Սեպտեմբերի 24-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2026 թվականի պետական ստանդարտացման ծրագրին, որի գլխավոր նպատակն է ազգային նորմերը լիովին համապատասխանեցնել ISO միջազգային պահանջներին:
Այս որոշումը կընդգրկի կենսական նշանակություն ունեցող ոլորտներ՝ սննդի անվտանգությունից մինչև բնապահպանություն՝ նոր հեռանկարներ բացելով տեղական արտադրանքի ու ծառայությունների համար:
Հարցի զեկուցող, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ստանդարտների արդիականացումը բխում է կառավարության ընդհանուր դոկտրինից և կարևոր է ոչ միայն տնտեսության, այլև բոլոր մնացած ոլորտների կայուն զարգացման համար: Գործընթացն իրականացվում է պետական տարբեր մարմինների կողմից ներկայացված հստակ պահանջների և հավաքագրված կարիքների հիման վրա:
«Միջազգային պահանջներին համապատասխանող ստանդարտներ ունենալը հնարավորություն է տալիս, որպեսզի մեր ապրանքներն ու ծառայությունները, կամ որոշակի գործընթացներ, հետագայում որևէ պրոբլեմի առաջ չկանգնեն: Դրանք արդեն իսկ կներդաշնակեն աշխարհում ընդունված լավագույն կանոնների հետ», – իր ելույթում ընդգծել է նախարարը:
Նոր ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել և ներդնել կառավարման ISO ստանդարտներ սննդամթերքի անվտանգության աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմինների համար: Փոփոխությունները կվերաբերեն նաև շրջակա միջավայրի պահպանության ոլորտին, որտեղ կներդրվի ջրում որոշակի նյութերի հայտնաբերման մեթոդը սահմանող ազգային ստանդարտ: Բացի այդ, կարդիականացվեն երկրատարածական տվյալների և աշխարհագրական տեղեկատվության կոդավորման մեթոդաբանությունները:
Անդրադառնալով նախագծի իրականացման ժամկետներին և պատասխանելով մշակման տևողության մասին հարցին՝ Էկոնոմիկայի նախարարը վստահեցրել է, որ աշխատանքները ժամանակացույցից չեն շեղվի։ Նա հավելել է, որ հաշվի առնելով աշխատանքների ծավալը՝ նախատեսվում է բոլոր ստանդարտների ամբողջական մշակումն ու հանձնումն ավարտել հենց այս տարվա ընթացքում՝ տարեկան ծրագրին համահունչ:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Boshkezenian Garik. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/25/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%ab%d6%80-%d5%b6%d5%b8%d6%80%d5%b4%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a5%d6%81/