Բացահայտվել է օտարերկրյա բանկերի քարտերից 8,3 մլն դրամի հափշտակության սխեմա

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և խոշոր չափերով փողերի լվացման դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով։


«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ․Ա․-ն, ՍՊ ընկերության տնօրեն Ռ․Ս․-ի հետ լինելով մտերիմ հարաբերությունների մեջ, տիրապետելով ընկերության վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ում ու ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված տվյալներին և Ռ․Ս․-ի միջոցով փաստացի կառավարելով ընկերության գործունեությունը, 2024 թվականի փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում, համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ ներգործելու միջոցով, արտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակել է ընդհանուր 8 մլն 300 հզր ՀՀ դրամ, որը փոխանցել է նշված ՍՊ ընկերության՝ ՀՀ ՊԵԿ-ում բացված հաշվեհամարին:


Բացի այդ, հափշտակված գումարի իրական բնույթը և ծագման աղբյուրը խեղաթյուրելու, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու նպատակով Կ․Ա․-ի կազմակերպմամբ ՍՊ ընկերության անունից 2024 թվականի մարտից ապրիլն ընկած ժամանակահատվածում 4 դիմում է ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու խնդրանքով։ Նշված դիմումների համաձայն՝ ընդհանուր 5 մլն 151 հզր 19 ՀՀ դրամը փոխանցվել է ընկերության՝ բանկում բացված հաշվեհամարին, որից հետո կանխիկացվել է՝ փաստացի տնօրինվելով Կ․Ա․-ի կողմից, իսկ մնացած 3 մլն 148 հզր 981 ՀՀ դրամն ուղղվել է ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների մարմանը՝ այդ կերպ խեղաթյուրելով և օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված 8 մլն 300 հզր ՀՀ դրամի իրական բնույթը և ծագման աղբյուրը:


Նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել Կ․Ա․-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով hամակարգչային հափշտակությունը) և 296-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով փողերի լվացումը)։


Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։


Քրեական վարույթը նշված անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Kalantarian Kevo. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/25/%d5%a2%d5%a1%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d6%85%d5%bf%d5%a1%d6%80%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%b5%d5%a1-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%ab-%d6%84%d5%a1%d6%80/

Leave a Reply