168: «Մենք գիտենք վայրեր, որտեղ հուղարկավորված են մեր տղաները, ակնկալում ենք,

Սեպտեմբեր 30, 2026

Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ անհետ կորած զինվորների ծնողները շարունակում են հույսեր փայփայել, որ իրենց որդիները հայրենիքում շիրիմներ կունենան։

«Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ նախագահ Ռիմա Առաքելյանի խոսքով՝ այս ամբողջ տարիների ընթացքում պայքարել են և հիմա էլ պայքարում են, որպեսզի իրենց որդիները հայրենիքում շիրիմ ունենան։

«2020 թվականի պատերազմից հետո բոլոր գերատեսչություններն ասում էին, որ զբաղվում են միայն 44-օրյա պատերազմում անհետ կորած տղաների ճակատագրով։ Մեր պայքարի արդյունքում հանձնաժողովը, որը գործում է ԱԱԾ տնօրենի նախագահությամբ, զբաղվում է բոլոր պատերազմներում անհետ կորած մեր որդիների ճակատագրով։ Այսինքն՝ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի պարտականությունը պետք է լինի բոլոր անհետ կորածների հայտնաբերումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռիմա Առաքելյանը։

Նրա խոսքով՝ Արցախի 44-օրյա պատերազմում անհետ կորած տղաների ծնողների վերքը թարմ է, շատ ժամանակ 90-ականներին անհետ կորած տղաների ծնողներով չեն ցանկանում գնալ գերատեսչություններում հանդիպումների, ուզում են, որ 44-օրյայում անհետ կորածների հարազատներն ավելի շատ ներկայացնեն իրենց խնդիրները։

Կարդացեք նաև

  • Ադրբեջանցիների կողմից կոռնիձորցի խաղաղ բնակիչների դաժան սպանությունները 1989 թվականին
  • «Փաշինյանը մեզ ասաց՝ «դե, կարողանում ենք՝ չե՞նք բերում, Ադրբեջանն էլ իր գերիներին է ուզում». 6 տարի է՝ մեզ խաբում են». Անհետ կորած զինծառայողի մայր
  • «Իրենք իրենց չեն կարող պատժել. եթե լիներ անկաշկանդ քննություն, այնպիսի մարդիկ կգնային «փուռը», որ չէին էլ պատկերացնի». Արսեն Ղուկասյան

«Նախկինում երկար տարիներ ինքս այդ հանձնաժողովում եմ եղել, մտածում եմ, եթե որևէ բան փոխվելու լինի, կփոխվի։

Օրենք կա, չեն կարող մի տղայի ճակատագրով զբաղվեն, մյուսինն անտեսեն։

Մեր տղաների վերաբերյալ ինչ տեղեկություններ ունեցել ենք, մենք նախկինում էլ, հիմա էլ փոխանցել ենք ԱԱԾ-ին։ Կառույցից մեր հ/կ ներկայացուցիչ է գալիս՝ հանձնաժողովի քարտուղարը, մենք մշտապես կապի մեջ ենք։ Այնպես որ, կառույցի հետ կապն ունենք»,- հավելեց Ռիմա Առաքելյանը։

Մեր զրուցակիցը շեշտեց, որ այս տարիների ընթացքում իրենց ձեռքի տակ են հայտնվել բազմաթիվ տեսանյութեր, որոնցում եղել են տղաներից շատերը։

«Մենք գիտենք որոշակի վայրեր, որտեղ հուղարկավորված են մեր տղաները։ Մենք ակնկալում ենք, որ այդ վայրերից մեր տղաներին հանեն ու բերեն հայրենիք, այստեղ հուղարկավորենք։ Մենք այդ վայրերն ասենք, Ադրբեջանի հետ բանակցեն ու տղաների շիրիմները բերեն հայրենիք»,- շեշտեց Ռիմա Առաքելյանը։

Նա նաև ասաց, որ այս երկար ու ձիգ տարիների ընթացքում սեփական զավակներին որոնելու ճանապարհին բազմաթիվ փորձություններ են հաղթահարել, թրծվել են, գիտեն, որ իրենց զավակները ողջ չեն։

«Այսքան տարիներ են անցել, հասկանում ենք, որ մեր որդիները ողջ չեն, դրա համար եմ ասում՝ Ադրբեջանի կողմից հուղավորման վայրը գիտենք, պետք է հանենք, հայրենիք բերենք»,- ընդգծեց Ռիմա Առաքելյանը։

Նշենք, որ Ռիմա Առաքելյանի որդին՝ Շահեն Առաքելյանը, Արցախ է մեկնել 26 տարեկանում, 1992 թվականիից անհայտ կորած է համարվում։

Հիշեցնենք, որ 4 տարի առաջ հոկտեմբերին Աստանայում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Ալիևը  հայտարարել էր, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրի Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորածների ճակատագրի և «զանգվածային» գերեզմանների ճշգրիտ վայրերի մասին։ Սակայն որևէ խոսք չէր ասել հայկական կողմից անհետ կորածների ճակատագրերի վերաբերյալ, նաև 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ տղաների մասին, որոնց վերաբերյալ ադրբեջանական կողմը լռում է, իսկ նրանց ծնողները, հարազատները պնդում են՝ կան տեսանյութեր, որ Ադրբեջանը գերեվարել է իրենց որդիներին, սակայն ադրբեջանական կողմը չի հաստատում։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Ophelia Vardapetian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/01/168-%d5%b4%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a5%d5%b6%d6%84-%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d6%80-%d5%b8%d6%80%d5%bf%d5%a5%d5%b2-%d5%b0%d5%b8%d6%82%d5%b2%d5%a1%d6%80%d5%af%d5%a1%d5%be/

Leave a Reply