Zangezur: The historical significance of a route

—

Kevork B. Hagopian Honored For His Contributions To Armenian Heritage

—

The Medicine Shipment Is Only the Beginning of the Promise

—

CC: The movement to bring Israel and Armenia closer

—

168: ԹՐԻՓՓ-ը տարածք չունի, ՀՀ տարբեր տեղերում կարող են գործել ԹՐԻՓՓ նախագծեր.

Նոյեմբեր 2, 2026

ԱԺ-ում պետական բյուջեի նախնական քննարկման համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԹՐԻՓՓ-ին և նշել, որ գործնականում արդեն սկսել են այս նախագծի իրագործումը:

«Մինչև հետագա գործընթացների կազմակերպումը՝ ՀՀ-ն իր նախաձեռնությամբ կմեկնարկի ԹՐԻՓՓ նախագծի երկաթուղու, ավտոճանապարհի, էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագծերի պատվիրումը, որպեսզի ժամանակ չկորցնենք և սկսենք ԹՐԻՓՓ-ի շուրջ աշխատանքները: Եվ որ պահին ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կձևավորվի, այդ պահին կատարված աշխատանքները ՀՀ կառավարությունը կփոխանցի նրանց:

ԹՐԻՓՓ նախագծի իրագործման արդյունքում Հայաստանը բոլոր ուղղություններով ապաշրջափակվելու է: Ապաշրջափակվելու է արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ ուղղություններով: Սակայն այս բոլոր ուղղություններով ապաշրջափակումն ամենևին չի նշանակում, որ ամբողջ ենթակառուցվածքը կդառնա ԹՐԻՓՓ նախագծի մաս։ Այս պահին հստակ է, որ ԹՐԻՓՓ նախագծի մաս կկազմեն Նռնաձոր-Կարճևան երկաթուղին, ինչպես նաև՝ էլեկտրահաղորդման գծերն ու ավտոճանապարհը։ Գազամուղի և նավթամուղի հարցերը կքննարկվեն ավելի ուշ»,- շարունակել է նա:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հարկ է համարել ընդգծել՝ ԹՐԻՓՓ-ը տարածք չունի, ՀՀ տարբեր տեղերում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր:

Կարդացեք նաև

  • 900.000 դոլար՝ 5 ավտոբուսի համար․ հրատապ գնում, որ փակված դպրոցների աշակերտներին կողքի գյուղի դպրոցներ տեղափոխեն
  • Եթե ընդդիմությունը դեմ արտահայտվի Սահմանադրությանը, նշանակում է, դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Նիկոլ Փաշինյան
  • Իրանի դեմ նոր հարձակումից 5 է պակաս, սրանք աթոռ են պոկում, դրսում խաշ ուտում. Էդուարդ Շարմազանով

«Եթե մի օր ՀՀ տարածքով անցնի տարանցիկ գազամուղ, ամենևին փաստ չէ, որ այն անցնելու է Հայաստանի հարավով: Կամ՝ երբ ՀՀ-ով անցնի նավթամուղ, փաստ չէ, որ այն անցնելու է Հայաստանի հարավով: Իհարկե, չի կարելի բացառել, բայց գոնե մեր նախնական քննարկումները ցույց են տալիս, որ ավելի հավանական է՝ բոլորովին այլ երթուղիով կանցնի: Էլ չեմ ասում, որ երկարաժամկետ հեռանկարում ամենևին էլ փաստ չէ, որ ՀՀ-ում միջազգային նշանակություն ունեցող միայն ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում են երկաթուղի կամ երկաթուղիներ գործելու»,- մանրամասնել է նա՝ նշելով, որ արևելք-արևմուտք ամենակարճ կապն անցնում է ՀՀ հյուսիսով՝ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերով:

Այս համատեքստում Փաշինյանը կարևոր է համարել Իջևան-Հրազդան և Վանաձոր-Գյումրի երկաթուղային գծերի միացումը:

Մանրամասները՝ տեսանյութում




—

«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հ

Նոյեմբեր 2, 2026

«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային՝ ներկայացնելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա լրջագույն խնդիրները և նրա ուշադրությունը հրավիրելով երկրում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումների վրա։ Այս մասին գրել է ԲՀԿ մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:

Ստորև ներկայացնում ենք նամակի ամբողջական տեքստը։

Հարգելի տիկին Փիլայ,

Ընդունեք մեր ջերմագին շնորհավորանքները՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու կապակցությամբ։ Այս հեղինակավոր ճանաչումը հարգանքի տուրք է մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային արդարադատության և այն հիմնարար սկզբունքի հաստատմանն ուղղված Ձեր ողջ կյանքի նվիրումին, ըստ որի օրենքը պետք է պաշտպանի անհատին իշխանության կամայական կիրառումից։

Հայաստանում մեծ ուշադրությամբ ենք հետևում այն մարդկանց գործունեությանը, որոնց նվիրվածությունը խաղաղությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը միջազգային ճանաչման է արժանացել։ Մեր պատմական և ներկայիս փորձը մեզ սովորեցրել է, թե ինչ ահռելի գին են ժողովուրդներն ու հասարակ մարդիկ վճարում խաղաղության համար։ Հետևաբար, Ձեր աշխատանքի միջազգային ճանաչումը մեզ հույս է ներշնչում, որ միջազգային հանրությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության, արդարության և մարդկային արժանապատվության արժեքներին։

