Սեպտեմբեր 30, 2026
2020 թվականին Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած մարտերը և հայկական հաղթանակը Բաքվի քննարկումների օրակարգից դեռևս լիովին դուրս չի մղվել:
Հուլիսյան մարտերի թեման քննության առարկա է դարձել ադրբեջանական «դատավարության» ընթացքում, ընդ որում՝ չեն անտեսվել անգամ դրանից շատ տարիներ առաջ հայկական զինված ուժերի՝ ադրբեջանական դիվերսիաների հետմղման և պատժիչ գործողությունները:
Եվ սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը մի քանի տարի է, ինչ անցյալում է թողել հուլիսյան հայկական հաղթանակը. այդ ժամանակ ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Գրիգորի Խաչատուրովը, այդ օրերի ռազմական ղեկավարները՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը վաղուց հեռացված են բանակից, հայկական կողմի դիրքային նվաճումներն էլ՝ դեռևս պիլոտային սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում որոշակիորեն ոչնչացված:
Բայց առջևում այս պրոցեսի երկրորդ փուլն է. Բաքուն հայտարարել է, որ Երևանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի հաջորդ փուլը սկսվելու է հյուսիսից հարավ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից, այսինքն, Տավուշից: Իհարկե, այս ընթացքում իշխանության ներկայացուցիչներից՝ ի դեմս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանի, որն անցած տարի փորձում էր համոզել, որ հուլիսյան մարտերը բանակցային իրավիճակ են փոխել, ավելի ճիշտ՝ ձախողել են եղած բանակցային գործընթացը, և մեղադրական սլաքն ուղղում էր զինվորականությանը: Զավեշտ:
Այլ հարց է, որ 2020թ. հուլիսյան մարտերի իրական «արժեքը», հնարավոր է, ամբողջովին ուսումնասիրված չէ, և այն չի սահմանափակվում միայն դիրքայի բարելավմամբ և Ադրբեջանի զինված ուժերի բարձրաստիճան զինվորականների չեզոքացմամբ, եթե հաշվի ենք առնում այդ օրերին Ադրբեջանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները, այդ ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի սպառնացող հայտարարությունը, որով խոստանում է պատժել հայերին հուլիսյան մարտերում տեղի ունեցածի համար, և նաև՝ ՀՀ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի մի առիթով արված գաղտնազերծումը, որ Արցախում 2020թ. պատերազմն Ադրբեջանը նպատակ է ունեցել ամռանը սկսել:
Բայց ամռանը՝ հուլիսյան մարտերից հետո տեղի ունեցան թուրք-ադրբեջանական զորավարժություններ Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում, որոնց «ազդեցությանը» 44-օրյա պատերազմի համատեքստում, ինչպես նաև Թուրքիայի ուղիղ մասնակցությանը պատերազմին և հենց Հուլուսի Աքարի դերակատարմանը մենք անդրադարձել ենք։
Նախիջևանյան զորավարժությունների ընթացքում թուրքական F16-ների վերաբազավորում էր տեղի ունեցել դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք, նաև՝ Ադրբեջանը «Բայրաքթարներ» էր տեղակայել Նախիջևանում, ինչից պարզ էր՝ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։
Նշվածի վտանգավորությունը հաշվի առնելով՝ այդ ժամանակվա ռազմական ղեկավարությունը, ինչպես գրել ենք, F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու նպատակով հանդիպումներ էր ունեցել Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Այլ հարց է՝որքանով է ի գիտություն ընդունվել նրանց կողմից հայկական բարձր մակարդակով զգուշացումները:
Իսկ օրերս հուլիսյան մարտերին է անդրադարձել անվտանգության և ռազմավարության հարցերով թուրք մասնագետ, ռազմական փորձագետ Աբդուլլահ Աղարը:
«Կարելի է վիճել այն մասին, թե որն էր Տավուշում տեղի ունեցած բախումների իրական նպատակը, սակայն շրջանի ռազմավարական նշանակությունը, որտեղ դրանք տեղի ունեցան, կասկած չի հարուցում։
Ղարաբաղյան պատերազմի մասին գրքի վրա աշխատելիս ես եկա այն եզրահանգման, որ Հայաստանի հավակնություններն այնքան հեռուն գնացող էին, որ որոշակի պահի կարող էին նույնիսկ Ադրբեջանի մասնատման փորձ ձեռնարկել (թեև մինչև հիմա Փաշինյանն Ադրբեջանում ներքաղաքական ցնցումների հանգեցնող կոնֆիդենցիալ տեղեկությունը գաղտնի է պահում.- Մ.Պ.)
