168: Փաշինյանը պատրաստվում է գրոհի․ կանխելու միակ շանսը

Սեպտեմբեր 27, 2026

Առաջիկայում Հայաստանի քաղաքական օրակարգը գեներացվելու է հիմնական մի քանի հարցերի շուրջ՝ Տիգրանաշենի վերադարձ Ադրբեջանին, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանության նոր արշավ, Նոր Սահմանադրության ընդունում, ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերում Հայաստանից։

Բոլոր այս հարցերը, ինչպես և դրանից շեղելուն ուղղված տեղեկատվական աղմուկը քաղաքական օրակարգ է ներմուծում/ներմուծելու իշխանությունը և ընդդիմությունը, իշխանությանը դեմ հանդես եկող այլ խմբեր ու անհատներ, լավագույն դեպքում հանդես են գալու արձագանքողի դիրքերից։ Դա է այսօրվա Հայաստանի քաղաքական ստատուս- քվոն, որի հետ նախ պետք է հաշվի նստել, ապա փորձել այդ իրողությունները հաշվի առնելով՝ ոչ միայն ուղղակի արձագանքել իշխանությանը, այլև պայքարել նրա քաղաքականության դեմ։ Եթե պայքարի մղումներն անկեղծ են, ինչպես հայտարարվում է։

Վերը թվարկված բոլոր հարցերը վերաբերում են Հայաստանի, հայկական պետականության ֆիզիկական ու հոգևոր անվտանգությանը և դրանք պայմանավորող քաղաքական կառուցվածքին։ Ընդ որում, բոլոր դեպքերում խոսքը ինչ-որ բան հանելու, ինչ-որ բանից հրաժարվելու մասին է։

Տիգրանաշենի պարագայում Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս է բերվում ռազմավարական նշանակության բնակավայր, կարճ ժամանակ անց դրանից հայկական բնակչությանը հանելու հստակ հեռանկարով։ «Եկեղեցու բարեփոխում» անվան տակ ծրագրով, Հայ Առաքելական եկեղեցուց իշխանությունը պատրաստվում է հեռացնել Ամենայն Հայոց կաթողիկոսին ու հոգևորական այն դասին, որը չի կիսում «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։

Կարդացեք նաև

  • Ի՞նչ ցույց տվեց Փաշինյան-Էրդողան հերթական հանդիպումը
  • Ազգ-ստամոքս՝ ազգ-բանակի փոխարեն
  • Պայքար՝ Էջմիածնի համար. եկեղեցական բարեփոխո՞ւմ, թե՞ եկեղեցու նկատմամբ աշխարհիկ իշխանության վերահսկողության հաստատման արշավ. Սերգեյ Մարկեդոնով

Նոր Սահմանադրության ընդունմամբ դրանից հեռացվելու է Հայաստանի անկախության հռչակագիրը՝ ազդարարելով Երրորդ հանրապետության նաև ֆորմալ վախճանը։

Հեռացնելու, դուրս բերելու սկզբունքը գործում է նաև ռուսական ռազմաբազայի պարագային, որը առնվազն զսպող նշանակություն ունի դեռևս շատ փխրուն, այդուհանդերձ անվտանգային գործող համակարգում։ Այսպիսով, իշխանությունը առաջիկայում բոլոր ուղղություններով առաջ է մղելու օրակարգային այնպիսի հարցեր, որոնց նպատակը Հայաստանի ֆիզիկական ու հոգևոր անվտանգության, ինքնության ու պետականության կառուցակարգերից ինչ-որ բան հեռացնելն է։ Իսկ սուրբ տեղը դատարկ չի մնում։ Դատարկվող ցանկացած ֆիզիկական ու աննյութական տարածություն լցվելու է արևմտյան որևէ գայթակղիչ պատումով փաթեթավորված թուրքական և/կամ ադրբեջանական բովանդակությամբ։

Սա է իրերի դրությունը, որի դեմ պայքարելու համար ինստիտուցիոնալ գործիքները (խորհրդարան, դատաիրավական համակարգ և այլն) ակնհայտորեն բավարար չեն և բացառությամբ գուցե նոր Սահմանադրության, որի համար ՔՊ-ն չունի պառլամենտական որակյալ մեծամասնություն, մյուս բոլոր ուղղություններով իշխանությունն այս պահին ունի հաջողության հասնելու բոլոր շանսերը։

Իշխանության այս ծրագիրը տեսականորեն կարող է եթե ոչ տապալվել, ապա գոնե զսպվել միայն իրական հանրային համախմբման միջոցով, որի ուղղությամբ այսօր գրեթե որևէ քայլ չի կատարվում։

Խոսակցությունների մակարդակում հնչում են հերթապահ հայտարարություններ քաղաքական  ուժերի համախմբման մասին, բայց դա գրեթե աղերս չունի այն հասարակական մոբիլիզացիայի հետ, որը կարող է կանխել արտաքին աջակցություն ունեցող իշխանության այս ծրագիրը։ Ընդդիմադիր ուժերը գնում են նույն՝ տասնամյակներ տապալում ապահոված թակարդ տանող ճանապարհով՝ փորձելով քաղաքական միավորման միջոցով ապահովել հանրային համախմբում, որի պարագայում, հասարակությունը դիտարկվում է որպես միջոց։ Մինչդեռ պետք է լինի հակառակը՝ կայանա հանրային այնպիսի մոբիլիզացիայի, որի դեպքում քաղաքական ուժերի միավորումը կծառայի որպես գործիք՝ հանրային համախմբման հիմքում դրված նպատակին հասնելու համար։

Իշխանությունը մի քանի ուղղություններով դատարկում է հայկական պետականության դիմադրողականության վերջին մնացորդները՝ դրանց տեղը հնարավոր ամեն ինչով լցնելու հստակ մտադրությամբ։

Ընդդիմությունը, ոչ թե ֆորմալ, կուսակցական ձևաչափերով, այլ հանդես գալով որպես միասնական հակաիշխանական համակարգ, միայն հանրային մոբիլիզացիայի միջոցով կարող է փորձել լցնել այդ դատարկությունը, ինչի համար անհրաժեշտ է բովանդակություն, քաղաքական բովանդակություն՝ այսօրվա իրողություններին համապատասխանող և ոչ թե անցյալի հաղթականության նոստալգիայի վրա հիմնված ապաքաղաքական բովանդակություն։ Այս պահին դա բացակայում է։ Բայց դա ունենալու համար նախ անհրաժեշտ է ընդունել քաղաքականությամբ զբաղվողների շրջանում դրա բացակայության փաստը, ինչի մասին բարձրաձայնումները դեռևս ընդունվում են որպես վիրավորանք։

Հարություն Ավետիսյան




—

6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը

Սեպտեմբեր 27, 2026

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը գրել է․

«6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված։

Մեկ բան անփոփոխ է. հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել։

Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են։

Այս պատերազմը չի ավարտվել։ Չի ավարտվել ոչ միայն նրա համար, որ մեր Սուրբ նահատակների առաքելությունն է անավարտ մնացել, այլև որ թշնամին չի բավարարվել ձեռք բերածով ու մեր ժողովրդի դեմ գործած հանցագործություններով։

Փառք հայրենիքի պաշտպաններին,
հավերժ փառք մեր նահատակներին»։

—

Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածու

Սեպտեմբեր 27, 2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գրել է․

«Վեց տարի առաջ այս օրը սկսվեց պատերազմը։ Մեծ պատերազմ, որը փոխեց բոլորիս կյանքը։ Հազարավոր զոհեր, վիրավորներ ու աննկարագրելի հերոսություն։ Փառք ու պատիվ մեր հերոսներին։

Շատ-շատերիս կյանքն այդ օրվանից փոխվեց։ Իմ կյանքը մինչև պատերազմը և դրանից հետո ամբողջությամբ փոխվել է, ու գիտեմ, որ շատերի մոտ է այդպես։

2020-ի սեպտեմբերի 27-ին ես անազատության մեջ էի։ Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր, սահմաններին, ռմբակոծվող մեր քաղաքներում ու գյուղերում։ Իսկ ես մեկուսարանում էի։ Պետության համար դժվարագույն այդ պահին ես զրկված էի օգտակար լինելու հնարավորությունից։ Զրկված էի իրական ինֆորմացիայից։ Հաջորդ օրերին հաջողվեց կապվել իմ ընտանիքի անդամներին, և ինչ որ հնարավոր էր անել մեր երկրի համար՝ արվեց։

Բայց կա մի այլ հարց, որն ինձ առ այսօր տանջում է։ Պատերազմի սկզբից մի երկու ամիս առաջ ես հրապարակայնորեն զգուշացրել էի, որ շատ բաներ երկրում ճիշտ չեն արվում։ Զգուշացրել էի, որ քիչ ժամանակ ունենք, որ պետք է վերանայենք շատ հարցեր, պետք է բոլորով միավորվել, առանց թշնամանք ու առանց կուսակցական պատկանելության անենք ամեն հնարավորը՝ պատերազմից խուսափելու համար։ Իմ ձայնը չլսվեց։ Ավելին ասեմ՝ գիտե՞ք քանի քաղաքական գործիչ է ինձ ասել՝ «լավ էլի Ծառուկյան՝ ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում»։ Էլ դրանից ավելի ի՞նչ կարող էի անել ես, իսկապես չգիտեմ։

Պատերազմից վեց տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է։ Դա շատ լավ է։ Բայց մեր երկրում էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը, ու դա ինձ շատ մտահոգում է։ Սա տեսնում են նաև մեր հարևանները, իսկ ես վստահ չեմ, որ նրանք կրկին չեն ուզենա օգտվել այսօրվա անկայուն աշխարհում մեր այս վիճակից։ Սա է իմ անհանգստությունը։

Խաղաղություն մեր երկրին, Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին։ Ազատությո՛ւն Բաքվի բանտերում պահվող հայորդիներին։

Կենտրոն ՔԿՀ
27.09.26թ.»

—

Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝

Սեպտեմբեր 27, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը գրել է․

«Սիրելի քույրեր ու եղբայրներ,

Վեց տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի սանձազերծած պատերազմով սկսվեցին մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր 44 օրերը։

Այդ պատերազմի համար մենք վճարեցինք անչափելի բարձր գին՝ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարվածներ, կորսված հայրենիք, հազարավոր հայորդիներ, որոնց քաջության մասին ես խոսել էի պատերազմի հենց հաջորդ օրը։

Այդ տղաների կյանքը հնարավոր էր փրկել։ Ցավոք, որոշում ընդունողները իրենց բնույթի համաձայն մտածում էին բացառապես սեփական կաշվի մասին: Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն կանգնեցնելու որոշումը կարող էր իրեն «դավաճանի» պիտակ բերել։

Սա այլևս պարզապես քաղաքական սխալի մասին չէ։ Երկրի ղեկավարը գիտակցել է սպասվող արհավիրքի ու կորուստների չափը, ունեցել է դրանք կանխելու պետական լծակներ, բայց վճռական քայլ չի կատարել՝ սեփական քաղաքական ճակատագրի հանդեպ մտավախությունից ելնելով։

Արդյունքում Արցախը հայաթափվեց, ու մի ամբողջ լուսավոր սերունդ բռնեց հավերժի ճանապարհը։

Սիրելի՛ ժողովուրդ,
44-օրյա պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս։ Վեց տարի անց՝ նոր կորուստներ, նոր զիջումներ և մեր պետությանը պարտադրվող նոր՝ ապազգային օրակարգ։ Վտանգը կրկնակի է՝ հակառակորդը կանգ չի առնում, իսկ պետության կենսական շահերը անձնական շահին ստորադասողը դեռ շարունակում է որոշումներ ընդունել մեր երկրի անունից։ Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների:

Եվ ուրեմն, պետք է լինել միասնական և համախմբվել՝ ընդդեմ յուրաքանչյուր քայլի, որը թուլացնում է մեր պետությունը, ոտնահարում մեր ազգային շահը կամ մեր երկիրը կարող է տանել նոր արհավիրքների։

