168: 900.000 դոլար՝ 5 ավտոբուսի համար․ հրատապ գնում, որ փակված դպրոցների աշակ

Նոյեմբեր 2, 2026

Շուրջ 1 ամիս առաջ հայտնի դարձավ, որ կառավարությունն ու ԿԳՄՍ նախարարությունը մարզերում պաշտոնապես գործարկել են դպրոցական ավտոբուսների կենտրոնացված ծառայությունը։

Ծրագիրը վերաբերում է 5 բնակավայրերի․ Արագածոտնի մարզի Գետափ բնակավայրի երեխաները կհաճախեն Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրի երեխաները կհաճախեն Ջիլի միջնակարգ դպրոց, Տավուշի մարզի Աճարկուտ բնակավայրի երեխաները՝ Կիրանցի դպրոց, Տավուշի մարզի Ակնաղբյուր բնակավայրի երեխաները՝ Լուսաձորի դպրոց, Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրի երեխաները՝ Պարույր Սևակի կրթահամալիր:

Դեռ սեպտեմբերին գործընթացը կանոնակարգելու համար e-draft հարթակում շրջանառվել էր համապատասխան ՊՈԱԿ ստեղծելու նախագիծը։ ՊՈԱԿ-ը ստեղծվեց, իսկ ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրն էլ հոկտեմբերի 19-ին հանրայանացվեց էլեկտրոնային գնումների համակարգում։

Այսպես, ԿԳՄՍ նախարարությունը շուրջ 325 միլիոն (324 744 000 միլիոն)  դրամ է հատկացրել՝ ձեռք բերելու 29 նստատեղով 5 ավոտբուս։

Կարդացեք նաև

  • ԹՐԻՓՓ-ը տարածք չունի, ՀՀ տարբեր տեղերում կարող են գործել ԹՐԻՓՓ նախագծեր. Նիկոլ Փաշինյան
  • Եթե ընդդիմությունը դեմ արտահայտվի Սահմանադրությանը, նշանակում է, դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Նիկոլ Փաշինյան
  • Իրանի դեմ նոր հարձակումից 5 է պակաս, սրանք աթոռ են պոկում, դրսում խաշ ուտում. Էդուարդ Շարմազանով

Գնումը կատարվել է առանց մրցույթի՝ հրատապ մեկ անձից ընթացակարգով․ մատակարարը «Պրեմիում Մաշիների Էյ Էմ» ՍՊԸ ընկերությունն է։ Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ ընկերությունը գրանցվել է 2019 թվականին և պետգնումներում սկսել պայմանագրեր կնքել 2020 թվականից։ Ընկերության 100 տոկոս բաժնետերը Զուրաբ Սաքվարելիձեն է։

Նկատենք. Կառավարությունից պարզաբանել էին որոշման պատճառները․ ««Գետափի դպրոցում սովորում է 13 երեխա: Մինչև Արագածավան հեռավորությունը 9,5 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 11 րոպե: Ծափաթաղի դպրոցում սովորում է 27 երեխա: Մինչև Ջիլ հեռավորությունը 10,6 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 9 րոպե: Տիգրանաշենի դպրոցում ներկայումս երեխա չի սովորում, 11 երեխա հաճախում են Պարույր Սևակի կրթահամալիր: Մինչև Պարույր Սևակ հեռավորությունը 4 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 10 րոպե: Աճարկուտի դպրոցում սովորում է 10 երեխա: Մինչև Կիրանց հեռավորությունը 2,8 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 4 րոպե: Ակնաղբյուրի դպրոցում սովորում է 42 երեխա (որոնցից 6-ը՝ նախակրթարան): Մինչև Լուսաձոր հեռավորությունը 5 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 10 րոպե»։

Սակայն այս որոշումը քննադատվեց հանրային, քաղաքական ու մասնագիտական տարբեր շրջանակների կողմից․ նշվում էր գյուղերի դատարկման վտանգի մասին, անվտանգային վախերի՝ հատկապես Տիգրանաշենի դեպքում. Տիգրանաշենի դպրոցի լուծարումը և երեխաներին Պարույր Սևակ տեղափոխելը մամուլում կապվում է «անկլավների» հնարավոր հանձնման հետ, նույնպիսի անհանգստություն կա Տավուշի սահմանամերձ գյուղերի դեպքում, նաև՝ լոգիստիկ և կլիմայական ռիսկերի առնչությամբ. լեռնային և սահմանամերձ շրջաններում ձմեռային բուքն ու մերկասառույցը հաճախ փակում են ճանապարհները:

Քննադատվեց նաև նոր դպրոցական ավտոբուսների վրա Փաշինյանի՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսի փակցնելը՝ այն որակելով որպես փորձ, որով քողարկում են դպրոցների փակման ցավոտ բարեփոխումը:

Ի դեպ, 168․am-ը դեռ 2022 թվականին զրուցել էր Տիգրանաշենի դպրոցի հիմնադիր, նախկին տնօրեն Գեղամ Անդրեասյանի հետ։ Գեղամ Անդրեասյանը դեռ այդ ժամանակ ահազանգել էր ոչ միայն դպրոցի փակման, այլև գյուղի ճակատագրի մասին։

«2018 թվականին, որ Տիգրանաշենի դպրոցի փակման հարցն էր քննարկվում, այս իշխանություններն ուզում էին փակել, ես անձամբ եղել եմ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի մոտ, հետաքրքրվել, թե ի՞նչ է լինելու մեր դպրոցի ճակատագիրը, ինքն ասել էր, որ այդ դպրոցը պետք է փակվի, այդ գյուղն էլ՝ «օդից կախված»»,- ասել էր նա։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Khondkarian Raffi. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/03/168-900-000-%d5%a4%d5%b8%d5%ac%d5%a1%d6%80%d5%9d-5-%d5%a1%d5%be%d5%bf%d5%b8%d5%a2%d5%b8%d6%82%d5%bd%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%e2%80%a4-%d5%b0%d6%80%d5%a1%d5%bf%d5%a1%d5%ba-%d5%a3%d5%b6/

Leave a Reply