Սեպտեմբեր 30, 2026
168 TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն է։
Իրավաբանը բացահայտում է, թե ինչու է Ադրբեջանն այդքան կատաղի պայքար մղում միջազգային ատյաններում հայկական կողմի հաղթանակների (մասնավորապես՝ Հայկ Թորոյանի գործի) դեմ, և ինչու է Բաքուն շահագրգռված, որ Հայաստանը հետ վերցնի միջազգային հայցերը։ Արա Ղազարյանը մանրամասնում է նաև արցախցիների՝ միջազգային դատարաններ դիմելու կարևորությունը՝ որպես հայրենիքի և թողած գույքի վերադարձի միակ գործուն երաշխիք, ինչպես նաև անդրադառնում է գերիների վերադարձի հարցում անելիքներին և եկեղեցու ինքնավարության նկատմամբ պետության անթույլատրելի միջամտություններին։
Արա Ղազարյանի հնչեցրած մի շարք արձանագրումներ՝ ստորև
- Հայկ Թորոյանի վճռի բողոքարկմամբ նաև Ադրբեջանը ստրատեգիական հարց է ուզում լուծել, այնպիսի հարց, որը միջազգային իրավունքում քննարկման առարկա է, կայուն, հաստատված մոտեցում դեռ չկա, որովհետև պատերազմի գործիքները, տեխնոլոգիաներն անընդհատ փոփոխվում են, ինչն իրավական չափանիշներում փոփոխություններ է բերում։
Ադրբեջանը, նման պետությունները, որոնք ագրեսիվ քաղաքականություն են վարում, նախևառաջ փորձում են ցույց տալ, որ իրենց գործողություններն օրինական են, լեգիտիմ և օգտվում են միջազգային իրավունքում առկա բացերից`վակուումներից։ Օրինակ, նույն 2020 թվականի, 2023 թվականի պատերազմում անառարկելի է, չէ՞, որ քաղաքացիական բնակչների նկատմամբ զենք է կիրառվել, բայց Ադրբեջանը փորձում է դա ներկայացնել, թե իրենց մտադրությունը եղել է թիրախային հարվածներ հասցնել ռազմական օբյեկտներին, ու իրենք մեղավոր չեն, որ այդ ռազմական օբյեկտների մոտ կան բնակելի շենքեր։
- Կա՞ գործնական լծակ, որպեսզի ստիպենք Ադրբեջանին վճիռները կատարել, ոչ։ Բայց կան գործնական լծակներ, որոնք թույլ չեն տալի Ադրբեջանին ուղղակիորեն հայտարարել, որ մենք վճիռը չենք կատարելու։ Ադրբեջանը վախենում է քաղաքական սանկցիաներից։ Ընդհանրապես, ամեն մի փոքրիկ սանկցիան նրանց կողմից արժանանում է մեծածավալ հակազդմանը։
Ինչո՞ւ է Ադրբեջանը վախենում այդպիսի սանկցիաներից, որովհետև կարող է բացահայտվել, որ Ադրբեջանը վարել է ահաբեկչական պատերազմ Արցախի դեմ, ինչն այդպես էլ կա։ Բայց Ադրբեջանը վախենում է դատական որոշումներից, դրա համար էլ ստիպել է Հայաստանի իշխանություններին, որ հետ վերցնենք միջազգային դատարան ներկայացրած դիմումները, քանի որ ամեն դատական ակտդ որևէ փաստի աներկբա հաստատումն է։ Իսկ դա դառնում է արդեն պատմական փաստ, և դրա դեմ Ադրբեջանի կողմից շատ դժվար կլինի պայքարել հրապարակախոսական արտահայտություններով, անորոշ ինչ-որ նարատիվներով։ Դու չես կարող հերքել դատական ակտը, և Ադրբեջանը վախենում է դատական ակտերից։
Ու Թորոյանի այս գործը կարևոր է նրանով, որ հաստատում է՝ Ադրբեջանը 2016 թ.-ին վարել է ոչ թե պաշտպանական, այլ հարձակողական պատերազմ և կիրառել է անօրինական պատերազմի միջոցներ, գործիքներ, հետևաբար, փորձում է ազատվել այս դատական ակտից։ Բայց եկեք հիշենք, որ մենք 22 վճիռներ ենք սպասում ի հավելումն սրա, որը նույնպես վերաբերում է մոտավորապես նման ռազմական հանցագործություններին։
