Հոկտեմբեր 11, 2026
90-ականների դժվար տարիներից մինչև սեփական երաժշտական նախագծի ստեղծում․ երաժիշտ և պրոդյուսեր Արթուր Ալիխանյանի ճանապարհը սկսվել է այն ժամանակ, երբ երաժշտությամբ զբաղվելը շատերի համար պարզապես մասնագիտություն չէր համարվում։
Ալիխանյանը պատմում է, որ ընտանիքում երաժշտությունը միշտ կարևոր տեղ է ունեցել, սակայն մասնագիտության ընտրության հարցում ծնողների համար առաջնային էր կայուն ապագան։
«Երբ ընտրում էինք երաժշտություն, մեր ծնողները, մեծերը մշտապես ասում էին՝ երաժշտությամբ տուն պահել հնարավոր չէ»,- 168TV-ի «Ռանդևու» հաղորդաշարի ժամանակ պատմեցէ նա։
Երաժշտության հանդեպ սերը, սակայն, ավելի ուժեղ էր։ Արթուր Ալիխանյանը հիշում է, որ փոքր տարիքից երազում էր երաժշտական գործիք ունենալու մասին և նույնիսկ ծնողներին խնդրել էր մի քանի տարի ծննդյան նվերներ չգնել, որպեսզի կարողանա հասնել իր նպատակին։
Հետագայում նա հայտնվել է ընտրության առջև՝ բժշկությո՞ւն, թե՞ երաժշտություն։ Բանակից վերադառնալուց հետո նա վերջնական որոշում է կայացրել.
«Արդեն ասացի՝ բավականին մեծ եմ, 20 տարեկան, ու կարող եմ ես ինքս ինձ համար որոշումներ կայացնել։ Ցտեսություն ասացի բժշկությանը, հետ վերադարձա երաժշտություն, որովհետև մեծ մագնիս էր, որ կանչեց»։
Սակայն երաժշտական ճանապարհը նույնպես հեշտ չէր։ Ռեստորաններում աշխատելու տարիներին երաժիշտները նույնիսկ կայուն աշխատավարձ չունեին․ նրանց եկամուտը հաճախ ձևավորվում էր պատվերներից։
«Առաջին դժվարությունը գիտե՞ս որն էր, որ գնում էինք ռեստորան գործի ու աշխատավարձ չէինք ունենում»,- հիշում է նա։
Ալիխանյանը նշում է, որ սկսել է այն ժամանակ, երբ մեկ երաժշտական պատվերի դիմաց վճարվում էր ընդամենը 500 դրամ։ Հետագայում գումարը հասել է 5000 դրամի։
Այդ տարիներն էլ, նրա խոսքով, ձևավորեցին իր հիմնական սկզբունքը՝ տարբերվել։
«Եթե իմ կոլեգաները, իմ ընկեր երաժիշտները նվագում էին իքս ժանրի մեջ, ես նվագում էի իգրեկ ժանրի մեջ։ Ասում էի՝ պիտի տարբերվենք»։
Ալիխանյանի համար հատկապես կարևոր թեմա է ռեստորանային երաժշտության որակը։ Նա չի ընդունում այն մոտեցումը, թե ռեստորանում հանդիսատեսին պետք է մատուցել միայն հեշտ ընկալվող և ցածր պահանջներ ունեցող երաժշտություն։
«Հասարակության այդ ձևավորված կարծիքին, որ սիրում է սա, պիտի տաս սա, թե չէ սոված կմնաս, ես դեմ եմ եղել ի սկզբանե»,- ասում է նա։
Նրա համոզմամբ՝ հնարավոր է միաժամանակ և՛ աշխատել, և՛ հանդիսատեսին ներկայացնել որակյալ երաժշտություն.
«Բազմիցս ապացուցել եմ, որ հնարավոր է ստեղծել մի երգացանկ ու միջավայր, մի մթնոլորտ, որը նաև կգնահատվի, կարելի է դրա տակ նաև պարել, գինովնալ, իհարկե, և վայելել երեկոն»։
Ալիխանյանը քննադատում է նաև հայկական երգացանկում օտար երաժշտության գերակայության միտումը՝ շեշտելով, որ հայկական երաժշտական ժառանգությունն ունի բավարար ներուժ.
«Մենք ունենք հրաշք երգեր, հրաշք կոմպոզիտորներ, թեկուզ, ինչո՞ւ չէ, հրաշք էստրադային արտիստներ, որ կարելի է կատարել»։
Այս գաղափարների շուրջ էլ, նրա խոսքով, ձևավորվեց «Ալիխանյան Պրոյեկտը»։ Նախագիծը նրա համար միայն բիզնես չէ․ այն նաև երաժշտական ճաշակ փոխանցելու փորձ է։
«Ես հասկացա, որ պետք էր ոչ միայն ստուդիաներ, ոչ միայն փորձասենյակներ և ոչ միայն գումար վաստակել, այլ նաև ինչ-որ բան անել, ինչ-որ արժեքավոր բան, և այդ նույն ճաշակը փոխանցել»։
Ալիխանյանը կարևորում է նաև թիմային աշխատանքի սկզբունքը։ Նրա խոսքով՝ ինքը բեմում թիմի անդամ է և չի փորձում իր դերը մյուսներից վեր դասել։
«Ես թիմի մի մասնիկն եմ։ Ես բեմի վրա թիմի մի մասնիկն եմ»։
Միևնույն ժամանակ նա ընդգծում է աշխատանքի ճիշտ բաշխման կարևորությունը.
«Չի կարելի, որ մարդ զբաղվի բոլոր գործերով։ Ես չեմ կարա լինեմ և՛ լավ գործիքավորող, և՛ լավ պրոդյուսեր, և՛ կազմակերպիչ, և՛ լավ երաժիշտ։ Իմ համար ընդունելի է, որ ամեն մարդ զբաղվի իր գործով»։
Ալիխանյանը խոսում է նաև ժամանակակից երաժշտական դաշտի խնդիրների մասին։ Նրա գնահատմամբ՝ այսօր երաժշտության մեջ հաճախ պակասում են բարդությունը, խորիմաստ տեքստը և ներդաշնակությունը.
«Չկան բարդ երաժշտություններ, չկան բարդ, խորիմաստ տեքստեր, գրեթե չկան։ Կարող է շատ գլոբալ եմ հիմա խոսում, բայց մեծամասնության մասին եմ ասում»։
Խոսելով մրցակցության և իր աշխատանքի կրկնօրինակման մասին՝ Ալիխանյանը նշում է, որ իրեն չի անհանգստացնում, երբ ուրիշները փորձում են կրկնել իրենց գաղափարները։
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել էդ քոփի անող բոլոր խմբերին։ Դա ես դիտարկում եմ՝ ինչ-որ մի փոքր աստիճան մենք առաջ ենք գնացել, որ մեզ կարելի է կրկնօրինակել»։
Միաժամանակ նա ընդգծում է, որ սեփական տեսակը փոխել չի պատրաստվում.
«Տեսակը երբեք չի փոխվում, չես կարող փոխվել։ Փոխում ես կոնցեպցիայի պարունակությունը, բայց հիմքը, սյուները, էդ ամեն ինչը մնում է»։
Անդրադառնալով ոլորտում միջնորդների և կազմակերպիչների հետ հարաբերություններին՝ երաժիշտը նաև մի կարևոր սկզբունք է ներկայացնում․ իր խոսքով՝ նախագծում կատեգորիկ արգելված է պատվիրատուից սեփական հոնորարից ավելի գումար վերցնելը.
«Մեզ մոտ կատեգորիկ արգելված է մեր հոնորարից ավել հոնորար վերցնելը հաճախորդից»։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Karakhanian Suren. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/11/%d5%bd%d5%b8%d6%82%d5%bf-%d5%a7-%d5%b8%d6%80-%d5%a5%d5%a9%d5%a5-%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d6%80%d5%a4%d5%ab%d5%b6-%d5%b9%d5%bf%d5%a1%d5%bd-%d5%ab%d6%80-%d5%b8%d6%82%d5%a6%d5%a1%d5%ae-%d5%a1/