Ինչքան ծիրան եղել է, այդքան արտահանել ենք. Հայաստանի էկոնոմիկայի նախարար

Լուսանկարը` brokers.am

Ռուսաստանի կիրառած առևտրային սահմանափակումների ֆոնին սեպտեմբերի 24-ի կառավարության նիստում գործադիրը որոշում կայացրեց շուրջ 4,6 միլիարդ դրամի պետական աջակցություն հատկացնել գյուղմթերք արտահանողներին։


Չնայած արտահանման ընդհանուր ծավալների աննշան՝ 5 տոկոսանոց նվազմանը, Հայաստանը վերաուղղորդում է իր գյուղատնտեսական արտադրանքը դեպի Եվրոպա, Մերձավոր Արևելք և Ասիա՝ փորձելով նվազեցնել կախվածությունը ավանդական դարձած շուկաներից և խթանելով տեղական մթերումների աճը։


Կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ներկայացրած տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին Հայաստանից արտահանվել է 943 միլիոն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա 990 միլիոնի դիմաց։ Հաշվի առնելով հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման ճանապարհին առկա սահմանափակումները՝ նախարարն այս ցուցանիշը դրական է գնահատում։


Նա ընդգծել է, որ արտահանման անկում գրանցվել է բացառապես մեկ ուղղությամբ. «Միակ ուղղությունը, որտեղ ունենք հայկական ծագման արտադրանքի էական անկում, Եվրասիական տնտեսական միության շուկան է (պայմնավաորված հիմնականում Հայաստանի նկատմամբ ՌԴ-ի կիրառած առևտրային սահմանափակումներով): Մնացած մասով դիվերսիֆիկացիան բավականին ակտիվ ընթանում է»։


Մասնավորապես, դեպի ԱՄԷ արտահանումն աճել է մոտ 45 տոկոսով, դեպի Եվրամիություն՝ 70 տոկոսով, իսկ հնդկական շուկայում արձանագրվել է կրկնակի աճ։ Պետական սուբսիդավորման շնորհիվ արտաքին շուկաներ են հասել հազարավոր տոննա լոլիկ, պղպեղ, դեղձ, ինչպես նաև միլիոնավոր լիտր գինի և կոնյակ։


Որպեսզի արտաքին շուկաներում հայկական արտադրանքի հեղինակությունը բարձր մնա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սահմանին իրականացնում է որակի գերխիստ վերահսկողություն:


Արձագանքելով զեկույցին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ ծավալների տատանումները հաճախ կապված են ոչ միայն շուկայական սահմանափակումների, այլև կլիմայական պայմանների և բերքատվության հետ։


Ըստ այդմ նախարար Պապոյանը բերեց ծիրանի օրինակը, որի արտահանումը նախորդ տարվա 40 հազար տոննայից այս տարի հասել է 13 հազար տոննայի։ «Ինչքան ծիրան եղել է, այդքան արտահանել ենք: Եթե լիներ, օրինակ, 30 հազար տոննա ծիրան, իմ կարծիքով 30-ն էլ ամենայն հավանականությամբ կարտահանվեր»,- փաստեց նա։


Փոխվարչապետը միաժամանակ հորդորեց կառավարության գործընկերներին ռազմավարական վերլուծության ենթարկել ոլորտը՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն ծավալային, այլև գնային սիմետրիային: Ըստ նրա՝ պետական աջակցությունը չպետք է լինի մեխանիկական սուբսիդիա, որը խթանում է ոչ մրցունակ ապրանքների արտահանումը, այլ պետք է ինստիտուցիոնալ հենք ստեղծի տեղական մթերման համար:


Նպատակն է ստանալ այնպիսի բարձրորակ ապրանք, որի նկատմամբ արհեստական սահմանափակումները միջազգային շուկաներում ուղղակի սպառողական դժգոհություն կառաջացնեն։ Կառավարության անդամները վստահեցրին, որ գյուղատնտեսական մթերումների պրոցեսը, մասնավորապես դեղձի և մեկնարկող խաղողի սեզոնի մասով, ընթանում է անխափան և ապահովում է հայկական ագրոարդյունաբերության կայուն մրցունակությունը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Boshkezenian Garik. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/24/%d5%ab%d5%b6%d5%b9%d6%84%d5%a1%d5%b6-%d5%ae%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6-%d5%a5%d5%b2%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d5%b5%d5%a4%d6%84%d5%a1%d5%b6-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a5/

Leave a Reply