Միևնույն ժամանակ, ցանկանում ենք ընդգծել Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունեցող մի սկզբունք. խաղաղությունը չի կարող լինել կայուն և երկարատև, եթե այն հիմնված չէ օրենքի գերակայության, արդարության և մարդու հիմնարար իրավունքների արդյունավետ պաշտպանության վրա։ Մինչ Հայաստանի արտաքին սահմանների երկայնքով պահպանվում է փխրուն խաղաղություն, երկրի ներսում լուրջ մտահոգություններ են առաջացնում իրավական երաշխիքների վիճակը, արդարադատության իրականացումը և ժողովրդավարական քաղաքական կյանքի պայմանները։ Մենք համոզված ենք, որ ներպետական արդարադատության համակարգի և օրենքի գերակայության ամրապնդումն անփոխարինելի նշանակություն ունի հասարակական կայունության ապահովման, հանրային վստահության վերականգնման և երկարաժամկետ խաղաղության պահպանման համար։

Հենց այս համատեքստում ենք դիմում Ձեզ՝ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտնի առաջնորդների կալանավորման և այդ դեպքերի՝ անհատի ազատության, քաղաքական բազմակարծության ու ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա ունեցած ավելի լայն հետևանքների վերաբերյալ Ձեր ուշադրությունը հրավիրելու նպատակով։

Մեր խորհուրդը հիմնադրվել է 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցած հիմնական ընդդիմադիր ուժերից մեկը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հակասահմանադրական վերահաշվարկների արդյունքում զրկվել է իր ստացած խորհրդարանական մանդատներից։ Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հետագայում ձերբակալվել է և մինչ օրս գտնվում է կալանքի տակ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ ձեռնարկված գործողություններին անդրադարձ է կատարվել նաև ԵԽԽՎ ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցում (Doc. 16486 rev, 22 September 2026)։

Մեր մտահոգություններն ավելի են խորանում այն հանգամանքով, որ խորհրդարան անցած մյուս երկու ընդդիմադիր ուժերի առաջնորդները նույնպես շարունակում են մնալ կալանքի տակ։ Այս անձինք հայտնի քաղաքական գործիչներ են և իրենց համապատասխան կուսակցությունների ղեկավարները, որոնք ներկայացնում են իշխանություններին այլընտրանք հանդիսացող խաղաղ գաղափարական դիրքորոշումներ և բացահայտ քննադատում են կառավարության քաղաքականությունը։ Ժողովրդավարական հասարակությունում նրանց դերն է արտահայտել այլընտրանքային քաղաքական դիրքորոշումներ, ներկայացնել իրենց ընտրողներին ու աջակիցներին և խաղաղ քաղաքական գործունեության միջոցով վիճարկել կառավարության որոշումները։ Հետևաբար, նրանց շարունակական կալանավորումն ազդում է ոչ միայն նրանց անհատական իրավունքների, այլև նրանց աջակիցների՝ քաղաքական կյանքին լիարժեք մասնակցելու հնարավորության վրա։

Քաղաքական առաջնորդ լինելը որևէ մեկին չի ազատում քննությունից կամ քրեական հետապնդումից։ Միևնույն ժամանակ, քրեական վարույթները չպետք է դառնան քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու կամ օրինական քաղաքական մրցակցությունը սահմանափակելու միջոց։ Մենք խորապես մտահոգված ենք, որ այս գործերով շարունակվող կալանքը կարող է գործնականում վերածվել պատժի՝ նախքան մեղավորության հաստատումը, և նպաստել խաղաղ ընդդիմության ճնշմանը։ Նման հանգամանքները հիմնարար հարցեր են առաջացնում անմեղության կանխավարկածի, արդար դատաքննության իրավունքի, մինչդատական կալանքի համաչափության և արդարադատության համակարգի անաչառության նկատմամբ հանրային վստահության վերաբերյալ։

Մենք չենք խնդրում Ձեզ կանխորոշել որևէ անձի առաջադրված մեղադրանքների վերաբերյալ Ձեր դիրքորոշումը կամ միջամտել մեղավորության կամ անմեղության դատական գնահատմանը։ Մեր մտահոգությունը վերաբերում է այն երաշխիքներին, որոնք պետք է կարգավորեն քրեական վարույթները, և, մասնավորապես, կալանքի կիրառմանը մինչև մեղավորության վերջնական հաստատումը։ Անմեղության կանխավարկածը պետք է գործնական նշանակություն ունենա, այդ թվում՝ պաշտպանություն ապահովի կալանքը որպես կանխավճռված պատիժ օգտագործելու դեմ։ Անհրաժեշտության և օրենքին համապատասխանության դեպքում պետք է դիտարկվեն համաչափ՝ ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային միջոցներ, ապահովելով, որ վարույթի ընթացքում անձինք կարողանան իրացնել իրենց իրավունքները և լիարժեք մասնակցություն ունենալ հանրային ու քաղաքական կյանքին։