- Եթե արցախցիները դիմեն միջազգային տրիբունալներին, այս պահի դրությամբ մենք 2 տրիբունալ կարող ենք մատնանշել, ապա գոնե կունենան երաշխիք, որ ապագայում, եթե տրիբունալները որոշում կայացնեն, որ խախտվել է արցախցիների իրավունքը, նրանց գործը կլինի այն ցուցակներում, որ հետո պետք է ներկայացվի Ադրբեջանին, պահանջվի, որ Ադրբեջանը ստեղծի ռեպարացիոն մարմին, որ հայերին փոխհատուցի։ Սաէ նվազագույնը, իսկ մաքսիմումը՝ որ պետք է ստեղծի անվտանգ և արժանապատիվ պայմաններ, որ այն հայերը, ովքեր ուզում են վերադառնալ իրենց հայրենիք, նրանք վերադառնան։
Մենք գիտենք, որ Ադրբեջանը դա չի ցանկանում և փորձելու են ամենատարբեր հակակշիռներով նման պահանջները, նման պահանջների իրավական ուժը կամ քաղաքական ուժը նվազեցնել։ Բայց եթե դատական ակտ կա, արդեն շատ դժվար է դատական ակտի դեմ պայքարելը։ Դրա համար ես կոչ եմ անում բոլոր արցախցիներին` եթե այնտեղ թողել են գույք, ապա իրենց ուժերով կամ փաստաբանների միջոցով անպայման իրենց գանգատը ներկայացնեն՝ կա՛մ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, կա՛մ Մարդու իրավունքների կոմիտեն ապագայում։
Այս պահի դրությամբ մեր աշխատանքային խմբին հաջողվել է 1000–ից ավելի դիմում ներկայացնել։ Մենք աշխատում ենք Արտակ Բեգլարյանի և Սիրանուշ Սահակյանի հետ։ Իմ իրավաբանական գրասենյակում հունիս ամսից արդեն ամեն օր ընդունում եմ Արցախից ընտանիքներ։ Մեր աշխատակիցներն ապացույցներն ընդունում են, ամրագրում են, գանգատ ենք մշակում և ուղարկում ենք Եվրոպական դատարան։ Ամեն օր մեր գրասենյակում այդ աշխատանքը կատարվում է։ Դրա համար մենք շատ լավ տեղյակ ենք արցախցիների տրամադրություններից, թե ինչ են նրանք մտածում, և դա չի համապատասխանում նրան, ինչ որ հայտարարվում է․ նրանք երազում են իրենց հայրենիք վերադառնալ, նրանք իրենց իրավունքները պաշտպանում են, և այն, որ ամեն օր գալիս են մեր գրասենյակ, անխոս դա ցույց է տալիս, որ իրենք ձեռնաթափ չեն եղել։
Քանի դեռ խաղաղության պայմանագրում չկա մեխանիզմ՝ վերադարձի և բռնագրավված գույքի փոխհատուցման, միջազգային տրիբունալները կընդունեն գանգատներ։ Այս պահի դրությամբ մենք ունենք բազմաթիվ գանգատներ, որոնք արդեն գրանցված են, և գործին համար է տրված։ Այսինքն` քանի դեռ այս 2 պետությունները գործուն մեխանիզմներ չեն առաջարկել միջազգային հանրությանը և տեղահանված բնակիչներին, իսկ այս պահի դրությամբ տեղահանված ադրբեջանցիներ չկան, կան միայն տեղահանված հայեր, այսինքն` իրավիճակն այլևս սիմետրիկ չէ, ինչպես Ադրբեջանը 30 տարի փորձել է ներկայացնել և մինչև հիմա էլ, գիտեք, փորձում է ներկայացնել։ Այնտեղ չկա մարդ, որ ուզենա վերադառնալ իր հայրենիք, ասենք` Աղդամ, կամ Ֆիզուլի և այլն, ու չկարողանա։ Իսկ Հայաստանում 100 000–ից ավելի մարդ ուզում է վերադառնալ իր հայրենիք, բայց հնարավորություն չունի, որովհետև Ադրբեջանը թույլ չի տալիս։
- Ամենատարբեր պրոցեսներ կան հայ գերիների վերադարձի ուղղությամբ, որ պետք է կիրառվեն՝ քաղաքական պրոցես, քաղաքական բանակցություններ, դիվանագիտություն, ջատագովություն, իրավական գործընթացներ։ Իրավական գործընթացներով հիմնականում Սիրանուշ Սահակյանն է զբաղվում՝ իր փոքրիկ ռեսուրսներով։ Քաղաքական գործընթաց գուցե կա, բայց ամբողջությամբ գաղտնի է։ Գուցե բանակցություններն ընթանում են, բայց որևէ տեղեկատվություն չկա։ Հայաստանում քաղհասարակությունը կարծես թե կիսվել է 2 մասի, և այն մեծամասնությունը, որ առաջ ակտիվ էր, հիմա չկա․ շատ փոքր թվով իրավապաշտպաններ կան, որ անընդհատ իրենց ձայնը բարձրացնում են, բայց նրանք էլ շատ սուղ ռեսուրսներ ունեն։ Մենք տեղյակ չենք նաև, թե արդյո՞ք դիվանագիտական ինչ-որ գործընթացներ գերիների վերադարձին վերաբերում է, թե՞ ոչ․ դարձյալ ինֆորմացիա չկա։
