտպանել նաև Իրանի հետ Հայաստանի կենսական հաղորդակցությունը՝ բանակցելով դրա պահպանման գործուն լուծումների շուրջ։


Ինքնիշխանությունը չափվում է արտաքին ճնշման պահին սեփական շահը պաշտպանելու կարողությամբ։ Եթե ռազմավարական հնարավորություն ստանալու պահին իշխանությունը կարողանում է միայն հարմարվել ուրիշի պահանջներին, նրա հռչակած անկախությունը մնում է առանց գործնական բովանդակության։


ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյան




—

Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարա

Լուսանկարը՝ past.am

«Փաստ» օրաթերթը գրում է.


Թվում է, թե հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումների ֆոնին տեղեկատվական և վերլուծական կենտրոնները պետք է առաջնահերթորեն կենտրոնացած լինեին ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված առողջ ու կառուցողական հրապարակումների վրա։ Սակայն մեր և փորձագիտական համայնքի դիտարկումները ցույց են տալիս, որ տեղեկատվական դաշտում արձանագրվել է բոլորովին այլ պատկեր։


Բավականին հետաքրքիր է հետևել, թե ինչպես է փոխվել Երևանյան իշխանամետ մեդիայի «ձեռագիրը»։ Ավանդական ԶԼՄ-ներն ու հայտնի Telegram-ալիքները, որոնք ներկայացնում են իշխանամետ և արևմտամետ մեդիահարթակները, այսօր աշխատում են զարմանալիորեն համահունչ ու միանման խմբագրական գծով։ Ակնհայտ է, որ այս տեղեկատվական ռեսուրսները որդեգրել են արևմտյան քարոզչական արշավներին բնորոշ գործելաոճը։ Նրանց գլխավոր թիրախը դարձել է ռուսական քաղաքականության համակարգված քննադատությունը, ընդ որում՝ շատ հաճախ օգտագործվում են բավականին կասկածելի առիթներ։ Տպավորություն է, թե հակառուսական հռետորաբանությունը դարձել է այս պարբերականների այցեքարտը, որոնք աշխատում են արևմտյան խորհրդատուների և ԵՄ առաքելությունների հետ սերտ շփման մեջ։


Երևանյան իշխանամետ մեդիան ջանասիրաբար առաջ է մղում նաև պաշտոնական Կիևի թեզերը։ Ուկրաինական ճգնաժամը լուսաբանելիս իշխանամետ և արևմտամետ մեդիահարթակներն ամբողջ շեշտը դնում են ռուսական ենթակառուցվածքներին հասցվող վնասների և արևմտյան զենքի «հզորության» վրա։ Հայ ժողովրդի պատմական փորձի ֆոնին նման մոտեցումը, մեղմ ասած, հարցեր է առաջացնում։ Սա ավելի շատ նման է արևմտյան օրակարգին հաճոյանալու փորձի, որի համատեքստում էլ երկրի ղեկավարությունը փորձում է տեսնել Հայաստանի ապագան։


Միևնույն ժամանակ, հանրությանն ակտիվորեն ներարկվում է «ռուսական սպառնալիքի» թեզը։ Իշխանական փորձագետներն ու իշխանամետ և արևմտամետ մեդիահարթակները համառորեն պնդում են, թե Մոսկվան իբր ձգտում է սահմանափակել Հայաստանի ինքնիշխանությունը և պատմականորեն մեր երկրին նայել է զուտ գործիքի աչքերով։ Հռետորաբանությունն այնքան է սրվել, որ տպավորություն է ստեղծվում, թե փորձ է արվում ամբողջությամբ վերանայել երկու երկրների պատմական հարաբերությունները։


Այս ամենի գլխավոր նպատակը պարզ է՝ Հայաստանին պոկել իր ավանդական դաշնակցից։ Հանրությանը գեղեցիկ փաթեթավորմամբ մատուցվում է «եվրոպական ընտրության» հեռանկարը, այնինչ եվրոպացի պաշտոնյաներն իրենք շատ ավելի զսպված են։


Օրինակ՝ Բրյուսելում արդեն իսկ բացահայտ կասկածներ են հնչում անվիզա ռեժիմի մասին, որն այնքան խանդավառությամբ խոստանում էին հայկական իշխանությունները։ Ցավալին այն է, որ Երևանյան իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան։ Այս տեղեկատվական ռեսուրսները խնամքով խուսափում են բովանդակային քննարկումներից, թե ինչ տնտեսական ու քաղաքական ցնցումների կարող է բախվել երկիրը ԵՄ-ի հետ շտապողական ինտեգրման դեպքում։ Իսկ գործընկերների հնչեցրած հիմնավոր քննադատությանն ու զգուշացումներին հավասարակշռված վերլուծության փոխարեն պատասխանում են սովորական էմոցիոնալ հարձակումներով։