Մեր խորհուրդն ի սկզբանե ստեղծվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի իրավունքների և շահերի հանրային պաշտպանությանն աջակցելու նպատակով։ Խորհրդի կազմում ընդգրկված են իրավապաշտպաններ, ակտիվիստներ, նախկին նախարարներ, հասարակական և մշակութային գործիչներ տարբեր երկրներից։ Այնուամենայնիվ, մեր գործունեությունը չի սահմանափակվում մեկ անձի կամ մեկ քաղաքական ուժի պաշտպանությամբ։ Մեր հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի արդարադատության համակարգի ամրապնդմանը, օրենքի գերակայության վերականգնմանը և այն անձանց իրավունքների պաշտպանությանը, որոնք հետապնդման են ենթարկվում իրենց քաղաքական հայացքների կամ գործունեության պատճառով։ Մեզ մտահոգում են այն դեպքերը, երբ անձինք քրեական հետապնդման կամ կալանքի են ենթարկվում իրենց քաղաքական գործունեության առնչությամբ։ Մենք կարևոր ենք համարում, որ յուրաքանչյուր նման դեպք քննվի անկախ և անկողմնակալ ընթացակարգերով՝ օրենքի պահանջներին համապատասխան։

Մեր մտահոգությունները չեն սահմանափակվում նաև Հայաստանի սահմաններով։ Բաքվում շարունակում են պահվել բազմաթիվ հայեր, այդ թվում՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) նախկին ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային մարդասիրական գործունեությամբ հայտնի գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը, որի հիմնադրած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, հավանաբար, ծանոթ եք։ Մենք կարևոր ենք համարում այս անձանց իրավունքների պաշտպանության, նրանց գործերով պատշաճ իրավական երաշխիքների ապահովման և նրանց ազատ արձակմանն ուղղված ջանքերի նկատմամբ միջազգային հանրության շարունակական ուշադրությունը։

Հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային արդարադատության ոլորտում Ձեր երկարամյա փորձը՝ դիմում ենք Ձեզ՝ խնդրելով, Ձեր հնարավորությունների և մասնագիտական կապերի շրջանակում, աջակցել այս խնդիրների միջազգային բարձրաձայնմանը։

Մասնավորապես, երախտապարտ կլինենք, եթե Դուք դիտարկեք հետևյալ հնարավորությունները.

● Կոչ անել Հայաստանի իշխանություններին՝ ապահովելու կալանքի տակ գտնվող ընդդիմադիր առաջնորդների գործերի քննությունն օրենքի գերակայության, անմեղության կանխավարկածի և արդար դատաքննության երաշխիքներին համապատասխան, ինչպես նաև ապահովելու նրանց ազատ արձակումը մինչև դատաքննությունը, եթե կալանքը անհրաժեշտ և համաչափ չէ՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով ազատությունից զրկելու հետ չկապված համապատասխան այլընտրանքային միջոցներ։

● Ուշադրություն հրավիրել այս գործերի՝ քաղաքական բազմակարծության, խաղաղ ընդդիմության պաշտպանության և անհատների՝ առանց կամայական ազատազրկման վտանգի հանրային ու քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքի վրա ունեցած ավելի լայն հետևանքներին։

● Նպաստել այս հարցերի քննարկմանը միջազգային իրավապաշտպան շրջանակներում և, անհրաժեշտության դեպքում, դրանք բարձրացնել Հայաստանի համապատասխան իշխանությունների ու միջազգային իրավապաշտպան մեխանիզմների հետ հարաբերություններում։

● Աջակցել Բաքվում պահվող հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված շարունակական միջազգային ջանքերին, նրանց գործերով համապատասխան իրավական երաշխիքների ապահովմանը և նրանց ազատ արձակման հնարավոր ուղիների որոնմանը։

Մենք լիովին գիտակցում ենք, որ այս հարցերը պահանջում են շարունակական ուշադրություն, անկախ գնահատում և միջազգային համագործակցություն։ Մեր դիմումը նպատակ չունի առաջ մղելու որևէ կոնկրետ քաղաքական շահ կամ կանխորոշելու ընթացող դատական գործընթացների արդյունքները։ Այն բխում է այն համոզմունքից, որ հիմնարար իրավունքների պաշտպանությունը, արդարադատության անկախությունն ու անաչառությունը և խաղաղ քաղաքական ընդդիմության համար անհրաժեշտ միջավայրի պահպանումը ժողովրդավարության, հանրային վստահության և կայուն խաղաղության հիմնական հիմքերն են։

Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Ձեր ձայնն ու փորձը կօգնեն միջազգային ուշադրությունը հրավիրել այս մտահոգությունների վրա և վերահաստատել այն սկզբունքը, որ կառավարության քննադատությունն ու խաղաղ քաղաքական գործունեությունն ինքնին երբեք չպետք է դառնան ազատությունից զրկելու հիմք։

Կրկին ընդունեք մեր ջերմագին շնորհավորանքները այս կարևոր և արժանի ճանաչման կապակցությամբ։ Մաղթում ենք Ձեզ ուժ, հաստատակամություն և շարունակական հաջողություններ մարդու իրավունքների, արդարության և խաղաղության պաշտպանությանն ուղղված Ձեր կարևոր առաքելության իրականացման գործում։

Կից՝ Քաղբանտարկյալներ և քաղաքական հետապնդման ենթարկվող քաղաքական և հանրային գործիչների և Ադրբեջանի բանտում ապօրինաբար պահվող քաղաքական բանտարկյալներ և ռազմագերիների ցանկը.