Սա ոչ միայն հրամայական է, այլև մեր պարտքն է բոլոր այն հերոսների առջև, ում անունները վեց տարի անց իշխանավորները դեռ չեն հրապարակել, փոխարենը նրանց նկարների հետ կռիվ են տալիս ու հեռացնում երևանյան շենքերի պատերից։
Խունկ ու խոնարհում՝ մեր նահատակների հիշատակին։

Պատիվ ու երախտագիտություն՝ այսօր մեր կողքին ապրող հերոսներին։
Հավերժ փա՛ռք մեր հերոսներին»։

—

Արհեստածին Ադրբեջանի դեմոկրատական կառավարության ստեղծումն ու անկումը՝ ԱՄՆ հետ

Սեպտեմբեր 27, 2026

Իրանական ճգնաժամի ժամանակաշրջանում՝ 1945 թ. աշնանը, ձևավորվեց Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդը դարձավ Սեյիդ Ջաֆար Փիշևարին։ Ռեզա շահի իշխանության տարիներին Փիշևարին ձերբակալվել էր և շուրջ տասը տարի անցկացրել բանտում։

 

Նա «Աժիր» թերթի խմբագիրն էր: 1945 թվականի նոյեմբերին կուսակցությունը Թավրիզում իրականացրեց իշխանության գրավում, և նոյեմբերի 21-ին ձևավորվեց Ադրբեջանի ժողովրդական կառավարությունը՝ Ջաֆար Փիշևարիի գլխավորությամբ։ Արհեստածին և այդպես էլ չճանաչված միավորման հիմքում Խորհրդային Միությունն էր կանգնած: Նոր կառավարությունը ԽՍՀՄ-ից ստանում էր քաղաքական, ֆինանսական և ռազմական աջակցություն, իսկ խորհրդային կողմը փորձում էր Իրանից ստանալ նավթային զիջումներ։ Մոտ մեկ տարվա կյանք ունեցած արհեստական միավորումը լուծարվեց 1946 թվականի հունիսի 13-ին:

Կարդացեք նաև

  • Ուժայիններով գրոհելու են. ՉՊԵՏՔ Է թույլ տանք՝ հասնեն Մայր Աթոռի պատերին. վճռական ճակատամարտը՝ Բաղրամյան փողոցում կամ կառավարության առջև. Սուրեն Սուրենյանց
  • Դա կարող է Հայաստանը վերածել մարտադաշտի և չափազանց կործանարար լինել Հայաստանի համար. Ալիռեզա Ղոլիփուր
  • ԱՄՆ-ը՝ ընդդեմ Իրանի. ռազմավարական փակուղի

Դրա պատճառը դարձավ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև սկսված հակասությունները: ԽՍՀՄ-ը 1946 թվականին հրաժարվեց Ադրբեջանի ժողովրդական կառավարությանը հետագա աջակցությունից։  1946 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին իրանական զորքերը վերականգնեցին իշխանությունը, արհեստածին Ադրբեջանի ժողովրդական կառավարությունը վերացավ:

Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այս խնդիրը չէր կարող  չմնալ ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության ուշադրությունից դուրս: 1948 թվականի մայիսի 6-ին ԱՄՆ ԿՀՎ-ն զեկույց է պատրաստում, որտեղ մանրամասն ներկայացնում է 1946 թվականին Իրանում տեղի ունեցած իրադարձությունները, խորհրդային զորքերի դուրսբերումն ու հետագա վիճակը: Ստորև ներկայացնում ենք փաստաթուղթն ամբողջությամբ.

 

«1948 թվականի ՄԱՅԻՍԻ 6
ԽԻՍՏ ԳԱՂՏՆԻ / ԳԱՂՏՆԻ

ԻՐԱՆ. Խորհրդային զորքերի դուրսբերումն ավարտված է թվում, բացառությամբ Ադրբեջանի

 

Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը զեկուցում է, որ ողջ Հյուսիսային Իրանը, հնարավոր է՝ բացառությամբ Իրանական Ադրբեջանի, ամբողջությամբ էվակուացվել է խորհրդային զորքերի կողմից։ Թեև քաղաքացիական հագուստով մնացած զորքերի թվի մասին տեղեկությունները հակասական են, դեսպանատունը չի կարծում, որ դրանց թիվը մեծ է, բացառությամբ Ադրբեջանի։ Ղավամը մայիսի 4-ին գործերի հավատարմատար Ուորդին հայտնել է, որ

(ա) նա հավատում է, որ խորհրդային բոլոր զորքերը, ներառյալ Ադրբեջանում գտնվողները, դուրս կբերվեն ոչ ուշ, քան մայիսի 6-ին:

(բ) նա կհանձնարարի դեսպան Ալային տեղեկացնել Անվտանգության խորհրդին, որ Իրանն իր զեկույցը կներկայացնի մի հանձնակատարի զեկույցը ստանալուց հետո, որին Ղավամը նախատեսում էր ուղարկել Ադրբեջան «մեկ-երկու օրվա ընթացքում»։

Թավրիզում ԱՄՆ հյուպատոսի պաշտոնակատարը զեկուցում է, որ՝

(ա) Թավրիզի խորհրդային կայազորի հիմնական մասը դուրս է բերվել մայիսի 5-ին։

(բ) Թավրիզի խորհրդային օկուպացիան փոխարինվել է խորհրդային «ներթափանցմամբ»։

(գ) Կովկասցի ներգաղթյալները գնալով ավելի շատ պաշտոններ են զբաղեցնում տեղական ինքնակառավարման մարմիններում, ներառյալ՝ ոստիկանության պետի գրասենյակը։

(դ) Խորհրդային զորքերն ու ռազմական տեխնիկան, որոնք մայիսի սկզբին շարժվել էին դեպի հարավ՝ Թեհրանի ուղղությամբ, ըստ երևույթին, հետ չեն քաշվել Ադրբեջանի տարածքով։

(ե) Թավրիզից հարավ գտնվող Մարաղա-Միանդոաբ շրջանից ռազմական տեխնիկայի և անձնակազմի տարհանումը թվում է գրեթե ավարտված։

Թեհրանում ԱՄՆ ռազմական կցորդի օգնականը, ով մայիսի 3-4-ին ավտոմոբիլային ճանապարհով մեկնել է Թեհրանից Թավրիզ, զեկուցում է, որ՝

(ա) Ճանապարհից հեռացվել են խորհրդային բոլոր հսկիչ կետերը, և խորհրդային զորքեր չեն նկատվել, բացառությամբ Թավրիզի արվարձանների։

(բ) Ղազվինում (Թեհրանից 80 մղոն հյուսիս-արևմուտք) մնում են քաղաքացիական հագուստով ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքացիներ։

(գ) Դեպի Թավրիզ տանող ճանապարհին նկատվել են բազմաթիվ ռուսախոս ադրբեջանցիներ։

(դ) Զենջանից մինչև Թավրիզ ընկած 150 մղոնանոց հատվածում նկատվել են Ադրբեջանի բանակի լավ համազգեստով, լավ հանդերձավորված և լավ առաջնորդվող բազմաթիվ փոքր ստորաբաժանումներ։

 

Բանակցություններն Ադրբեջանի հետ մտել են փակուղի

Ղավամը Թեհրանի դեսպանատանը հայտնել է, որ ադրբեջանական պատվիրակության հետ բանակցությունները մտել են փակուղի, հիմնականում ադրբեջանական բանակի հարցի շուրջ, որը, Ղավամի պնդմամբ, պետք է արձակվի։ Պատվիրակության ղեկավար Փիշևարին նույնպես մերժել է Ադրբեջանի «Ազգային ժողովը» լուծարելու և Գավառական խորհրդի նոր ընտրություններ անցկացնելու Ղավամի պահանջը։ Փիշևարին պահանջել է, որ ֆինանսների գլխավոր պաշտոնյան նշանակվի տեղում, այլ ոչ թե Թեհրանից։ Ղավամը Փիշևարիին հայտնել է, որ չի կարող և չի անի որևէ զիջում հրապարակայնորեն հայտարարվածներից զատ»: (Տես՝ CIA-RDP78-01617A005800020047-2.pdf):

Փաստաթուղթը ցույց է տալիս, որ 1946 թվականի մայիսին խորհրդային զորքերի դուրսբերումը Իրանից դեռ չէր նշանակում խորհրդային ազդեցության լիակատար վերացում։ Իրանում դեռ պահպանվում էր խորհրդային ազդեցությունը: Այս իրավիճակը դարձավ Իրանական ճգնաժամի կարևոր փուլը, որը հետագայում հանգեցրեց արհեստածին և չճանաչված Ադրբեջանի ժողովրդական կառավարության վերացմանը և Իրանում կենտրոնական իշխանության վերահաստատմանը:

Զ. Շուշեցի




—

Պատերազմն օրացույցով չի ավարտվում, վերքը փակում ես, բայց չես բուժում. Ռազմակա

Սեպտեմբեր 27, 2026

Պատերազմի և դրա հոգեբանական հետևանքների մասին 168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք ռազմական հոգեբան, խորհրդատու Գրիգոր Բադալյանի հետ։

– Հոգեբանական ինչպիսի՞ հետևանքներ են ունենում պատերազմները։

– Պատերազմն արտակարգ իրավիճակ է մարդու համար, որն ունի բազմաշերտ ազդեցություն։ Այն ազդում է մարդու հոգեկանի, նյարդային համակարգի, սոցիալական վիճակի վրա։ Եթե կարող է ինչ-որ մի տեղ հրդեհ լինել ու դա սպառնալ ֆիզիկապես, ապա պատերազմը երկարատև ազդեցություն կարող է ունենալ։ Սթրեսային ազդակների ինտենսիվությունն ու տևողությունը ուժգին է ու երկար։ Այնտեղ վտանգները բավականին շատ են՝ հոգեբանական, մարմնի առողջության ու կյանքի առումով։ Այսինքն, սա բազմագործոն ազդեցություն է, հետևաբար՝ դրա թողած հետևանքները նույնպես բազմագործոն են լինելու, չի սահմանափակվելու հոգեբանականով կամ մարմնականով։ Սովորաբար կպչում է ֆիզիոլոգիային, երբ մարդիկ չեն կարողնում քնել, առաջանում են սննդային խանգարումներ, ուժգին տագնապ։ Ունենում են նաև անհանգստություն, մեղքի զգացում։ Լինում է սոցիալական միջավայրում ներգրավվելու, հասարակության և աշխարհի հետ ադապտացվելու խնդիր։

Հիմա եկեք հասկանանք, թե ի՞նչ է նշանակում սթրեսային ազդեցությունը։ Սթրես առաջանում է այն ժամանակ, երբ մեզ համար իրավիճակը կտրուկ փոխվել է։ Մենք չենք կարող հակազդել նույն կերպով՝ և՛ վերահսկելի, և՛ արտակարգ պայմաններում։

Կարդացեք նաև

  • ԴՈՒՌԸ ՇՐԽԿԱՑՐԵՑԻՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՐԵՍԻՆ, ԲԱ ՀԵՏՈ՞. ՉԵՄ ԿԱՐՈՂ ԻՆՁ ԿՈՒՅՐԻ ԿԱՄ ԽՈՒԼԻ ՏԵՂ ԴՆԵԼ, ԵՐԲ… ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆ
  • Առաքինությունների հոգևոր առաջընթացն ընտանիքում
  • Այն, ինչն Ադրբեջանը պատկերացնում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հարցում, սրանք իրականացնում են․ Աննա Գրիգորյան

Ֆիզիոլոգիական սթրեսն այն է, երբ շունը ընկավ քո հետևից՝ վախեցար, փախար, փրկվեցիր։ Սա նորմալ է, արդյունավետ է, շատ ժամանակ՝ օգտակար։ Բայց եթե տևական է ազդեցությունը, որն առաջացնում է երկարատև սթրես ու տևում է 10, 20, 30 օր և ավելի՝ օրգանիզմը սկսում է հյուծվել, սպառել հոգեկան, ֆիզիոլոգիական ռեսուրսները։ Սա կախված է նաև մարդու առանձնահատկությունից, տեղի ունեցածի, ապագայի նկատմամբ վերաբերմունքից։ Կարևոր է՝ մտերիմների շրջանում կորուստներ եղե՞լ են, թե՞ չէ, ինչպե՞ս է փորձում դրանից հետո ադապտացվել։ Այս ամենը կարևոր է, որպեսզի դիտարկենք, թե հոգեբանական ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ պատերազմն անձի վրա։

