168: Հայաստանի երկաթուղիները՝ մեծ աշխարհաքաղաքականության քամիների և բիզնես շա

Հոկտեմբեր 21, 2026

Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է վերականգնել երկաթուղու երկու հատված՝ Երասխից (Երևանից հարավ) մինչև Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հյուսիսային շրջան (Շարուր), ինչպես նաև Գյումրիից մինչև Թուրքիայի հետ սահման (Դողուկապի), հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի շրջանակներում։ Միաժամանակ զարգանում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան արտահանման տարանցումը. նախ՝ երկաթուղով, ապա՝ նույն երկաթուղով և/կամ ավտոտրանսպորտով՝ Վրաստանի տարածքով։ Այդ փոխադրումների նվազագույն մասը բաժին է ընկնում Աղստաֆայի և Իջևանի սահմանային անցակետին, մինչդեռ տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքը» (նույն ինքը՝ «Թրամփի երթուղին հանուն միջազգային բարգավաճման» / TRIPP) Սյունիքի հարավային հատվածում՝ Իրանի հետ սահմանի երկայնքով, դեռևս չի գործում։

Ա. Օվերչուկը հստակեցրել է, որ հայկական կողմին հատկապես հետաքրքրող տեղամասերը «գտնվում են Ռուսական երկաթուղիների կոնցեսիայում։ Մոսկվան աջակցում է դրանց վերականգնմանը և պատրաստ է մասնակցել նախագծին, որպեսզի երկու ուղղություններով տրանսպորտային փոխկապակցվածություն ապահովվի», և «մոտ ժամանակներս պետք է տեղի ունենան շատ կարևոր հանդիպումներ, որոնք այս հարցն ավելի առաջ կշարժեն»։ Ակնհայտ է, որ խոսքը մոտ ժամանակներս «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավարի՝ Երևան կատարելիք այցի մասին է։

Ավելի վաղ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ Հանրապետության կառավարությունը, «չսպասելով ՌԴ-ի օգնությանը, սեփական մրցույթներն է հայտարարել Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահման տանող երկաթուղային ուղիների վերականգնման համար, թեև այդ հարցերի շուրջ ռուսական կողմի հետ խորհրդակցությունները շարունակվում են»։ Փաշինյանի վարկածով՝ «Ռուսական երկաթուղիների» հետ կոնցեսիոն պայմանագիրը (2008-2038 թթ.) վախեցնում է միջազգային բիզնեսի մի մասին և խանգարում Երևանին ներգրավվել ձևավորվող տարածաշրջանային տարանցիկ երթուղիներում։

Իսկ հոկտեմբերի 7-ին, ակնհայտորեն բարձրացնելով խաղադրույքները բանակցությունների նախաշեմին` Փաշինյանը հայտարարեց կոնցեսիոն համաձայնագրի չեղարկման իրավական հիմքերի առկայության մասին, բայց նախընտրելի տարբերակ անվանեց կոնցեսիայի փոխանցումը երրորդ երկրին, որն ընդունելի է Մոսկվայի և Երևանի համար (նախկինում ոչ պաշտոնապես այդ համատեքստում հիշատակվում էին Ղազախստանը և արաբական որոշ միապետություններ)։ Պայմանագրի դադարեցման մասին դեռ չի հայտարարվել։ Հավանաբար, կառավարող ընկերության շուրջ քննարկումների թիկունքում ապագա տարանցման համար մղվող պայքարն է:

Կարդացեք նաև

  • Թագավորը ոչ թե անատամ է, այլ մերկ  
  • Պնդում եմ՝ պատերազմը կարող է ավարտվել կա՛մ Ռուսաստանի հաղթանակով, կա՛մ աշխարհի կործանմամբ. Ամերիկյան հեգեմոնիան ավարտվել է. Արման Գրիգորյան
  • 105.000 դոլարից ավելի դրամաշնորհ ԿԳՄՍՆ-ի հոգեզավակ հիմնադրամին՝ Թուրքմենստանում հայկական տաղավարի համար