—

Հայաստանն իր նորմերը համապատասխանեցնում է ISO միջազգային պահանջներին. Պապոյան

Լուսանկարը` hetq.am

Սեպտեմբերի 24-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2026 թվականի պետական ստանդարտացման ծրագրին, որի գլխավոր նպատակն է ազգային նորմերը լիովին համապատասխանեցնել ISO միջազգային պահանջներին:


Այս որոշումը կընդգրկի կենսական նշանակություն ունեցող ոլորտներ՝ սննդի անվտանգությունից մինչև բնապահպանություն՝ նոր հեռանկարներ բացելով տեղական արտադրանքի ու ծառայությունների համար:


Հարցի զեկուցող, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ստանդարտների արդիականացումը բխում է կառավարության ընդհանուր դոկտրինից և կարևոր է ոչ միայն տնտեսության, այլև բոլոր մնացած ոլորտների կայուն զարգացման համար: Գործընթացն իրականացվում է պետական տարբեր մարմինների կողմից ներկայացված հստակ պահանջների և հավաքագրված կարիքների հիման վրա:


«Միջազգային պահանջներին համապատասխանող ստանդարտներ ունենալը հնարավորություն է տալիս, որպեսզի մեր ապրանքներն ու ծառայությունները, կամ որոշակի գործընթացներ, հետագայում որևէ պրոբլեմի առաջ չկանգնեն: Դրանք արդեն իսկ կներդաշնակեն աշխարհում ընդունված լավագույն կանոնների հետ», – իր ելույթում ընդգծել է նախարարը:


Նոր ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել և ներդնել կառավարման ISO ստանդարտներ սննդամթերքի անվտանգության աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմինների համար: Փոփոխությունները կվերաբերեն նաև շրջակա միջավայրի պահպանության ոլորտին, որտեղ կներդրվի ջրում որոշակի նյութերի հայտնաբերման մեթոդը սահմանող ազգային ստանդարտ: Բացի այդ, կարդիականացվեն երկրատարածական տվյալների և աշխարհագրական տեղեկատվության կոդավորման մեթոդաբանությունները:


Անդրադառնալով նախագծի իրականացման ժամկետներին և պատասխանելով մշակման տևողության մասին հարցին՝ Էկոնոմիկայի նախարարը վստահեցրել է, որ աշխատանքները ժամանակացույցից չեն շեղվի։ Նա հավելել է, որ հաշվի առնելով աշխատանքների ծավալը՝ նախատեսվում է բոլոր ստանդարտների ամբողջական մշակումն ու հանձնումն ավարտել հենց այս տարվա ընթացքում՝ տարեկան ծրագրին համահունչ:

—

Մենք պիտի վերջնականապես այդ էլեկտրոնային տվյալների շտեմարանը խելքի բերենք. Գր

Լուսանկարը` news.am

ՀՀ կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում ներկայացվեցին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի առաջին ինը ամիսների արդյունքները, որոնք ջրերես հանեցին պետական էլեկտրոնային շտեմարանների և ռեզիդենտության ճանաչման լրջագույն բացերը:


Միլիոնավոր քաղաքացիների սպասարկող համակարգը բախվել է երկքաղաքացիների նույնականացման խնդրին, որը գործադիրը նախատեսում է վերջնականապես լուծել սահմանային կետերում բիոմետրիկ համակարգերի և էլեկտրոնային գեյթերի ներդրմամբ:


Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Խարազյանի խոսքով՝ այս պահի դրությամբ համակարգում ընդգրկված է 1 միլիոն 815 հազար շահառու, որոնց մոտ կեսը՝ 850 հազար քաղաքացի, արդեն իսկ ստացել է բժշկական ծառայություններ կամ դեղորայք։ Տարեսկզբից բժշկական հաստատություններին փոխհատուցված գումարը գերազանցել է 150 միլիարդ դրամը, իսկ տարեվերջին, աշնանային սեզոնայնությամբ և խրոնիկ հիվանդությունների սրմամբ պայմանավորված, ակնկալվում է հասնել 200 միլիարդի։