- Մինչդեռ, եթե 2 երկրները ձգտում են խաղաղության, պետք է որ սկսեն երկխոսել իրար հետ, բայց Ադրբեջանի կողմից ռազմատենչ հայտարարությունները շարունակվում են, Հայաստանի իշխանությունների կողմից անգործությունը շարունակվում է։ Գուցե իսկապես գործընթացներ գնում են, բայց մենք չգիտենք։
- Իրավական գործընթացները մասնավոր մի քանի խմբերի կողմից են առաջ տարվում, բայց այդ խմբերն էլ շատ քիչ են և սահմանափակ ռեսուրսներ ունեն։ Օրինակ` Հայաստանում հսկայական փաստաբանական կորպուս կա․ քանի՞ փաստաբան է, կամ քանի՞ փաստաբանական գրասենյակ է ուզում իր եկամուտներից մի փոքրիկ մաս հատկացնել, ասենք, արցախցիների իրավունքների պաշտպանությանը։
- Ադրբեջանը խոսում է վերադարձի իրավունքի մասին, երբ այնտեղ ոչ ոք չի ուզում Հայաստան վերադառնալ․ որպեսզի այդ վերադարձի ցանկությունը լինի ազնիվ և բարեխիղճ, առաջին հերթին մարդը պետք է Հայաստանը համարի իր հայրենիքը։ Քանի՞ հոգի Ադրբեջանում Հայաստանը կհամարի իր հայրենիքը։ Շատ քիչ թվով մարդիկ են։ Այս ամբողջը զուտ գործադիր իշխանության կողմից հորինված թեզ է։ Ադրբեջանի գործադիր իշխանությունը ֆինանսավորում է տարբեր կառույցները, որպեսզի իրենք անընդհատ այդ խոսույթները զարգացնեն, և, ի վերջո, այդ սուտն ընկալվի որպես ճշմարտություն, մանավանդ, որ հայերը լռում են։ Ճիշտ է, իրավական կոնտեքստում դա չի հաջողվում, որովհետև իրավաբանությունն ավելի ճշգրիտ է, քան, ասենք, քաղաքականությունը, դրա համար Ադրբեջանն անընդհատ պարտվում է այդ հարթակում։
- Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին՝ որպես կազմակերպություն, առաջին հերթին պետք է մոտենալ դրան որպես համայնք, հավատացյալների համայնք։ Իրավական մոտեցումը հենց թեկուզ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի ներքո և նախադեպային իրավունքի ներքո այս բոլոր հարցերին մոտենում է համայնքի իրավունքների տեսանկյունից, իսկ կազմակերպությունը դա ընդամենը գործիք է, որպեսզի համայնքը կարողանա պաշտպանվել պետությունից։
Համայնքը որպեսզի կարողանա պետությունից պաշտպանվել, պետք է պետությունը երաշխավորի մի շատ կարևոր իրավունք`ավտոնոմ ինքնավարությունը։ Սա իրավունք է, սա մարդու իրավունք է, ինքնավարությունը համայնքային է, և կան հարցեր, որ համայնքն իր ներսում ինքն է ուզում լուծել, այլ ոչ թե գործադիր իշխանությունը։ Հետևաբար, երբ գործադիր իշխանությունը փորձում է այս հարցերին միջամտել, իր սեփական տեսլականներն առաջարկել կամ գործուն միջոցներ ձեռնարկել, սա միջամտություն է համայնքի նկատմամբ։ Եվրոպական դատարանն այդ հարցերն այդպես է տեսնում, կարգավորում և նշում է, որ դա անթույլատրելի է։
- Թեկուզ մեզ մոտ կալանքի ցուցանիշը ցածր է՝ 14.5 տոկոս, բայց Եվրոպական դատարանը շարունակում է արագացված կարգով, պարզեցված ընթացակարգերով կալանքի վերաբերյալ վճիռներ արձակել, ասելով, որ Հայաստանում տարածված են կալանքի որոշումների ձևական, ստերեոտիպային, կարծրատիպային պատճառաբանությունները։
