Հոկտեմբեր 22, 2026
Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստից հետո հերթական ճեպազրույցի ժամանակ կրկին անդրադարձավ ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին հարցին՝ նշելով, թե Ադրբեջանի հետ այդ հարցը չեն քննարկում, քանի որ այն Հայաստանի ներքաղաքական օրակարգն է։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, առաջիկայում կհրապարակեն Սահմանադրության նախագիծը և կսկսեն հանրային քննարկումներ ու կուղարկեն խորհրդարան։
«Կփորձենք մեր ընդդիմադիր գործընկերներին համոզել, որ սա շատ սկզբունքային հարց է և սա ՀՀ պետության հարատևությունը որոշելու ու լուծելու հարցն է։ Կփորձենք համոզել, չստացվեց, ուրեմն՝ կգնանք ուրիշ սցենարով, այդ թվում՝ կարող ենք և արտահերթ ընտրություններ անել, իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է։
Ամեն դեպքում ինձ համար խնդիր է, որ ըստ էության ես ունեմ հանձնառություն ՀՀ քաղաքացիների առաջ և Սահմանադրության փոփոխության, և խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման։ Կարծում եմ, եթե ՀՀ ժողովուրդն ուզում է այս հանձնառությունը տեսնել իրագործված, ուրեմն՝ մենք միասին պետք է այդ հանձնառությունն իրագործենք։ Եթե ժողովուրդը չի տեսնում այդ առաքելությունն իրագործելու հանձնառությունը, մի իքս պահի կարող է պարզվել, որ իմ քաղաքական առաքելությունը սպառված է։ Հետևաբար՝ սա ինձ համար չափազանց կարևոր ու սկզբունքային հարց է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ասում է՝ հաշվի առնելով ՀՀ-ում ընթացող գործընթացները, քաղաքական դաշտում ոչինչ չի բացառում, այդ թվում՝ արտահերթ ընտրությունները։
«Թե ինչ նախադրյալներ կան, այդ մասին ՀՀ Սահմանադրությունում ու օրենքներում գրված է։ Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի, մի քանի անգամ վարչապետ չընտրեն, տվյալ դեպքում միտումնավոր չընտրեն, դրանից հետո խորհրդարանը լուծարում են ու գնում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
Այսինքն՝ զուտ իրավական տեսակետից որևէ խնդիր չկա։ Ինչ վերաբերում է հնարավոր արտահերթ ընտրությունների արդյունքներին, ապա հիշեք՝ սկսած 1995 թվականից մինչև օրս, խորհրդարանական բոլոր ընտրությունների ժամանակ մեր ժողովուրդը սպեցիֆիկ ձևով ընտրել է տվյալ պահին իշխող քաղաքական ուժին։ Ստացվում է, որ ժողովուրդը շատ է «սիրում» տվյալ պահին իշխող ուժին, կամ էլ՝ մեզ մոտ ընտրական մեխանիզմը չի աշխատում, ինչն ավելի ճիշտ է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը։
Ըստ նրա, եթե Նիկոլ Փաշինյանը գնաց արտահերթ խորհրդարանական ընտրությունների, նշանակում է, որ ՔՊ-ն հաղթելու է, քանի որ ընտրական մեխանիզմը ՀՀ-ում չի աշխատում։ ՔՊ-ն կարող է պարտվել միայն մեկ դեպքում, եթե չունենա Արևմուտքի աջակցությունը, ինչն այս պահին ունի, ավելի կոնկրետ՝ ունի ԵՄ-ի քաղաքական աջակցությունը։
«Բնականաբար, տվյալ իրավիճակում ՔՊ-ին անհրաժեշտ է լինելու անել ամեն ինչ, որպեսզի ընտրությունների ժամանակ կարողանա վարչական ռեսուրսի կիրառմամբ ստանա սահմանադրական մեծամասնություն։ Կարող է սահմանադրական մեծամասնություն չունենալ՝ կախված մի քանի հանգամանքներից, որովհետև տնտեսական ճգնաժամային իրավիճակ է ստեղծվելու, եթե Հայաստանն ու Ռուսաստանը միմյանց հետ «լեզու չգտնեն» մինչև նոյեմբերի 30-ը։
Չնայած շատ հնարավոր է, որ ՔՊ-ն վարչական ռեսուրսով ստանա մոտավորապես նույն արդյունքը, ինչ հիմա»,- հավելեց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգի բնորոշմամբ, եթե հայ-ռուսական հարաբերությունները չկարգավորվեն, ՌԴ-ից հայերի մեծ հոսք է սպասվելու դեպի ՀՀ, ինչն էլ կարող է էականորեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։
«Նախորդ 35 տարիների ընթացքում եղել է համեմատաբար կայուն իրավիճակ, որի դեպքում էլ իշխող քաղաքական ուժերը կարողացել են իրենց համար որոշակի արդյունք ապահովել։ Բայց հիմա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը, սոցիալական վիճակի լարվածությունը, ՀՀ իշխանություների վարված քաղաքականության հետևանքով ՌԴ-ից Հայաստան վերադարձող քաղաքացիները կարող են որոշակի «խնդիրներ» ստեղծել ընտրական գործընթացում։
Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ընդդիմությունը պետք է սահմանադրական հարցին աջակցի, սա նշանակում է, որ նա անուղղակի դիմում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին՝ առաջարկելով՝ 8 հոգի միանան իրենց և կողմ քվեարկեն Սահմանադրությանը։
Գուցե Նիկոլ Փաշինյանը հույսը դնի արևմտամետների վրա ու նրանց բերի խորհրդարան և նրանց հետ միասին՝ կոալիցիոն սկզբունքով ունենա մեծամասնություն։
Պետք է նաև հաշվի առնենք մեկ հանգամանք, որ շուտով Ֆրանսիայում ընտրություններ են, և եթե իշխանության գա Լը Պենը, ապա հայ-ֆրանսիական հարաբերություններն այն չեն լինի, ինչ այժմ։ Բացի այդ, ԵՄ-ն հնարավոր է Նիկոլ Փաշինյանի վրա խաղադրույք չկատարի՝ ուղղակի ժամանակ չունենա դրա համար, կամ էլ հարցն այդքան կարևոր չլինի։
Նկատի ունեմ շատ գործոններ կան, որոնք կարող են ազդել ընտրական գործընթացի վրա, հետևաբար՝ նաև նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացի վրա։ Բայց մինչ այդ պետք է սպասենք նոյեմբերի 30-ին, թե ինչ է լինելու ԵԱՏՄ-Հայաստան հարաբերություններում, սրանից շատ բան է կախված»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emma Nadirian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/22/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b2%d5%b2%d5%a1%d5%af%d5%ab-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%b8%d6%82%d5%aa%d5%a5%d5%b2-%d5%b0/