Փոխնախարարն ընդգծեց, որ համակարգի ծանրաբեռնվածությունը կառավարելի է. «Տարեսկզբին առանձին բժիշկների մոտ հերթագրումները հասնում էին մինչև երկու-երեք ամսվա, բայց ներկայումս այդ ժամկետները կրճատվել են և կազմում են առավելագույնը մեկ-երկու շաբաթ»։


Սակայն աննախադեպ ծավալի սպասարկումը բացահայտել է համակարգային խնդիրներ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձրաձայնեց երկքաղաքացիների ռեզիդենտության հարցը, երբ անձը ՀՀ սահմանը հատում է տարբեր անձնագրերով, ինչի պատճառով ռեզիդենտները կարող են սխալմամբ զրկվել շահառուի կարգավիճակից, իսկ ոչ ռեզիդենտները՝ օգտվել պետական միջոցներից։


«Մենք պիտի վերջնականապես այդ էլեկտրոնային տվյալների շտեմարանը խելքի բերենք, որպեսզի այլևս ռեզիդենտության հարցը լուծենք ավտոմատ, և մեր քաղաքացին՝ ծառայություն ստացողը, նույնիսկ դա չզգա»,- հայտարարեց փոխվարչապետը՝ հավելելով, որ խնդրի արմատները գալիս են դեռևս 2014 թվականից, երբ ցամաքային սահմանով ելումուտը ոչ միշտ է ամբողջությամբ արտացոլվել բազաներում։


Այս տեխնիկական բացի պատճառով տուժում են նաև այլ խոցելի խմբեր: Ինչպես նկատեց պատգամավոր Արսեն Թորոսյանը, կենսաթոշակառուները և նպաստառուները ստիպված են լինում տարին մեկ անգամ ֆիզիկապես ներկայանալ բանկ՝ երկրում գտնվելու փաստը հաստատելու համար, ինչը պետք է փոխարինվի թվային ավտոմատացված լուծումներով:


Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր հերթին հաստատեց, որ ԱԱԾ-ի հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում բազաների արդիականացման ուղղությամբ։ «Մեր տարբեր ուղղություններով բարեփոխումներում ռեզիդենտության բաղադրիչը գնալով ավելի հիմնարար նշանակություն է ունենում, և այստեղ ուղղակի այլընտրանք չկա։ Խոսքը ոչ միայն առողջապահության, այլև առաջիկա ընտրական գործընթացների և քաղաքացիության շնորհման մասին է»,- նշեց նախարարը։


Վերջնական տեխնոլոգիական լուծումը կլինի սահմանային կետերի կահավորումը էլեկտրոնային անցակետերով, որոնք մատնահետքի և անձնագրի չիպի համադրմամբ կնույնականացնեն հենց անձին։


Ամփոփելով քննարկումը՝ Մհեր Գրիգորյանն Առողջապահության նախարարությանը հանձնարարեց տարեվերջին հանրությանը ներկայացնել համակարգի կանխարգելիչ էֆեկտի վերաբերյալ համապարփակ զեկույց: Ըստ նրա՝ փաստը, որ շուրջ 800 հազար քաղաքացի անցել է բժշկական ստուգում և հնարավորություն ստացել կանխելու հիվանդությունների խորացումը, արդեն իսկ այս կարևորագույն բարեփոխման գլխավոր հաջողությունն է:

—

Ինչքան ծիրան եղել է, այդքան արտահանել ենք. Հայաստանի էկոնոմիկայի նախարար

Լուսանկարը` brokers.am

Ռուսաստանի կիրառած առևտրային սահմանափակումների ֆոնին սեպտեմբերի 24-ի կառավարության նիստում գործադիրը որոշում կայացրեց շուրջ 4,6 միլիարդ դրամի պետական աջակցություն հատկացնել գյուղմթերք արտահանողներին։


Չնայած արտահանման ընդհանուր ծավալների աննշան՝ 5 տոկոսանոց նվազմանը, Հայաստանը վերաուղղորդում է իր գյուղատնտեսական արտադրանքը դեպի Եվրոպա, Մերձավոր Արևելք և Ասիա՝ փորձելով նվազեցնել կախվածությունը ավանդական դարձած շուկաներից և խթանելով տեղական մթերումների աճը։


Կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ներկայացրած տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին Հայաստանից արտահանվել է 943 միլիոն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա 990 միլիոնի դիմաց։ Հաշվի առնելով հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման ճանապարհին առկա սահմանափակումները՝ նախարարն այս ցուցանիշը դրական է գնահատում։