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ

1. Գագիկ Ծառուկյան՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ։

2. Ռոբերտ Քոչարյան՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար։

3. Սամվել Կարապետյան՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ։

4. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ։

5. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի նախկին առաջնորդ, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ։

6. Անդրանիկ Թևանյան՝ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

7. Մարտուն Գրիգորյան՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների պատգամավորի թեկնածու, «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար։

8. Արեգնազ Մանուկյան՝ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

9. Արթուր Սարգսյան՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

10. Դավիթ Գալստյան՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար։

11. Արա Ռոստոմյան՝ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության համահիմնադիր, «Սրբազան պայքար» շարժման աջակից։

12. Մովսես Շարբաթյան՝ «Սրբազան պայքար» շարժման անդամ։

13. Աղվան Արշակյան՝ «Սրբազան պայքար» շարժման գործով անցնող անձ։

14. Արման Իսրայելյան՝ «Սրբազան պայքար» շարժման գործով անցնող անձ։

15. Արմեն Ալեքսանյան՝ «Սրբազան պայքար» շարժման աջակից։

16. Արսեն Ղազարյան՝ «Սրբազան պայքար» շարժման գործով անցնող անձ։

17. Իգոր Սարգսյան՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ։

18. Լիդյա Մանթաշյան՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի մամուլի քարտուղար, «Սրբազան պայքար» շարժման մասնակից։

19. Կարո Օկումուշյան՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակից։

20. Հրայր Հակոբյան՝ Հայ Առաքելական Եկեղեցու սարկավագ, «Սրբազան պայքար» շարժման մասնակից։

21. Միհրան Մախսուդյան՝ ՀՀ Զինված ուժերի պահեստազորի գնդապետ, «Սրբազան պայքար» շարժման աջակից։

22. Տիգրան Գալստյան՝ գործարար, «Սրբազան պայքար» շարժման մասնակից։

23. Տիգրան Թոփալյան՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակից։

24. Վահագն Չախալյան՝ հասարակական-քաղաքական գործիչ, «Սրբազան պայքար» շարժման մասնակից։

25. Հայկ Շահնազարյան՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակից։

26. Ավետիք Չալաբյան՝ հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորում

27. Արմեն Աշոտյան՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար։

28. Վարդան Ղուկասյան՝ Գյումրիի քաղաքապետ։

29. Խաչիկ Գալստյան՝ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր։

30. Արամ Քոչարյան՝ «Հայրենիք» կուսակցության անդամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աշխատակից։

31. Դավիթ Համբարձումյան՝ Մասիսի նախկին համայնքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ։

32. Արթուր Դանիելյան՝ «Ադեկվատ» միաբանության հիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ։

33. Արթուր Ավանեսյան՝ պահեստազորի գնդապետ, «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի անվտանգության հարցերով թիմի ղեկավար։

34. Նարեկ Սամսոնյան՝ հասարակական-քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և հաղորդավար։

35. Վազգեն Սաղաթելյան՝ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և հաղորդավար։

36. Լևոն Քոչարյան՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ։

37. Սեդրակ Քոչարյան՝ գործարար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին։

38. Մամիկոն Ասլանյան՝ Վանաձորի նախկին քաղաքապետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական թիմի անդամ։

39. Վահրամ Սահակյան՝ գրող, բանաստեղծ, կինոռեժիսոր

40. Ալիկ Ալեքսանյան՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի հիմնադիր և ղեկավար։

Քաղաքական հետապնդման են ենթարկվում ընդդիմադիր քաղաքական ուժերի հարյուրից ավելի անդամներ և աջակիցներ։

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆՏՈՒՄ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՊԱՀՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ԵՎ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐ

1. Ռուբեն Վարդանյան – Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար, գործարար և բարերար։

2. Բակո Սահակյան – Արցախի Հանրապետության երրորդ նախագահ (2007-2020 թթ.)։

3. Արկադի Ղուկասյան – Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ (1997-2007 թթ.)։

4. Արայիկ Հարությունյան – Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ (2020-2023 թթ.)։

5. Դավիթ Իշխանյան – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախկին ներկայացուցիչ։

6. Դավիթ Բաբայան – Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, Արցախի նախագահի նախկին խորհրդական։

7. Լևոն Մնացականյան – Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ։

8. Դավիթ Մանուկյան – Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր։

9. Ռաշիդ Բեգլարյան – Արցախի բնակիչ, քաղաքացիական անձ։ Ադրբեջանական ուժերի կողմից ձերբակալվել է 2023 թվականին։

10. Մադաթ Բաբայան – Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի բնակիչ, անասնապահ։

11. Ալյոշա Խոսրովյան – գերեվարվել է 2020 թվականի պատերազմի ընթացքում:

12. Լյուդվիգ Մկրտչյան – գերեվարվել է 2020 թվականի պատերազմի ընթացքում:

13. Դավիթ Ալավերդյան – գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում:

14. Լևոն Բալայան – գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում:

15. Վասիլի Բեգլարյան – գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում։

16. Էրիկ Ղազարյան – գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում։

17. Գարիկ Մարտիրոսյան – գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում։

18. Մելիքսեթ Փաշայան – գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում։

19. Գուրգեն Ստեփանյան – գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում։