– Շատերը, ովքեր մասնակցել են պատերազմի, նախընտրում են լռելն ու այդ մասին չխոսելը։ Սա և՞ս հանգեցնում է խնդիրների։

– Սա, որպես այդպիսին, պաշտպանական մեխանիզմ է, որովհետև մեր հոգեկանը նախընտրում է այն ամենը, որն ինձ ցավ է պատճառում, տարածություն վերցնի, պարզապես մոռանա ու չխոսի դրա մասին, որ կրկին չառնչվի նույն ուժգին սթրեսորին, բայց սա նշանակում է, որ քո վերաբերմունքը չես փոխել դրա հանդեպ, որովհետև երբ անդրադառնաս՝ դա քեզ ցավ է պատճառելու։ Բայց, իհարկե, պետք է լուծել հարցը։ Եթե հարցին ուղիղ պատասխանեմ, ապա չասելը, չխոսելը բացասաբար է ազդում։ Պատկերացրեք՝ ձեր ձեռքը վիրավոր է, անընդհատ փակում ես վերքը, ոչ ոքի չես ասում, չես ուզում հիշել, բայց միևնույն ժամանակ դու չես բուժում այն։ Արդյունքում՝ զարգացում ունենալո՞ւ է, վնասելո՞ւ է, բնականաբար։ Հետևաբար՝ դրա մասին խոսելն ամոթ չէ։ Պարզապես նախընտրելի է, որ դա տեղի ունենա մասնագետի ուղեկցությամբ, որովհետև չունենք այդ վստահությունը, որ սոցիալական արձագանքն այն երևույթին, որն ինձ համար միգուցե տրավմատիկ ազդեցություն է ունեցել՝ աջակցությունը կլինի առողջ։ Պետք է այն ընդունես՝ որպես կյանքում ունեցած փորձառություն, և շարունակես ապրել։

– 44-օրյա պատերազմից հետո շա՞տ եղան մարդիկ, ովքեր դիմեցին հոգեբանների, թե՞ պարփակվեցին, ոչ մեկի հետ չզրուցեցին, և դա հանգեցրեց լուրջ խնդիրների։

– Երկուսն էլ։ Եկեք նշենք, որ միայն հոգեբանական աջակցությամբ չի սահմանափակվում։ Շատ դեպքերում անհրաժեշտ է նաև հոգեբուժական, սոցիալական աջակցություն։ Ասում են՝ դիմիր հոգեբանին և կկարգավորվի։ Ո՛չ, դա սխալ մոտեցում է, որովհետև եթե հասարակության մեջ շարունակում է լինել հետսթրեսային միջավայրը, ապա անձին ուղղորդելը, թե՝ գնա հոգեբանի մոտ, կկարգավորվի, բայց կրկին վերադարձիր այն միջավայրը, որտեղ մարդիկ տագնապած են, ագրեսիվ, բևեռացված, կոնֆլիկտի մեջ են, կա մշտական լարվածություն, սխալ կլինի։ Այստեղ պետք է բազմագործոն ազդեցություն։ Պատերազմն ազդում է հասարակության, մտերիմների, քո առողջության, սոցիալական կապերի ու հոգեբանական վիճակի վրա։ Հետևաբար՝ չպետք է մեզանից վերցնենք պատասխանատվությունն ու ասենք՝ գնա հոգեբանի մոտ, կկարգավորվի։Պետք է համապարփակ մոտեցում, որովհետև պատերազմի ազդեցությունը մեծ է, մարդու հոգեկանը չունի այն ռեսուրսը, որ կարողանան դա մարսել։ Նույնիսկ հետպատերազմյան շրջանում մեր հասարակությունում լարվածությունը չափից շատ է, ագրեսիան բավականին բարձր է։ Դրա համար կարող են տարբեր տեսակի վարքաձևեր ծնվել՝ հանցագործություն, իմպուլսիվ գործողություններ ու, ամենասարսափելին, առաջանա հասարակության առողջության խնդիր, մասնավորապես՝ բևեռացում։ Ներսից բաժանվեն թիմերի ու պայքարեն մեկը մյուսի դեմ։ Պատերազմական վիճակը քեզ ստիպում է մտածել՝ ես ընդդեմ ինչ-որ մեկի, ու երբ այն ավարտվում է, հետևանքները մնում են, և մասնակիցներն ու ոչ մասնակիցները կարող են շարունակել փնտրել օտարներին, ու բևեռացումը կարող է հեշտությամբ առաջանալ։

Կան մարդիկ, ովքեր դիմել են սկզբից, որոշներն ուշ են դիմել, որովհետև նույն ազդեցությունը մեկի մոտ կարող է ավելի վաղ լինել, մյուսի մոտ ուշ՝ 1 տարի հետո։ Սա շատ անհատական է։ Մարդ կա՝ 3 տարի հետո է դիմում, որովհետև նոր մտքեր են առաջանում դրա հետ կապված։

– Պատերազմի բովով անցած բոլոր երկրներին ու նրա բնակիչների՞ն է բնորոշ ագրեսիան, բևեռացումը, իրար մեղադրելը, թե՞ այստեղ ազգային պատկանելությունը դեր ունի։

– Սա մարդու հոգեկանին և գլխուղեղին բնորոշ հակազդում է։ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո, երբ զինծառայողները վերադառնում էին, շատերը կային, որոք ֆիզիկական վնասվածք չէին ստացել, բայց սկսում էին կախվածություն ունենալ ալկոհոլից, էքստրեմալ սպորտաձևերից, շատերը կատարում էին հանցագործություններ, և հասկացան, որ միգուց պատերազմն ուղիղ այնքան մարդուն չի վնասել, քան հետպատերազմյան շրջանը։ Կարող է առաջանալ հետտրավմատիկ սթերսային խանգարում և լինի դյուրագրգիռ, հյուծված վիճակ, անքնություն, սնվելու խանգարում, վտանգի սպասում և որոնում, մենք-նրանք, յուրայիններ-օտարներ բաժանում։

Ագրեսիվ ֆիլմերը, երաժշտությունը, վատ մթնոլորտը, սնունդը, շատ խցանումները ևս ազդում են։

Մեր հասարակությունը չափազանց քաղաքականացված է, շատ է ներառված քաղաքականության մեջ, կարծում եմ՝ քաղաքական կողմերը չեն խնայում հասարակությանը և չափից շատ են ներառում այդ գործընթացների մեջ։ Տոտալ տագնապի, լարվածության արդյունքում մարդն իրավիճակի վերահսկողության կարիք ունի։ Հետևաբար՝ նրանք ներառվում են քաղաքական գործընթացի մեջ՝ չլինելով պրոֆեսիոնալ, չունենալով ֆիլտրի և էկոլոգիական դիետայի կարողություն, ընդունում են ցանկացած ինֆորմացիա, պրովոկացիոն հույզեր են ստանում, անընդհատ լարված վիճակում են գտնվում, ու ընտանիքի երկու անդամ կարող են իրար հետ վիճել քաղաքական հայացքների պատճառով, իսկ դա ամբողջ հասարակությանն է բնորոշ։ Կարծում եմ՝ պետությունը պետք է դա հասկանա և հասարակությանը հանգիստ թողնի քաղաքական գործընթացներից, որ իրար չվնասեն ներսում, իրար դեմ չպայքարեն։ Սրանից հետո աշխատեն բարենպաստ վերականգնողական միջավայր ստեղծելու համար։

– Բայց չե՞ք նկատում, որ մեր հասարակությունը սիրում է, ձգտում է ագրեսիայի։ Եթե չուզի՝ չի ձգտի։

– Այդպես չէ։ Հաճախ ասում են՝ այս ի՞նչ երգեր եք երգում, սա մեր մշակույթը քանդող երաժշտություն է, պատասխանում են՝ ժողովուրդը դա է ուզում։ Այդպես չէ։ Եթե երեխային սովորեցնում ես շաքար ուտել՝ կախվածություն է ունենալու շաքարից։ Հասարակությունը չունի գիտակցություն, այն մեծ երեխա է։ Ինչ հրամցնես՝ ինչ-որ ժամանակ հետո դրա կարիքն ունենալու է։ Միգուցե մենք ունենանք նախադրյալ՝ ավելի ագրեսիվ սոցիալական տեսակի, ով պատրաստ է հարձակվել, ավելի դյուրագրգիռ է, տաքարյուն, դու դա կարող ես խթանել՝ ստեղծելով անապահով միջավայր, և կարող ես աջակցել, որպեսզի անհարկի ագրեսիան նվազի՝ ստեղծելով ապահով միջավայր։ Չի կարելի մեղադրել այն մարդուն, ով ագրեսիվ է, ուրեմն պետության աստիճանում պետք է վերացնել այն պատճառները, որպեսզի մարդն ագրեսիվ լինելու կարիք չունենա։

– Այստեղ, կարծում եմ, կարևոր է մարդու անձնային հասունությունը, որովհետև 80-90 տոկոսին, մեղմ ասած, կարողանում են օգտագործել՝ իրենց շահերից ելնելով։ Խնդիր կա, հոգեբանորեն հասուն չէ մեր ժողովուրդը։

– Համաձայն եմ․ պատկերացրեք ժողովուրդ, որն ընդամենը 120 տարի առաջ ունեցել է մեծ ցեղասպանության տրավմա, ու դա չի անցնում, 10-ամյակներով փոխանցվում է։ Ապրել է անորոշ, կեղծ կոմունիստական հասարակությունում, լիարժեք ինքնագիտակցություն չունեցող։ Հետո այն փլուզվել է, կրկին ժողովուրդը հայտնվել է անապահով, անորոշ վիճակում։ Տեղի է ունեցել երկրաշարժ, պատերազմ, սոցիալական դժվարություն, կորուստներ, մշտական քաղաքական խաղերի մեջ են ինտեգրվել, հետո կրկին խոշոր պատերազմ, և դրան զուգահեռ՝ մեր մշակույթում փոխանցվող ինֆորմացիան առողջացնող չէ․ սպանություններ, դաժանություն, դավաճանություն ներկայացնող սերիալներ, երգեր՝ մեծ մասը մահվան, տառապանքի վերաբերյալ։ Հետևաբար՝ այս հասարակությունն այդքան տրավմաների արդյունքում ինքնուրույն չի հասցնում հասունանալ՝ որքան էլ որ ունենք Նարեկացի, Կոմիտաս… Պետությունը պետք է գիտակցի այս ամենն ու նպատակաուղղված հասունացնի իր հասարակությանը։ Դրա համար ամենակարևոր միջոցը մշակույթն է։ Երբ կարդում ես Թումանյան կամ Սահյան, քո աշխարհայացքը փոխվում է։ Դու մտածում ես այն, ինչ հզոր մարդիկ։ Բայց երբ լսում ես պրիմիտիվ, կիսահանցավոր բարքեր ենթադրող երաժշտություն ու նայում նման սերիալ, ֆիլմ, դու փողոցում լինելու ես այդպիսին ու չես հասունանալու։ Հետևաբար, ինչ մշակույթ թույլ է տալիս պետությունը, որպեսզի շրջանառվի հասարակությունում, դրանով որոշվում է, թե ի՞նչ հասունության աստիճանի հասնող հասարակություն է իրեն անհրաժեշտ։

– Հասարակությունը պետք է նաև պահանջատեր լինի։ Իրենք սիրում են նաև այն հաղորդումները, որտեղ մարդու անձնականն են քննարկում, ու բոլորը լաց են լինում։