Փաշինյանի կառավարությունն ակնկալում է օգտվել թյուրքական հարևանների հետ հաղորդակցությունների բացումից, սակայն օպերատոր փոխելու տնտեսական առավելությունները հեռու են ակնհայտ լինելուց, առավել ևս, որ Մոսկվայում հիմնավորված հղում են կատարում գործող պայմանագրին և ներդրված միջոցներին։ Օ. Բելոզյորովի տվյալներով՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի և նրա դուստր ՀԿԵ ձեռնարկության ներդրումները 2008-2025 թթ. կազմել են շուրջ 396 մլն դոլար: Հայտարարելով պարտավորությունների կատարման մասին՝ ռուսական կողմն ակնկալում է ներդրումների վերադարձ՝ համաձայնագրի դադարեցման կամ վերանայման դեպքում։

Մինչդեռ Երևանում և, ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնում դիտարկում են վերոհիշյալ «Թրամփի երթուղին» որպես միջոց՝ Անդրկովկասի հարավային մասում տարանցիկ զարկերակների նկատմամբ արտաքին խաղացողների դե ֆակտո արտատարածքային վերահսկողություն ձեռք բերելու համար։

Փաշինյանն օրերս պատմել է, որ կառավարությունն «ամեն օր աշխատում է TRIPP նախագծի գործարկման ուղղությամբ, որից հետո սպասվում է հայ-թուրքական սահմանի բացում և Հայաստանի երկաթուղային հաղորդակցության վերականգնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ»։ Տարբեր միջազգային ֆորումներում պատմելով «Խաղաղության խաչմերուկի» մասին՝ Երևանում ակնկալում են հանրապետության տարանցիկ ներուժի մեծացում՝ «Հյուսիս-Հարավ» (Ռուսաստանից Պարսից ծոցի և Հարավային Ասիայի երկրներ) և «Արևմուտք-Արևելք» (Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև) անդրսահմանային միջանցքների հիպոթետիկ հատման դեպքում։

Ռուսական որոշ լրատվամիջոցներ ենթադրում են, որ ըստ երևույթին, «… Ն. Փաշինյանի այս կանխատեսումը հիմնված է այն նախադրյալի վրա, որ TRIPP միջանցքի գործարկմամբ ԱՄՆ-ը վերահսկողություն կհաստատի նաև Իրանի նկատմամբ»։ Դժվար թե, սակայն, դա տեղի ունենա՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում Թրամփի վարչակազմի համար անբարենպաստ զարգացումները Սպիտակ տան կողմից սանձազերծված անհեռանկար պատերազմի ընթացքում, որտեղ կոշտ դիմադրություն է ցույց տրվում ագրեսորներին։

Ըստ որոշ ենթադրությունների՝ նոյեմբերի սկզբին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո Թրամփի վարչակազմը, ձգտելով շտկել իր խարխլված միջազգային հեղինակությունը, նախատեսում է վերսկսել ռազմական գործողությունները տարածաշրջանում։ Օրինակ՝ անցնող շաբաթվա ընթացքում Վաշինգտոնն, իբր, հստակ հրահանգներ է տվել Արևմտյան Երուսաղեմին՝ Իրանին հարվածների հնարավոր վերսկսմանը նախապատրաստվելու անհրաժեշտության մասին։

Ընդ որում, այդ հրահանգն անակնկալ է եղել իսրայելցիների համար և համընկել է The Atlantic-ում լույս տեսած հրապարակման հետ, որում ասվում էր, որ Թրամփը Պենտագոնին խնդրել է իրանական օբյեկտներին հարվածներ հասցնելու տարբերակներ մշակել դեռևս նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններից առաջ։ Ըստ The New York Times-ի՝ Թրամփը չի ցանկանում վերսկսել ռազմական գործողությունները. վերջին ամիսներին նա մերժել է Իրանի և Եմենի հութիների դեմ գործողությունների հնգական ծրագիր, չնայած ինքն էր դրանք խնդրել։ Հոկտեմբերի 8-ին նա Truth Social սոցցանցում գրել էր, որ, իբր, Միացյալ Նահանգները «չի հարձակվի Իրանի վրա մինչև միջանկյալ ընտրությունները»։