Հենց այս համատեքստում, իմ կարծիքով, պետք է դիտարկել Տավուշի ռազմավարական հանգույցին հասցված հարվածը։
Ռազմական գործողությունները տեղի էին ունենում կասպյան էներգետիկ ռեսուրսների` համաշխարհային շուկաներ մատակարարումն ապահովող ենթակառուցվածքային օբյեկտների հարևանությամբ։
2016 թվականը նշանավորեց նախկին ռազմական հավասարակշռության տեղաշարժը, Տավուշում մեկ ռազմավարական կետում միավորվեցին ռազմական, էներգետիկ և տրանսպորտային գործոնները, իսկ 2020 թվականը նշանավորեց այս ամբողջ համակարգի անցումը նոր փուլ: Իհարկե, Տավուշը կամ այնտեղ տեղի ունեցածը 2020 թ. սեպտեմբերի 27-ի իրադարձությունների միակ պատճառը չէր, սակայն հուլիսյան բախումներից հետո նկատելիորեն ուժեղացավ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը, անցկացվեցին լայնածավալ համատեղ զորավարժություններ։ Սա էապես ազդեց տարածաշրջանային ռիսկերի գնահատման վրա»,- մանրամասնել է թուրք փորձագետը:
Այս համատեքստում հավելենք, որ շատ ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսյան մարտերի օրերին և դրա ֆոնին թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է իր պահանջը՝ կապված Մեծամորի ատոմակայանի հետ, իսկ Փաշինյանի իշխանությունը հրաման էր իջեցրել ՀՀ ԶՈՒ-ին, Արցախի ՊԲ-ին՝ չթիրախավորել Ադրբեջանի կամ այնտեղի օտարերկրյա ենթակառուցվածքները:
Ինչ վերաբերում է տավուշյան մարտերի հետ կապված Աբդուլլահ Աղարի պնդմանը, թե «ռազմական գործողությունները տեղի էին ունենում կասպյան էներգետիկ ռեսուրսների` համաշխարհային շուկաներ մատակարարումն ապահովող ենթակառուցվածքային օբյեկտների հարևանությամբ», հիշեցնենք դեռ 4 տարի առաջ «Ադրբեջանը զգուշացնում է՝ Տավուշի ուղղությունն իր համար ռազմավարական նշանակություն ունի, Կրեմլն իր նպատակներն ունի» վերտառությամբ հրապարակված մեր հոդվածը, երբ Տավուշի տարբեր հատվածներում ռուսական ուղեկալներ էին տեղադրվում, և հատկապես Այգեպարի հատվածում կառուցվում էր մոդուլային ավան, որոնք այլևս չկան:
Իսկ այդ ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները հատկապես Այգեպարի հատվածում ռուսական ռազմական օբյեկտի կառուցման փաստին էին ուշադրություն դարձրել:
Եվ հաշվի առնելով հայաստանյան լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ շինարարություն է ընթանում Այգեպար գյուղի մոտ գտնվող նախկին օդանավակայանի տարածքում, որտեղ խորհրդային տարիներին Յակ-40 օդանավի թռիչքուղին էր, ադրբեջանական կողմը եկել էր հետևյալ եզրահանգման՝ ռազմական նշանակության ինչ-որ օբյեկտ է կառուցվում ռուսական կողմի կարիքների համար:
Ի դեպ, Այգեպար գյուղն ադրբեջանական Ալիբեյլիից 1 կիլոմետրի վրա է գտնվում:
Մասնավորապես, Caliber.az-ը ենթադրել էր, որ նախկին օդանավակայանի տարածքում կառուցվող ռուսական օբյեկտը հնարավոր է ունենա թռիչքուղի, եթե ոչ՝ ավիաբազա:
Ինչի՞ էր սրանով պատրաստվում Կրեմլը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, մի քանի վարկած էր առաջ քաշել: Օրինակ, հնարավոր է՝ Արցախում խաղաղապահ առաքելության ժամկետի ավարտից հետո ՌԴ-ն իր այդ խաղաղապահ կոնտինգենտը տեղափոխի Հայաստան:
«Միամտություն կլինի կարծել, որ մանդատի ժամկետի ավարտից հետո Ռուսաստանը կլքի Հարավային Կովկասը»,- նշել էր ադրբեջանական կայքը:
Երկրորդ՝ վերլուծության հեղինակը նշել էր, որ Տավուշում, մասնավորապես՝ Այգեպարի հատվածում ռուսական օբյեկտի առկայությունը կարող է ազդեցության հզոր գործիք դառնալ Երևանի և Ադրբեջանի վրա: Վերջինը ՌԴ-ն կարող է օգտագործել, օրինակ, Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգման և Եվրոպա գազ մատակարարելու հարցերում, այսինքն, նպատակը մեկը չէ:
Մի բան հստակ է, ինչպես նշում էր Caliber.az-ը, չնայած 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտությանը և ձախողմանը, Ադրբեջանի համար տավուշյան ուղղությունը պահպանում է իր ռազմավարական կարևոր նշանակությունը:
«ՀՀ պետական սահմանն այս տեղամասում «փակում» է հարաբերական նեղ երկաթուղային և ավտոմոբիլային միջանցքը դեպի Վրաստան, որը տնտեսական անվտանգության առումով կարևոր նշանակությունի ունի և՛ Ադրբեջանի, և՛ Վրաստանի համար: Այստեղով են անցնում նաև նավթային-գազային խողովակները, որոնք արդեն աշխարհաքաղաքական նշանակություն ունեն»,- փակագծեր էր բացվել Caliber.az-ի ռեպորտաժում:
Թե ինչ փոխվեց Կրեմլի պլաններում և ինչու, եթե այդպիսիք կային, մի բան հստակ է՝ Ադրբեջանի համար Տավուշը ռազմավարական լուրջ նշանակություն ունի, և Բաքվի պայմաններով սահմանազատման և սահմանագծման գործընթացի շարունակությունը Հայաստանին կանգնեցնելու է անվտանգային՝ ռազմական, տնտեսական, լոգիստիկ լուրջ մարտահրավերների առաջ:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Babken Chilingarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/01/%d5%bf%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d5%b7%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%bc%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b8%d6%82%d5%b5%d6%81%d5%a8%e2%80%a4-%d5%ab/