– Երբ երեխային տալիս ես հեռախոսն ու ասում՝ մուլտֆիլմ նայիր անընդհատ, որովհետև ես զբաղված եմ, ինչ-որ ժամանակ հետո չես կարողանալու ձեռքից վերցնել, որովհետև պահանջելու է։ Եթե դու ինչ-որ մեկին՝ հատկապես մանկությունից, սիստեմատիկ վատ ես վերաբերվում, տվյալ մարդը չի կարողանալու վատ վերաբերմունքից հրաժարվել։ Հասարակություն և պետություն հարաբերությունը ծնող և զավակ հարաբերությունն է։ Իրականում, մեծ հաշվով, հասարակությունը շատ քիչ բան է ընտրում։ Միշտ փոքրաթիվը որոշում է կայացնում ու կառավարում է մեծաթիվին։ Հասարակության գիտակցությունն ավելի հուզական է, մանկական։ Իրականում միշտ պետությունը պատրանք է ստեղծում, որ դու ես կառավարում։ Պետությունն է թույլ տալիս՝ սա լինի՞, թե՞ չլինի։ Հասարակության առողջացման համար գրեթե միշտ պատասխանատու է պետությունը։ Հասարակությանը պետք է հասունացնել, առողջացնել, որպեսզի կարողանա տարբեր տրավմատիկ ազդեցությունները հոգեկան առողջության հանդուրժողականությամբ տանել։ Դա ընդունի՝ վերցնի, տանի։

– 44-օրյա պատերազմի անմիջական մասնակիցների և թե քաղաքացիական բնակչության մոտ կա մեկուսացում։ Չեն շփվում մյուսների հետ, ինչպե՞ս ձերբազատվել սրանից։

– Սա սոցիալական գործոն է։ Վերականգնումը լինում է ֆիզիկական, ֆիզիոլոգիական, սոցիալական և հոգեբանական։ Ձեր դիտարկումը սոցիալ-հոգեբանական է, այսինքն՝ անձի ներսում ինչ-որ բաներ են տեղի ունենում, և նա կոնտակտի չի գնում։ Ի՞նչ է սա նշանակում։ Պատերազմի ազդեցությունն այնքան ուժգին է, որ միայն հոգեբանականով չի սահմանափակվում, այլ ամբողջական ազդում է մարդու օրգանիզմի վրա, և վերականգնումը պետք է իրականանա այս 4 հատվածներում։ Բանն այն է, որ եթե մարդու ներսում չի մարսվել տրավմատիկ փորձառությունը, վերքն ակտիվ վիճակում է, նա չի կարող այլ ապրումներ ունենալ։

Աշխատել եմ մարդկանց հետ, ովքեր ունեին կորուստներ։ Տարիներն անցել են, բայց կորուստը թարմ է, կարծես, երեկ է տեղի ունեցել։ Նա չի մարսել դա և գտնվում է առաջին մերժման փուլում։ Փուլերն այսպիսին են՝ կորուստ, սկզբում մերժում, ագրեսիա, բանակցություն, որ եթե այսպես չանեի, այսպես կլիներ, և վերջում ընդունում, որից հետո ներքին որոշակի հանգստություն է գալիս։ Ոչ թե իր կորուստն է արժեզրկում, այլ ընդունում է այս աշխարհը, իր հետ տեղի ունեցածը։ Շատերն առաջին փուլից առաջ չեն գնում և դրան նպաստում են սոցիալական մի շարք անգրագետ ազդեցություններ՝ հույզերը ցույց տալ չի կարելի, չի կարելի լացել, տխրել, ու սա հատկապես արական սեռին է վերաբերում։ Ի՞նչ կապ ունի սեռը, եթե դա բնական հույզ է ու պետք է ապրել։ Վիշտը չեն ապրում, մնում են այս փուլում, ու պետք են պաշտպանական մեխանիզմներ։

– Պատերազմը կարո՞ղ է հանգեցնել անձի բնավորության ու վարքագծի փոփոխության։

– Միանշանակ կարող է։ Այստեղ պազապես անհրաժեշտ է հասկանալ պատերազմի ուժգնությունը, տևողությունը, անձի ներգրավվածության աստիճանը, կորուստները։ Լինելով ուժգին սթրեսոր՝ կարող է նպաստել անձի փոփոխությանը։ Բնավորությունը հատվածներից մեկն է։ Պատերազմի ժամանակ ժամանակավոր ձեռք բերել այսպիսի համոզմունք, որ այս աշխարհում ապահովագրված չես, նորմալ է։ Ուժգին տագնապ ձեռք բերելը նորմալ է։ Դառնալ կասկածամիտ, վատատես, նորմալ է։ Նման իրավիճակներում ուղեղի առաջին կարիքը գոյատևելն է։

Պատերազմն օրացույցով չի ավարտվում, ֆիզիկական գործողությունն է ավարտվում, բայց հետևանքները մնում են։ Մարդու ուղեղը չի հասկանում, որ դա ավարտվել է, իրավունք չունի կտրուկ ընդհատի, որովհետև միգուցե այդ վտանգը շարունակվի, ու դու պետք է պատրաստ լինես, և այդ պատրաստ լինելու մոտիվից ելնելով՝ այնքան ուժգին է այդ պատրաստվածության վիճակն առաջացնում, որ առաջանում են նյարդաբանական, հոգեբանական փոփոխություններ։ Կարող է լինել բնավորության գծերի, հուզական ֆոնի փոփոխություն, հետտրավմատիկ խանգարում։ Աշխատում էի անձի հետ, ու երբ սովորական ինքնաթիռ էր անցնում՝ կուչ էր գալիս։ Փորձում էր պաշտպանվել, քանի որ ուղեղը դեռ չէր հասկանում, որ վերջացել է պատերազմը։

– Որպեսզի պատրաստված լիներ մեր հասարակությունը, չկա՞ պետության, հոգեբանների մեղավորությունը, և ի՞նչ խնդիրներ եք նկատել հասարակության մոտ, որ կարելի էր ժամանակին կանխել պատերազմից հետո։

– Կարծում եմ՝ որպեսզի ուժգին արտակարգ իրավիճակներից հետո հասարակությունը վերականգնվի, չվնասվի, անհրաժեշտ է հուզական հասունություն։ Սա նշանակում է՝ ընդունել այս աշխարհն այնպես, ինչպես կա, այս կյանքում կարող է ամեն ինչ տեղի ունենալ, չեմ կարող վերահսկել ամեն ինչ։ Ես ապրում եմ այսպիսի աշխարհում։ Սա անձնային հասունության ներքին համոզմունք է։

– 44-օրյա պատերազմի ժամանակ Զինված ուժերում հոգեբանների բացակայությունն ունեցա՞վ բացասական ազդեցություն։

– Չեմ կարծում, որ հոգեբաններն այնքան կարող էին լինել, որպեսզի փոփոխություն կատարեին։ Նախ այստեղ մշակույթի հարց կա։ Մեր հասարակությունը, ուժային կառույցներում ներառված մի շարք կիսափողոցային բարքերը քանդում են և՛ հոգեբանի, և՛ գնդերեցի ինստիտուտը։ Կարող է շատ լավ մասնագետ լինել, բայց պահանջարկ չունենալ։ Իր համար դժվար է ադապտացվելը, որովհետև մշակույթը թույլ չի տալիս։ Որպես ռազմական հոգեբան եմ ասում, սա առաջին և կարևոր խնդիրն է․ հասարակությունը պատրաստ չէ ընդունել, ու ոչ թե հոգեբանին է պետք փոխել, այլ մշակույթն է պետք առողջացնել։

Երկրորդ՝ 1-2 հոգեբանը 400-500 հոգու հետ չի կարող աշխատել։ Նաև պետք է լինեն հոգեբաններ, ոչ թե այլ կրթությամբ մարդիկ՝ հոգեբանի հաստիքով։

Եթե շատ լինեինք՝ կօգնեի՞նք, ո՛չ։ Պետք է հատուկ պատրաստվածություն։ Առաջինը կանխարգելել տրավմատիկ հետևանքները։

– Այս լարված տարիները որքանո՞վ են ազդեցություն թողել երեխաների վրա։

– Պատկերացրեք՝ ընտանիքում լարված միջավայր է, կոնֆլիկտները շատ են, դրական հույզը քիչ է, երեխաների հետ զրուցելն ընդունված չէ, այդ երեխաներն արդյոք կմեծանա՞ն լիարժեք առողջ, իհարկե՝ ոչ։ Մեր հասարակության համար սթրեսորները շատ են, և ուժգին ազդում է հասարակությանը քաղաքական գործընթացներում ներգրավելը։ Դրա համար պետք է հասկանալ, որ սա ոչ թե այսօրվա, այլ հետագայի հարց է։

—

«Պարզվեց՝ ոչ թե «հաղթում ենք», այլ գաղթում ենք. Անհասկանալի է մնում Շուշիի ան

Սեպտեմբեր 27, 2026

«Արցախի կորստից 6 տարի անց, կարծում եմ՝ մեր ազգը դասեր չի քաղել, մասնավորապես, կառավարական մակարդակում որևէ դաս չեն քաղել։ Բոլորն էլ գիտեն, թե 44-օրյա պատերազմն ինչպես է եղել, Ադրբեջանին քանի-քանի երկիր է օգնել, ու բոլորով հարձակվել են Արցախի վրա»,– 168.am–ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի թատրոնի դերասան, ռեժիսոր Քաջիկ Հարությունյանը՝ խոսելով 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի մասին։

Ժողովրդական արտիստը շեշտեց՝ ամբողջ աշխարհն է տեսել, թե ինչպիսի դիմադրության է արժանացել Ադրբեջանն Արցախում, հենց այդ ժամանակ էլ հայ ազգին իշխանությունը հուսադրում էր՝ ասելով, թե «հաղթում ենք», բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը։

«Պարզվեց, որ մենք ոչ թե «հաղթում ենք», այլ գաղթում ենք։ 44-օրյա պատերազմը նայած ում համար դաս եղավ, այսօր մեր ազգը պառակտված է, կիսատ է, բաժանված է «սևերի» ու «սպիտակների»։ Հիմա մարդ կա, որ ասում է՝ «լավ է, որ այդ պատերազմը եղավ, նաև ասում է, որ «Արցախը կորցնելով՝ Հայաստան է գտել»։ Հիմա ես չգիտեմ՝ այդ մարդն իր գտած Հայաստանը կկարողանա՞ պահել, իր բռունցքում պինդ պահել, թե՞ գցելու է Արցախի օրը։

Մեր ապագան մշուշոտ է, լավ չեմ պատկերացնում, թե ինչ կարող է լինել: Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի իշխանության հետ ինչ-որ խաղեր են խաղում, չեմ հասկանում՝ վերջն ինչ է լինելու։ Ակնհայտ է, որ Արցախի 44-օրյա պատերազմը մեր գլխին շատ մեծ աղետ է բերել, դրա գիտակցումը դեռևս ամբողջական չկա»,- հավելեց Քաջիկ Հարությունյանը։

Կարդացեք նաև

  • «Պլանավորված պատերազմ էր, նախապես ամեն ինչ գծվել էր, նույնիսկ պատերազմի ելքը. Մի օր բոլորը ճշմարտությունը կիմանան». Մարտին Եսայան
  • «Ինչ իմանայինք՝ 38 տարի անց հաղթանակած ազգից կվերածվեինք ոտնատակ տված մի ազգի». Քաջիկ Հարությունյան
  • «Ընկերներս կիսապառկած, ինձ քարշ տալով, անգիտակից դուրս են բերել մարտի թեժ հատվածից, 5 տարի անց ոստիկանությունն ասում է՝ ո՞ւր է զենքդ, ես էլ ասում եմ՝ ո՞ւր է Արցախը». Մասիս Շիրոյան