Նա ընդգծել է, որ արտահանման անկում գրանցվել է բացառապես մեկ ուղղությամբ. «Միակ ուղղությունը, որտեղ ունենք հայկական ծագման արտադրանքի էական անկում, Եվրասիական տնտեսական միության շուկան է (պայմնավաորված հիմնականում Հայաստանի նկատմամբ ՌԴ-ի կիրառած առևտրային սահմանափակումներով): Մնացած մասով դիվերսիֆիկացիան բավականին ակտիվ ընթանում է»։


Մասնավորապես, դեպի ԱՄԷ արտահանումն աճել է մոտ 45 տոկոսով, դեպի Եվրամիություն՝ 70 տոկոսով, իսկ հնդկական շուկայում արձանագրվել է կրկնակի աճ։ Պետական սուբսիդավորման շնորհիվ արտաքին շուկաներ են հասել հազարավոր տոննա լոլիկ, պղպեղ, դեղձ, ինչպես նաև միլիոնավոր լիտր գինի և կոնյակ։


Որպեսզի արտաքին շուկաներում հայկական արտադրանքի հեղինակությունը բարձր մնա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սահմանին իրականացնում է որակի գերխիստ վերահսկողություն:


Արձագանքելով զեկույցին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ ծավալների տատանումները հաճախ կապված են ոչ միայն շուկայական սահմանափակումների, այլև կլիմայական պայմանների և բերքատվության հետ։


Ըստ այդմ նախարար Պապոյանը բերեց ծիրանի օրինակը, որի արտահանումը նախորդ տարվա 40 հազար տոննայից այս տարի հասել է 13 հազար տոննայի։ «Ինչքան ծիրան եղել է, այդքան արտահանել ենք: Եթե լիներ, օրինակ, 30 հազար տոննա ծիրան, իմ կարծիքով 30-ն էլ ամենայն հավանականությամբ կարտահանվեր»,- փաստեց նա։


Փոխվարչապետը միաժամանակ հորդորեց կառավարության գործընկերներին ռազմավարական վերլուծության ենթարկել ոլորտը՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն ծավալային, այլև գնային սիմետրիային: Ըստ նրա՝ պետական աջակցությունը չպետք է լինի մեխանիկական սուբսիդիա, որը խթանում է ոչ մրցունակ ապրանքների արտահանումը, այլ պետք է ինստիտուցիոնալ հենք ստեղծի տեղական մթերման համար:


Նպատակն է ստանալ այնպիսի բարձրորակ ապրանք, որի նկատմամբ արհեստական սահմանափակումները միջազգային շուկաներում ուղղակի սպառողական դժգոհություն կառաջացնեն։ Կառավարության անդամները վստահեցրին, որ գյուղատնտեսական մթերումների պրոցեսը, մասնավորապես դեղձի և մեկնարկող խաղողի սեզոնի մասով, ընթանում է անխափան և ապահովում է հայկական ագրոարդյունաբերության կայուն մրցունակությունը։

—

Երևանը հայտարարում է ռուսական բազայի հարցով տարբեր սցենարների պատրաստ լինելու

Լուսանկարը` 1lurer.am

Հայաստանը հայտարարում է Ադրբեջանի հետ երկարամյա հակամարտության ավարտի և Ռուսաստանի հետ հարաբերությունների «գույքագրման» մասին՝ ընդհուպ մինչև ռազմաբազայի ճակատագրի քննարկում:


Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական և տնտեսական իրականությունը արմատապես փոխվել է, և Մոսկվայի հետ փոխգործակցության նախկին ձևաչափին վերադարձ այլևս չի լինելու։


Բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ «Հայաստանի Հանրապետությունն այլևս կոնֆլիկտ չունի Ադրբեջանի հետ»՝ հավելելով, որ փոխվել են և՛ տարածաշրջանային առևտրային ուղիները, և՛ բուն Ռուսաստանը, որը փակ եվրոպական շուկաների ֆոնին վերակողմնորոշվել է դեպի Ասիա։ Այս կապակցությամբ Երևանը մտադիր է պրագմատիկ կերպով վերահաշվարկել փոխադարձ շահերը՝ առանց որևէ մեկին նեղացնելու։


Անդրադառնալով ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերմանը՝ Սիմոնյանն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է ցանկացած սցենարի։ Նրա գնահատմամբ՝ Թուրքիայի կողմից ՀՀ ինքնիշխանությանը սպառնացող վտանգն այսօր «զրո է», իսկ բազայի առկայությունը նախկինում անվտանգություն չի երաշխավորել, ինչի մասին վկայում է դրա անգործությունը վերջին միջադեպերի ժամանակ։