—

Ընդդիմության համար երաշխավորների հովանու ներքո գործունեությունն ավարտվելու է

Նոյեմբեր 2, 2026

Հայաստանի ներսում գաղտնի պլան իրագործելու ռեսում 2027 թ. պուրս չկա, ԱԺ-ետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարած «գաղտնի պլան»-ին։

«Ակնհայտ է՝ այդ պլանը ԵԱՏՄ որոշ շրջանակներում ու Ռուսաստանի որոշ շրջանակներում ունի աջակցություն, նաև դրա համար կան պատճառներ, որովհետև Հայաստան են գործուղվել մարդիկ՝ շատ կոնկրետ խոստումներով»,- ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, թե այնտեղ, որտեղ ներգրավված են եղել երաշխավորներ, դա ավարտվել է աղետով։

«Հայաստանում ընդդիմության գործունեությունը կապված է որոշ երաշխավորների տված երաշխիքների հետ, այս անգամ երաշխավորների հովանու ներքո գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով»,- հայտարարեց Փաշինյանը՝ ավելացնելով, թե ընդդիմադիրները դեռ ժամանակ ունեն՝ խուսափելու աղետից։

—

Բաքուն պատմություն է հորինում՝ Հայաստանի դեմ, Փաշինյանը սպառնում է ընդդիմությ

Նոյեմբեր 2, 2026

Մինչ Նիկոլ Փաշինյանը կեղծ «խաղաղության» անվան տակ Հայաստանում կատարում է Իլհամ Ալիևի պահանջները (ՀՀ Սահմանադրության փոփոխություն, և այլն), ընդդիմությանը սպառնում նոր Սահմանադրությանը դեմ լինելու դեպքում ճնշում գործադրել ընդդիմության դեմ՝ օգտագործելով ժողովրդին, Ադրբեջանում Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) և «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» համատեղ նախաձեռնությամբ հրատարակվել է «Երևանի ղազիաթի պատմությունը» խորագրով գիրք, որի շնորհանդեսը տեղի է ունեցել  այսօր:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների, այդ միջոցառմանը մասնակցել են ԿՄՎ նախագահ, Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառ հայրապետի հասցեին վիրավորական արտահայտություններով հայտնի Ալլահշուքյուր Փաշազադեն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վարչության նախագահ Ազիզ Ալեքբերլին, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԱԳԱԱ) նախագահ Իսա Հաբիբբեյլին և Միլլի Մեջլիսի պատգամավորներ։

Ալլահշուքյուր Փաշազադեն իր ելույթում շեշտել է, որ ԿՄՎ-ն հատուկ ուշադրություն է դարձնում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանին» վերաբերող տեղեկատվական գործունեությանը։ Նա նշել է, որ այդ նախաձեռնությունն ուղղված է իբրև թե «Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների» վերադարձի պետական քաղաքականությանը:

«ԿՄՎ-ի և «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» համատեղ հրատարակած  գիրքը հիմնված է վավերագրական նյութերի վրա, որոնք հավաքվել են Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Ռուսաստանի արխիվներից»,- հայտարարել է Փաշազադեն՝ հավելելով, որ, այսպես կոչված, «Երևանի պատմական ղազիաթի» գործունեության վերականգնումը «ժամանակի պահանջ» է։

Կարդացեք նաև

  • Գազի ներկրումը Հայաստան. կիրականանա՞ն արդյոք դիվերսիֆիկացման երազանքները
  • Միջանցքային և անվտանգային թյուրքական մեծ օրակարգը՝ Բաքվի և Անկարայի փոխադարձ դիվանագիտական ժեստերի ստվերում. ի՞նչ հետևություններ պետք է անի Հայաստանը
  • Ժամասլաքների ճշգրտո՞ւմ Բրյուսելում՝ Մոսկվային ընդառաջ. Փաշինյանի այցն ու ԵՄ ընդլայնման «հեռավոր» հորիզոնները

«Արևմտյան Ադրբեջանում ղազիաթի գործունեության հարկադիր դադարեցումը դարձել է էթնիկ զտումների և ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողերից նպատակաուղղված տեղահանության ուղղակի հետևանքը»,- այսպիսի խեղաթյուրված գնահատականներով է հանդես եկել Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը։

Միջոցառման ընթացքում ադրբեջանցի գործիչները կրկին հանդես են եկել հայկական պատմամշակութային ժառանգության և Հայ Առաքելական եկեղեցու հասցեին ուղղված մեղադրանքներով՝ պատմական իրողությունները հարմարեցնելով Ադրբեջանի քաղաքական նպատակներին։

Ցուցադրվել է նաև հորինված «Երևանի ղազիաթի պատմությանը» նվիրված պատմական փաստերն աղավաղող տեսահոլովակ։

Շինծու «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին էլ կրկնել է Բաքվում շրջանառվող այն թեզերը, թե իբր հայերը զավթել են ադրբեջանական կրոնական ու մշակութային ժառանգությունը:

«Ռուսական օկուպացիայից հետո տարբեր երկրներից այստեղ վերաբնակեցված հայերը զավթել են մեր նախնիների կրոնական տաճարները և վերանորոգման պատրվակով դրանք վերածել հայկական եկեղեցիների»,- նշել է Ալեքբերլին՝ օգտագործելով Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ պարունակող ձևակերպումներ։

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլին իր հերթին նշել է, որ իբրև թե գրքում ներկայացված պատմական աղբյուրներն ու արխիվային փաստաթղթերը, որոնք նվիրված են «Երևանի տարածաշրջանում ղազիաթի ինստիտուտի» գործունեությանն ու զարգացմանը, ըստ նրա՝ հաստատում են Երևանի նահանգի պատկանելությունն ադրբեջանական հողերին։

«Երևանի ղազիաթի պատմությանը նվիրված այս գիրքն առանց որևէ կասկածի կարելի է անվանել նաև Երևանի նահանգի պատմություն և Երևանի պատմություն։ Այս հրատարակությունը նպաստում է Ադրբեջանի հոգևոր-մշակութային ժառանգության և նրա պատմական տարածքների մասին պատկերացումների խորացմանն ու ամրապնդմանը»,- ասել է նա՝ փաստացի արտացոլելով ադրբեջանական գիտական շրջանակների այն միտումը, երբ պատմագրությունն օգտագործվում է Հայաստանի դեմ պետական մակարդակով տարվող քարոզչության համար։

Ադրբեջանական հոգևոր-պետական շրջանակների այս նախաձեռնությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ պետական մակարդակով հետևողականորեն շարունակվում է Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների արմատավորումը։ Պատմական փաստերի կամայական խեղաթյուրումն ու հարևան երկրի ինքնիշխան տարածքների նկատմամբ հավակնությունները փաթեթավորվում են «վերադարձի» և «մշակութային ժառանգության» կեղծ թեզերով։ Նման քարոզչական քայլերը ոչ միայն հեռու են խաղաղության օրակարգից, այլև փաստում են, որ պետական մակարդակով շարունակում է սնուցվել ագրեսիվ հռետորաբանությունն ու տարածքային նկրտումները, հայատյացությունը։

Նշենք, որ ղազիաթը (արաբերեն՝ քազի՝ դատավոր բառից) իսլամական հոգևոր-վարչական միավոր է, որը գործում է մուֆթիության կազմում և զբաղվում տվյալ տարածաշրջանի մուսուլմանների կրոնական, հոգևոր և իրավական հարցերով:

—

Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համա

Նոյեմբեր 2, 2026

Հոկտեմբերի 30-ին Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների ինստիտուտում, տեղի է ունեցել «Ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային կլոր սեղան, որի ընթացքում ռուսաստանյան փորձագիտական ու քաղաքական շրջանակների ներկայացուցիչներն անդրադարձել են երկկողմ միտումներին, ափսոսանքով արձանագրել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերություններում նկատվում է «բացասական դինամիկա»: Ոմանք նույնիսկ իրավիճակը բնութագրել են որպես «փակուղի»: Այս մասին հաղորդում է ռուսական MK պարբերականը:

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն իր ելույթում ընդգծել է, թե համաձայն չէ այն տեսակետին, որ ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման մեջ մեղավոր են երկու կողմերը՝ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը։

«Ես բազմաթիվ անգամ քննադատել եմ մեր գործողությունները կամ անգործությունը Հայաստանի նկատմամբ՝ հատկապես 2020 թվականի իրադարձությունների համատեքստում, և մինչև հիմա կարծում եմ, որ մենք չենք օգտագործել բոլոր հնարավորությունները՝ թույլ չտալու համար պատերազմը, որը հանգեցրեց ազգային ողբերգության՝ Լեռնային Ղարաբաղի կորստին և պատմական հողերից հայ բնակչության զանգվածային արտագաղթին»,- նշել է Զատուլինը: Նա ասել է, որ իր համար սա անձնական ողբերգություն է այն պատճառով, որ իր ընկերները, գործընկերները, ըստ էության գերեվարված, այսօր գտնվում են բանտերում և դատապարտվել են ադրբեջանական դատարանի կողմից:

Այնուամենայնիվ, նրա որակմամբ՝ սա հիմք չէ կարծելու, թե ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման մեղքը հավասարապես ընկած է հայկական և ռուսական կողմերի վրա, քանի որ ՀՀ կառավարության ղեկավարն այս քաղաքական ուղին ընտրել է ոչ թե պատահաբար կամ քսան թվականի իրադարձությունների ազդեցությամբ»։

Կարդացեք նաև

  • Գազի ներկրումը Հայաստան. կիրականանա՞ն արդյոք դիվերսիֆիկացման երազանքները
  • Ժամասլաքների ճշգրտո՞ւմ Բրյուսելում՝ Մոսկվային ընդառաջ. Փաշինյանի այցն ու ԵՄ ընդլայնման «հեռավոր» հորիզոնները
  • ԹՐԻՓՓ-ի 74 տոկոսը պատկանում է ամերիկացիներին, այնտեղ, որտեղ ամերիկացիները որևէ բան վերահսկում են, ոչ ոք նույնիսկ ծպտուն հանել չի կարող. Միհրանյան

