Հոկտեմբեր 11, 2026
«Դասեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ներկայիս տնտեսական քաղաքականության մասին. Եթե մենք խոսում ենք որոշակի զարգացումների մասին՝ թե որտեղ ենք նախատեսում ներդրումներ կատարել, ինչ ենթակառուցվածքներում և այլն, ապա դա քիչ թե շատ հայտնի է․ կառավարության ծրագրի տեսանկյունից այդտեղ ուղղորդիչներ կան։
Եթե խոսում ենք այն մասին, թե դրանք ինչպես են ամփոփվում ընդհանուր ֆինանսական փաթեթի մեջ, ապա հասկանալի չեն այդ հաշվարկները՝ որտեղից են գալու միջոցները, ուր են գնալու և, կոնկրետ, ինչպես են բաշխվելու, չկան։ Դրանք ավելի պարզ կլինեն, երբ առարկայացվեն միջնաժամկետ ծախսային ծրագրերում։
Եթե մենք խոսում ենք արտաքին առևտրի տրամաբանության մեջ, ապա իրավիճակն այնքան հեղհեղուկ է, որ չեմ կարծում, թե որևէ բան լիովին հասկանալի է ներկայումս վարվող տնտեսական քաղաքականությունից, որովհետև գործող անձինք շատ են, և՛ արտաքին իրավիճակը, և՛ պայմանները փոփոխվում են։
- Մենք ունենք մեծ ծավալի շրջանառություն, բայց այդ մեծ ծավալի շրջանառության համեմատ՝ բավական փոքր ավելացված արժեք։
Տրամաբանորեն, եթե մենք 2026 թվականին ունենք արտաքին առևտրի շրջանառության նվազում, բայց ավելացված արժեքի աճ, դա նշանակում է, որ մեր տնտեսական հոսքերը շատ քիչ են կապված Հայաստանի տնտեսությունում ստեղծվող արդյունքի հետ։ Այսինքն՝ արտաքին առևտրի հոսքերը շատ քիչ են կապված Հայաստանի տնտեսությունում ստեղծվող արդյունքի հետ, և դրանք ուղղակի սպասարկում են որոշակի հոսքեր, որոնք վերաարտահանման կամ այլ խնդիրների են ծառայում։
Եթե այդ տեսանկյունից մենք նայում ենք մեր վերջին տարիների աճին, ապա վերջին տարիներին մեր տնտեսությունը, ըստ էության, 14 միլիարդից հասել է 30 միլիարդի։ Դրա էական մասը, իրականում, կազմում է վերագնահատումը, որովհետև մենք ունենք ոչ թե արտադրանքի ավելացում և զարգացում, այլ, ըստ էության, ազգային արժույթի արժևորում և գների աճ, և դրա հետևանքով ունենք ավելի մեծ ծավալներ։ Այո, տնտեսությունն աճել է, սակայն այդ աճի մոտ 60 տոկոսը վերագնահատման տրամաբանության ներքո է։
- Պետք է հասկանանք, որ մինչև 2022 թվականը և 2022-ից հետո մեր տնտեսության վիճակագրությունը լիովին այլ բան է ցույց տալիս։ Մեր տնտեսական աճը, ըստ էության, պայմանավորված է նրանով, որ ավելի շատ մարդիկ են եկել, ավելի շատ գումարներ են մուտք գործել։ Այսինքն՝ արտաքին գործոններով է այդ աճը պայմանավորված:
Եթե մենք ունենանք ոչ տնտեսական տրամաբանություն, այո, դրսից եկող փողը կարող է կտրվել, բայց առհասարակ փողերը միանգամից չեն կտրվում: Եթե, օրինակ, որոշեն, որ Ռուսաստանից այլևս Հայաստան տուրիստներ չեն գալիս, կամ՝ եթե որոշվի, որ որոշակի ապրանքներ Հայաստանով չեն գնում-գալիս, և այլն, դա ոչ տնտեսական տրամաբանություն է:
- Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ Եվրամիությանը Հայաստանի անդամակցությունն իրատեսական չէ: Նիկոլ Փաշինյանն ինքն էլ ասաց, որ մենք իրական այլընտրանք չունենք, և այս պահին չենք ուզում ռեֆերենդում անցկացնել, քանի որ այդ այլընտրանքն իրական չէ։
Նույն Եվրամիության ընդլայնման պլաններով Հայաստանի մասին խոսք չկա մոտ ապագայում։ Եթե չեմ սխալվում, ընդունված փաստաթղթում դիտարկվում է միայն Կոսովոյի հնարավորությունը։ Իսկ մենք առևտրային ենթակառուցվածքների տեսանկյունից, ինչը առաջին հերթին վերաբերում է ապրանքների սերտիֆիկացմանը և այլն, դեռևս հեռու ենք Եվրամիության պահանջները բավարարելուց, և այդ անհրաժեշտ ենթակառուցվածքը, որպես այդպիսին, չունենք։
Եթե քննարկում ենք Եվրամիության կողմից մաքսատուրքերի ազատումը մեզ համար, ապա դա ընդամենը 2 տարվա քաղաքական որոշում է, և դա ինստիտուցիոնալ գործընթաց չէ։ Այն կարող է ցանկացած պահի կտրվել։
Ըստ էության, ԵՄ-ի կողմից այդ նոր արտոնությունները միայն մաքսատուրքերն են վերացնում, սակայն որևէ մեկը երբևէ չի ասել, որ Եվրոպա արտահանելու հիմնական սահմանափակումը մաքսատուրքերն են, այլ ոչ թե արտադրանքի որակը կամ արտադրանքի արտահանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։
Որպես կանոն, արտահանումը տեղի է ունենում որոշակի ենթակառուցվածքների միջոցով։ Դուք ունեք սերտիֆիկացում, ունեք դիլերներ, ունեք մեծածախ վաճառականներ, որոնք գնում են և տեղաբաշխում ապրանքը։ Դուք ունեք մարքետինգի ծախսեր, ունեք, այսպես կոչված, կոլեկտիվ անգիտակցականը՝ թե ինչ է նշանակում հայկական պրոդուկտ, և արդյոք այն իմաստ ունի՞, թե՞ ոչ։ Կան նաև որակի ստուգման խնդիրներ, ընթացակարգեր և այլն։ Այդ ամենն իրականացնելու համար երկար ժամանակ է պահանջվում։
Այս տեսանկյունից, մենք, բնականաբար, Եվրոպայի շուկա մուտք գործելու առումով, խոչընդոտների բացակայություն ունենք՝ միայն մաքսատուրքերի տեսքով։ Այն էլ ՝ ժամանակավոր։ Բայց մենք դեռևս չունենք կառուցված այն ամբողջ ենթակառուցվածքը, որի միջոցով պետք է իրականացվի արտահանումը։
Եվ դա պետության կողմից չէ, որ իրականացվում է։ Պետությունը չի կարող ձեզ կապել տվյալ արտադրողի կամ տվյալ մեծածախ վաճառականի հետ, որը հետագայում ձեզ համար դիստրիբյուցիա կիրականացնի, որովհետև տվյալ մեծածախ վաճառականը նույնպես հետաքրքրված է իր շահույթով և իր խնդիրները լուծելով։ Եթե դուք մրցունակ ապրանք չունեք, որը կբավարարի նրա պահանջները, նա առանձնապես մեծ ջանք չի գործադրի դրա համար, որովհետև դրանից էական շահույթ չի ունենալու։
Հետևաբար, Եվրամիության հեռանկարն առարկայական չէ։
Իրավական մեխանիզմ, որով մեզ ԵԱՏՄ-ից կհանեն, չկա։ Կան քաղաքական ճնշումների և այլ միջոցառումների հարցեր, որոնց միջոցով կարող են ստիպել այդ հարցադրումը քննարկել։ Իսկ թե այդ քաղաքական ճնշումներն ինչպիսի՞ն կլինեն՝ կլինե՞ն դրանք իրավական, ռազմական, տնտեսական, դժվարանում եմ ասել։ Բոլորի մտքում այս պահին, այսպես ասած, գազի խնդիրն է, իսկ գազի խնդիրը, առնվազն, ունի չորս-հինգ տարբերակ՝ տուրքերի վերացում, գազի աստիճանական թանկացումը և գազի մատակարարման դադարեցումը։ Ընդ որում, այդ բոլոր տարբերակները կարող են իրականացվել, ինչպես հիմա արվում է գյուղատնտեսության ոլորտում։ Եթե մենք վերցնում ենք գյուղատնտեսական ապրանքների սահմանափակումները, ապա այնպես չէ, որ դրանք կիրառվում են ընդունված նորմերին հակառակ՝ հայկական ապրանքների առևտուրը սահմանափակելու տեսանկյունից։ Նրանք ասում են՝ դուք պետք է ֆիտոսանիտարական լաբորատոր փորձաքննություն անցնեք, և ձեր ապրանքները չեն բավարարում պահանջներին։
Այսինքն՝ քանի որ ստուգումների և որակի գնահատման մեջ կա հայեցողականության որոշակի տարր, այդ տեսանկյունից դժվար է գտնել իրական մեխանիզմներ, որոնց հիման վրա կարելի է ասել՝ դուք սահմանափակում եք մեր ապրանքները։ Նրանք ասում են՝ սահմանափակումները կիրառում ենք այն ապրանքների նկատմամբ, որոնք չեն համապատասխանում ստանդարտներին, և խնդիրը ստանդարտների մեջ է։ Ժամանակին, հիշում եմ՝ 10-15 տարի առաջ Լատվիայի դեսպանն այցելում էր Հայաստան և ասում էր, որ Լատվիայում բոլորը գիտեն սանիտարական գլխավոր բժշկի անունը, որովհետև պարբերաբար լատվիական շպրոտներն արգելում կամ կրկին թույլատրում են ներմուծել, քանի որ ինչ-որ բան են հայտնաբերում։
Հիմա պատկերացրեք՝ գազի վերաբերյալ մենք ունենք որոշակի գին։ Այդ գինը, որոշակի առումով, լավ գին է, եթե համեմատում ենք շուրջ 170 դոլարը՝ 600 եվրոյի հետ (նայած ինչպես ենք հաշվում՝ 165, 177,5)։ Դրանք էապես տարբեր կարգի մեծություններ են, և այդ կարգի փոփոխությունն արդեն խնդիր է։ Բայց որևէ տեղ ամրագրված չէ, թե ինչո՞ւ մենք պետք է ունենանք, ասենք, 170 դոլար, այլ ոչ թե 600 եվրո։ Այսինքն՝ որպես այդպիսին, որևէ նորմ գոյություն չունի, որին մենք կարողանանք հղում կատարել։ Եթե գազամատակարարումը դադարեցվի, դա կարող է ներկայացվել ոչ թե որպես քաղաքական որոշում, այլ, օրինակ, կարող է պարզվել, որ ինչ-որ խնդիր կա խողովակաշարի հետ։
Այս տեսանկյունից, խնդիրը տեղափոխվում է ոչ տնտեսական տիրույթ։ Իսկ այդ ոչ տնտեսական տիրույթը բազմաթիվ հնարավոր դրսևորումներ ունի։ Դրան կարող է գումարվել նաև ատոմակայանի խնդիրը։ Ատոմակայանի վառելիքն ի՞նչ գնով ենք ստանում, ի՞նչ տրամաբանությամբ… Դժվարանում եմ զուտ տնտեսական գնահատականներ տալ, քանի որ տնտեսական հարցադրումները հնարավոր քաղաքական զարգացումների հետևանքներ են, իսկ այդ զարգացումներն ունեն բազմաթիվ հնարավոր դրսևորումներ։
- Նույնիսկ այս սառը պատերազմի պայմաններում, երբ առկա են լարված հարաբերություններ Եվրոպայի և Ռուսաստանի, ինչպես նաև Եվրոպայի և Ամերիկայի միջև, Ռուսաստանը շարունակում է ուրան մատակարարել ԱՄՆ-ին։
- Գազի թանկացման հնարավոր հետևանքները: Դժվար է գնահատականը տալ, քանի որ չգիտեմ՝ մեր արդյունաբերության էներգածախսերի կառուցվածքն ինչպիսին է։ Եթե մենք էներգիայի գինը բարձրացնենք, բնականաբար, դա կհանգեցնի գնաճի։ Բնականաբար, դա կբերի ֆինանսական հոսքերի որոշակի ապակայունացման, այլ խնդիրների, բայց տնտեսության տեսանկյունից չգիտեմ՝ մեր սովորական արտադրողի ծախսերի կառուցվածքում էներգետիկան ինչ չափով է ներկայացված, և այդ էներգետիկ ծախսերն ինչ ազդեցություն կունենան ընդհանուր արտադրողականության ու շահութաբերության վրա։
Ակնհայտորեն կարելի է ասել, որ ամենաշատը դա կհարվածի ջերմոցներին, և մեր ջերմոցային տնտեսություններն ու գյուղատնտեսական արտադրանքը երկակի հարվածի տակ կհայտնվեն։ Մի կողմից՝ սահմանափակումներ ռուսական շուկայում, որտեղ դրանք հիմնականում իրացվում են և որտեղ արդեն իսկ սահմանափակումներ կան, մյուս կողմից՝ արտադրական ծախսերն այնքան կբարձրանան, որ տրամաբանական չի լինի, ասենք, նույն ջեռուցմամբ ջերմոցներում գյուղատնտեսական արտադրանք ունենալը։ Այս տեսանկյունից ազդեցությունն էական կլինի։ Եթե մենք ջերմոցային տնտեսությունների կամ ընդհանուր այդ արտադրանքի ծավալը գնահատում ենք շուրջ 600-700 միլիոնի կարգի, ապա ՀՆԱ-ի տեսանկյունից դա էական ազդեցություն չունի, բայց զբաղվածության տեսանկյունից էական ազդեցություն ունի։ Մեզ մոտ բոլոր ճյուղերը չէ, որ ունեն նույն զբաղվածությունը և նույն ավելացված արժեքը։
Եթե մեզ մոտ գյուղատնտեսությունը տնտեսության շուրջ 8 տոկոսն է կազմում, ապա զբաղվածության տեսանկյունից դրա մասնաբաժինը մի քանի անգամ ավելի մեծ է։ Այս տեսանկյունից, հատկապես կարող են տուժել Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչները, որտեղ հիմնականում կենտրոնացած են այգեգործությունը, գյուղատնտեսությունը, բանջարաբուծությունը և հարակից ոլորտները։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր հայտնի ասուլիսում անդրադարձել էր էներգակիրների հնարավոր կտրուկ թանկացմանը և հայտարարել. «Մենք այդ սցենարը մտքում ունեցել ենք, բայց մեր տեսանկյունից այն X տիպի սցենար է: Այն ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում, որին մեր արձագանքը պիտի լինի ավելի ուժգին և ոչ բնականոն»:
Ո՞ւմ էր նրա այդ խոսքն ուղղված, կառավարությա՞նը:
- Չեմ կարող հստակ ասել՝ դա կառավարությա՞նն էր ուղղված, թե՞ ոչ, բայց ավելի շատ՝ դրամավարկային քաղաքականության տեսանկյունից էր ասվում։ Այն գործիքակազմով, որին տիրապետում է Կենտրոնական բանկը, նման սցենարների պայմաններում՝ տոկոսադրույքի ավելացմամբ կամ բարձրացմամբ, կամ արտարժույթի շուկայում որոշակի ինտերվենցիաներով, նման խնդիրները հնարավոր չէ լուծել։ Դրանք կառուցվածքային խնդիրներ են, և կառուցվածքային խնդիրների տեսանկյունից դրամավարկային քաղաքականությունը՝ իր գործիքակազմով, հնարավորություն չունի դրանք ամբողջությամբ լուծելու կամ դրանց հետևանքներին լիարժեք անդրադառնալու։
Այսօր բանկերի, կառավարության և Կենտրոնական բանկի ջանքերով որոշակիորեն սառեցված են ռուսական շուկայում խնդիրներ ունեցող ընկերությունների, այդ թվում՝ ջերմոցային տնտեսությունների բանկային տույժերն ու տուգանքները։ Սակայն դա կրկին ժամանակավոր լուծում է։ Դուք չեք կարող դրանք ընդհանրապես սառեցնել․ դա նշանակում է, որ պետք է սուբսիդավորել։ Հակառակ դեպքում տնտեսության մի հատվածից հարվածը տեղափոխում եք մյուս հատված։ Այսինքն՝ եթե դուք ասում եք, որ գյուղատնտեսությունը տոկոսների և վարկերի հետ կապված որևէ խնդիր չունի, ապա այդ խնդիրը բանկերի վրա է տեղափոխվում։ Բայց բանկերի տեսանկյունից դա շատ վտանգավոր է, որովհետև բանկերի խնդիրներ ունենալու պարագայում դուք խնդիրը սահմանափակում եք ոչ թե կոնկրետ մեկ ոլորտում, այլ տարածում եք ամբողջ տնտեսության վրա, քանի որ բանկերը սպասարկում են ամբողջ տնտեսությանը։
Հիմա այդ խնդրին ժամանակավոր լուծում է տրվել։ Այդ ժամանակավոր լուծումը շուտով ավարտվելու է, որովհետև, եթե չեմ սխալվում, այն գործում է մինչև 2027 թվականը։ Գյուղատնտեսության անկում կա, որը կարող է շարունակվել:
- Գազի հարցով մեր այլընտրանքները շատ չեն։ Ամեն ինչ կախված է նաև նրանից, թե ինչ հեռանկարի մասին ենք խոսում․ 1 տարվա՞, 5 տարվա՞, թե՞ 10 տարվա։ Եթե խոսում ենք իրանական գազի մասին, ապա այն մենք ստանում ենք միայն էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման միջոցով։ Եթե մենք իրանական գազ գնենք, ապա որոշակի սահմանափակումներ կան։ Նրանք չեն կարող մեզ նույն գնով տալ, որովհետև պայմանագրեր ունեն այլ երկրների հետ, որոնց շրջանակում չեն կարող ավելի էժան վաճառել ուրիշներին։ Դա նշանակում է, որ կրկին ունենում ենք այդ սահմանափակումների խնդիրը։ Երկրորդ՝ Ադրբեջանից գազ ստանալու պարագայում, եթե ճիշտ եմ հասկանում, մենք առանց այդ էլ բանակցությունների տրամաբանության մեջ անընդհատ ռեակտիվ դերում ենք։ Եվ այդ հարցում ևս մեկ գործոն ավելացնելով՝ խաղաղության պայմանագրի կնքումը կամ չկնքումը որոշակիորեն ավելի է բարդացնում շահերի պաշտպանությունը և ակնհայտորեն ավելի անհավասարակշիռ իրավիճակ ստեղծում։ Թուրքմենական գազի դեպքում այլ խնդիր է առաջանում՝ տարանցումն ի՞նչ ճանապարհով է իրականացվելու, Իրանի՞ տարածքով, ինչպիսի՞ հզորություններ կան, ինչպիսի՞ տրամաբանություն կա, և այլն։
Օրինակ, եթե հանկարծ, Աստված չանի, ինչ-որ բան պատահի, ասենք՝ Մոզդոկի կողմում գազատարի հետ կապված խնդիր առաջանա, և հայտարարվի, որ ձմռանն այն չի աշխատելու, մենք հնարավորություն կունենա՞նք նույն սահմանափակումներով գազ ստանալ այլ ճանապարհով։ Եվ այդ ստացման դեպքում ինչպե՞ս է դա իրականացվելու, եթե առկա հզորությունները բավարար չեն։ Կամ՝ եթե նույն իրանական գազատարի ծավալը մենք ամբողջությամբ 8 անգամ ավելացնենք, թեև, իմ կարծիքով, անգամ տեսականորեն այդքան ավելացնելու հնարավորություն չունենք, ապա դա որքանո՞վ կբավարարի մեր պահանջները։
Հաջորդ հարցը՝ արդյոք դա կհամակցվի՞ ատոմակայանի աշխատանքի հետ։
- Իմ կարծիքով՝ ատոմակայանը կշարունակի գործել՝ անկախ գազի ռեժիմից, որովհետև ռուսների մոտ ատոմակայանի տրամաբանությունն այլ է: Նրանք դա դիտարկում են՝ որպես արտաքին քաղաքականության հետ ավելի քիչ կապ ունեցող գործիք, քան գազը, և ատոմակայանին նայում են՝ որպես իրենց կոմերցիոն հնարավորություններն ավելացնելու գործիք:
- Եթե Հայաստանը որոշի, որ իրեն ավելի մեծ հզորությամբ ատոմակայան է պետք, քան նախկինում քննարկում էինք, երբ խոսում էինք մոդուլային ռեակտորների մասին, ապա հնարավորություն կա, որ մենք գնանք դեպի ВВЭР-1000-ներ, ոչ թե, ասենք, մեր ներկայիս ВВЭР-400-ների նման տարբերակ։
- Իմ կարծիքով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը, որպես այդպիսին, իրավական ձևակերպում չի ստանա, քանի որ այդ գործընթացը մանրամասն կարգավորված չէ և կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել։
Սակայն հնարավոր է՝ մենք հայտնվենք այնպիսի կարգավիճակում, որ մնանք ԵԱՏՄ-ում, ըստ էության, դուրս մղվենք մեզ համար կարևոր ապրանքների գծով, բայց պահպանենք հնարավորություններն այն ապրանքների գծով, որոնք Ռուսաստանի համար էական նշանակություն չունեն։
Օրինակ՝ Ռուսաստանի տեսանկյունից գյուղատնտեսական արտադրանքը մեզ համար կարևոր է՝ այդ թվում՝ զբաղվածության տեսանկյունից և այլն, իսկ իրենց համար՝ ոչ այնքան, քանի որ նրանք արդեն այլընտրանքներ ունեն։ Բայց եթե դիտարկենք տեխնոլոգիաների տեսանկյունից, ապա այդ ոլորտում նրանք չեն ցանկանում սահմանափակումներ մտցնել։
- Օրինակ՝ բջջային հեռախոսների ներմուծման կամ դեղերի զուգահեռ ներմուծման տեսանկյունից նրանք չեն ցանկանում սահմանափակումներ մտցնել։ Մինչև ռուս-ուկրաինական պատերազմը Ռուսաստանը շատ կոշտ էր մոտենում զուգահեռ ներմուծումներին։ Որպեսզի Հայաստանում գրանցված դեղերը հնարավոր լիներ տեղափոխել Ռուսաստան, ասում էին՝ դրանք անպայման պետք է գրանցվեն Ռուսաստանում, անպայման պետք է համապատասխանեն առկա պայմաններին, և այլն։
2022թ. հետո այդ պայմաններն էապես բարելավվեցին բոլոր այն երկրների համար, որտեղից հնարավոր էր զուգահեռ ներմուծումներ իրականացնել։
Նույն տրամաբանությամբ, եթե դիտարկենք ֆինանսական համակարգը, ապա այդտեղ սպառման ծավալները շատ մեծ են։ Դրա համար էլ հեռախոսների և նմանատիպ ապրանքների ներմուծումը կարևոր է։ Եթե նայեք, օրինակ, մեր մոտ «Մոբայլ Սենթրը» մի քանի տարի շարունակ եղել է խոշոր հարկատուների ցանկում։ Այնպես չէ, որ Հայաստանի բնակչությունը սկսել է 6 ամիսը մեկ հեռախոս փոխել։ Բնականաբար, ակնհայտ է, որ տեղի է ունենում, այսպես ասած, «գորշ ներմուծում»։ Այստեղ գնում են, տանում են, և այլն։
- Այսինքն՝ ԵԱՏՄ-ից չեն հանի, բայց դու ոչ լիարժեք դուրս կգաս այդ կառույցից, ոչ էլ լիարժեք կօգտվես այդ հնարավորություններից։ Մոտավորապես այդպիսի կարգավիճակ կլինի։
- ՀԱՊԿ-ի տեսանկյունից՝ այդքան մեծ օգուտ չունի Ռուսաստանը, իսկ ԵԱՏՄ-ի տեսանկյունից՝ շատ ավելի մեծ օգուտներ ունեն, որովհետև տեղում ունեն ներմուծումների խնդիր, ուղևորափոխադրումների խնդիր, ծառայությունների որոշակի խնդիրներ և այլն։
- Հայաստանին ԵԱՏՄ-ից հանելը, այդ թվում՝ ռուսների շահերից չի բխում։ Բայց միևնույն ժամանակ ամբողջովին հնարավոր է այնպես անել, որ այդ միության շրջանակում իրենք ավելի շատ օգուտներ ստանան, քան մենք։
- GSP+ համակարգի վերացումը, առաջին հերթին, կապված էր մեր եկամուտների աճի հետ։ GSP+ համակարգի դեպքում, եթե մեկ շնչին ընկնող եկամուտը հասնում է որոշակի մակարդակի, արտոնությունն ինքնաբերաբար վերանում է։ Կարելի է, իհարկե, քննարկել՝ հնարավո՞ր էր դրա գործողության ժամկետը մի փոքր երկարացնել, օրինակ՝ մեկ կամ երկու տարով։ Բայց դա էական փոփոխություն չէր մտցնի։ Այստեղ ավելի լուրջ խնդիր կա։ Մեր եկամուտների աճը տեղի ունեցավ այն բանի հաշվին, որ 2022 թվականից հետո դրամն արժևորվեց։ Այդ արժևորումը մեր տնտեսական աճի բացատրության մեջ 50-60 տոկոսով պայմանավորված էր արտաքին գործոններով։
Այսինքն՝ արտաքին գործոնով պայմանավորված այդ արժևորումը մեզ մոտ հանգեցրեց նաև արտադրանքի թանկացմանը։ Հայկական դրամն ուժեղացավ, և մեր արտադրանքի ինքնարժեքը եվրոյով արտահայտված համեմատաբար բարձրացավ։
Եթե նախկինում մենք ունեինք և՛ GSP+ համակարգի արտոնությունները, և՛ մեր արտադրանքի գնային առավելությունը, ապա հիմա իրավիճակն այլ է։ Օրինակ՝ եթե նախկինում 1000 դրամն ինչ-որ արժեք ուներ, հիմա նույն 1000 դրամն այլ արժեք ունի։ Այս տեսանկյունից խնդրահարույց է դառնում արտադրանքի մրցունակության վրա GSP+-ի և մաքսատուրքերի ազդեցության հարցը։
Մինչև 2018-ի գունավոր հեղափոխությունը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարության՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ջանքերի շնորհիվ 2014թ. Եվրոպական Հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել էր ԵՄ վերանայված «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմի նոր փուլում (GSP Regulation 978/2012):
«GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմը հնարավորություն էր տալիս հայկական ծագման ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: Ցավոք, 2022թ. Հայաստանում ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) կիրառումը դադարեցվեց, և 2022թ․ հունվարի 1-ից Հայաստանն այլևս չի օգտվում «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։
- Շուկաները կարող են փակել կառավարությունները, բայց դրանք բացում են ընկերությունները:
- Եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորվի, դա կենթադրի որոշակի սահմանափակումների վերացում առևտրական տեսակետից: Այդ դեպքում ինչ կլինի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, կրկին կախված է բանակցություններից:
- Եվրոպայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ այնքան էլ էապես կախված չէ միայն Հայաստանից, որքան կախված է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից կամ կարգավորումից։ Տեսականորեն, եթե ռուս-ուկրաինական պատերազմը կարգավորվի, դա կարող է ենթադրել նաև որոշ սահմանափակումների վերացում՝ առևտրի տեսանկյունից։ Այդ դեպքում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի շարունակականությունը կրկին կարող է դառնալ բանակցությունների առարկա։
- Եթե մենք նայում ենք տնտեսական ազդեցության տեսանկյունից, ապա տվյալների մշակման կենտրոններն իրական տնտեսության վրա ամենաքիչ ազդեցություն ունեցողներից են։ Ինչո՞ւ։
- Դատա-կենտրոնները չափազանց լավ բիզնեսներ են, որովհետև գրեթե ամբողջությամբ կապիտալատար են և շատ քիչ սպասարկման ու աշխատուժի կարիք ունեն։ Հետևաբար, դրանց ազդեցությունը զբաղվածության և աշխատատեղերի ստեղծման վրա սահմանափակ է։
Այլ հավասար պայմաններում ցանկացած այլ ներդրում կատարելու դեպքում՝ գործարան կառուցելու, գյուղատնտեսական վերամշակում իրականացնելու, հիվանդանոց կառուցելու և այլն, դուք շատ ավելի մեծ ազդեցություն կունենաք տեղի բնակչության զբաղվածության վրա։
Եթե դիտարկենք ներդրումների բոլոր հնարավոր տեսակները, ապա տվյալների կենտրոնները, մի կողմից, էլեկտրաէներգիայի և ջրի կարիք ունեն։
Էլեկտրաէներգիայի տեսանկյունից տվյալների կենտրոններն ունեն մեծ պահանջարկ և պատրաստ են ավելի բարձր գին վճարել՝ իրենց շահույթի հաշվին, քանի որ իրենց մարժան բավական բարձր է։ Դրա հետևանքով նրանք մեծացնում են էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկը։ Իսկ որքան շատ էլեկտրաէներգիա է անհրաժեշտ արտադրել, այնքան ավելի կարող են բարձրանալ գները, որովհետև յուրաքանչյուր լրացուցիչ միավոր էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելի էժան չէ։
Դրա հետևանքով Միացյալ Նահանգների շատ վայրերում էլեկտրաէներգիայի գները բարձրանում են։
Հայաստանում մենք դեռ այդ իրավիճակին չենք հասել, որպեսզի դրա հետևանքով էլեկտրաէներգիայի գները բարձրանան: Ցանկալի է ունենալ մանրամասն հաշվարկներ, օրինակ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, որպեսզի պարզ լինի, թե ինչ ծավալների և միջակայքերի մասին ենք խոսում: Տվյալ պահին «Firebird»-ի նախատեսվող ծավալները դեռևս էական ազդեցություն չունեն էլեկտրաէներգիայի գնի վրա։ Սակայն, եթե նմանատիպ կենտրոններն ավելանալու են, ապա դրանց ազդեցությունը կարող է մեծանալ։
Մյուս կողմից, եթե դիտարկում ենք աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից, ապա ազդեցությունն էական չէ։
Երկրորդ՝ եթե դիտարկենք հայկական արտադրանք ունենալու տեսանկյունից, այսինքն՝ արդյոք մենք կկարողանա՞նք ստեղծել ծրագրային ապահովում, զարգացնել արհեստական բանականության ոլորտը և ունենալ այնպիսի արտադրանք, որը կօգտվի «Firebird»-ի հնարավորություններից, ապա այստեղ էլ հարցեր կան։
Այսինքն՝ տնտեսական տեսանկյունից «Firebird»-ը պետք է դիտարկել որպես լավ բիզնես, որը եկամուտ է ապահովում։ Բայց հարցն այն է՝ ի՞նչ է այն տալիս հենց մեզ։
Տնտեսական ազդեցության, զբաղվածության, սպասարկման և մյուս նման չափանիշների տեսանկյունից այն, մյուս հնարավոր բիզնեսների համեմատ, ամենացածր ազդեցությունն ունեցողներից է։
Այն ցանկացած այլ բիզնեսի համեմատ ամենացածր տնտեսական ազդեցությունն ունեցողներից է։ Այդ պատճառով կարևոր է նաև գնահատել այն ենթակառուցվածքների ազդեցությունը, որոնք անհրաժեշտ են տվյալ կենտրոնին աջակցելու համար։
Կարո՞ղ է «Firebird»-ը կամ TRIPP-ը դառնալ Իրանի համար լեգիտիմ կենդանի, թիրախ։
- Իմ կարծիքով՝ TRIPP-ը շատ ավելի մեծ չափով, քան «Firebird»-ը, որովհետև այն անմիջականորեն կապված է սահմանի և սահմանային ենթակառուցվածքների հետ։ …Կան բազմաթիվ այլ տվյալների կենտրոններ, որոնք տարածքային առումով ավելի մոտ են համապատասխան գործողությունների վայրերին և կարող են ավելի արագ՝ միլիվայրկյանների ընթացքում, տվյալներ մշակել։ Այդպիսի կենտրոններ կան Ծոցի երկրներում և այլ վայրերում։
- Մենք ունենք երկու ծայրահեղ սցենար։ Մի ծայրահեղությունը «Խաղաղության խաչմերուկն» է, մյուսը՝ թուրանական միջանցքը։ Եթե մեզ մոտ Երասխի ուղղությամբ երկաթուղին բացվի, և Թուրքիան չկառուցի այնպիսի ճանապարհ, որը կկրկնօրինակի մեր երկաթուղին, ապա մենք կունենանք «Խաղաղության խաչմերուկ»։ Այդ դեպքում տեղի կունենա շատ մեծ տնտեսական ակտիվություն։ Այդ ակտիվությունը, առաջին հերթին, ազդեցություն կունենա նաև վրացական երկաթուղիների սակագների վրա, և այլն։ Այս տեսանկյունից էական տարբերություն կա։ Եթե մենք ունենանք երթուղի, որը կանցնի առանց Հայաստանի՝ նկատի ունեմ Հայաստանի այն հատվածը, որը գտնվում է Երասխից վերև, և գործի միայն Մեղրիի հատվածը, ապա դա կվերածվի թուրանական միջանցքի։ Այդ դեպքում, ըստ էության, Հայաստանը կարող է տարեկան ստանալ, ասենք, 5-10 միլիոն դոլարի եկամուտ՝ նույնիսկ ամենաբարձր ծանրաբեռնվածության պայմաններում։ Միաժամանակ այդ ճանապարհը կկրկնօրինակի մեր երկաթուղին՝ Արաքսի մյուս ափին։ Դա կարող է շատ ավելի բարդ հետևանքներ ունենալ, որովհետև մեր երկաթուղին կարող է զգալիորեն նվազեցնել իր գործունեության ծավալները։ Այդ դեպքում առաջանում է նաև երկաթուղու սուբսիդավորման խնդիր, որպեսզի կարողանանք պահպանել այդ ենթակառուցվածքը, որը կրիտիկական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այսպիսով, ամբողջ հարցը հանգում է նրան՝ մենք կունենանք «Խաղաղության խաչմերո՞ւկ», թե՞ թուրանական միջանցք։
- …Քանի որ այս պահին Երասխով երկաթուղին բացելու վերաբերյալ որևէ առարկայական քննարկում չկա, թուրանական միջանցքի սցենարը թվում է ավելի հավանական։ Տեսականորեն «Խաղաղության խաչմերուկի» սցենարը դեռևս սեղանին է։ Բայց Թուրքիայի և Ադրբեջանի հայտարարությունների ու ներկայիս զարգացումների տեսանկյունից իրավիճակն ավելի շատ նման է թուրանական միջանցքի սցենարին։ Միևնույն ժամանակ, որևէ առարկայական քայլ դեռևս չկա։ Դժվարանում եմ հստակ ասել՝ ինչպիսին կլինի վերջնական արդյունքը։ Տեսականորեն, եթե երկու ուղղություններն էլ գործեն, սահմանները բացվեն, և Մեղրիի հատվածը նույնպես բացվի, ապա հնարավոր կլինի երկաթուղային հաղորդակցություն հաստատել նաև Կարսի և Գյումրիի ուղղությամբ։ Դա նույնպես կազդի Հայաստանի տնտեսության վրա՝ ավելացնելով բեռնափոխադրումների ծավալները և միջազգային տրանսպորտային հոսքերը։ Սակայն այս պահին որևէ առարկայական քայլ չկա՝ ո՛չ Երասխի, ո՛չ էլ Մեղրիի ուղղությամբ։ Երբ այդպիսի քայլեր լինեն, հնարավոր կլինի գնահատել իրավիճակը։ Այս պահին թուրանական միջանցքի սցենարն ավելի հավանական է թվում, քան «Խաղաղության խաչմերուկի» սցենարը։
- TRIPP-ն ամբողջովին շատ ձեռնտու նախագիծ է ԱՄՆ-ի համար։ Ինչո՞ւ: Որովհետև, եթե նայենք, այսպես կոչված, երեք միջանցքներին, ապա սա հնարավորություն է՝ հրաժարվելու հյուսիսային միջանցքից կամ սահմանափակելու դրա հնարավորությունները՝ միաժամանակ ավելացնելով միջին միջանցքի նշանակությունը և այդ միջանցքներից մեկի նկատմամբ վերահսկողություն ունենալով։ Պատկերացրեք՝ դուք սահմանային հսկողության կետ եք տեղադրել մի մեծ ճանապարհի վրա, որը ձեզ տալիս է օպերատիվ վերահսկողության հնարավորություն։ Ընդ որում՝ այդ ճանապարհն անցնում է ձեր կարևորագույն ախոյաններից մեկի՝ Իրանի մոտով։ Այս տեսանկյունից դուք որոշակի վերահսկողություն եք ունենում նաև Չինաստանից դուրս եկող ապրանքների նկատմամբ։ Միաժամանակ դա տեղի է ունենում այն սահմանին, որը գտնվում է ձեր ախոյաններից մեկի հարևանությամբ։ Սա Միացյալ Նահանգներին շատ հետաքրքրող հարց է։
- Չեմ կարծում, որ TRIPP-ն անպայման պլացդարմ է լինելու Իրանի դեմ։
- Սա ևս կարևոր ռազմավարական նպատակ է, քանի որ Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտությունը սահմանափակված չէ միայն մեկ ոլորտով։
- Եթե դուք համարում եք, որ այդ տարածքն արդեն ձերը չէ, ապա TRIPP-ը կարող է թվալ լավագույն լուծումը։ Բայց եթե համարում եք, որ այդ տարածքը ձերն է, ապա դա արդեն այլ հարց է։
- Տեսականորեն մոդուլային ռեակտորները շատ ավելի ձեռնտու են։ Ինչո՞ւ։ Որովհետև դրանք կարելի է ավելացնել՝ պահանջարկի աճին զուգահեռ։ Մոդուլային ռեակտորների տրամաբանությունն այն է, որ, ասենք, եթե ձեզ անհրաժեշտ է ոչ թե մեկ 1000 մեգավատտանոց, այլ 50 մեգավատտանոց հզորություն, ապա կարող եք հզորությունն ավելացնել 50-ական մեգավատտանոց մոդուլներով։ Դրանց արժեքի տեսանկյունից տարբերությունները կարող են էական չլինել, բայց դուք հնարավորություն եք ստանում աստիճանաբար ավելացնելու հզորությունը։ Սա ճկունություն է ապահովում թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական տեսանկյունից։ Սակայն հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է ունենալ էներգետիկ հաշվեկշիռը և դրա զարգացման հեռանկարները։ Այդ հեռանկարները պետք է ցույց տան նաև, թե մեր արտադրության և տնտեսության համար ապագայում ինչպիսի էներգետիկ պահանջարկ ենք նախատեսում։ Մինչև հիմա առկա միտումն այն է եղել, որ մենք ավելի շատ զարգացնում ենք ծառայությունների ոլորտը, որն այնքան էլ էներգատար չէ։ Նույնիսկ արդյունաբերության պարագայում էներգիայի պահանջարկը կարող է նախկինի համեմատ նվազել, քանի որ տեխնոլոգիաները փոխվում են։ Մոդուլային ռեակտորները, սակայն, այս պահին ավելի շատ ապագա նախագիծ են, քան լայնորեն կիրառվող իրականություն։ Ակնհայտորեն պարզ չէ, թե եթե մենք որոշենք դրանք տեղադրել, ապա երբ և ինչպես ենք դա անելու, ով է արտադրելու դրանք, և երբ դրանք կհասնեն մեզ։ Եթե մենք այսօր որոշենք կառուցել մոդուլային ատոմային ռեակտոր, ապա հնարավոր է՝ այն հասանելի դառնա 10 տարի հետո, իսկ մեր հերթը հասնի 20 տարի հետո։ Մինչդեռ ատոմակայանի վերաբերյալ որոշումը մենք պետք է կայացնենք այսօր։
Տրամաբանորեն ավելի ճիշտ է նախապես հասկանալ, թե ինչ ենք կառուցում, որպեսզի նույն պարտադիր ծախսերը մի քանի անգամ չկրկնենք։ Այսինքն՝ եթե նախատեսում եք կառուցել երկու 500 մեգավատտանոց կայան, ապա որոշ դեպքերում ավելի շահավետ կարող է լինել մեկ 1000 մեգավատտանոց կայան կառուցելը։ Սա կախված է տնտեսական արդյունավետությունից։
Կրկին ասում եմ՝ տեսականորեն մոդուլային ռեակտոր ունենալը շատ ավելի ձեռնտու է։ Բայց այդ մոդուլային ռեակտորները, որպես լայնորեն հասանելի և փորձարկված արտադրանք, դեռևս գոյություն չունեն։ Ակնկալվում է, որ ապագայում դրանք հասանելի կլինեն և ավելի լայն տարածում կստանան։ Մենք կարող ենք սպասել մինչև դրանց հայտնվելը, բայց այդ ընթացքում մեր գործող ատոմակայանի հնարավորություններն ու հզորությունները կարող են սպառվել։ Սա որոշակի ռիսկային իրավիճակ է։
- Երևանը բավականին թանկ քաղաք է: Գների մակարդակով մենք համադրելի ենք եվրոպական շատ քաղաքների հետ:
- Մեզ մոտ եկամուտ ստացել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների ու խաղային ոլորտները: Խաղային ոլորտն ընդգրկված է մշակույթի մեջ, քանի որ զվարճանքն է դիտարկվում: Թվերով ցույց են տալիս ոլորտային աճ, մինչդեռ թատրոններում առհասարակ, օրինակ, եկամուտ չի ավելացել:
- Թրամփ-Պուտին դիզելային համաձայնության մասին. իմ կարծիքով՝ առավել հավանական բացատրությունն այն է, որ Թրամփի նախընտրական քարոզարշավի շրջանակներում լուծվում է դիզելային վառելիքի խնդիրը։ Միացյալ Նահանգներում ընտրություններից առաջ Թրամփն անընդհատ խոսում էր այն մասին, որ գներն անհասկանալիորեն բարձր են։ Նա խոստանում էր, որ ամերիկացի սպառողն ապագայում բենզինի համար շատ ավելի քիչ է վճարելու։ Բենզինի շուկայում խնդիրներն ավելի տանելի են, քան դիզելային վառելիքի շուկայում, որովհետև դիզելի շուկան շատ ավելի զգայուն է, և սահմանափակումները պայմանավորված են մի շարք գործոններով։ Իրանի հետ պատերազմը հանգեցրել է անմշակ նավթի մատակարարումների սահմանափակումների։ Ռուսաստանը որոշակիորեն լրացնում էր այդ պակասը, սակայն Ուկրաինայի հարվածների հետևանքով այդ հնարավորություններն էլ են խնդրահարույց դարձել։
Հիշեք, որ մինչև Պուտինի հետ համաձայնության հասնելը՝ Թրամփը դիմել էր Զելենսկուն՝ խնդրելով դադարեցնել այդ հարվածները ՌԴ էներգակիրների ուղղությամբ… Ուկրաինան, լինելով պատերազմի մեջ, բոլոր հնարավոր միջոցներով փորձում է հարվածել այն թիրախներին, որոնց ոչնչացումը Ռուսաստանին հնարավորինս մեծ վնաս կհասցնի։ Նույն տրամաբանությամբ է գործում նաև Ռուսաստանը՝ Ուկրաինայի նկատմամբ։ Այս տեսանկյունից, եթե նայենք սահմանափակումների վերացմանը, ապա դրանք ունեն բավականին կարճ ժամկետ։ Մինչև ապրիլի 7-ը՝ եթե ճիշտ եմ հիշում։ Ռուսները չէին համաձայնում ավելի կարճ ժամկետին և պահանջում էին, որ սահմանափակումների վերացումը գործի առնվազն մինչև ապրիլի 7-ը։
Եթե հարցին մոտենանք զուտ ամերիկյան տրամաբանությամբ, ապա սահմանափակումների վերացման ժամկետը պետք է շատ ավելի կարճ լիներ։ Սակայն ռուսները դրան չեն համաձայնել և պահանջել են ավելի երկար ժամկետ՝ առնվազն մինչև ապրիլի 7-ը։ Բայց սա չի նշանակում, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվում է։ Բացարձակապես՝ ոչ։
Կարծում եմ՝ եվրոպացիների տեսանկյունից պատերազմը դեռևս ավարտված չէ, որովհետև նրանք շարունակում են ֆինանսավորել Ուկրաինային։ Եվ քանի դեռ նրանք ֆինանսավորում են Ուկրաինային, պատերազմը շարունակվելու է։
Եվրոպացի պաշտոնյաներն էլ հեշտությամբ չեն ընդունի իրենց ձախողումը։ Խնդիրն այն է, թե ինչպես կարող են նրանք ձևակերպել պատերազմի ավարտը, որպեսզի թե՛ ռուսների, թե՛ ուկրաինացիների, թե՛ եվրոպացիների համար հնարավոր լինի, այսպես ասած, փրկել իրենց դեմքը։ Անգլերենում դրա համար օգտագործվում է face-saving արտահայտությունը։ Այսինքն՝ անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծում, որը բոլոր կողմերին հնարավորություն կտա հնարավորինս արժանապատիվ կերպով դուրս գալ իրավիճակից։
Առայժմ չկա կոնսենսուս այն հարցի շուրջ, թե պատերազմի ավարտի ինչ տարբերակ կարող է ընդունելի լինել բոլորի համար։ Հետևաբար՝ ասել, որ պատերազմն արդեն ավարտվել է, դեռ վաղ է։ Դա ավելի հստակ կերևա մի քանի ամսից։
Եթե փորձեմ կանխատեսում անել, ապա կասեմ հետևյալը․ քանի դեռ Դոնեցկի մարզի, այսպես կոչված, ամրոց-քաղաքները՝ Սլովյանսկը, Կրամատորսկը, Դրուժկովկան և մյուսները, չեն անցել Ռուսաստանի վերահսկողության տակ, և Դոնեցկի մարզն ամբողջությամբ չի հայտնվել Ռուսաստանի վերահսկողության ներքո, ես խիստ հավանական չեմ համարում, որ Ռուսաստանը, այլ հավասար պայմաններում, կհամաձայնի դադարեցնել ռազմական գործողությունները։
Աշխարհում ե՞րբ կավարտվի պոպուլիստ առաջնորդների ժամանակը:
- Դժվարանում եմ ասել՝ այդ ժամանակաշրջանն ավարտվո՞ւմ է, թե՞ դեռ վաղ է նման եզրակացություն անել։ Իմ կարծիքով՝ դեռ վաղ է։ Տնտեսական կառուցվածքային փոփոխությունների և հատկապես զանգվածային ու սոցիալական մեդիայի տարածման հետևանքով առաջացած փոփոխությունները դեռևս չեն հասել իրենց հավասարակշռության կետին։
Այլևս անհրաժեշտ չէ ունենալ ավանդական քաղաքական կուսակցություն կամ կուսակցական կառույցներ, որպեսզի կարողանաք մեծ թվով հետևորդներ հավաքել և քաղաքական ազդեցություն ձեռք բերել։
Այս տեսանկյունից սոցիալական մեդիան ժողովրդավարացրել է քաղաքականության հասանելիությունը բազմաթիվ գործիչների համար։ Այժմ շատ ավելի հեշտ է հանրային լսարան ձևավորել և քաղաքական գործընթացների մասնակից դառնալ՝ առանց ավանդական կուսակցական համակարգի աջակցության։
Հետևաբար՝ վաղ է ասել, որ պոպուլիստ առաջնորդների ժամանակաշրջանն ավարտվել է։ Տնտեսական կառուցվածքը և սոցիալական մեդիայի միջավայրը դեռևս հավասարակշռության չեն հասել քաղաքականություն մուտք գործելու և դրանից դուրս գալու տեսանկյունից, եթե հարցին նայենք գլոբալ մակարդակով։
- Վահրամ Սահակյանի և Արթուր Դանիելյանի դեպքում իշխանության ռեակցիան չափից ավելին էր, քան պետք է լիներ:
Արևմուտքում էլ են նման գործընթացներ սկսվել։ Երբեմն, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում այդ սահմանափակումներն ավելի կոպիտ են, քան մյուս երկրներում։ Միացյալ Նահանգներում դրանք հիմնականում կիրառվում են ներգաղթյալների նկատմամբ։
- Աշխարհում այսօր քննարկվում է սոցիալական մեդիան որոշակի սահմանափակումների ենթարկելու մասին՝ դեռահասների համար արգելքներ սահմանվեն, համապատասխան նորմեր ներդրվեն և այլն։ Այս ալիքը դեռ նոր է սկսվում։ Օրինակ՝ կա շատ հետաքրքիր սոցիալական հոգեբան Ջոնաթան Հայդթը, որը շատ է գրել այս թեմայի մասին և ունի բեսթսելեր գիրք՝ նվիրված սոցիալական մեդիայի բացասական ազդեցություններին։ Նա սոցիալական մեդիան երիտասարդների համար սահմանափակելու ամենահայտնի ջատագովներից է, քանի որ կարծում է, որ դրա օգտագործումը շարունակաբար տարբեր խնդիրներ է առաջացնում։ Նա ներկայացնում է բազմաթիվ տվյալներ, վիճակագրական ուսումնասիրություններ և այլ ապացույցներ։
- Առաջիկա 10 տարիների ընթացքում, քանի դեռ նոր հասարակական կոնսենսուս չի ձևավորվել այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է օգտագործել սոցիալական մեդիան և ինչպես կարգավորել այն, ես չեմ կանխատեսում, որ պոպուլիստ առաջնորդները կվերանան։
- Արհեստական բանականության հարցը մեր ժամանակների ամենակարևոր հարցերից մեկն է։ Բիլ Գեյթսը չկարգավորված արհեստական բանականությունը համարում է լուրջ, նույնիսկ մահացու վտանգ։
Բոլորը հասկանում են, որ իրավիճակը կարող է վտանգավոր լինել, բայց միաժամանակ վախենում են, որ կարգավորումներ մտցնելու դեպքում հետ կմնան մրցակիցներից։ Սա մրցավազք է։ Այստեղ կարելի է զուգահեռ անցկացնել Սառը պատերազմի հետ։ Բոլորը հասկանում են, որ միջուկային սպառազինությունների մրցավազքը վտանգավոր է ամբողջ մարդկության համար, բայց վախենում են, որ եթե դադարեցնեն զարգացումը, կարող են հետ մնալ և հայտնվել մյուս կողմի ազդեցության տակ։ Ցավոք, հաշվի առնելով այս դինամիկան՝ միջազգային մրցակցությունը, հատկապես Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև, և այն հանգամանքը, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում դանդաղեցնել զարգացումը, մոտ ապագայում արհեստական բանականության արդյունավետ կարգավորման մեծ հույսեր չունեմ։
- Ես հիմա ուսանողներին հանձնարարություններ եմ տալիս, որպեսզի նրանք ձեռքով գրեն, որոշ աշխատանքներ բանավոր ներկայացնեն, և այլն։ Որովհետև արհեստական բանականության օգտագործումն առաջացնում է մի շարք խնդիրներ։ Չինաստանում բավականին մեծ հետազոտություն էր իրականացվել, որի արդյունքները հետաքրքիր էին։ Տնային աշխատանքների որակը կտրուկ բարձրացել էր, բայց քննությունների ժամանակ ուսանողների արդյունքները վատացել էին։ Պատճառն այն էր, որ տնային աշխատանքներ կատարելիս արհեստական բանականությունը զգալիորեն օգնում էր նրանց, բայց քննությունների ժամանակ նրանք ստիպված էին լինում ինքնուրույն պատասխանել հարցերին։ Սա կապված է մի երևույթի հետ, որը կոչվում է cognitive offloading՝ ճանաչողական բեռնաթափում։ Այսինքն՝ դուք խնդիրը փոխանցում եք արհեստական բանականությանը, ինքներդ այլևս չեք մտածում դրա շուրջ, և արդյունքում՝ ձեր մտածողությունը բավարար չափով չի աշխատում։
Քանի որ ինքնուրույն չեք մշակել տեղեկատվությունը, այն լավ չի ամրապնդվում ձեր հիշողության մեջ և չի վերածվում երկարաժամկետ գիտելիքի։ Անգլերենում սա անվանում են retained knowledge՝ պահպանված գիտելիք։ Այս պատճառով այժմ շատերը քննարկում են բանավոր քննություններին անցնելու հնարավորությունը, ձեռագիր աշխատանքների կիրառումը, որոնց ընթացքում ուսանողները պետք է ինքնուրույն վերարտադրեն նյութը։
Մեր խնդիրն արհեստական բանականությունն արգելելը չէ։ Դա ոչ միայն հնարավոր չէ, այլև անտրամաբանական է։ Չի կարելի ուսանողներին ասել, որ չօգտագործեն ժամանակակից և արդյունավետ գործիք, որը հետագայում լայնորեն կիրառվելու է։ Պետք է սովորենք օգտագործել արհեստական բանականությունը, բայց միաժամանակ պահպանենք ինքնուրույն մտածելու և վերլուծելու կարողությունը։
- Ուսանողներին այս անկայուն աշխարհում խորհուրդ ենք տալիս չփնտրել կայունություն, որովհետև այն չկա և չի լինելու։ Դուք պետք է անընդհատ ներդրում կատարեք ձեր մեջ և զարգացնեք ձեր կարողությունները։ Եթե նախկինում գիտության մեջ էական զարգացում տեղի էր ունենում, ասենք, երկու կամ երեք հարյուր տարին մեկ, ապա արդյունաբերական հեղափոխությունից հետո այդ ժամանակահատվածը կրճատվեց՝ հասնելով 80 կամ 50 տարվա։ Հիմա էական փոփոխություններ կարող են տեղի ունենալ նույնիսկ յուրաքանչյուր 5 կամ 10 տարին մեկ։ Սա նշանակում է, որ եթե կարծում եք՝ ստացած կրթությունը բավարար է ձեր ամբողջ կյանքի համար, ապա, ցավոք, պետք է ասեմ՝ ոչ։ Դուք պետք է անընդհատ կրթվեք։ Սա չի նշանակում, որ բոլորդ պետք է անընդհատ համալսարան հաճախեք։ Կարող եք վերապատրաստվել, սերտիֆիկացվել և ձեր կարողությունները գնահատել աշխատաշուկայի ու արտաքին աշխարհի պահանջների համեմատ։ Կրթվելը դարձել է կյանքի անբաժանելի մասը։ Եթե կարծում եք, որ կարող եք երկար ժամանակ մրցունակ մնալ՝ առանց շարունակական կրթության, ապա սխալվում եք։ Պետք է ոչ թե կրթությունը դիտարկել որպես մեկանգամյա գործողություն, այլ ձեռք բերել մի հմտություն՝ անընդհատ գնահատել սեփական կարողությունները, հասկանալ թույլ կողմերը և աշխատել դրանց ուղղությամբ։
- Ի՞նչ է Փաշինյանի «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։ Ճիշտն ասած՝ այս հարցի վերաբերյալ հստակ դատողություն չեմ կարող անել, որովհետև ամբողջությամբ չեմ հետևել, թե ինչ սահմանումներ են առաջարկվում։ Եթե ավելի կարճ ձևակերպեմ, ապա այս պահին «Իրական Հայաստանի» գաղափարը ես ընկալում եմ որպես կոչ՝ սահմանափակելու մեր տարածքային հավակնությունները։ Իմ ընկալմամբ՝ հիմնական ուղերձն այն է, որ մենք ձգտում ենք խաղաղության և չպետք է խանգարենք խաղաղության գործընթացին։
- Եթե դուք չունեք նաև պատմական անցյալ, ապա մի կողմից՝ երբեք չպետք է ապրեք միայն անցյալով, բայց մյուս կողմից՝ եթե հրաժարվում եք պատմական հիշողությունից, ապա կորցնում եք ձեր հենարանները։ Եթե դուք հրաժարվում եք պատմական հիշողությունից, ունենում եք խարիսխների բացակայություն, և դուք դառնում եք աշխարհի քաղաքացի, ու ձեր համար էական չէ՝ Գրենլանդիայո՞ւմ եք ապրում, Վրաստանո՞ւմ թե՞ Հայաստանում: Մենք երբևէ ամբողջովին անցյալով տարված չենք եղել, բայց չի կարելի ծայրահեղացնել «Իրական Հայաստանի» գաղափարն ու ասել՝ մենք չունենք պատմական հիշողություն: Այստեղ մեծ խնդիր կա: Պատմական հիշողությունից հրաժարումը որևէ լավ բանի չի բերի: Պատմական հիշողություն չունեցողներն ուծացվելու են թե՛ իրենց երկրում, թե՛ նրանից դուրս, վերանալու են:
Այս տեսանկյունից, իմ կարծիքով, որոշակի խնդիրներ կան իշխանության այդ ուղերձի մեջ։ Եթե «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը հասցնենք ծայրահեղության և ասենք, որ պատմական հիշողություն չունենք, ապա ստացվում է՝ կարևոր չէ, որ պատմության ընթացքում Հայաստանը եղել է տարածաշրջանային իրադարձությունների կենտրոնական թատերաբեմերից մեկը։ Օրինակ՝ Հռոմեական Կայսրության և Պարսկաստանի միջև հակամարտությունների ընթացքում Հայաստանը կարևոր դերակատարում ուներ։ Դա չի նշանակում, որ Հայաստանը միշտ ինքնուրույն մեծ տերություն էր, այլ այն, որ երկու կայսրությունների միջև պատերազմների թատերաբեմը հաճախ հենց Հայաստանն էր։
Եթե մենք հրաժարվում ենք այդ պատմական անցյալը հասկանալուց, ապա էապես զրկվում ենք մեր ինքնության կարևոր բաղադրիչներից։ Այս տեսանկյունից խնդիրը շատ լուրջ է, և պատմական հիշողությունից հրաժարվելը, իմ կարծիքով, որևէ լավ բանի չի հանգեցնի։
- Խաղաղության օրակարգի մասին: Եթե դուք Բաքվում գերիներ ունեք և ձեր տարածքային ինքնիշխանության հետ կապված սահմանափակումներ կան, դա լիարժեք խաղաղություն չի կարելի անվանել։ Լիարժեք խաղաղություն չի կարելի անվանել ո՛չ զուտ սահմանման տեսանկյունից, ո՛չ էլ հարատևության տեսանկյունից։ Սակայն դուք տեսե՞լ եք այդ խաղաղության փաստաթուղթը։
…Ինձ համար դրանք գաղափարախոսական ավարտուն ձևակերպումներ չեն, այլ իրավիճակային ձևակերպումներ։ Դրա համար ես իրավիճակային ձևակերպումները փիլիսոփայության աստիճանի չեմ ուզում բարձրացնել։
- Նոր աշխարհակարգ: Եթե նայեք աշխարհակարգի փոփոխություններին, դրանց պարամետրերը բազմաթիվ են, և, ինչպես ասացի, դրանք կառուցվածքային փոփոխություններ են՝ թե՛ արհեստական բանականության, թե՛ սոցիալական մեդիայի և այլ գործոնների տեսանկյունից։
Ես այդ կապակցությամբ իմ ուսանողներին ասում եմ՝ ժամանակներն ու տեմպերն արագացել են, և կրթությունը նրանց ամենօրյա գոյության մաս է դառնալու։
- Եկեղեցու դեմ հարձակումներն աղետալի հետևանքներ կարող են ունենալ: Եկեղեցին ձևակերպում է հայության շրջանակը, որն ավելի լայն է, քան իրենց ներկայացրած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը:
Մանրամասները՝ տեսանյութում։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by George Mamian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/11/168-tripp-%d5%a5%d5%a1%d5%bf%d5%b4-%d5%a5%d5%b4-ai-%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0-%d5%af%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/