«Շուկա չունենք, հայտնվել ենք փակ ցիկլի մեջ. ապրանքատեսակները թանկացել են, խաղ

Սեպտեմբեր 27, 2026

«Խաղողի մթերման առումով խուճապ չկա, քանի որ պայմանագրերը վաղուց կային, և գործընթացն իր հունով առաջ է գնում։ Սակայն խաղողի գինն այս տարիների ընթացքում չի բարձրացել՝ 140-150 դրամ է, ինչը համեմատելի չէ այսօրվա գնաճի պայմանների հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի խաղողագործների միության» նախագահ Արտակ Սարգսյանը՝ խոսելով խաղողի մթերման գործընթացի, խաղողագործության ոլորտում առկա խնդիրների մասին։

Մեր զրուցակցի խոսքով՝ խաղողի արժեքը շատ ցածր է, մինչդեռ դիզվառելիքը, պարարտանյութը շատ թանկ գնով են ձեռք բերում։ Բացի այդ, այսօր կա նաև սեղանի խաղողի սորտերի խնդիր, չեն կարողանում վաճառել, շուկա չկա։

«Նախորդ տարիներին սեղանի սորտն արտահանվում էր, խնդիրը գլոբալ չէր, խնդիրը տեխնիկական սորտի հետ էր կապված։ Բայց այսօր տեխնիկական սորտն է միայն սուբսիդավորման ծրագրով կարողանում 140-150 դրամով մթերվել։ Այն կազմակերպությունները, որոնք օգտվում են այդ ծրագրից, պայմանագրեր են կապել խաղողագործների հետ։ Մթերումը սկսված է։

Կրկնում եմ՝ խաղողի գինն այսօրվա գնաճի հետ համեմատելի չէ, բոլոր ապրանքատեսակները թանկացել են, խաղողի գինը մնացել է նույնը, սա դժգոհություններ է առաջացնում խաղողագործի մոտ։

Կարդացեք նաև

  • Արտոնություննե՞ր, թե՞ քաղաքական առևտուր. Հայաստանը՝ մտրակի ու բլիթի արանքում
  • Ռուսաստանի շուկայի փակվելը Հայաստանի համար կատաստրոֆա է, ամեն ինչ գլխիվայր շուռ է գալու… Բանը չհասնի նրան, որ խաղողը մնա գետնին. Արտակ Սարգսյան
  • Բազմիցս տապալած ծրագիրը կրկին ուզում են ծախել գյուղացու վրա

Տեխնիկական սորտի խաղողի ինքնարժեքը բարձրացել է, բայց գինը մնացել է 140-150 դրամ։ Մի քանի տարի առաջ այս արժեքով գնողականությունն այլ էր, այսօրվա գնողականությունն այլ է։ Սպառողական զամբյուղը համեմատեք՝ 5 տարի առաջ 150 դրամով ի՞նչ կարող էիք գնել, և այսօ՞ր ինչ կարող եք գնել»,- հավելեց Արտակ Սարգսյանը։

Նա վստահ է՝ եթե պետությունը սուբսիդավորի և դրան զուգահեռ՝ գոնե 50 դրամով արժեքը բարձրացնի, ապա գյուղացին կկարողանա գոնե իր ծախսերը հոգալ։ Եթե այսպես լինի, ապա խաղողագործն առանց մտահոգվելու կզբաղվի իր գործով։

«Այսօր ես խաղողը վաճառում եմ 150 դրամով, չեմ կարողանում մնացած այլ ծախսերը հանել, գնաճը 3-4 անգամ ավելացել է, դիզվառելիքի մի լիտրը 650 դրամ է, էլ չեմ խոսում բանվորական ուժի մասին։ Խնդիրներ կան, դրանք բազմազան են, ասում եմ՝ խաղողը մթերվում է սուբսիդավորման ծրագրով, բայց արժեքը խաղողագործին չի բավարարում, այ սրան պետք է պատկան մարմիններն ուշադրություն դարձնեն։

Առաջարկում եմ, որ եթե պետությունը սուբսիդավորում է խաղող վերամշակողին, դրան զուգահեռ՝ սուբսիդավորի նաև խաղող արտադրողին, որպեսզի խաղողագործն իր ծախսերը բալանասավորի»,- ասաց մեր զրուցակիցը։

«Հայաստանի խաղողագործների միության» նախագահի բնորոշմամբ՝ այսօր Հայաստանի ավանդական գյուղատնտեսությունը մրցունակ չէ ժամանակակից գյուղատնտեսության հետ։ Ստացվում է, որ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ «տակ» են տալիս, հիասթափվում ու արդյունքում՝ դադարում են զբաղվել գյուղատնտեսությամբ։

«Մարդիկ հիասթափվում են, արդյունքում խաղողի իրենց այգիները կարող են մի օր քանդել։ Դրա համար եմ ասում, որ խաղող արտադրողին էլ պետությունը պետք է սուբսիդավորի, չպետք է միայն վերամշակողին սուբսիդավորեն։ Սա շղթա է, երկուսին էլ պետք է աջակցեն։

Խաղողի արժեքը կապ չունի որակի հետ, որովհետև մենք բարձր որակի խաղող ենք արտադրում ու, փառք Աստծո, բերքը լավն է։ Պետք է մտածենք շուկայի մասին, որովհետև սեղանի սորտն առհասարակ չի վաճառվում, շուկա չունենք, հայտնվել ենք փակ ցիկլի մեջ»,- ընդգծեց Արտակ Սարգսյանը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Hovik Karapetian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/28/%d5%b7%d5%b8%d6%82%d5%af%d5%a1-%d5%b9%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6%d6%84-%d6%83%d5%a1%d5%af-%d6%81%d5%ab%d5%af%d5%ac%d5%ab/

Leave a Reply