Իսրայելն ու ԱՄԷ-ն՝ Ադրբեջանի պաշտպանական և տարածաշրջանային հավակնությունների

Հոկտեմբեր 21, 2026

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները, մասնավորապես, ադրբեջանական «Polygon» պարբերականը գրել է, որ իսրայելական Elbit Systems ընկերությունը շուրջ 235 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել, ինչը ենթադրում է, որ EXTRA-MR միջին հեռահարության հրթիռներ և PULS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են մատակարարվելու եվրոպական անհայտ երկիր (անունը չի նշվում երկրի):

Իսրայել-Ադրբեջան ռազմական համագործակցության նոր գործարքներ են կնքվել

Նշվում է, որ պայմանագիրը կնքվել է Իսրայելի պաշտպանության նախարարության և պատվիրատու երկրի պաշտպանության նախարարության միջև՝ միջկառավարական համաձայնագրի շրջանակում։

Եռամյա պայմանագրի շրջանակում Elbit Systems-ը գաղտնի պահվող երկիր կմատակարարի իր գերձայնային EXTRA հրթիռային համակարգի միջին հեռահարության տարբերակը, ինչպես նաև PULS արձակման կայանքներ, հրթիռային և հրետանային համակարգերի հետ կապված, այսպես ասած, հավելյալ հարթակներ և համալիր լոգիստիկ աջակցություն։

Կարդացեք նաև

  • Կոնֆլիկտը նոր է ավարտվել, դրա համար ԹՐԻՓՓ-ով ադրբեջանցիների և հայերի շփումը նվազեցրել ենք. Միրզոյան
  • Բոլորը լավ հասկանում են, որ խաղաղություն չի լինելու. Եթե TRIPP ճանապարհը չլինի, ճանապարհ, միևնույն է, կլինի. Ադրբեջանը երբեք չի հրաժարվի իր առջև դրված խնդիրների կատարումից. Ադրբեջանի նախկին արտգործնախարար
  • Իրանը փորձում է զսպել Հայաստանի համար վտանգավոր աշխարհաքաղաքական նախագծերը. նա չունի ՀՀ տարածքային ամբողջականությունը ռազմական ուժով պաշտպանելու անվերապահ պարտավորություն. Արամ Շահնազարյան

EXTRA-MR-ը միջին հեռահարության և բարձր ճշգրտության կառավարվող հրթիռ է: Այն հնարավորություն է տալիս մինչև 80 կմ հեռավորության վրա բարձր ճշգրտությամբ խոցել կարևոր նշանակության թիրախները:

Այս գործարքի մասին իր պաշտոնական կայքում հայտնում է նաև Elbit Systems ընկերությունը, սակայն այն նույնպես դեռևս թաքցնում է պատվիրատու երկրի անունը:

Իսրայելական որոշ այլ աղբյուրներ ևս գաղտնիություն են պահպանել, թե որ երկրին են վաճառվելու EXTRA-MR միջին հեռահարության հրթիռները և PULS համակարգերը, սակայն իսրայելական «Globes»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ խոսքն Ադրբեջանի մասին է։

Եվ մինչև պաշտոնապես կհայտարարվի իսրայելական ընկերության ռազմատեխնիկական խոշոր գործարք կնքած պատվիրատու պետության անունը, մի քանի ուշագրավ դրվագ հիշեցնենք:

2025 թվականի նոյեմբերին տեղի ունեցած Բաքվի զորահանդեսի ժամանակ ցուցադրվել է իսրայելական Elbit Systems ընկերության արտադրած՝ մինչև 300 կմ հեռահարության 370 մմ տրամաչափի Predator Hawk օպերատիվ-մարտավարական հրթիռը, որն արձակվում է նույն ընկերության մշակած PULS արձակման կայանքից։ Ադրբեջանը վաղուց է պատվիրում Elbit Systems-ի հրթիռային համակարգերը։

Ադրբեջանական աղբյուրների տեղեկացմամբ, մոտ 10 տարի առաջ ընկերությունն Ադրբեջանին մատակարարել է մինչև 200 կմ հեռահարությամբ EXTRA մարտավարական հրթիռներ, իսկ ավելի ուշ Ադրբեջանի բանակի սպառազինության մեջ են ընդգրկվել Elbit Systems-ի մշակած՝ մինչև 400 կմ հեռահարությամբ LORA հրթիռները։ Երկու տեսակի հրթիռներն էլ 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառվել են հայկական կողմի դեմ:

168.am-ը գրել է, որ Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան համատեղ «Միության ուժը-2026» զորավարժություններին առնչվող Թուրքիայի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութի կադրերից մասնագետները ենթադրել են, որ կիրառվել է Ադրբեջանի զինանոցում առկա իսրայելական արտադրության SkyStriker Block 4 թափառող զինամթերքը՝ PULS հարթակից:

Տեղեկացնենք, որ SkyStriker Block 4 համակարգերն առաջին անգամ ցուցադրվել են Բաքվում անցկացված ռազմական շքերթի ժամանակ։ SkyStriker Block-4-ն իսրայելական արտադրության անօդաչու թափառող զինամթերքի (loitering munition) արդիականացված տարբերակն է, որը մշակվել է Elbit Systems ընկերության կողմից։

Այս տարվա օգոստոսին գրել ենք, որ Ադրբեջանը հզորացնում է իր հակաօդային պաշտպանությունը՝ առանց «տնտեսումների», որտեղ իրենց տեղն ունեն իսրայելական համակարգերը:

Դեռ 2-3 տարի առաջ ենք հայտնել, որ Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերելու հակաօդային պաշտպանության «Barak MX» համակարգեր, գործարքի գինն այդ ժամանակ, ըստ տարբեր աղբյուրների, գնահատվել էր մոտ 1,2 մլրդ դոլար: Իսկ Ադրբեջանի կողմից «Barak 8»-ի փորձարկման մասին խոսում էին դեռ 2016-ին:

Իսկ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Բաքվում անցկացվել է ADEX-2026 միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսը, որտեղ Իսրայելը ներկայացված է եղել առանձին տաղավարով, որտեղ ներկայացված են եղել երկրի առաջատար ընկերությունները, որոնց մեծ մասի հետ Բաքուն համագործակցում է:

Ավելի ուշ տեղեկություն է շրջանառվել, որ Ari Arms իսրայելական ընկերությունն Ադրբեջանում հրաձգային զենքի արտադրության գործարան է բացել, որի պաշտոնական արարողությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։ Այսինքն, միանգամայն հնարավոր է, որ 235 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր իսրայելական ընկերության հետ կնքած լինի Ադրբեջանը, թեև ընկերությունը համագործակցում է նաև եվրոպական երկրների հետ:

Ադրբեջան-Սլովակիա ռազմական գործարքների առաջին արդյունքները

ADEX-2026-ին առանձին տաղավար ուներ նաև Սլովակիան: Ինչպես հայտնի է՝ Ադրբեջան-Սլովակիա 210 միլիոն եվրոյի ռազմական գործարք է կնքվել: Խոսքը 210 միլիոն եվրո արժողությամբ շրջանակային պայմանագրի մասին է, որով SAM-120 ավտոմատ ականանետեր են մատակարարվելու։ Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը հայտնել էր, որ համաձայնեցվել է մատակարարումների առաջին խմբաքանակը, որը ներառում է 96 ականանետ:

Այդ համատեքստում հայտնել ենք նաև, որ Ադրբեջանը և Սլովակիան քննարկում են ինքնագնաց հրետանային կայանքների, զինամթերքի արտադրության ոլորտում համագործակցություն սկսել՝ սլովակական տեխնոլոգիա՝ գումարած ադրբեջանական գումարներ:

 

Ադրբեջան-Սլովակիա ռազմական գործարքների առաջին արդյունքները ներկայացվեցին սեպտեմբերին՝ Բաքվում կայացած ADEX-2026 միջազգային պաշտպանական ցուցահանդեսին, և և գործարքի հետ կապված նոր մանրամասներ հայտնի դարձան:

«Մենք հույս ունենք շարունակել համագործակցությունը և վերջին փուլում ամբողջությամբ անցնել արտադրանքի արտադրությանն Ադրբեջանում։ Նախատեսվում է, որ պայմանագրով նախատեսված աշխատանքների մեկ երրորդը կիրականացնեն Սլովակիայում գտնվող մեր գործարանները։ Այս փուլում կիրականացվի տեխնոլոգիաների փոխանցումը։

Երկրորդ և երրորդ փուլերում արտադրությունը կիրականացվի կիսով չափ Ադրբեջանում և կիսով չափ՝ Սլովակիայում։ Կարծում եմ, որ վերջին՝ երրորդ փուլում տեխնոլոգիաների փոխանցումը կավարտվի, և արտադրանքն ամբողջությամբ կարտադրվի Ադրբեջանում։

Առաջին նմուշն արդեն այստեղ է՝ ADEX ցուցահանդեսում։ Կարծում եմ՝ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի, և մենք շատ գոհ ենք մեր ադրբեջանցի բարեկամների հետ համագործակցությունից»,-ցուցահանդեսի օրերին ասել էր Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը: Խոսքը, ինչպես նշեցինք, հրետանային կայանքների մասին է:
Մյուս կողմից, Սլովակիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իրենք էլ հետաքրքրված են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներով, ինչը, իրականում, թուրքական է և իսրայելական:

Ադրբեջան-ԱՄԷ ռազմական համագործակցության պատկերը

Բավականին ուշագրավ է Ադրբեջան-ԱՄԷ ռազմական համագործակցությունը և ընդլայնվելու հեռանկարներ կան: Օրերս Ադրբեջանում ավարտվել են Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համատեղ «Բազեների հանդիպում-2026» թռիչքային-մարտավարական զորավարժությունները:

Այստեղ հարկ է հիշեցնել մի քանի կարևոր դրվագ: Մենք տեղեկացրել ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 22-ին Բաքվում Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ուժերը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահական գվարդիայի հատուկ նշանակության օպերացիաների հրամանատարությունն «Անսասան գործընկերություն-2025» անվանումով զորավարժություններ էին անցկացրել:

Ընդ որում, դրանք եղել են իրական մարտական պայմաններին համահունչ միջավայրում, որի ժամանակ կիրառվել են զրահատեխնիկա, բանակային ավիացիա, անօդաչու թռչող սարքեր: Ավելին, ստորաբաժանումները կատարել էին մարտական տարբեր առաջադրանքներ՝ կրակային պատրաստություն, դեսանտավորում, դիպուկահար հրաձգություն, հակառակորդի օբյեկտի ոչնչացում, բնակավայրի հակառակորդից «մաքրում»:

Ի դեպ, հաշվի առնելով զորավարժության փակման արարողության կադրերը, կարելի է ենթադրել, որ այս զորավարժությանը մասնակցություն է ունեցել նաև Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայության ստորաբաժանումը («Yarasa»):

Արդեն 2026 թվականի փետրվարին 3-ին Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Ալիևը և ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյան հետևել էին «Խաղաղության վահան -2026» երկու երկրների զինված ուժերի համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին:

Իսկ զորավարժությունների ընթացքում, որոնք, ի դեպ, անցկացվել էին բնակավայրային պայմաններում կամ տարածքներում, լեռնային տեղանքում և ծովային միջավայրում, ստորաբաժանումների կողմից կատարվել են հետևյալ խնդիրները՝ անօրինական զինված խմբավորումների հայտնաբերում և չեզոքացում, գրավված նավի նկատմամբ վերահսկողության վերականգնում, ահաբեկչական տարրերի չեզոքացում և պատանդների ազատում, վիրավորների տարհանում, բնակեցված տարածքում հասարակական անվտանգությանը սպառնացող անկարգությունների և դիվերսիաների կանխում, ինչպես նաև՝ հակահրդեհային միջոցառումների իրականացում։

Նշվել էր, որ ռազմական այս միջոցառման նպատակը կայուն խաղաղության հաստատմանը նպաստելն է:

Իսկ դրանից առաջ Ալիևը և Նահյան քննարկել էին տնտեսական և պաշտպանական ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Այսինքն, Բաքուն փորձել էր ԱՄԷ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը նոր որակ հաղորդել, հատկապես, երբ ԱՄԷ-ն պաշտպանության և ռազմարդյունաբերության ոլորտում ընկալվում է՝ որպես բավարար զարգացած տեխնոլոգիական սեկտոր, Ադրբեջանն էլ փորձում է զարգացնել սեփական ռազմարդյունաբերական պոտենցիալը:

Ուշագրավ է, որ այս ամենը նախորդել էր 2026 թվականի փետրվարին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի լայնամասշտաբ օպերացիային:

Իսկ Ադրբեջան-ԱՄԷ ռազմավարական համագործակցությունն այսքանով չի սահմանափակվում: Բաքուն հանքեր է փնտրում նաև Նախիջևանում, ցանկանում է դրանում ներգրավել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրումային ընկերությանը:

Ստորագրված համաձայնագրի համաձայն՝ ԱՄԷ-ի ներդրումային ընկերությունը և «ԱզերԳոլդը» կիրականացնեն Նախիջևանի հանքային ներուժի մանրամասն գնահատում՝ որպես հեռանկարային հանքավայրերի բացահայտման և հետագա հետախուզական աշխատանքների հնարավորությունների որոշման առաջին քայլ։

Ստացված արդյունքների հիման վրա կողմերը կարող են անցնել հետագա երկրաբանահետախուզական աշխատանքների և պաշարների մշակման, այդ թվում՝ Ադրբեջանում համատեղ ձեռնարկություն ստեղծելու հնարավորության դիտարկմանը։

Եթե հետախուզական աշխատանքները հանգեցնեն խոշոր պաշարների հայտնաբերման, հանքարդյունաբերական արտադրության ստեղծման և տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնման, ըստ էության, ԱՄԷ-ն կարող է ձեռք բերել երկարաժամկետ տնտեսական շահեր Հայաստանի և Իրանի սահմաններին անմիջապես հարակից տարածքում։ Սա հատկապես չի կարող չմտահոգել Իրանին, և, բնականաբար, նա հետևելու է այս գործընթացին:

Այսինքն, Բաքուն ռազմական համագործակցությունը փորձում է «համադրել» տարածաշրջանային ռազմավարական ավելի հեռուն գնացող պլանների հետ:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Hunanian Jack. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/22/%d5%ab%d5%bd%d6%80%d5%a1%d5%b5%d5%a5%d5%ac%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%a1%d5%b4%d5%a7-%d5%b6%d5%9d-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a1/

Leave a Reply