Հասարակական մեծ հնչեղություն ունեցող, մանավանդ քաղաքական աստառ ունեցող գործերով դատաքննության ժամանակ կիրառվում է կալանք։ Նախաքննության հենց սկզբից կիրառվում է կալանք՝ այն էլ գործեր, որոնք 10, 15, 20 տարի առաջ են տեղի ունեցել։ Այսինքն՝ կալանքի անհրաժեշտությունն էլ ավելի պակաս է, որովհետև եթե ինչ-որ բան պայմանավորվեին, արդեն պայմանավորված կլինեին, եթե փախուստի ցանկություն լիներ, արդեն փախուստի դիմած կլինեին։ Այսինքն` կալանքն այդ գործերով ավելի նվազ կարևորություն է, քան դեպքերը, որոնք հենց այս պահին են տեղի ունեցել։
Ես, օրինակ, մի գործ ունեի, որով մի անձի ուզում էին հանձնել Հայաստանին, և Անգլիայի դատավորը մերժեց Հայաստանի միջնորդությունը․ գիտե՞ք ինչ հիմքով՝ բառացիորեն ասեց հետևյալը`չափազանց ճնշող և անարդար կլինի հանձնել մի մարդու մի երկրի այնպիսի քրեական գործով, որը 10 տարվա վաղեմություն ունի։ Այսինքն` հին քրեական գործով։
- Եվրոպական դատարանում գտնվում է 2 գործ, որը վերաբերում է բացառապես Գագիկ Խաչատրյանի առողջությանը` կյանքի իրավունք և խոշտանգումների արգելք։ Այս 2 հոդվածների ներքո արդեն քննվում է․ 7 տարի նրա առողջական վիճակը միայն բացասական դինամիկա է ցույց տալիս, և 7 տարի 35 խումբ բժշկական փաստաթղթեր ամենատարբեր բժիշկների, հիվանդանոցների կողմից անընդհատ վկայում են, որ դա վտանգավոր հիվանդություն է, պետք է շտապ վիրահատական միջամտություն, հակառակ դեպքում՝ նրա կյանքը վտանգվում է։
Բայց հանկարծ օգոստոս ամսին տեղի ունեցավ հրաշք, մի խումբ բժիշկներ որոշեցին, թե՝ ոչ մի հիվանդություն էլ չունի։ Եթե դու սա համադրում ես այդ մեծածավալ բժշկական տվյալների հետ, վստահություն չի ներշնչում․ այդ ո՞ւր կորավ նրա հիվանդությունը՝ բուժվե՞ց, վիրահատությո՞ւն տեղի ունեցավ, դատաբժիշկները դրան պատասխան չեն տալու, ուղղակի ասում է, որ հիվանդություն չունի, և վերջ։
Փաստն այն է, որ այսօր այդ մարդը պառկած վիճակում է և երեկ էլ է պառկած վիճակում եղել, և 10 օր առաջ էլ, և 20 օր առաջ էլ․ կալանավայրում նա ամբողջ օրը պառկած է։ Այս հիմքով մենք նոր գանգատ ենք ներկայացրել Եվրոպական դատարան, բայց Եվրոպական դատարանն առայժմ դեռ որոշեց հրատապ միջոց չկիրառել, այլ շարունակել գործի քննությունը։ Մի գործը քննվում է արդեն 7 տարի, մյուսն էլ՝ 2 տարվա վաղեմություն ունի։
Եթե կա որևէ փաստ, որի հիման վրա այդպիսի որակում է տրվել (սիմուլյանտ), ապա լավ կլիներ հրապարակվեր այդ փաստը, եթե մինչև հիմա չի հրապարակվել` այդ փաստը չկա։ Հետևաբար՝ ես չգիտեմ ինչի հիման վրա։ Ցավում եմ, որ նման արտահայտություններ են հնչել. այն բժշկական փաստաթղթերը, որ մեր տրամադրության տակ են, բոլորին այլ բան են ասում, և այդ փաստաթղթերը, ի դեպ, դեռ ոչ մեկը չի հերքել:
Մանրամասները՝ տեսանյութում
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Kalashian Nyrie. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/01/%d5%af%d5%b8%d5%9b%d5%b9-%d5%a5%d5%b4-%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d6%81%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a5%d5%b6/