Նա հիշեցրեց՝ դարեր շարունակ Արցախում թուրքը ոտք չէր դրել, բայց այսօր ինչ ուզում, այն էլ անում է, քանդում ու ավերում է հայկականը, իսկ նրա ձեռքը բռնող չկա։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան պատերազմը սկսվեց, ինձ համար սա գաղտագողի պատերազմ էր, չգիտեինք, որ հարձակում պետք է լինի, անակնկալի ենք եկել՝ գաղտնի հարձակվեցին։ Առավոտյան ինքնաթիռները պտտվում էին Ստեփանակերտի չորս կողմում, արկեր սկսեցին թափել, արդեն բոլորս էլ իմացանք, որ պատերազմ է սկսվել ու լայնածավալ պատերազմ է։ Արցախահայերը սկսեցին ինքնակազմակերպվել, բանակն իր գործն անում էր, բայց ես չգիտեմ՝ ինչպե՞ս պատահեց, որ այս օրը հայտնվեցինք։ Ինձ համար անհասկանալի է մնում Շուշիի անկումը, ախր Շուշին կարող էինք նույնիսկ քարով պահել, ադրբեջանցիներին կարող էին քարերով հետ շպրտել։ Ադրբեջանցին ինչպե՞ս է կարողացել քայլելով մտել Շուշի, զարմանում եմ։ Հետագայում այս ամենը կպարզվի, ես վստահ եմ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա, այսքան կորուստներից հետո ապագային հույսով է նայում, բայց ապագան աղոտ է, իրատես էլ եթե լինի, ապա այսպես շարունակվելու դեպքում լավ բաներ չի սպասում։

«Ինքս երբեմն հուսաթափ եմ լինում, հատկապես այն դեպքում, երբ Հայաստանում ինձ իսկապես ոչնչություն եմ զգում։ Ես ճանաչված ու սիրված դերասան էի Արցախում, բայց ոչ այստեղ։ Այստեղ թատրոններում նույնիսկ չեմ կարողանում աշխատել։ Թեպետ իմ գործն անում եմ, Գրողների միությանը կից ասմունքի թատրոն կա, այդ կազմով գյուղերով ենք շրջում, ասմունքում ենք։ Շատ ժամանակ այդ ամենն անվճար ենք անում։ Այսօր Հայաստանում «հայրենասիրություն» բառը վերացած է, երբ մի տեղ ասում ենք՝ «հայրենասիրական բանաստեղծություններ», մեզ ասում են՝ դա իբր ի՞նչ է, ասում են՝ մի ծիծաղելի բան արեք, մարդիկ ծիծաղեն, մշակույթը հասցրել են այս մակարդակի»,- ընդգծեց Քաջիկ Հարությունյանը։

—

Ի՞նչ պետք է սովորեն Հայաստանի երեխաներն ապագայում պահանջված մասնագետներ դառնա

Սեպտեմբեր 27, 2026

Երեխան, որն այսօր առաջին անգամ նստում է դպրոցական նստարանին, աշխատանքի շուկա կարող է մտնել այնպիսի պայմաններում, որոնք այսօր նույնիսկ դժվար է ամբողջությամբ պատկերացնել։ Արհեստական բանականությունն արդեն փոխում է բազմաթիվ մասնագիտությունների աշխատանքային գործընթացները՝ ավտոմատացնելով որոշ առաջադրանքներ, արագացնելով տեղեկատվության մշակումը և փոխելով այն հմտությունների ցանկը, որոնք գործատուները փնտրում են մասնագետների շրջանում։

Սա կրթության համար ստեղծում է բավական պարզ, բայց բարդ հարց․ եթե հնարավոր է, որ երեխայի սովորած կոնկրետ գիտելիքի մի մասը տարիներ անց այլևս նույն պահանջարկը չունենա, ապա ի՞նչ պետք է նրան սովորեցնել այսօր։

Պատասխանը, ըստ վերջին միջազգային ուսումնասիրությունների, միայն նոր տեխնոլոգիաներ սովորեցնելը չէ։ Խոսքը նաև այնպիսի հմտությունների զարգացման մասին է, որոնք կարող են կարևոր մնալ նույնիսկ տեխնոլոգիական արագ փոփոխությունների պայմաններում՝ վերլուծական և քննադատական մտածողություն, խնդիրների լուծում, ստեղծարարություն, հաղորդակցություն, համագործակցություն և նոր պայմաններին հարմարվելու կարողություն։

Համաշխարհային տնտեսական ֆորումի Future of Jobs 2025 զեկույցի համաձայն՝ մինչև 2030 թվականն աշխատաշուկայի փոփոխությունների արդյունքում կարող է ստեղծվել մոտ 170 մլն նոր աշխատատեղ և դուրս մղվել 92 մլն ներկայիս աշխատատեղ։ Այս երկու գործընթացները միասին համարժեք են այսօրվա ֆորմալ զբաղվածության մոտ 22 տոկոսին։ Այսպիսով, կանխատեսվող փոփոխությունը միայն աշխատատեղերի կրճատման մասին չէ․ միաժամանակ ձևավորվելու են նոր դերեր, իսկ գործող մասնագիտությունների ներսում փոխվելու է աշխատանքի բովանդակությունը։

Կարդացեք նաև

  • Հաշվարկով գաղութացում. ամերիկյան ԱԲ գործարաններ՝ Հայաստանում և Ղազախստանում
  • Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը
  • Անհամբեր սպասում ենք Թուրքիայի հետ սահմանի բացմանը․ նոր ատոմակայանը մոդուլային կլինի. Փաշինյան

Փոխվելու են նաև պահանջվող հմտությունները։ WEF-ի գնահատմամբ՝ մինչև 2030 թվականն աշխատողների հիմնական հմտությունների մոտ 39 տոկոսը կարող է փոփոխվել կամ հնանալ։ Տեխնոլոգիական հմտությունների, այդ թվում՝ արհեստական բանականության, մեծ տվյալների, կիբերանվտանգության և տեխնոլոգիական գրագիտության պահանջարկի աճին զուգահեռ՝ բարձրանալու է նաև ստեղծարար և վերլուծական մտածողության, ճկունության, հետաքրքրասիրության և շարունակական սովորելու կարողության արժեքը։

Այս փոփոխությունների մասին խոսելիս, սակայն, կարևոր է խուսափել այն պատկերացումից, թե AI-ի տարածումն ինքնաբերաբար նշանակում է մասնագիտությունների զանգվածային վերացում։ ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ ILO-ի 2025 թվականի ուսումնասիրության համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր չորրորդ աշխատողն աշխատում է գեներատիվ AI-ի ազդեցության որոշակի մակարդակ ունեցող մասնագիտությունում։ Միևնույն ժամանակ կազմակերպությունը նշում է, որ շատ դեպքերում ավելի հավանական է աշխատանքի առաջադրանքների փոփոխությունը, քան ամբողջ մասնագիտության վերացումը։

Ազդեցությունն էլ հավասար չէ տարբեր երկրներում։ ILO-ի տվյալներով՝ GenAI-ի ազդեցությանը ենթակա է բարձր եկամուտ ունեցող երկրների զբաղվածության մոտ 34 տոկոսը, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրներում՝ մոտ 11 տոկոսը։ Սա նշանակում է, որ AI-ի տարածման հետևանքները մեծապես կախված են ոչ միայն տեխնոլոգիայի հնարավորություններից, այլև տնտեսության կառուցվածքից, թվային ենթակառուցվածքներից և մարդկանց՝ նոր պայմաններին հարմարվելու հնարավորություններից։

Այդ պայմաններում կրթության խնդիրը միայն երեխային AI գործիք օգտագործել սովորեցնելը չէ։ OECD-ի և Եվրոպական հանձնաժողովի 2026 թվականի AI Literacy Framework-ը AI գրագիտությունը սահմանում է ավելի լայն շրջանակով․ երեխաները պետք է հասկանան, թե ինչպես են AI համակարգերն աշխատում, կարողանան քննադատաբար գնահատել դրանց արդյունքները և տեխնոլոգիան օգտագործեն պատասխանատու ու ստեղծարար ձևով։

Այսինքն՝ ապագայի կրթության մեջ տեխնոլոգիական գրագիտությունը պետք է զուգակցվի քննադատական մտածողության հետ։ Երեխան պետք է ոչ միայն կարողանա հարց տալ AI-ին, այլև հասկանալ՝ արդյո՞ք ստացած պատասխանը ճիշտ է, ի՞նչ աղբյուրների վրա է այն հիմնված, ի՞նչ կարող է բաց թողնել համակարգը և որտե՞ղ է անհրաժեշտ սեփական դատողությունը։

Հայաստանի դեպքում այս հարցն առավել հետաքրքիր է դառնում, քանի որ նոր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունն արդեն իսկ բավական բարձր է, մինչդեռ կրթական արդյունքների վերաբերյալ վերջին միջազգային տվյալները ցույց են տալիս այլ խնդիրներ։

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը 2025 թվականին, իսկ արդյունքները հրապարակվել են 2026 թվականի սեպտեմբերին։ Գնահատմանը մասնակցել է 6804 աշակերտ՝ 293 դպրոցից։

PISA 2025-ի արդյունքներով՝ Հայաստանում 15-ամյա աշակերտների 28 տոկոսն է մաթեմատիկայում հասել առնվազն Level 2 մակարդակին՝ OECD-ի 65 տոկոսի միջինի պայմաններում։ Ընթերցանության դեպքում այդ ցուցանիշը Հայաստանում 19 տոկոս է՝ OECD-ի 69 տոկոսի դիմաց, իսկ բնագիտությունում՝ 28 տոկոս՝ OECD-ի 74 տոկոսի համեմատ։

Այս թվերը կարևոր են նաև AI-ի դարաշրջանի տեսանկյունից։ Եթե աշխատանքի շուկայում աճում է վերլուծելու, խնդիրներ լուծելու և տեղեկատվությունը գնահատելու կարողությունների պահանջարկը, ապա դրանց հիմքում շարունակում են մնալ ընթերցանության, մաթեմատիկական և գիտական մտածողության հիմնարար հմտությունները։

Միաժամանակ Հայաստանում երեխաներն արդեն ակտիվորեն օգտագործում են AI գործիքներ։ PISA 2025-ի հարցման համաձայն՝ Հայաստանի 15-ամյա աշակերտների 49 տոկոսը նշել է, որ առնվազն շաբաթը մեկ AI chatbot է օգտագործում սովորելու համար։ OECD-ի միջին ցուցանիշը 46 տոկոս է։ Հայաստանում աշակերտների 40 տոկոսը AI-ն օգտագործում է գրավոր առաջադրանքներ պատրաստելու համար, 36 տոկոսը՝ տեքստ ամփոփելու, իսկ նույնքան աշակերտ՝ նոր թեմայի վերաբերյալ նախնական ուսումնասիրություն կատարելու նպատակով։

Այս տվյալները միաժամանակ ցույց են տալիս և՛ տեխնոլոգիայի արագ տարածումը, և՛ կրթական նոր խնդիրը։ Երեխաները կարող են արդեն օգտագործել AI, սակայն դրանից դեռ չի հետևում, որ նրանք գիտեն՝ ինչպես օգտագործել այն արդյունավետ և պատասխանատու կերպով։

Հայաստանի կրթական համակարգն էլ սկսել է արձագանքել այս փոփոխությանը։ «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը 2025/26 ուսումնական տարում ներառել է շուրջ 1000 աշակերտի՝ 26 դպրոցից և 19 քաղաքից։ ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ 2026/27 ուսումնական տարում նախատեսվում է ծրագիրն ընդլայնել մինչև 45 դպրոց։

2026 թվականի օգոստոսի 20-ին ԿԳՄՍ նախարարությունը նաև երաշխավորել է «STEP. AI-արհեստական բանականության և տվյալների վերլուծության հիմունքներ» առարկայի ծրագիրը 10-րդ դասարանի համար։

Սեպտեմբերից Հայաստանի կրթական համակարգում նախատեսվում է նաև 50 հազար ChatGPT Edu և Codex կրթական բաժանորդագրության հասանելիություն։ ԿԳՄՍ նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հանրակրթության ոլորտում ChatGPT Edu-ն նախատեսված է բոլոր ուսուցիչների և ավագ դպրոցի սովորողների համար, իսկ բուհերում՝ դասախոսների և ուսանողների համար։ Նախաձեռնության մեկնարկային փուլը ֆինանսավորվում է Firebird ընկերության կողմից, իսկ հետագայում նախատեսվում է գնահատել ծրագրի ազդեցությունն ու պետական ֆինանսավորման հնարավորությունը։