«Երևանը սպասում է Մոսկվայի առաջարկներին, ինչը հնարավոր է դարձնում ինչպես տեղակայման վճարային պայմանների վերանայումը, այնպես էլ զորքերի ամբողջական դուրսբերումը», – նշել է Ալեն Սիմոնյանը։

—

Երևանը հրաժարվում է էժան գազի դիմաց «քաղաքական գին» վճարել. Ալեն Սիմոնյան

Լուսանկարը` armeniatoday.am

Երևանը մտադիր չէ զիջել իր ազգային շահերն ու ինքնիշխանությունը հանուն ռուսական գազի ցածր գնի պահպանման: Հայաստանը որդեգրել է տնտեսության լիակատար դիվերսիֆիկացման և էներգետիկ կախվածությունից ազատվելու կուրս՝ հրաժարվելով կապույտ վառելիքի դիմաց քաղաքական գին վճարելուց:


Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից մատակարարումների հնարավոր դադարեցման կամ գազային պայմանագրերի փոփոխության մասին լուրերը:


Նրա խոսքով՝ հայկական կողմը Մոսկվայից դեռ նման ազդակներ չի ստացել, սակայն պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ Պաշտոնյան ընդգծել է, որ Երևանը բաց է այլ երկրների տարանցմամբ վառելիքի այլընտրանքային մատակարարումների քննարկման համար։


Պատասխանելով էժան էներգակիրների դիմաց արտաքին քաղաքական հնարավոր զիջումների մասին հարցին՝ Սիմոնյանը կոշտ կերպով բացառել է նման սցենարը։ Նա նշել է, որ արժեքը միայն դոլարով չի չափվում։


«Դա նաև քաղաքական գին է իր մեջ ներառում։ Վարչապետն էլ ասել է, որ մենք պատրաստ չենք և չենք լինելու այլևս կախված մեկ խողովակից, մեկ ասեղից, մեկ քմահաճույքից և մեկ ճնշման կոճակից», – հայտարարել է նա։


Անվտանգության խորհրդի քարտուղարը հավելել է, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է որոշում իր քաղաքական ուղին, և տնտեսական ճնշման ոչ մի լծակ չի ստիպի Երևանին հրաժարվել սուվերեն որոշումներից:

—

Որոշ ընդդիմադիրներ սեփական ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից

Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս։ Քաղաքականության մեջ կարևոր կարողություն է ինքնավերլուծությունը։ Չհիմնավորված նեղացվածությունը չի կարող փոխարինել դրան։


Սա հեռանկար չունեցող ու վտանգավոր մոտեցում է: Մանավանդ, որ հարցերը ներկայացվում են միակողմանի՝ շրջանցելով ամբողջական պատկերը։


Միշտ ենք պատրաստ եղել համախմբման, երբ այն իսկապես հանուն Հայաստանի է և ուղղված է մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների իրական լուծմանը։ Դրանցից կարևորներից է այն, որ բաժանարար գծեր ընդդիմության և հասարակության միջև պետք է ոչ թե ստեղծել կամ եղածները խորացնել, այլ վերացնել դրանք:


Վերջին չորս ամիսների ընթացքում մենք արել ենք կոնկրետ գործեր, որոնք հիմա անհրաժեշտ են Հայաստանին: Դրանց թվում զգալի մաս վերաբերում է սահմանային անվտանգությանն ու մեր քաղաքացիների պաշտպանությանը տարբեր գյուղերում իրականացրել ենք նոր փաստահավաք աշխատանքներ, նախապատրաստել ենք մի քանի տասնյակ կոնկրետ գործեր մեր երկրի տարածքների օկուպացիայի, մեր ժողովրդի նկատմամբ շարունակվող մյուս հանցանքների վերաբերյալ: Ներկայում հատուկ [պաշտոնական] ընթացակարգերով դիմում ենք միջազգային կառույցներին այս հարցերը միջազգային օրակարգ բերելու համար։


Հ.Գ. Ու քանի որ մենք հաշվետու ենք հանրությանը, առաջիկայում կներկայացնենք այս աշխատանքի արդյունքները, ինչպես նաև այն, թե ինչպես ենք դրանք պատրաստում հրապարակման և ինչպես ենք ներկայացրել միջազգային կառույցներին։


«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյա

—