Այս ամենը չի նպաստում Թեհրանի դիրքորոշման մեղմացմանը՝ կապված բարենպաստ քողի տակ երկրի հյուսիսարևմտյան սահմաններին ամերիկյան ռազմահետախուզական օբյեկտների հնարավոր հայտնվելու հետ։ TRIPP-ի վերաբերյալ հարևանների մտահոգությունները փորձել է փարատել վերջերս Իրան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…

Դատելով լղոզված դիվանագիտական ձևակերպումներից՝ հազիվ թե դա նրան հաջողվել է ամբողջությամբ։ Թուրքմենստանում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է երկկողմ համագործակցության ընդլայնման, փոխվստահության ամրապնդման և երկու երկրների միջև բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։

Հատկանշական է, որ TRIPP-ի գործարկման հիմնական խոչընդոտները ոչ թե Հայաստանում կամ Ադրբեջանում են, այլ առավելապես կապված են արտաքին գործոնների հետ, գրում է EurasiaNet-ը: Չնայած բազմաթիվ խոսակցություններին, Հայաստանի տարածքում շինարարությունը «մինչ օրս չի սկսվել, իսկ նախագծի իրականացման ընթացքի մասին տեղեկատվությունը չափազանց քիչ է»։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ապագա ճանապարհը կարող է թիրախ դառնալ Իրանի համար, չնայած այն անցնելու է երրորդ երկրի տարածքով։

Նախքան TRIPP-ի ենթադրյալ գործարկումը, Իրանն Ադրբեջանին տրամադրում էր ամենակարճ տարանցիկ երթուղին դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Դա որոշակի կախվածություն էր ստեղծում Ադրբեջանի կողմից հարավային հարևանից, որը TRIPP-ը, եթե երբևէ աշխատի, զգալիորեն կնվազեցնի։

Չի բացառվում նաև, որ Վաշինգտոնին անհրաժեշտ կլինի առարկայական բանակցություններ վարել Մոսկվայի հետ՝ Ռուսաստանի՝ TRIPP-ին հնարավոր մասնակցության ձևաչափերի շուրջ, և, վկայում են որոշ ԶԼՄ-ների հրապարակումները, այստեղ հնարավոր են որոշ ոչ ստանդարտ լուծումներ։

Օրինակ, Հարավային Կովկասում ամերիկյան փողերի առանցքային օպերատոր ավելի վաղ նշանակվել էր Trans-Caspian Enterprise Fund-ի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը, որի բիզնես շահերը երկար ժամանակ կապված էին «Բազային տարրի» և ռուսաստանցի խոշոր գործարար Օլեգ Դերիպասկայի շրջապատի հետ։ 2026 թվականի սեպտեմբերին Սոկոլովի կառույցը (Dynamic Frontier Holdings) ավարտել է Հայաստանում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը կառավարող ընկերության 100% բաժնետոմսերի գնումը, որի գլխավոր վարկատուն նախկինում եղել է ՎՏԲ բանկը, որը ֆինանսավորել է Դերիպասկայի կառույցների որոշ նախագծեր։

Հատկանշական է, որ «Թրամփի ճանապարհին» ռուսական բիզնեսի հնարավոր միջնորդավորված մասնակցության մասին տեղեկատվությունը հայտնվել է նախկին Ուկրաինական ԽՍՀ տարածքում զինված հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակներում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խոշոր բիզնես գործարքի քննարկման մասին լուրերի ֆոնին, որը Դոնալդ Թրամփը կարող էր ներկայացնել որպես իր արտաքին քաղաքականության հարատև հաջողություն։

 ՏԻԳՐԱՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/22/168-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d5%a9%d5%b8%d6%82%d5%b2%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%d5%9d-%d5%b4%d5%a5%d5%ae-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply