Հոկտեմբեր 11, 2026
«Բացառվում է, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում նոր ընտրություններ անի։ Գյումրին Առուշ Առուշանյանը չէ, որ ՔՊ-ի ցուցակով առաջադրվի կամ կոալիցիա կազմի։ Ասում եմ՝ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չունի, մենք ասել ենք՝ ախպեր ջան, Գյումրիում «զադնի» դնող չկա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գյումրեցի ֆերմեր, հասարակական գործիչ Գևորգ Ավագյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններին, որ Գյումրիում պետք է հնարավորինս արագ արտահերթ ընտրություններ տեղի ունենան։
Մեր զրուցակցի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե Գյումրում պետք է արտահերթ ընտրություններ լինի և հարցն իր ուշադրության կենտրոնում է։ Ընտրությունների մասին մտածելու փոխարեն, ըստ Գևորգ Ավագյանի, լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանն իր ուշադրության կենտրոնում պահի կարևոր հարցերը։
«Գյումրեցին թասիբ ունի, չի կարող գնալ ու Նիկոլ ընտրել։ Այստեղ որևէ մեկը չի կարող խաղեր տալ ու իրենց հետ համագործակցել։
Իրենց 3 հոգի ավագանի է պետք, որպեսզի ՔՊ թեկնածու առաջադրեն, ոչ մի խմբակցություն իրենց ձայն չի տա, մարդ կա՝ կալանքի տակ է, մարդ կա՝ վարչական հսկողության, հարյուրավոր մարդկանց մասին է խոսքը, բոլորը պատրաստ են նստելու, բայց ՔՊ-ին իշխանություն չեն տա։ Առուշ Առուշանյանի նման կոմպրոմիսի չեն գնա, Ռոբերտ Քոչարյանը թող հենց սրա մասին մտածի, որ ասում էր՝ Առուշը մեզ հետ է, բայց հիմա Ռոբերտ Քոչարյանն ո՞ւր է, հիմա Առուշն ո՞ւմ հետ է։ Ցավալի է, որ հիմա հասել ենք այնտեղ, որ Սյունիքի համայնքապետերի մեծ մասը «թռան»»,- շեշտեց նա։
Ըստ նրա, մարդը պետք է «պրինցիպներ» ունենա և չմիանա կամ ընտրի մի մարդու, ով Արցախ է հանձնել կամ Տիգրանաշենը չի ճանաչում ՀՀ տարածք։
«Ինչ-որ առումով ես մեղադրում եմ նաև խորհրդարանական ընդդիմությանը, պետք է խորհրդարան չգնային, թողներ Նիկոլին միայնակ, թող ամեն օր դուրս գար ԱԺ ամբիոն ու խոսեր։ Եթե չգնային խորհրդարան, ապա հենց Նիկոլի ընտրողներն էլ իրեն կհեռացնեին իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանին «պարոն»-ով էլ դիմում են, դրա համար չպետք է գնային խորհրդարան, որ տեսնեին՝ այս «ժողովրդավար» Հայաստանը խորհրդարան չունի։ Թող Նիկոլին մենակ թողնեին, որ այս երկրի գլխին ինչ բերել է, ընդդիմությանը չդարձներ իր հետ հավասար պատասխանատու»,- շեշտեց Գևորգ Ավագյանը։
Խոսելով Սյունիքում զինված ադրբեջանցու հայտնվելու և Շաքիի բնակչուհու վրա կրակելու մասին, Գևորգ Ավագյանը շեշտեց՝ հետաքրքիր է, թե ինչով է զբաղված ԱԱԾ-ն ու իրավապահ համակարգը։
«Խոսում են խաղաղության մասին, սա՞ է իրենց խաղաղությունը»,- ընդգծեց Գևորգ Ավագյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններից հետո, հունիսի 10-ին էր Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ եթե անհրաժեշտ է, ապա Գյումրիում պետք է հնարավորինս արագ արտահերթ ընտրություններ իրականացնեն։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Ara Felekian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/11/%d5%a1%d5%bd%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6%d6%84%d5%9d-%d5%a1%d5%ad%d5%ba%d5%a5%d6%80-%d5%bb%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4%d6%80%d5%ab%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a6%d5%a1%d5%a4%d5%b6/