Նոյեմբեր 2, 2026
Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ TRIPP նախագծով ՀՀ ինքնիշխանության զիջում կա, այդ թվում՝ վարձակալության բավականին երկարաժամկետ իրավունքի խնդիր, և այլն։
Ըստ նրա՝ հարցն այն է, թե խոսքն ինչի՞ մասին է՝ Ադրբեջանին ՀՀ տարածքով անխոչընդոտ կապ տալո՞ւ, թե՞ տարածաշրջանը բացելու, քանի որ, եթե խոսում են կապուղիների բացման մասին, ապա այն կարող է համարվել դրական, այդ թվում՝ Հայաստանի համար։ Բայց այստեղ կարևոր հարցեր կան, օրինակ՝ ո՞վ է ֆինանսավորելու այդ բավականին մեծ նախագիծը, այդ ներդրումներն այս պահին չկան, ամերիկյան կառավարությունը միայն որոշակի գումար է տալիս։
Բայց գոյություն ունեն նաև տարածաշրջանային ու անվտանգային մարտահրավերներ. նախագիծն անցնում է Իրանի հետ սահմանով, որի մասով Իրանը ռիսկեր է տեսնում և վերջերս դրա մասին խոսում էր։ Բոլոր հարցերով ու խնդիրներով հանդերձ՝ TRIPP-ով Նիկոլ Փաշինյանն ուղղակի որոշակի ստատուս-քվո է բերել իրավիճակին, բայց՝ ժամանակավոր։
«Ադրբեջանը TRIPP-ի հետ կապված հաշվի է առնում Թրամփի՝ միջնորդ լինելու հանգամանքը, բայց երբ 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրվեց, դրանից անմիջապես հետո այդ ամենն անվանեց «Զանգեզուրի միջանցք»։
Ադրբեջանն առհասարակ հայկական պետության գոյությունը չի ընդունում։ Եթե շրջանառության մեջ է դրել «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը և դրանով սերունդ է կրթում, ապա փորձում է հարցեր առաջացնել այս տարածաշրջանում Հայաստանի՝ որպես պետության, գոյության իրավունքի հետ կապված։ Այսինքն՝ գլոբալ առումով Ադրբեջանը շարունակում է թշնամական քաղաքականությունը։
Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ֆիասկոն է արձանագրում այս «անխոչընդոտ կապ» ձևակերպումով, և եթե փորձեն ասել, թե Ադրբեջանն էլ իր տարածքով է անխոչընդոտ կապ տալիս, ապա թող բերեն գեթ մեկ գրավոր փաստաթուղթ, որտեղ դա կա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Տաթևիկ Հայրապետյանը։
Նրա բնորոշմամբ՝ TRIPP նախագծում ամրագրված չեն նաև անվտանգության երաշխիքներ, իսկ առհասարակ այս հեղհեղուկ աշխարհում որևէ մեկը չի կարող անվտանգության երաշխիքներ տալ։ Երկարաժամկետ անվտանգության ապահովման խնդիրը բացառապես դրված է Հայաստանի ուսերին։
Տաթևիկ Հայրապետյանի համար զարմանալի չէ, որ հայկական կողմից որևէ կերպ չհակադարձեցին Ալիևի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե «հայ բնակչությունը պետք է ներողություն խնդրի տեղահանված ադրբեջանցիներից»․ առհասարակ ադրբեջանական կողմի որևէ հայտարարություն ՀՀ իշխանության կողմից չի արժանանում համապատասխան հակադարձման, և պատճառն, ըստ փորձագետի, շատ պարզ է։
«Հայկական կողմը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, իշխանության պահպանությունը կախվածության մեջ է դրել Բաքվից, առաջնորդվում են իշխանությունը կորցնելու վախով։ Հոյակապ հասկանում են, որ իշխանությունը կորցնելու դեպքում կարող են կանգնել պատասխանատվության առաջ իրենց կայացրած որոշումների համար, որոնք այս պետության համար եղել են ճակատագրական։ Այդ պատասխանատվությունից խուսանավելու համար ամեն կերպ փորձում են երկարաձգել իշխանությունը և իշխանության պահպանման երաշխիքը դրել են Ալիևի ձեռքին՝ ասելով․ «Մենք կանենք զիջումներ, դու չես կրակի»։
Այսպես՝ մինչև այն պահը, երբ հայ հանրության իրական դիմադրությունը կունենա հստակ առաջնորդություն ընդդիմության տեսքով, մինչև այն պահը, երբ կլինի այնպիսի ընդդիմադիր առաջնորդող ուժ, որն այդ խնդրին լուծում կտա։ Դաշտում չեմ տեսնում այնպիսի ուժ, որը կկարողանա լուծում տալ, որ մարդիկ իմանան, թե այս իրավիճակից ելքեր կան։ Քանի դեռ հանրային դաշտում մեր խոսակցությունը սրա շուրջ չի կառուցվում, մենք միշտ ունենալու ենք խոսակցություն, որտեղ քննարկելու ենք Փաշինյանի՝ կներեք, պրոադրբեջանական «մուտիտները»»,- հավելեց Տաթևիկ Հայրապետյանը։
Հաջիևի հայտարարությունն Ադրբեջանի հղփացած քաղաքականության դրսևորում է, որը ցանկանում է նվաստացման մեջ պահել Հայաստանին։ Այն ցինիկ քաղաքական հայտարարություն է մի անձի կողմից, ով փաստացի եղել է արցախահայերի էթնիկ զտման և այդ ամենի գլխավոր կազմակերպիչներից մեկը։
