«Անին պետք է վիրահատվի. Կրծքավանդակի հատվածում ցավեր ունի՝ թե՛ ստացած հարվածն

Հոկտեմբեր 21, 2026

Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կրկին պետք է վիրահատվի։ Վիրահատությունը նախատեսված է կա՛մ  շաբաթվա վերջին, կա՛մ հաջորդ շաբաթվա սկզբին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Անի Ավետիսյանի քույրը՝ Արփի Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ Անիի առողջական վիճակի հետ կապված նոր խնդիրներ ու բարդություներ են առաջ գալիս, այս պահին սպասում են՝ առողջական վիճակը մի քիչ կայունանա, որպեսզի հերթական վիրահատությունն իրականացնեն։

«Անին կրծքավանդակի հատվածում ցավեր ունի, թոքերում, թե սրտի հատվածում ջուր է հավաքվել՝ թե՛ ստացած հարվածներից, թե՛ իր երկար պառկած վիճակից։ Արդեն 3-4 օր է՝ կրծքավանդակի ուժեղ ցավերը չեն դադարում։

Մեզ մոտ էլ սպասողական վիճակ է, տեսնենք՝ ինչպես է լինելու։ Առողջական բարդություններն աստիճանաբար են ի հայտ գալիս»,- նշեց Արփի Ավետիսյանը։

Կարդացեք նաև

  • «Ադրբեջանական կողմի հետ կապված տեղեկատվություն չունենք, այստեղի պատկան մարմինների հետ ենք կապի մեջ». Զառա Ամատունի
  • Ո՞նց ենք դուրս գալու էս ավանտյուրայի տակից. եթե ինձ ասեն՝ ԱԳՆ-ն քո տրամադրության տակ է, սրանց քանդածը հավաքիր, կնստեմ, կլացեմ. Աբրահամ Գասպարյան
  • «Պաշտպանյալս 20 կիլոգրամ քաշ է կորցրել, հազիվ էր խոսում». 30 օր է՝ 32-ամյա կալանավորը հացադուլի մեջ է

Ինչ վերաբերում է երեխաներին, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ երեխաները դեռ հոգեբանական ծանր վիճակում են։

«Երեխաներն այստեղ են, դպրոց են գնում, Մասիս են ժամանակավոր տեղափոխվել։ Նրանք Շաքիում են դպրոց գնացել, հիմա ո՛չ Շաքիի անունն են ուզում լսե, ո՛չ Սիսիանի, շատ են լացում, ասում են՝ վատ հիշողություն ունենք, չենք ուզում գնալ»,- նշեց Անիի քույրը։

Հարցին՝ այս փուլում քննարկվո՞ւմ է Անիին արտերկիր տեղափոխելու և բուժելու հարցը, Արփի Ավետիսյանը պատասխանեց՝ նման խոսակցություն չկա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ վիրահատել էին Անիի ոտքը, ինչպես այն ժամանակ Անիի քույրն էր փոխանցել՝ փշրված ոսկորն էին հեռացրել՝ ասկոլկաների հետ միասին, այս պահին պայքարում են ոտքը փրկելու համար, քանի որ մի քանի սմ-ով Անիի ոտքը կարճացել է։

Հոկտեմբերի 1-ին ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկից զինծառայող է հատել ՀՀ սահմանը՝ Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում։

«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։

Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցանքը կատարել է ադրբեջանցի զինվորը, նրան ձերբակալել են, այնուհետև՝ կալանավորել։

Նշենք, որ ադրբեջանցին վիրավորել է նաև կնոջ անչափահաս տղային, նա դաստակի հատվածում վնասվածք է ստացել։ Նրա հետ եղել է նաև անչափահաս քույրը, որը հոգեբանական ծանր վիճակում է հայտնվել։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Jane Topchian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/22/%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%be%d5%ab%d6%80%d5%a1%d5%b0%d5%a1%d5%bf%d5%be%d5%ab-%d5%af%d6%80%d5%ae%d6%84%d5%a1%d5%be%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%af%d5%ab-%d5%b0/

Leave a Reply