Սակայն միայն տեխնոլոգիայի հասանելիությունը դեռ չի նշանակում, որ կրթական համակարգը պատրաստ է աշխատանքի շուկայի փոփոխությանը։ UNESCO-ի 2026 թվականի՝ Հայաստանի ICT հմտությունների զարգացման վերաբերյալ զեկույցը արձանագրում է, որ երկրում գործում են ICT հմտությունների զարգացման տարբեր ծրագրեր, համալսարաններն ու IT ընկերությունները համագործակցում են, զարգանում են նաև ոչ ֆորմալ կրթական նախաձեռնությունները։ Միաժամանակ զեկույցը մատնանշում է կրթության որակի, աշխատաշուկայի պահանջներին համապատասխանության և հայկական բուհերի միջազգային տեսանելիության հետ կապված խնդիրներ։

Այս ֆոնին առաջանում է մի հարց, որը վերաբերում է ոչ միայն Հայաստանին։ Եթե տեխնոլոգիաները փոխվում են ավելի արագ, քան կրթական ծրագրերը, ապա արդյո՞ք դպրոցը պետք է փորձի երեխային պատրաստել կոնկրետ ապագա մասնագիտության, թե՞ ավելի կարևոր է նրան տալ սովորելու և նոր պայմաններին հարմարվելու հիմքը։

Արհեստական բանականության տարածումը կարող է փոխել ծրագրավորողի, լրագրողի, դիզայների, հաշվապահի, իրավաբանի, մարքեթոլոգի կամ բազմաթիվ այլ մասնագետների աշխատանքի մի մասը։ Բայց այդ փոփոխությունների պայմաններում նույնքան կարևոր կարող են դառնալ այն կարողությունները, որոնք թույլ են տալիս մարդուն հասկանալ խնդիրը, ճիշտ հարց ձևակերպել, ստուգել ստացված տեղեկատվությունը, տարբերել փաստը ենթադրությունից, ստեղծել նոր գաղափար և պատասխանատվություն կրել վերջնական որոշման համար։

Այդ պատճառով ապագայի կրթության գլխավոր հարցը գուցե ոչ թե այն է, թե ինչ մասնագիտություններ են մնալու տասը տարի հետո, այլ՝ ինչպիսի մարդ է պետք ձևավորել, որպեսզի նա կարողանա սովորել և աշխատել նաև այն պայմաններում, որոնք այսօր դեռ գոյություն չունեն։

Հայաստանի համար այս հարցն արդեն տեսական չէ։ Մի կողմից՝ դպրոցականները AI-ն օգտագործում են բավական ակտիվ, մյուս կողմից՝ PISA-ի առաջին արդյունքները ցույց են տալիս հիմնարար գիտելիքների ու հմտությունների զարգացման լուրջ խնդիրներ։ Միաժամանակ կրթական համակարգը սկսում է AI-ն ներմուծել՝ ինչպես առանձին ծրագրերի և առարկաների, այնպես էլ՝ ուսուցիչների ու աշակերտների համար նախատեսված նոր գործիքների միջոցով։

Հետևաբար՝ հաջորդ տասնամյակի համար դպրոցական կրթության մարտահրավերը կարող է լինել ոչ թե երեխաներին AI-ից առաջ անցնելը, այլ AI-ի հետ աշխատել սովորեցնելը՝ առանց մարդու մտածելու, ստուգելու և որոշում կայացնելու կարողությունը տեխնոլոգիային փոխանցելու։

Սիրարփի Աղաբաբյան




—

Մտանք տուն, բայց մեր տան շեմին արդեն ուրիշներն էին… Ալիսա Բաղդասարյան

Սեպտեմբեր 27, 2026

168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի զրուցակիցը բանաստեղծուհի Ալիսա Բաղդասարյանն է։

– Ձեր բանաստեղծական «գործունեությունը» սկսել եք դեռևս երրորդ դասարանից, երբ անակնկալ կերպով մի հետաքրքիր բանաստեղծություն եք արտասանել դպրոցում՝ միջոցառման ժամանակ։ Ի՞նչ միջոցառում էր և ի՞նչ արտասանեցիք։

– Այո, առաջին բանաստեղծությունս հանպատրաստից արտասանել եմ Ձմեռ պապիկին նվիրված միջոցառման ժամանակ, հետո ձայնագրված հեռարձակվեց ռադիոյով։ Հիշում եմ, եղբայրս հարցնում էր՝ դա դո՞ւ ես գրել, ասում էի՝ հա։ Մինչ այդ էլ գրում էի, բայց ցույց չէի տալիս ոչ ոքի։ Եվ այդպես հիմքը դրվեց ու սկսեցի ավելի լուրջ վերաբերվել ինքս ինձ ու իմ տողին։ Հիմա այդ տողերը շատ աղոտ եմ հիշում։

– Ավելի լուրջ ո՞ր տարիքում եք գրել։

– Տետրեր ունեի, որ գրքի ձևաչափով ձեռագիր գրում էի ու, երբ 10-րդ դասարանն ավարտել էի, իմ բանաստեղծություններից 2-3 հատ հայրս տարավ՝ գրողներից մեկին ցույց տվեց։ Վերջինը վերցրեց ու տպագրեց թերթում․ հայրիկիս նվիրված բանաստեղծություն էր, թե ինչպես գնաց պատերազմ, վիրավոր վերադարձավ, բայց մայրս ուրախացավ, որ կարևորը՝ ողջ էր։ Թերևս այդտեղից էլ սկսվեց։

– Ո՞վ էր Ձեզ ուժ տալիս ստեղծագործելու և ո՞վ էր առաջինն ընթերցում այդ տողերը։

– Ես ոչ մեկի ցույց չէի տալիս, և դա էր պատճառը, որ եղբայրս էլ զարմացավ՝ իմանալով, որ ստեղծագործում եմ։ Ինչ վերաբերում է ստեղծագործական ներշնչանքին… սովորաբար ասում են՝ կամ սկսում են գրել ցավից, կամ ուրախությունից։ Իմը, թերևս, ցավն էր, որովհետև առաջին դասարանում էի սովորում, երբ սկսվեց Արցախյան առաջին պատերազմը։ Այդ իրադարձությունները, հորս պատերազմ գնալը, վիրավորվելը, նրան սպասելը, նկուղային կյանքը տպավորվեց ու սկսեցի գրել։ Հետագայում, իհարկե, անդրադարձա այն ամենին, ինչն ինձ հուզում էր։

– Գրելու համար բավականին կարդացած պետք է լինել, Դուք այդ տարիքում շա՞տ էիք ընթերցում։

– Այո, ես գրքերի մեջ եմ մեծացել ու գրքերի մեջ եմ ապրում։ Իրականությունն ինձ համար մի տեսակ խորթ է։ Մի կողմից տխուր է, բայց մյուս կողմից էլ՝ ես ինձ գրքերի մեջ էի տեսնում, գրքերով էի ապրում, ուրախանում։ Այդպիսի օր չկար, որ գիրք չկարդայի։

 -Գրչընկերները Ձեզ բնութագրելիս ասում են, որ ունեք խորը և զգացմունքային միտք ու գրիչ, Ձեր տարիքից ավելի վեր եք մտածում և գրում։ Սա պայմանավորված է այն պայմաններով, որում ապրե՞լ եք, թե՞ ի բնե այդպիսին եք եղել։

– Անշուշտ, այն ամենը, ինչ ապրել ենք, մեզ վրա ազդեցություն գործում է։ Բայց իմ բնույթով էլ բավականին լուրջ մարդ եմ։ Վերջերս հասկացա, որ դա ճիշտ չապրելու հետևանք է, որովհետև կյանքն այնքան էլ լուրջ բան չէ, պետք է հեշտ ապրել։ Ինչքան մենք լրջացնում ենք, այնքան ամեն ինչ ավելի բարդ է դառնում։ Ամեն ինչ պարզ է, բայց մարդը սիրում է բարդացնել, և, հատկապես հայերն ունեն ամեն ինչ ծանրացնելու բնավորություն։ Սկսում ենք տառապել թե՛ նախքան իրադարձության տեղի ունենալը, թե՛ այդ ժամանակ, ու թե՛ դրանից հետո։ Չգիտեմ ինչու՝ ես ինձ ծննդավայրիս եմ նմանեցնում։ Սկսեցինք պատերազմով, գոյի պայքարով, 1988թ․ շարժումը, հետպատերազմյան շրջանը եղավ, այնուհետև կարծես ուշքի եկանք, մի տեսակ սկսեց ծաղկել կյանքը, ու հույս ունեինք, որ մեր երեխաները չեն տեսնի այն, ինչ մենք ենք տեսել, բայց, ցավոք, նորից եկանք, փաստի առջև կանգնեցինք, և մեր երեխաները տեսան այն, ինչ մենք տեսանք՝ ավելի վատ տարբերակով, ձևաչափով՝ նկուղներ, վախ, հիասթափություն, ականների պայթյուններ, անհանգիստ գիշերներ, ցավոք, նաև արտագաղթ…

Կարծում եմ՝ ամեն ինչ ազդում է, բայց նաև այն գրքերը, որոնք կարդացել եմ, թերևս դրանք էլ մեծ ազդեցություն ունեն կենսակերպի, աշխարհընկալման, բնույթի հետ կապված։

– Ապրումները տեղ են գտել Ձեր բանաստեղծություններում, բայց հետաքրքիր է, որ չեք չարանում, անգամ տող կար, որտեղ ասում եք․ «Եվ վերջապես ո՞վ եմ ես, իհարկե, մարդ՝ բոլորի պես, ով գիտի տանջվել ու մնալ հեզ»։ Չե՞ք կարծում, որ այս դեպքում դժվար է բարությունը պահելը։

– Ճիշտ եք, ես էլ եմ նկատում, և ինչ-որ տեղ ուրախանում եմ, որ չեմ չարացել։ Իրականում չարանալն ավելի հեշտ է, քան բարի մնալը։ Եվ սևակյան տողերը, որ՝ հաշտ լինենք ինքներս մեզ հետ, միշտ կրկնում էի։ Հասկանում եմ՝ դժվար է, բայց ես հասկացա, որ իմ մեջ այդ չարությունը չի մնում ու չկա և դա փրկության մի ձև է նաև։ Ինչ-որ տեղ գուցե գրելն էլ օգնեց, որովհետև դու կարողանում ես քո ներսի ամեն ինչը թղթին հանձնել, ու երբեմն նշում եմ տողերում՝ «․․․բանաստեղծություն, քեզ գրելուց հետո դու արդեն մերը չես, ինչպես երեխաները, որոնց պետք է ծնենք, պահենք, այնուհետև աշխարհին տանք, և իրենք ինքնուրույն հանդես գան»։ Գուցե ինձ վրա աշխատելն էլ օգնեց, որ լինեմ բարի, անչար աչքերով նայեմ աշխարհին։

– Հետաքրքիր է, որ տխրությունը, չարչարանքը, տառապանքը, ամեն ինչ ներկայացնում եք, բայց պահում եք նաև պոեզիայի չափանիշները, չեք շեղվում ճանապարհից։ Ինչպե՞ս եք անում, որ Ձեր պոեզիան չի վերածվում ողբի։

