Ժամասլաքների ճշգրտո՞ւմ Բրյուսելում՝ Մոսկվային ընդառաջ. Փաշինյանի այցն ու ԵՄ ը

Նոյեմբեր 2, 2026

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Բրյուսել մասնակցելու ԵՄ ընդլայնման հարցերով Եվրոպական գագաթնաժողովին։ Նա միջոցառմանը հանդես կգա՝ որպես հրավիրյալ բանախոս։

Գագաթնաժողովի շրջանակներում քաղաքական առաջնորդները, փորձագետներն ու պաշտոնատար անձինք կքննարկեն ԵՄ ընդլայնման հեռանկարները, եվրոպական անվտանգությունն ու ռազմավարական ինքնավարությունը, տնտեսական հնարավորություններն ու մրցունակությունը, ինչպես նաև ժողովրդավարության և բարեփոխումների հարցերը։

Գագաթնաժողովի պաշտոնական տեղեկագրում նշվում է, որ ավելի մեծ Եվրոպական միության հեռանկարը հեռահար նպատակից վերածվում է գնալով ավելի գործնական հարցի, իսկ  թեկնածու երկրներն առաջ են մղում իրենց անդամակցության հայտերը, մինչդեռ պատերազմը, աշխարհաքաղաքական մրցակցությունն ու տնտեսական ճնշումները վերաձևում են այն պայմանները, որոնց ներքո պետք է տեղի ունենա ընդլայնումը:

«Գագաթնաժողովում կքննարկվի, թե ինչ կարող է նշանակել ընդլայնման հաջորդ փուլը ԵՄ-ի և նրա հավակնորդ անդամների համար: Բանավեճերի կենտրոնում կլինեն թեկնածու երկրների առաջընթացը, երկուստեք պահանջվող բարեփոխումները, հանձնառություններն ու ինստիտուցիոնալ փոփոխությունները, ինչպես նաև ընդլայնման տնտեսական հնարավորություններն ու հետևանքները: Բացի այն հարցից, թե ով է միանալու, քննարկումը կանդրադառնա նրան, թե ինչպես կարող է ընդլայնումը վերաձևել եվրոպական անվտանգությունը, ժողովրդավարությունը, տնտեսական մրցունակությունը և ռազմավարական ինքնավարությունը: Ավելի մեծ Միություն ունենալը մի հարց է։

Կարդացեք նաև

  • Գազի ներկրումը Հայաստան. կիրականանա՞ն արդյոք դիվերսիֆիկացման երազանքները
  • ԹՐԻՓՓ-ի 74 տոկոսը պատկանում է ամերիկացիներին, այնտեղ, որտեղ ամերիկացիները որևէ բան վերահսկում են, ոչ ոք նույնիսկ ծպտուն հանել չի կարող. Միհրանյան
  • Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին

Թե ինչպիսին կլինի դրան հաջորդող Միությունը՝ բոլորովին այլ հարց»,- նշվում է հաղորդագրությունում:

Սակայն քաղաքական քննարկումների օրակարգն ու Եվրոպայում տեղի ունեցող իրական գործընթացները միշտ չէ, որ համընկնում են։ ԵՄ ընդլայնման հեռանկարների շուրջ լավատեսական հայտարարություններին զուգահեռ՝ եվրոպական մի շարք երկրներ բախվում են ներքին լուրջ սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրների։ Ֆրանսիայում արդեն մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ցույցերը, որոնք պայմանավորված են կենսապայմանների վատթարացմամբ, կրթական համակարգի խնդիրներով և սոցիալական անարդարության ընկալմամբ, վերածվել են լայնածավալ շարժման։

Գերմանիայում ևս տասնյակ քաղաքներում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով ավելի մեծ ներդրումներ կրթության և սոցիալական ոլորտում, դժգոհելով կյանքի թանկացումից և պարտադիր զինվորական ծառայության հնարավոր վերականգնումից։

Բողոքի ալիքներն ուղեկցվում են նաև բախումներով ու անկարգություններով։ Այս իրողությունները ևս մեկ անգամ ի ցույց են դնում, որ եվրոպական ինտեգրման ընդլայնման մասին ռազմավարական հավակնությունների իրագործումը կախված է ոչ միայն արտաքին քաղաքական պայմաններից, այլև հենց ԵՄ անդամ երկրների ներքին կայունությունից, տնտեսական հնարավորություններից և հասարակական համաձայնությունից։

ԵՄ ընդլայնման հնարավոր սահմանների և Հայաստանի հեռանկարի մասին ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Հոկտեմբերի 26-ին Բրյուգեում ելույթ ունենալով՝ նա նշել էր, որ իր պատկերացմամբ՝ առաջիկա 30 տարիներին Եվրամիությունը կարող է ունենալ շուրջ 40 անդամ պետություն։

Միևնույն ժամանակ, անդրադառնալով այն երկրներին, որոնց անդամակցության հեռանկարը դեռևս պայմանավորված է լինելու դրանց հետագա զարգացմամբ, Ստուբը մեկ շարքում հիշատակել էր Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը՝ ընդգծելով, որ նրանց ապագան կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան այդ երկրները։

Այսպիսով, Հայաստանի անունը եվրոպական ընդլայնման երկարաժամկետ տեսլականում հիշատակվում է, սակայն դա դեռևս անդամակցության քաղաքական խոստում կամ հստակ ժամանակացույց չէ։ Ավելին, Ստուբի ձևակերպումն ընդգծում է, որ եվրոպական հեռանկարը դիտարկվում է ոչ թե որպես ինքնաբերաբար իրականացվող գործընթաց, այլ որպես երկրների ներքին և արտաքին քաղաքական զարգացումներով պայմանավորված հնարավորություն։

Հետաքրքրականն այն է, որ Հայաստանը դասվում է Թուրքիայի ու Ադրբեջանի նման երկրների շարքին, որոնք աչքի են ընկնում ավտորիտար համակարգով, այնինչ ՀՀ իշխանություններն իրենց դիրքավորում են՝ որպես ռեգիոնում ժողովրդավարության բաստիոն:

Հատկանշական է նաև, որ Բրյուսել այցը կդառնա Նիկոլ Փաշինյանի եվրոպական ուղղությամբ հերթական քաղաքական շփումը՝ Մոսկվա սպասվող այցից առաջ։ Այս համատեքստում եվրոպական առաջնորդների և պաշտոնյաների հետ քննարկումները կարող են դիտարկվել նաև որպես Երևանի համար կարևոր հնարավորություն՝ ներկայացնելու իր դիրքորոշումները, հստակեցնելու եվրոպական գործընկերների ակնկալիքները և որոշակիորեն համադրելու քաղաքական օրակարգերը՝ ընդառաջ գնալով ռուսական ուղղությամբ սպասվող շփումներին։

Այլ կերպ ասած՝ Փաշինյանի բրյուսելյան այցը միայն ԵՄ ընդլայնման հեռանկարների շուրջ քննարկումներին մասնակցություն չէ. այն հնարավորություն է՝ եվրոպական մայրաքաղաքում ճշտելու ժամսլաքները՝ Մոսկվայի հետ առաջիկա երկխոսությունից առաջ։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Nahapetian Samvel. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/03/%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ac%d5%a1%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b3%d5%b7%d5%a3%d6%80%d5%bf%d5%b8%d5%9e%d6%82%d5%b4-%d5%a2%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d5%bd%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%b4%d5%9d/

Leave a Reply