«Երբ Ադրբեջանն ամեն անգամ կանգնում ու քեզ ասում է՝ «գիտե՞ք, դուք ռասիստ եք, ֆաշիստ եք» և այլն, դու էլ կարող ես ասել․ «Եթե դու այդպես ես կարծում, գնանք Միջազգային քրեական դատարան, մենք Հռոմի ստատուտը վավերացրել ենք, դու էլ դիմի երրորդ երկրին», գնանք, տեսնենք՝ ո՞վ է ֆաշիստը, ո՞վ է նացիստը։ Դու պետք է պատասխանատվություն պահանջես։ Բայց դու դա անում ես միայն այն դեպքում, եթե ունես կամք ու ցանկություն՝ դիմակայելու Բաքվից եկող սպառնալիքներին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փաստացի ուղիղ ասել է, որ չի ուզում դիմակայել սպառնալիքներին, ամբողջ տրամաբանությունը դրա շուրջ է կառուցվում։
Ադրբեջանն արդեն խախտել է նախաստորագրված խաղաղության պայմանագրի տեքստը՝ հարցականի տակ դնելով ՀՀ տարածքային ամբողջականությունը, շարունակում է օգտագործել ռասիզմի, ատելության ու թշնամանքի լեզու, մինչև հիմա էլ Բաքվում պահում են հայ գերիների։
Ես էլ կարող եմ բազմաթիվ դրույթներ բերել, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանի այսօրվա Սահմանադրությունն ընդհանուր հղում է անում 1918-1920 թթ.-ի իրենց հանրապետությանը, որոնք, իրենց պաշտոնական բոլոր աղբյուրների համաձայն, մոտ 113-114 հազար քառակուսի կիլոմետր են։ Կարող ե՞մ ասել, որ սպառնալիք եմ տեսնում դրա մեջ․ կարող եմ ասել։ ՀՀ իշխանությունն այս մասին ոչինչ չի ասում, որովհետև կոլաբորացիոնիզմի մեջ է Ադրբեջանի հետ։ Իշխանության խնդիրը Հայաստանի շահը պաշտպանելը չէ, այլ հօգուտ Ադրբեջանի փաստաբանությամբ զբաղվելը»,- շեշտեց Տաթևիկ Հայրապետյանը։
Փորձագետը, վկայակոչելով Ադրբեջանի կեղծ «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, նշեց, որ այդ ամենի ապացույցն այն է, որ Ադրբեջանը չի ձգտում խաղաղության։ Բացի այդ, Արցախը գրավելուց հետո Ալիևը հայտարարում է՝ «ձեր երկիրն ինձ է պատկանում», և արդեն 3-4 տարի է՝ Ադրբեջանը դա մարսում է։ Հայկական դիվանագիտությունն այս առումով չի աշխատում։
«Նույն Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին մեղադրում է, թե չեն պատրաստվել, չեն արել, բայց մեկը չի հարցնում՝ իսկ դու ի՞նչ ես արել կամ ի՞նչ չես արել, որ այսօր եկել, Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն ես ուզում փոխել, Հայաստանը կամ Անկախության հռչակագիրն ես ուրանում։ Էդ ի՞նչ կարգի ոչ մի բան չես արել, որ այսօր Ադրբեջանի ձեռքին նման խաղաքարտեր են։
Փաշինյանի՝ այսօր ԱԺ-ում արված հայտարարությանը թույլ տվեք մի քիչ հեգնանքով արձագանքել։ Ինչպես ասում են՝ անվերջ կարող ես նայել վառվող կրակին, հոսող ջրին և, երևի թե, Նիկոլ Փաշինյանի չավարտվող մուտիտներին ու ֆռոցներին։ Բայց շատ տրամաբանական հարց կա. դու նախընտրական քարոզարշավի ժամանակ սպառնացել էիր հայ հանրությանը՝ ասելով, թե եթե չձևավորես սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին լինելու է աղետալի պատերազմ։ Հայ հանրությունը, լսելով քո խոսքը, գնաց և թույլ չտվեց քեզ ձևավորել սահմանադրական մեծամասնություն՝ դրանով իսկ ասելով, որ թույլ չի տալիս Ադրբեջանի պահանջի կատարումը։
Հիմա, եթե դու դժվար ես հասկանում, դա քո պրոբլեմն է, բայց հայ հանրությունն իր քվեով հստակ ասաց իր խոսքը։ Այս իրավիճակում ումի՞ց ես ինչ ուզում, ի՞նչ է նշանակում՝ «ընդդիմությունն Ադրբեջանի հետ»։ Քեզնից ադրբեջանասեր ու ադրբեջանամետ քաղաքական ուժ Հայաստանում չկա, ու հուսամ՝ երբեք էլ չի լինի։ Գլխավոր մեղավորն ու պատասխանատուն այսօրվա իրավիճակի հենց Նիկոլ Փաշինյանն է»,– ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
https://168.am/2026/11/02/2508832.html?fbclid=IwY2xjawVWcORleHRuA2FlbQIxMQBwZG9mAXNydGMGYXBwX2lkEDIyMjAzOTE3ODgyMDA4OTIAAR-eenOVb5lQnGbuHXVo5bgvSN8g95nNF-vPCixOuKw2Qr0tJ8WlMk-sy5a4lQ_aem_3Ub1ON-xQ1ZtJKcS_snVHA
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Ani Tigranian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/03/%d5%a2%d5%a1-%d5%a4%d5%b8%d5%9e%d6%82-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%a5%d5%bd-%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac-%d6%84%d5%a5%d5%a6%d5%b6%d5%ab%d6%81-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1/