– Բոլոր իրադարձություններն այնքան էլ լավ հետևանքներ չեն ունեցել, բայց միշտ կրկնում եմ՝ ուզում եմ, որ զոհի կարգավիճակից դուրս գանք։ Այո՛, ցավ կրում ենք, հայի աչքերը տխուր են, և դա մեր կենսակերպից է։ Նույնիսկ զգացի, որ ժպտալ բառը, կարծես, իմ հայացքին հարիր չէ, աչքերս միշտ տխուր են, բայց իրականում ձգտումը պետք է լինի, որ հետոն լավ է լինելու։ Մեղավորներ հեշտ է գտնել, կարևորը՝ հասկանանք այդ իրողության մեջ մեր մեղքը։ Պետք է փորձել լավ բան անել, որ ամեն ինչից ավելի հաշտ դուրս գաս։ Մեր երեխաներին գոնե մեր հոգու հանգստությունը, անդորրն է պետք։ Վերջին տարիների ընթացքում անգամ իմ տողերում հաճախ եմ հարց տվել՝ արդյոք կարողացե՞լ եմ իմ երեխաների հետ ճիշտ լինել, թե՞ թույլ եմ տվել, որ տեսնեն, զգան այն ամենը, ինչ ես եմ զգացել։ Ահա այսօր, երբ իմ երեխան խոսում է հայրենասիրության մասին, պայքարում է, ջատագովն է իր երկրի, ծննդավայրի, հասկանում եմ, որ դա պետք էր, որպեսզի իրենք ամրանային, հասկանային, որ հայրենիքն, իրոք, արժեք է։

– Ունեք նաև հիասթափության տողեր, բայց ի՞նչն է ուժ տվել՝ տեսնելով այդ ամենը, շարունակել ապրել։

– Բանաստեղծն ինչքան էլ փորձում է իր ներսի երևակայական իրողությունները բերել իրականություն, միաժամանակ դրա հետ սինթեզել, այնուամենայնիվ, իրականությունը դուրս մնալ չի կարող։ Տողի ամեն մի շնչառությունը, բառը, որ ընդգրկում է, անշուշտ, իրականության ցավի, երբեմն նաև ուրախության արդյունք է։ Չգիտեմ ինչու՝ իմ բանաստեղծությունը միշտ թախծի, տրտմության հտևանքով է ծնվել։ Թախծի մեջ, թերևս, ժպիտ պետք է նկարել, որը հետո իրական ժպիտ պետք է դառնա։

– Այս պահին այդ տողերից մեկը հիշեցի, որտեղ ասում եք․ «Անճարությունից ատամներդ սեղմում ես իրար․ մեռնեի՝ չտեսնեի այս ամենը»։ Հետո արթնանում է Արցախ վերադարձի հույսը։ Թերևս հույսն ու հավա՞տն է պահում մարդկանց։

– Այո, հենց հավատն ու հույսը։ Հիշում եմ, Հիսուսի կիսանդրի ունեինք, որի առջև ամեն գիշեր կանգնում ու աղոթում էի, որ հայրս պատերազմից ողջ-առողջ վերադառնա։ Փառք Աստծո, վիրավոր, բայց վերադարձավ։ 2020-2023թթ․ մենք նույնիսկ մեր երեխաներին չէինք ուզում քնեցնել, դպրոց ուղարկել՝ անհանգիստ էինք։ Այդ ժամանակ էլ այն հույսը կար, որ պետք է մի լավ բան լինի։ Մինչև վերջին օրը, երբ սկսվեց այդ ամենը , հրաժեշտ տվեցինք նույնիսկ հրաժեշտ չտալու նման, որովհետև մենք ուզում էինք մնալ ու մտածում էինք՝ գնում ենք ու հետ ենք գալու։ Այսինքն, այդ հրաժեշտն էլ չկար ու էլի հույս կար, որ վերադառնալու ենք։ Հիմա էլ հույս կա ու, կարծում եմ, որ եթե այդ հույսն էլ մարի, ուրեմն մենք էլ այլևս չենք լինի։ Հավատում եմ՝ կլինենք և վերադարձ կլինի։

– Լինելով այդ ամենի կենտրոնում, ինչպե՞ս էիք դիմանում, կարծեմ այդ օրերին ևս ստեղծագործել եք։

– 2021թ. «Պատերազմից հետո» խորագրով գիրք հրատարակեցի։ Մենք մտանք տուն, բայց մեր տան շեմին արդեն ուրիշներն էին։ Շուշին այդ ժամանակ արդեն մերը չէր, անցնում էինք հիասթափված, վախվորած, ցավով ու տառապանքով։ Կարելի է ասել՝ մահվան աչքերին նայելով ապրում էինք։ 2022թ․ ծնվեց իմ գիրքը՝ «Տունդարձի ճանապարհին» խորագրով։Դա այն ժամանակաշրջանն էր, երբ շրջափակման մեջ էինք, ծանր վիճակ էր, կար սննդի և այլնի խնդիր։ Երբ գիրքն ուղարկեցի տպարան՝ շրջափակումից մեկ ամիս առաջ էր։ Հետո շրջափակման մեջ հայտնվեցինք, ու գիրքս իսկապես մնաց տունդարձի ճանապարհին։

– «Պատերազմներ» բանաստեղծության մեջ նշում եք, որ՝ «Մենք մտանք տուն, բայց մեր տան շեմին արդեն ուրիշներն էին։ Շուշին այդ ժամանակ արդեն մերը չէր, պատերազմ կազմակերպողները, հրահրողները դժբախտ մարդիկ են, որոնք, կարելի է ասել, նախանձում են երջանիկներին»։ Այստեղ չկա՞ երջանիկների մեղքը, գուցե ցուցամո՞լ են, երջանկությունը շատ են ցույց տալիս, նախանձը շարժո՞ւմ են։

– Չեմ կարծում։ Մեր կենսագրությունը թողել ենք մեր երկրի մեջ։ Երբեմն հետ եմ նայում ու ինքս ինձ հարցնում եմ՝ արդյո՞ք երջանիկ էինք։ Միամտորեն հավատում էինք, որ՝ այո՛, լավ կլինի։ Եթե դիտարկենք հայ ժողովրդի պատմությունը՝ անընդհատ պատերազմներ են եղել ու հայն իր բնույթով երջանկանալ չի կարող, երևի ձևը չգիտի։ Պետք է պայքարենք, որ լինենք ուրիշ, որովհետև մեզ փոխելով՝ կփոխենք նաև իրականությունը։

– Տպավորություն է, որ հայերն ավելի շատ ապրում են ներկայով, չեն մտածում ապագայի մասին՝ գոնե 50-100 տարվա կտրվածքով։

– Այդպիսի տպավորություն կա, բայց իրականում ներկայով էլ չենք ապրում։ 2023թ․ հասկացա, որ պետք է ներկայով ապրել, որովհետև այն, ինչ կա այս պահին՝ կարող է հաջորդ պահին չլինել։ Պարզապես պետք է վայելել պահը։ 100 տարվա կտրվածքով չենք մտածում, պարզապես մենք՝ հայերս, մի քիչ «մենք»-ի և «ես»-ի խնդիր ունենք։ Միշտ մեր «ես»-ի մասին ավելի շատ ենք մտածում, բայց միաժամանակ, մեր «ես»-ով մենք երջանիկ չենք։ Մենք մեր սխալների վրա չենք սովորում, պատմությունից դասեր չենք քաղում։ Երևի մեր բնույթից է։

– Դուք անդրադառնում եք նաև ամբողջ աշխարհին և 44-օրյա պատերազմի ժամանակ նրանց ցուցաբերած անտարբերությանը։ Այս ամենն ինչ-որ բան փոխե՞ց Ձեր լեզվամտածողության մեջ, որն արտահայտվեց ձեր տողերում։

– Արդեն պատրաստ է 9-րդ գիրքը, որի խորագիրն է․ «Երկիր, որը չհասցրեցինք ապրել»։ Ինձ թվում է՝ պայքարել կարողացա՝ շնորհիվ իմ ոգու։ Եթե չգրեի, չէի պատկերացնում, որ Հակարիի կամուրջն անցնելուց հետո կկարողանամ գրիչ վերցնել ու գրել, որովհետև ամեն ինչ անիմաստ էր, անարժեք։ Սկսեցի գրել ու, այո՛, ոճային առումով տարբերություններն ընդգծված երևում են։ Ամեն ինչն էլ նպաստում է՝ ժամանակ, տարիք, իրողություն… Կարծում եմ, ամեն ինչն էլ պետք է ազդի, որովհետև եթե մնանք նույն տեղում, ուրեմն մենք չկանք։ Մեր միտքը մենք ենք, ինչպես մտածում ենք, այնպես էլ կանք, ապրում ենք։ Իսկ եթե մեր միտքն առաջ չի ընթանում, չի զարգանում, ուրեմն մենք էլ անելու բան չունենք։

– Կուզեի խոսեինք շրջափակման ու Հակարիի կամուրջը դժվարությամբ անցնելու մասին։ Շատերն են նշում, որ ամենադժվարը կամուրջն անցնելն էր, ի՞նչն է տպավորվել։

– Իմ տողերում էլ ընդգծում եմ, որ մենք անցել ենք դժոխքի, քավարանի միջով, բայց դեռ դրախտ չենք հասել։ Այն, ինչ մենք ապրեցինք այդ շրջափակման ժամանակահատվածում, ինչ տառապանքների և այլնի միջով անցանք, դա միայն մեք գիտենք։ Չէինք պատկերացնում, որ մեկօրյա պատերազմին կարող է հաջորդել նման դժոխք, որի միջով մենք անցանք։ Կարծես ոչ թե մենք էինք գալիս, այլ մեր ոտքերը, որովհետև փրկության միակ ճանապարհը դա էր։ Գիտեինք՝ Հակարիի ճանապարհը կարող է չանցնեինք ու մնայինք այդտեղ։ Մեր երկրում էինք, բայց ուրիշի հովանու ներքո։ Վիրավորական էր, որ թողնում ենք մեր տունը և գնում ենք՝ ոչ մեր ցանկությամբ։

– Մի տող ունեք, որտեղ ասվում է․ «Զգույշ, այս հողի վրա կյանքի ու մահվան պայքար է եղել»։ Այդ կոչն ուղղում եք աշխարհի՞ն, թե՞ թշնամուն։

– Այս կոչն արցախյան ազատագրական պայքարի պատերազմական իրողություններից հետո էր։ Ավելի վաղ տարիքի գրված էր, երբ մարդը միամտորեն ասում էր՝ դե լսեք մեզ։ Հետո կոչերը, որոնք տողեր դարձան, արդեն այն մարդունն էին, որը հասկացավ՝ աշխարհը երբեմն խուլ է և ինչ-որ տեղ հույսդ քեզ վրա դնելն էլ ճիշտ չէ ասել։ Չկար այնպիսի բան, որ չենք արել՝ փրկելու մեր երկիրը։ Մենք արել ենք ամեն ինչ, որովհետև ապրում էինք այնտեղ, որտեղ գիտեինք՝ մահը կա։ Երբ ամեն օր նայում ես մահվանն ու ասում ես՝ կարող է այսօր լինել, դա ավելի սարսափելի է, քան մեռնելը։

– Խոսում ենք դժբախտների ու երջանիկների մասին, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է երջանկություն կառուցել այն տանը, որտեղի ապրողին դու դժբախտացրել ես։ Եվ այս դեպքում չի՞ գործում «անեծքի ուժը»։

– Ճիշտն ասած, ես Աստծուն միշտ էլ հավատացել եմ։ Իմ կենսակերպով փորձել եմ այնպես ապրել, որ կա բումերանգը, այն գործում է, և ես կյանքում զգացել եմ, որ չարացած չլինելը, բարին գործելը մշտապես կա ու նույն կերպ վերադարձվել է ինձ։ Մեր արցախցի գրողներից մեկն իր տողերում ասում էր․ «Աստվածն էլ է արցախցի»։ Ես ուզում եմ այսպես ասել՝ Աստված էլ է հայ, և նա կօգնի մեզ։ Տողեր ունեմ, որտեղ նշում եմ, որ՝ Աստված ի՞նչ անի, մեզ հնարավորություն է տալիս, որը չենք կարողանում ճիշտ օգտագործել։ Բայց կարծում եմ, Աստված մի բան կանի, որ ուղղվենք ու լավը լինենք և՛ մեզ համար, և՛ երկրի։