«Սա մի քաղաքական գործչի գիտակցված ուղի է, որն իր ողջ կարիերան կառուցել է Ռուսաստանի հետ հարաբերությունները քանդելու և Եվրոպային կամ Ամերիկային մի փոքր ավելի մոտենալու, Հայաստանի կողմնորոշումը փոխելու, ամբողջ հայկական անցյալից հրաժարվելու ցանկության վրա»,- կարծում է Զատուլինը։ Միակ դրական բանն այս ամենում, ինչպես կարծում է պատգամավորը, այն է, որ այսօր Ռուսաստանում բոլոր մակարդակներում՝ և՛ փորձագիտական, և՛ պաշտոնական, հաստատվել է հստակություն՝ Փաշինյանի կառավարության հետ հարաբերությունների և դրանից բխող Ռուսաստանի Դաշնության գործողությունների հարցում։

«Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտագործել Ռուսաստանի Դաշնությունը, խաբել Ռուսաստանին և Եվրասիական տնտեսական միության մյուս դաշնակիցներին, որպեսզի արտոնյալ տնտեսական կապերից օգուտ քաղելով՝ վճարեն Հայաստանի՝ մի ճամբարից մյուսը տեղափոխվելու դիմաց»,- ընդգծել է քաղաքական գործիչը: Նա շարունակել է՝ ասելով. «Բայց եթե նախկինում՝ մինչև Ուկրաինայի և հատուկ ռազմական գործողության հետ կապված բոլոր իրադարձությունները, մենք կարող էինք կարծել, թե ՆԱՏՕ-ն և Եվրոպական միությունը նույն բանը չեն, ապա այսօր ակնհայտ է, որ ԵՄ-ն մեր հակառակորդն է, թշնամին:

ԵՄ երկրները մրցում են Ռուսաստանին հնարավորինս մեծ վնաս հասցնելու, ՌԴ տարածքում հնարավորինս շատ սպանելու և ավերելու իրենց ձգտման մեջ։ Այս իրավիճակում Փաշինյանի և պատգամավորների հլու-հնազանդ մեծամասնության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու և այդ մասին օրենք ընդունելու ցանկությունը բացարձակապես հստակ դիրքավորում է Հայաստանի ղեկավարությանը։

ՀՀ-ն պատրաստվում է անցնել մեր թշնամու ճամբար և միաժամանակ կառչում է Կանոնադրության այն կետերից, որոնք ասում են, թե, իբր, հնարավոր չէ կասեցնել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը, քանի որ դա նախատեսված չէ փաստաթղթերով: Իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունո՞ւմ է հնարավոր կասեցնել անդամակցությունը»։ Զատուլինը Հայաստանի նման պահվածքը որակել է որպես «դավաճանություն ռազմական գործողությունների ժամանակ»։

«Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես է Ռուսաստանում ընկալվում այն փաստը, երբ այն պահին, երբ Եվրոպական միության երկրներն ուկրաինացիների ձեռքով սպանում են մեր մարդկանց, Հայաստանը ընկերների ճամբարից անցնում է թշնամիների ճամբար»,- ասել է պատգամավորը։

Զատուլինն ընդգծել է, որ ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ կայացնելու է այնպիսի որոշումներ, որոնք անհրաժեշտ է համարում սեփական տնտեսության և Եվրասիական միության զարգացման համար, միևնույն ժամանակ, ամեն կերպ զարգացնելու է ՀՀ-ի հետ կապերը մշակութային գծով։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա, ըստ Զատուլինի, նա ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար։ «Խորը ափսոսանքով՝ նա միայնակ չի պատասխանում, նա պատասխանում է ամբողջ Հայաստանի հետ միասին», – ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենը։

—

Ժամասլաքների ճշգրտո՞ւմ Բրյուսելում՝ Մոսկվային ընդառաջ. Փաշինյանի այցն ու ԵՄ ը

Նոյեմբեր 2, 2026

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Բրյուսել մասնակցելու ԵՄ ընդլայնման հարցերով Եվրոպական գագաթնաժողովին։ Նա միջոցառմանը հանդես կգա՝ որպես հրավիրյալ բանախոս։

Գագաթնաժողովի շրջանակներում քաղաքական առաջնորդները, փորձագետներն ու պաշտոնատար անձինք կքննարկեն ԵՄ ընդլայնման հեռանկարները, եվրոպական անվտանգությունն ու ռազմավարական ինքնավարությունը, տնտեսական հնարավորություններն ու մրցունակությունը, ինչպես նաև ժողովրդավարության և բարեփոխումների հարցերը։

Գագաթնաժողովի պաշտոնական տեղեկագրում նշվում է, որ ավելի մեծ Եվրոպական միության հեռանկարը հեռահար նպատակից վերածվում է գնալով ավելի գործնական հարցի, իսկ  թեկնածու երկրներն առաջ են մղում իրենց անդամակցության հայտերը, մինչդեռ պատերազմը, աշխարհաքաղաքական մրցակցությունն ու տնտեսական ճնշումները վերաձևում են այն պայմանները, որոնց ներքո պետք է տեղի ունենա ընդլայնումը:

«Գագաթնաժողովում կքննարկվի, թե ինչ կարող է նշանակել ընդլայնման հաջորդ փուլը ԵՄ-ի և նրա հավակնորդ անդամների համար: Բանավեճերի կենտրոնում կլինեն թեկնածու երկրների առաջընթացը, երկուստեք պահանջվող բարեփոխումները, հանձնառություններն ու ինստիտուցիոնալ փոփոխությունները, ինչպես նաև ընդլայնման տնտեսական հնարավորություններն ու հետևանքները: Բացի այն հարցից, թե ով է միանալու, քննարկումը կանդրադառնա նրան, թե ինչպես կարող է ընդլայնումը վերաձևել եվրոպական անվտանգությունը, ժողովրդավարությունը, տնտեսական մրցունակությունը և ռազմավարական ինքնավարությունը: Ավելի մեծ Միություն ունենալը մի հարց է։

