Բժիշկը` 44 հազարով 24 ժամում, բյուջեն` 17 հազարով մեկ ժամում. անգլերենը թանկ

Հոկտեմբեր 16, 2026

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «COP-17-ի շրջանակում շտապօգնության հերթապահության համար ՀՀ առողջապահության նախարարությունը տրամադրել է 15 միլիոն 912 հազար դրամ։

Եվ այսպես

 Շտապօգնության բժիշկը 24-ժամյա մեկ հերթափոխի համար ստանում է մոտ 44,000 դրամ։

 Բուժքույրը՝ մոտ 25,000 դրամ։

 Վարորդը՝ մոտ 28,000 դրամ։

Երեք աշխատակցի 24-ժամյա հերթափոխի վարձատրությունը միասին՝ 97,000 դրամ։

Այսինքն՝ երեք աշխատակցի վարձատրությունը մեկ ժամի հաշվով կազմում է մոտ 4,041 դրամ։

Իսկ COP-17-ի շրջանակում շտապօգնության բրիգադի մեկ ժամվա համար պետության հաշվարկով նախատեսվել է 17,000 դրամ

Մոտ 4,2 անգամ ավելի։

Հիմա մի՛ շտապեք ասել՝ մեքենայի վառելիք կա, սարքավորումներ կան, այլ ծախսեր կան։ Իհարկե՛ կան։ Հենց դրա համար էլ հարցնում ենք՝ ի՞նչ է ներառված այդ 17,000 դրամի մեջ, և ո՞վ է կատարել հաշվարկը։
Բայց հարցերը սրանով չեն ավարտվում։

Ինչո՞ւ է հաշվարկը կատարվել 18 օրվա համար, եթե COP-17-ի հիմնական համաժողովը նախատեսված է հոկտեմբերի 19-30-ը։

Այո՛, կան նաև նախնական միջոցառումներ։ Այդ դեպքում ներկայացրե՛ք ամբողջ ժամանակացույցը և բացատրե՛ք, թե որ օրերի հերթապահության համար է նախատեսված գումարը։

Եվ ամենահետաքրքիրը․ ըստ կառավարության որոշման հերթափոխը սկսել է աշխատել հոկտեմբերի 13-ից, մինչդեռ կառավարության որոշումն ընդունվել է հոկտեմբերի 15-ին։

Հայաստանում արդեն գործում է նոր կարգ՝ նախ ծառայությունը մատուցել, հետո որոշել՝ ինչպես և ինչի հիման վրա վճարել։

Հարգելի՛ առողջապահության նախարարություն, հարցը ոչ թե անգլերենի իմացությունն է, ոչ էլ միջազգային հյուրերի անվտանգությունը։ Հարցն այն է, թե ինչպես է հաշվարկվում և ծախսվում պետական բյուջեի գումարը։

Մեր շտապօգնության բժիշկը 24 ժամ աշխատում է 44,000 դրամի դիմաց։ Իսկ միջազգային միջոցառման ժամանակ նույն բրիգադի մեկ ժամվա ծառայության համար նախատեսվում է 17,000 դրամ։

Մնում է պարզել՝ 17,000 դրամի մեջ անգլերենի իմացության հավելավճա՞րն է այդքան բարձր…..

Հ.Գ. Պետական բյուջեն հանրային միջոցներ են։ Հետևաբար 15,9 միլիոն դրամի յուրաքանչյուր հաշվարկ պետք է ունենա հստակ հիմնավորում»:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Kalashian Nyrie. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/17/%d5%a2%d5%aa%d5%ab%d5%b7%d5%af%d5%a8-44-%d5%b0%d5%a1%d5%a6%d5%a1%d6%80%d5%b8%d5%be-24-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a2%d5%b5%d5%b8%d6%82%d5%bb%d5%a5%d5%b6-17-%d5%b0%d5%a1%d5%a6%d5%a1/

Leave a Reply