Հոկտեմբեր 11, 2026
Արցախի Ասկերանի շրջանի Վարազաբուն գյուղն այն բնակավայրերից է, որը 1918 թվականի թուրք-թաթարական բախումների, ինչպես նաև Արցախյան առաջին ազատամարտի տարիներին ամենածանր հետևանքներն է կրել պատերազմներից:
Թշնամին բնակավայրն օկուպացնելով՝ խաղաղ բնակիչներին սպանել և գերեվարել է, ինչպես նաև բնակավայրը մի քանի անգամ ավերել է: 1918 թվականին օսմանյան և մուսավաթական ուժերի հրետակոծության հետևանքով Վարազաբուն գյուղում և հարևան Նախիջևանիկում բազմաթիվ տներ հիմնովին ավերվել կամ հրդեհվել են։ Խորհրդային ժամանակաշրջանում գյուղը, բնականաբար, խաղաղ է եղել:
Այդ շրջանում է կազմակերպվել գյուղի կոլտնտեսությունը, մարդիկ զբաղվել են խաղողագործությամբ, հացահատիկի մշակմամբ, զարգացել է գյուղի դպրոցն ու տնտեսական կյանքը: Վարազաբունն ունի նաև Արանզամին անունը:
Կան նաև վարկածներ այն մասին, որ հնում բնակավայրը եղել է հայ իշխանների ամառանոցավայրը:
Սակայն գյուղի ամենաարյունալի օրերը եղել են Արցախյան առաջին պատերազմի շրջանում: 1991 թվականի դեկտեմբերին ադրբեջանական ուժերը հարձակվում են Ասկերանի ուղղությամբ, օկուպացնում մի շարք գյուղեր:
Արդեն իսկ 1992 թվականին՝ Շուշիի ազատագրման օրը, ադրբեջանական ուժերը նոր գործողություններ են իրականացնում Ասկերանի ուղղությամբ, հարձակվում են նաև Վարազաբուն գյուղի վրա և իրականացնում իրենց բնորոշ ոճրագործությունը խաղաղ բնակչության նկատմամբ:
Այդ օրվա մանրամասների մասին կարողանում ենք տեղեկանալ 1993 թվականին գրված մի դիմումից: Ստորև ներկայացնում ենք դիմումն ամբողջությամբ, որտեղ մանրամասն ներկայացվում են 1992 թվականի մայիսի 10-ի արյունալի իրադարձությունները.
«ԼՂՀ Ստեփանակերտի քաղխորհրդի նախագահ՝ ընկեր Յ. Բ. Ներսիսյանին
Ասկերանի շրջանի Արանզամին գ. բնակիչ՝ փախստական, 57 տարեկան Հրանտ Մովսեսի Հակոբյանից
Դիմում
Սույնով հայտնում եմ Ձեզ, առ այն, որ ես իմ ընտանիքով մեկտեղ աշխատում և ապրում էինք գյուղում: Ընտանիքս բաղկացած էր երեք հոգուց՝ ես՝ Հրանտ Մովսեսի Հակոբյանս, ծնված 1935 թ., աշխատում էի Նախիջևանիկի միջ. դպրոցում որպես տնտեսվար:
2. Կինս՝ Բաղդասարյան Նադյա Սուրենի, ծնված 1935 թ., աշխատում էր որպես բուժկետի վարիչ և փոքրիկ աղջիկս՝ Անահիտ Հրանտի Հակոբյան, ծնված 1975 թ., սովորում էր Նախիջևանիկի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում: Մեզ հետ էին ապրում զոքանչս՝ ծնված 1911 թ., պենսիոներ՝ ամուսինը զոհված Մեծ Հայրենականում և հորեղբորս աղջիկը՝ Փառանձեմ Նիկոլայի Հակոբյանը, ծնված 1920 թ., բժիշկ-պենսիոներ, Բաքվից փախած:
1992 թ. մայիսի 10-ին, երբ մեր մայրաքաղաք Ստեփանակերտում ուրախ նշում էին Շուշիի հաղթանակը, թուրքերը 8 տանկով, մի քանի զրահամեքենայով և մոտ 400 հոգով մտան Դահրազ-Աղբուլաղ և Արանզամին գյուղերը:
Շատերը թողել էին գյուղը, հեռացել՝ առանձնապես կանայք և երեխաները: Երբ մերոնց ասում էի՝ դուք էլ հեռացեք, արդեն թուրքերը Աղբուլաղ գյուղում են, նրանք ինձ պատասխանում էին՝ մենք բժիշկներ ենք և իրավունք չունենք դուրս գալու, մնում ենք, որպեսզի կապենք վիրավորների վերքերը, իսկ 3-րդը՝ զոքանչս, մեծահասակ էր և գյուղից հեռանալ չէր կարող:
Թուրքերը գերուժով մտան մեր գյուղը՝ Արանզամինը: Մենք չկարողացանք դիմադրել, կռվում էինք գյուղի չորս կողմից, սակայն անարդյունք: Իմ աչքի առաջ կորցրեցինք մեր բակում գտնվող անասունները, թալանեցին տունը, վառեցին այն և թուրքերը գյուղից տարան 10 կին, որից 3-ը մեր տնից, մինչև օրս արդեն 10 ամիս է անհայտ կորած, ոչ մի տեղեկություն չունենք:
Այդքանից հետո շարունակեցինք մնալ գյուղում մինչև հունիսի 12-ը։ Երբ մերոնք մեզ հույս էին տալիս և ասում էին․ «Արդեն մենք ենք հարձակվելու և մինչև Բարդա․ «Անահիտի» աղբյուրը պիտի վերցնենք։ Սակայն թուրքերը նորից էին թարմացնում իրենց ուժերը, հունիսի 12-ին մեծ մասշտաբով հարձակվելով վերցրեցին Ասկերանի շրջանի 5 գյուղեր՝ Դահրազ, Աղբուլաղ, Արանզամին, Փիրջամալ, Նախիջևանիկ, որտեղ և մնացին մոտ 3 ամիս։ Բացի երիտասարդ կռվողներից, գյուղում ոչ մեկը չմնաց։ Աղջկաս հետ եկանք քաղաք Ստեփանակերտ։
Ապրելու տեղ գտանք Լենինի 21 փողոցի համար 30 տանը։ Մեկ սենյականոց բնակարանում, որը պատկանում էր մեր բարեկամ Իզաբելա Ասլանյանին՝ 81 տարեկան-պենսիոներ։ Ինքը օգնության ու խնամակալի կարիք է զգում, իսկ մենք՝ տան։ Ուստի իր համաձայնությամբ խնդրում ենք մեզ գրանցեք Իզաբելա Ասլանյանի տանը, մինչև մեր գյուղերի վերականգնումը։ Հույսով եմ, որ դիմումս չեք մերժի։
Դիմող․՝ Հրանտ Հակոբյան,
10․03․93․ թվական»։
(Այս փաստաթղթին ժամանակին կարողացել ենք ծանոթանալ Ստեփանակերտի Ազգային արխիվում՝ 2017 թվականին):
1992 թվականից հետո գյուղն ազատագրվեց հայկական ուժերի կողմից: 2020 թվականի պատերազմի ժամանակ Վարազաբունը շարունակեց մնալ Արցախի Հանրապետության կազմում: 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած պատերազմից հետո գյուղն օկուպացվեց թշնամու կողմից: Այս բացառիկ նամակը փաստում է այն իրողությունը, որ թշնամին բոլոր ժամանակներում չի կորցրել իր ձեռագիրը:
Նրա գենետիկայի և բնության մեջ է դրված հայ մարդուն դաժանորեն սպանելը և գերեվարելը: Եվ այդպես լինելու է միշտ:
Զ. Շուշեցի
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Kalantarian Kevo. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/11/168-%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9-%d5%b8%d5%b3%d6%80%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d6%81%d6%80%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%a4/