Կարդացեք նաև

  • Գազի ներկրումը Հայաստան. կիրականանա՞ն արդյոք դիվերսիֆիկացման երազանքները
  • ԹՐԻՓՓ-ի 74 տոկոսը պատկանում է ամերիկացիներին, այնտեղ, որտեղ ամերիկացիները որևէ բան վերահսկում են, ոչ ոք նույնիսկ ծպտուն հանել չի կարող. Միհրանյան
  • Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին

Թե ինչպիսին կլինի դրան հաջորդող Միությունը՝ բոլորովին այլ հարց»,- նշվում է հաղորդագրությունում:

Սակայն քաղաքական քննարկումների օրակարգն ու Եվրոպայում տեղի ունեցող իրական գործընթացները միշտ չէ, որ համընկնում են։ ԵՄ ընդլայնման հեռանկարների շուրջ լավատեսական հայտարարություններին զուգահեռ՝ եվրոպական մի շարք երկրներ բախվում են ներքին լուրջ սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրների։ Ֆրանսիայում արդեն մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ցույցերը, որոնք պայմանավորված են կենսապայմանների վատթարացմամբ, կրթական համակարգի խնդիրներով և սոցիալական անարդարության ընկալմամբ, վերածվել են լայնածավալ շարժման։

Գերմանիայում ևս տասնյակ քաղաքներում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով ավելի մեծ ներդրումներ կրթության և սոցիալական ոլորտում, դժգոհելով կյանքի թանկացումից և պարտադիր զինվորական ծառայության հնարավոր վերականգնումից։

Բողոքի ալիքներն ուղեկցվում են նաև բախումներով ու անկարգություններով։ Այս իրողությունները ևս մեկ անգամ ի ցույց են դնում, որ եվրոպական ինտեգրման ընդլայնման մասին ռազմավարական հավակնությունների իրագործումը կախված է ոչ միայն արտաքին քաղաքական պայմաններից, այլև հենց ԵՄ անդամ երկրների ներքին կայունությունից, տնտեսական հնարավորություններից և հասարակական համաձայնությունից։

ԵՄ ընդլայնման հնարավոր սահմանների և Հայաստանի հեռանկարի մասին ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Հոկտեմբերի 26-ին Բրյուգեում ելույթ ունենալով՝ նա նշել էր, որ իր պատկերացմամբ՝ առաջիկա 30 տարիներին Եվրամիությունը կարող է ունենալ շուրջ 40 անդամ պետություն։

Միևնույն ժամանակ, անդրադառնալով այն երկրներին, որոնց անդամակցության հեռանկարը դեռևս պայմանավորված է լինելու դրանց հետագա զարգացմամբ, Ստուբը մեկ շարքում հիշատակել էր Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը՝ ընդգծելով, որ նրանց ապագան կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան այդ երկրները։

Այսպիսով, Հայաստանի անունը եվրոպական ընդլայնման երկարաժամկետ տեսլականում հիշատակվում է, սակայն դա դեռևս անդամակցության քաղաքական խոստում կամ հստակ ժամանակացույց չէ։ Ավելին, Ստուբի ձևակերպումն ընդգծում է, որ եվրոպական հեռանկարը դիտարկվում է ոչ թե որպես ինքնաբերաբար իրականացվող գործընթաց, այլ որպես երկրների ներքին և արտաքին քաղաքական զարգացումներով պայմանավորված հնարավորություն։

Հետաքրքրականն այն է, որ Հայաստանը դասվում է Թուրքիայի ու Ադրբեջանի նման երկրների շարքին, որոնք աչքի են ընկնում ավտորիտար համակարգով, այնինչ ՀՀ իշխանություններն իրենց դիրքավորում են՝ որպես ռեգիոնում ժողովրդավարության բաստիոն:

Հատկանշական է նաև, որ Բրյուսել այցը կդառնա Նիկոլ Փաշինյանի եվրոպական ուղղությամբ հերթական քաղաքական շփումը՝ Մոսկվա սպասվող այցից առաջ։ Այս համատեքստում եվրոպական առաջնորդների և պաշտոնյաների հետ քննարկումները կարող են դիտարկվել նաև որպես Երևանի համար կարևոր հնարավորություն՝ ներկայացնելու իր դիրքորոշումները, հստակեցնելու եվրոպական գործընկերների ակնկալիքները և որոշակիորեն համադրելու քաղաքական օրակարգերը՝ ընդառաջ գնալով ռուսական ուղղությամբ սպասվող շփումներին։

Այլ կերպ ասած՝ Փաշինյանի բրյուսելյան այցը միայն ԵՄ ընդլայնման հեռանկարների շուրջ քննարկումներին մասնակցություն չէ. այն հնարավորություն է՝ եվրոպական մայրաքաղաքում ճշտելու ժամսլաքները՝ Մոսկվայի հետ առաջիկա երկխոսությունից առաջ։

—