Հոկտեմբեր 22, 2026
Մինչ Երևանը խրված է ճանապարհատրանսպորտային, աղբահանության, կոմունալ խնդիրների մեջ, մայրաքաղաքի իշխանությունները շարունակում են միլիոններ շռայլել տոնակատարությունների վրա։
Հերթական դրվագը մեկ անձից գնման ընթացակարգով կնքված մի պայմանագրի մասին է․ Երևանի քաղաքապետարանը աստղաբաշխական՝ 478 միլիոն 670,500 դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն) է փոխանցել պետգնումների հայտնի ֆավորիտ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին՝ «Էրեբունի-Երևան 2808»-ի երկօրյա համերգներն ու փառատոները կազմակերպելու համար։
Կես միլիարդ դրամին մոտեցող այս գումարը, որը կարող էր ուղղվել քաղաքային կենսական խնդիրների լուծմանը, հոկտեմբերի 9-ին և 10-ին «օդ է բարձրացել» տոնական հրավառությունների, բեմերի մոնտաժման և Հանրապետության հրապարակից մինչև Կասկադ ձգվող շոուների տեսքով:
Ըստ օրերս էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացված պայմանագրի տեխնիկական բնութագրի՝ ի մասնավորի, այս գումարով կազմակերպվել է՝ Ջազ համերգ (Կասկադ համալիր), Ռոք համերգ (Դիանա Աբգարի զբոսայգի), Գարեջրի փառատոն (Դիանա Աբգարի զբոսայգի), Էստրադային համերգ (Շառլ Ազնավուրի հրապարակ), Դասական համերգ (Ազատության հրապարակ)- հոկտեմբերի 10, Մանկական գոտի (Կարապի լիճ), Գինու փառատոն և Ազգային երաժշտության համերգ (Հյուսիսային պողոտա), Էլեկտրոնային երաժշտության համերգ (Հանրապետության հրապարակ), ինչպես նաև՝ ապահովվել է գովազդ, մարքետինգ և քաղաքի բրենդավորում։
Նկատենք՝ այս գումարը միայն հիմնական կազմակերպչի բաժինն է․ ինչպես 168.am-ն իր մի քանի հրապարակումներով տեղեկացրել էր՝ սրան զուգահեռ՝ քաղաքապետարանն առանձին-առանձին միլիոնավոր դրամների ծախսեր է արել՝ հաղորդավարների, երգիչների ու երաժշտական տարբեր նախագծերի մասնակցության համար։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Manouk Vasilian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/22/478-%d5%b4%d5%ab%d5%ac%d5%ab%d5%b8%d5%b6-670500-%d5%a4%d6%80%d5%a1%d5%b4-%d5%af%d5%a1%d5%b4%d5%9d-1-%d5%b4%d5%ac%d5%b6-326398-%d5%a4%d5%b8%d5%ac%d5%a1%d6%80-%d5%a7%d6%80%d5%a5%d5%a2%d5%b8/