– Երբ ընթերցում եմ Ձեր բանաստեղծությունները, կարծես մի ամբողջ ինֆորմացիա լինի պատմության, մշակույթի մասին։ Հետաքրքիր տողեր ունեք Արցախի նշանավոր վայրերի հետ կապված՝ Գանձասար, Ամարաս, Դադիվանք… հետաքրքիր է, ո՞ւր էիք շատ այցելում, ի՞նչն էր Ձեզ ստեղծագործելու ուժ տալիս։

– Այո, այդ հիշարժան վայրերը, որոնք բնութագրում են իմ ծննդավայրը, անշուշտ, նշելու անհրաժեշտություն կա։ Շատ տեղերում եմ եղել, ցավոք, շատ տեղերում չհասցրեցի լինել։ Գործի մեջ խրված էինք ու երջանկությունը չէինք զգում։ Մենք կարծես չէինք ապրում մեր կյանքը, չէինք հասցնում վայելել, տեսնել։ Շատ վայրերում եղել եմ, վերհիշում եմ և ցավ եմ զգում, որ այս պահին չեմ կարող լինել այնտեղ։ Նույնիսկ որոշ տեղեր այսօր, ցավոք, չկան։ Բայց չեմ ուզում, որ լավատեսությունը չլինի մեր մեջ։ Երբ վերջերս ընկերների հետ զրուցում էինք, ասացին՝ եթե անգամ մեր տները քանդեն՝ մեր հողը կա, նորից կկառուցենք տունը։ Հողն է ամեն ինչ իր մեջ ներառում։ Այն, ինչ թողել ենք մեր հողում, դա զուտ տարածք չէ։ Իմ տողերում էլ միշտ հիշատակում եմ, որ մենք նյութականի հետևից չենք ընկել, և մեզ համար տունը ոչ թե պատերն են, այլ հողը, որը մեզ համար ոգեշնչում էր ու միաժամանակ մենք ամեն ինչ տվել ենք այդ հողին՝ մեր կորուստները, այն ցավը, տառապանքը, այն զոհերը, որոնց վերադարձնել հնարավոր չէ։ Մենք մեղավոր ենք նրանց առջև և պարտավոր ենք ուղղվել, քավել մեր մեղքը։ Թերևս, դա էլ է ստիպում մեզ, որ մեր մեջքն ուղղենք, չհիասթափվենք, լավատես լինենք։

– Կուզեի մեր զրույցը եզրափակենք «Արցախ» բանաստեղծությամբ։

– Այս բանաստեղծությունը գրել եմ արտագաղթից մեկ ամիս հետո, որը, թերևս, այն ամենի արձագանքն է, ինչ զգացին բոլոր այն մարդիկ, ովքեր անցել են այդ սարսափների միջով։

ԱՐՑԱԽՍ

Աչքերս փակում եմ`

Դու հառնում ես

Քո ողջ շքեղությամբ,

Բացում եմ`

Քեզ կորցնելու սարսափը

Կլանում է ինձ։

Արցա’խս,

Կանգնած աշխարհի կենտրոնում`

Խաչմերուկված մտքերս

Քո ուղին են բռնում,

Կանգնեցրո՜ւ ժամանակը,

Ամեն մի պահը

Քեզ այլևս չտեսնելու

Վտանգով է լեցուն։

Երջանկությունը

Պաշտոնաթող շրջում է

Անհասցե փողոցներում,

Անտուն մարդկանց հայացքներում

Արցունքները սառցե բեկորներ են.

Հույսը լալահառաչ կախվել է

Մտքերի պարաններից։

Արցա՜խս,

Ինչպե՞ս դիմացար,

Երբ զինվորդ քաջ,

Արցունքն ու հառաջը

Կոկորդում սեղմած

Դողացող ձեռքով այրեց

Պատվով կրած համազգեստը։

Իսկ շքանշաններն

Աղբամանում

Զգուշությամբ տեղավորելու

Ծանր պարտականությունը

Կրկին

Տարիներ ի վեր

Մեն-մենակ

Ընտանիքի առօրյա հոգսը

Ուսերին տանող կնոջ բեռը եղավ.

Ամուսնու ձեռքը չգնաց…

Եվ կինն արցունքների միջից

Հավաքելով

անքուն գիշերների,

Անհանգիստ օրերի,

Հավատի, համոզմունքի արգասիքը`

Դողացող ձեռքերով

Պահ տվեց անհայտությանը,

Այնպես, որ կողակիցը չնկատի։

Իսկ դժոխքի ճանապարհը երկա՜ր է,

Անտանելի’ ծանր,

Սոսկալի’ դաժան…

Շրջվում եմ`

Մի ամբողջ կյանք

Մեռնում, մարում, չքանում է։

Ծննդավայրս`

Քո ես-ին միախառնված,

Դարձած սրտիդ զարկը,

Չգիտես`

Հե՞տ է կանչում քեզ,

Թե՞ ասում է` գնա՜, փրկվի’ր։

Իսկ ամիսներ շարունակ

Վառելիքի երես չտեսած

Ավտոմեքենաները

Ագահորեն դատարկում են

Խնայողաբար լցված վառելանյութը.

Ավտոմեքենանե՞րն են անկուշտ,

Թե՞ ճանապարհը։

Շուրջբոլորը ստվերներ են.

Գոյի պայքարում

Մեկը զենք է հայթաթում,

Մյուսը` գրպանի դանակը դեն նետում.

Չգիտեն` փրկվելու համար

Զինվե՞լն է ճիշտ, թե՞ զինաթափվելը։

Երրորդը`

Մթության մեջ

Խելակորույս

Վառելիք է փնտրում,

Գիտի, որ չգտնելու դեպքում

Ընտանիքը կհայտնվի թշնամու երախում։

Իսկ առջևում

Թշնամու ճիրաններում հայտնված

Հակարիի կամուրջն է,

Որտեղ թշնամին

Լպիրշ հայացքով

Զննում է մեքենան,

Քմծիծաղ տալիս

Եվ պատերազմներում մարտնչած

Հորս, ամուսնուս, եղբորս

Մեքենայից իջեցնում`

Ոտքով քայլելու պահանջով հիմար…

Հարազատիս այլևս չտեսնելու վախը,

Հեռվում թողած կարոտիս ցավը,

Վիրավորանքս,

Արհամարհանքս,

Բոլոր զգացողություններս

Միախառնվում են,

Եվ անճարակությունից

Ատամներս սեղմում եմ իրար.

Մեռնեի` չտեսնեի այս ամենը։

Եվ լավ է, որ չմեռանք․․․

Անի Կարապետյան

Արցախ, Ալիսա Բաղդասարյան, 44-օրյա պատերազմ, Հակարիի կամուրջ, բռնի տեղահանում, Հայաստան, Ադրբեջան

—

«Շուկա չունենք, հայտնվել ենք փակ ցիկլի մեջ. ապրանքատեսակները թանկացել են, խաղ

Սեպտեմբեր 27, 2026

«Խաղողի մթերման առումով խուճապ չկա, քանի որ պայմանագրերը վաղուց կային, և գործընթացն իր հունով առաջ է գնում։ Սակայն խաղողի գինն այս տարիների ընթացքում չի բարձրացել՝ 140-150 դրամ է, ինչը համեմատելի չէ այսօրվա գնաճի պայմանների հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի խաղողագործների միության» նախագահ Արտակ Սարգսյանը՝ խոսելով խաղողի մթերման գործընթացի, խաղողագործության ոլորտում առկա խնդիրների մասին։

Մեր զրուցակցի խոսքով՝ խաղողի արժեքը շատ ցածր է, մինչդեռ դիզվառելիքը, պարարտանյութը շատ թանկ գնով են ձեռք բերում։ Բացի այդ, այսօր կա նաև սեղանի խաղողի սորտերի խնդիր, չեն կարողանում վաճառել, շուկա չկա։

«Նախորդ տարիներին սեղանի սորտն արտահանվում էր, խնդիրը գլոբալ չէր, խնդիրը տեխնիկական սորտի հետ էր կապված։ Բայց այսօր տեխնիկական սորտն է միայն սուբսիդավորման ծրագրով կարողանում 140-150 դրամով մթերվել։ Այն կազմակերպությունները, որոնք օգտվում են այդ ծրագրից, պայմանագրեր են կապել խաղողագործների հետ։ Մթերումը սկսված է։

Կրկնում եմ՝ խաղողի գինն այսօրվա գնաճի հետ համեմատելի չէ, բոլոր ապրանքատեսակները թանկացել են, խաղողի գինը մնացել է նույնը, սա դժգոհություններ է առաջացնում խաղողագործի մոտ։

Կարդացեք նաև

  • Արտոնություննե՞ր, թե՞ քաղաքական առևտուր. Հայաստանը՝ մտրակի ու բլիթի արանքում
  • Ռուսաստանի շուկայի փակվելը Հայաստանի համար կատաստրոֆա է, ամեն ինչ գլխիվայր շուռ է գալու… Բանը չհասնի նրան, որ խաղողը մնա գետնին. Արտակ Սարգսյան
  • Բազմիցս տապալած ծրագիրը կրկին ուզում են ծախել գյուղացու վրա

Տեխնիկական սորտի խաղողի ինքնարժեքը բարձրացել է, բայց գինը մնացել է 140-150 դրամ։ Մի քանի տարի առաջ այս արժեքով գնողականությունն այլ էր, այսօրվա գնողականությունն այլ է։ Սպառողական զամբյուղը համեմատեք՝ 5 տարի առաջ 150 դրամով ի՞նչ կարող էիք գնել, և այսօ՞ր ինչ կարող եք գնել»,- հավելեց Արտակ Սարգսյանը։

Նա վստահ է՝ եթե պետությունը սուբսիդավորի և դրան զուգահեռ՝ գոնե 50 դրամով արժեքը բարձրացնի, ապա գյուղացին կկարողանա գոնե իր ծախսերը հոգալ։ Եթե այսպես լինի, ապա խաղողագործն առանց մտահոգվելու կզբաղվի իր գործով։

«Այսօր ես խաղողը վաճառում եմ 150 դրամով, չեմ կարողանում մնացած այլ ծախսերը հանել, գնաճը 3-4 անգամ ավելացել է, դիզվառելիքի մի լիտրը 650 դրամ է, էլ չեմ խոսում բանվորական ուժի մասին։ Խնդիրներ կան, դրանք բազմազան են, ասում եմ՝ խաղողը մթերվում է սուբսիդավորման ծրագրով, բայց արժեքը խաղողագործին չի բավարարում, այ սրան պետք է պատկան մարմիններն ուշադրություն դարձնեն։

Առաջարկում եմ, որ եթե պետությունը սուբսիդավորում է խաղող վերամշակողին, դրան զուգահեռ՝ սուբսիդավորի նաև խաղող արտադրողին, որպեսզի խաղողագործն իր ծախսերը բալանասավորի»,- ասաց մեր զրուցակիցը։

«Հայաստանի խաղողագործների միության» նախագահի բնորոշմամբ՝ այսօր Հայաստանի ավանդական գյուղատնտեսությունը մրցունակ չէ ժամանակակից գյուղատնտեսության հետ։ Ստացվում է, որ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ «տակ» են տալիս, հիասթափվում ու արդյունքում՝ դադարում են զբաղվել գյուղատնտեսությամբ։

«Մարդիկ հիասթափվում են, արդյունքում խաղողի իրենց այգիները կարող են մի օր քանդել։ Դրա համար եմ ասում, որ խաղող արտադրողին էլ պետությունը պետք է սուբսիդավորի, չպետք է միայն վերամշակողին սուբսիդավորեն։ Սա շղթա է, երկուսին էլ պետք է աջակցեն։

Խաղողի արժեքը կապ չունի որակի հետ, որովհետև մենք բարձր որակի խաղող ենք արտադրում ու, փառք Աստծո, բերքը լավն է։ Պետք է մտածենք շուկայի մասին, որովհետև սեղանի սորտն առհասարակ չի վաճառվում, շուկա չունենք, հայտնվել ենք փակ ցիկլի մեջ»,- ընդգծեց Արտակ Սարգսյանը։

—