Ալիևի «հաղորդումը»` Փաշինյանի դեմ․ ինչի՞ համար է նա պատասխանատվության «կանչվո

Հոկտեմբեր 3, 2026

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ խոստովանել է, որ Բաքուն Արցախն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու գործողությունների փուլային պլան է ունեցել, որի իրականացման հարցում դադարներ չեն եղել:

«2020 թվականի պատերազմում հաղթանակից հետո մեր գործունեությունն ուղղված է եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության լիակատար վերականգնմանը։ Այս առաքելության իրականացման ընթացքում մենք ոչ մի օր կանգ չենք առել, ոչ մի օր մեզ թույլ չենք տվել հանգստանալ։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և «հակաահաբեկչական» գործողության միջև ընկած ժամանակահատվածում մենք գործել ենք մի քանի ճակատներում։ Ինչպես քաղաքական հարթությունում՝ միջազգային կազմակերպություններում շատ լուրջ միջազգային տեղեկատվական արշավ իրականացնելով, որ մեզ հակադրվող հայամետ երկրները չկարողանան հասնել իրենց կեղտոտ մտադրություններին, այնպես էլ՝ ուղիղ գետնի վրա: Մենք զգալիորեն բարելավեցինք մեր ռազմավարական դիրքերը Ղարաբաղի տարածաշրջանում. իրականացվեց մի քանի հաջող ռազմական օպերացիա: Այս գործողությունները շատ կարճաժամկետ էին, ինչպես և պետք է լինեին: Ձեռնարկվում էին անհրաժեշտ քայլեր՝ բացառապես սեպտեմբերի 20-ի իրադարձությունները պայմանավորելու և նվազագույն կորուստներով ցանկալի արդյունքի հասնելու նպատակով»,- հայտարարել է Ալիևը:

Այստեղ, ըստ էության, նա նկատի ունի 2022 թվականի մարտին տեղի ունեցած Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի շուրջ մարտերը:

Կարդացեք նաև

  • Աղմկահարույց հրաժարականներ, պառակտում. ի՞նչ է կատարվել Նյու Յորքում Փաշինյանի փակ հանդիպմանը. Կարեն Ջինբաշյան
  • Սահմանվել է ռիելթորի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման կարգը
  • Ադրբեջանը դիվանագիտական փակուղում է. անկախանալու պահին ո՛չ Արցախ է ունեցել, ո՛չ Տիգրանաշեն. Նորմալ իշխանություն ունենալու պարագայում ամեն ինչ այլ կերպ կլիներ. Էդգար Ղազարյան

Բայց Ալիևը շարունակել է իր խոստովանական տեքստը և հաստատել այն, ինչի մասին գրել ենք 2021-2022 թվականների ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումից հետո 2021 թվականի նոյեմբերյան և 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի հեռահար նպատակների մասին:

«Այդ թվում՝ հայ-ադրբեջանական պայմանական սահմանին տեղի ունեցող գործընթացները փաստացի ստեղծեցին Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության լիարժեք ճանաչման հիմնական հիմքը։

Դրա արդյունքում 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դրանով հնարավոր է՝ ինքն էլ չգիտակցելով, ճանաչեց, որ այդ ժամանակ Ղարաբաղում գտնվող հայկական զինված կազմավորումներն օկուպացիոն ուժեր են։ Դրանից հետո էլ ավելի ամրապնդվեց այս տարածաշրջանը լիակատար վերահսկողության տակ վերցնելու, անօրինական զինված կազմավորումները չեզոքացնելու և զինաթափելու իրավական հիմքը»,- մանրամասնել է Ալիևը:

Այստեղ, իհարկե, նա ավելի շատ ՀՀ ինքնիշխան տարածք ադրրբեջանական ներխուժումների, սեպտեմբերյան մարտերի իրավաքաղաքական արդյունքների մասին է խոսում, բայց դրանք չէին լինի, եթե Բաքուն հստակ չգծեր դրանց հասնելու ռազմական գործողությունների պլանը:

Դեռ 3 տարի առաջ անդրադարձել ենք, մասնավորապես, 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ռազմավարական նշանակությանը Բաքվի համար, թե ինչ հարցեր լուծեց Ալիևը դրանցով, գուցե նաև՝ Փաշինյանը:

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ էին ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի ուղղությամբ 4 ուղղություններով, հետագայում, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ-ում մարտերի առաջին օրը հայտարարել, երկու-երեք ուղղություն ևս ավելացել է:

Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից օրեր հետո՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում ԳՇ պետը հայտարարել էր, որ Ջերմուկի հատվածում հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ, այդ օրվա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա էր:

Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այդ գործողությունների հետևանքով հայկական կողմը կորցրել է 50 դիրք: Այս տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատել էր լրագրող Թաթուլ Հակոբյանը։

Ոչ մեկ անգամ նշել ենք, որ 2022 թ. սեպտեմբերյան մարտերի արդյունքում մեր տարածքային կորուստները հետևանք են 2021 թվականի մայիսի և նոյեմբերի ադրբեջանական առաջխաղացումների և տարածքային հաջողությունների:

Մասնավորապես, 2021-ի նոյեմբերի 16-ին ադրբեջանա-թուրքական տանդեմի համաձայնեցված ռազմական օպերացիան ևս նրանց Նախիջևանի, Զանգեզուրի և Լաչինի միջանցքի հետ կապված նկրտումների համատեքստում էր:

Այդ օրերի մարտական գործողությունների արդյունքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղադրված քարտեզների, թշնամու զինուժը կարողացել էր դուրս գալ առանցքային և ռազմավարական կարևորություն ունեցող բարձունքներ՝ Արևելյան Սևանի լեռների կամ լեռնաշղթայի ուղղությամբ՝ դեպի Քարվաճառ, ինչպես նաև՝ Քիլիսալի լեռան շրջակայքում մարտերի հետևանքով գրավել են մի քանի հայկական դիրք: Ադրբեջանը նպատակ է ունեցել իր վիզուալ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, ինչը, թերևս, մասամբ հաջողվել էր:

Այս ամենը շատ լավ հասկացել էր նաև Նիկոլ Փաշինյանը, և նույնիսկ՝ խոստովանել հենց սեպտեմբերյան մարտերի օրերին:

Այս համատեքստում հիշենք ռազմաքաղաքական և քաղաքական ուշագրավ դրվագներ՝ հստակ ժամանակագրությամբ:

 2022 թ. սեպտեմբերյան մարտերից առաջ տեղի էր ունեցել Փաշինյանի բրյուսելյան այցը՝ օգոստոսի 30-ին, իսկ օգոստոսի 31-ին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Այն տևել էր մոտ չորս ժամ՝ փակ դռների հետևում։ Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ Արցախի և Հայաստանի միջև կապն օգոստոսի 31-ից հետո իրականացվելու է նոր միջանցքով, քանի որ արդեն որոշված էր, որ Ադրբեջանին են հանձնվելու Բերձորը և Քաշաթաղի շրջանի գյուղերը:

2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս:

 Սեպտեմբերյան մարտերից մոտ 2 ամիս հետո՝ դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանը փակեց Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչը Փաշինյանը մարտական այս գործողությունների օրերին արված խոստովանության մեջ չէր անտեսել՝ նշելով. «Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության երեք հիմնական դրույթների դեմ. առաջինը, որ կա ԼՂ, երկրորդը, որ ԼՂ-ն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում է ՌԴ-ն, և ՌԴ-ն ԼՂ-ի և պաշտպանության գծի, այդ թվում՝ Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորն է, և Լաչինի միջանցքը ստեղծվել է՝ ԼՂ-ի և Հայաստանի միջև կապ ապահովելու համար»:

Վերադառնանք Ալիևի հայտարարությանը և նկատենք, որ նա Նիկոլ Փաշինյանին մասնակից է դարձնում հայկական ուժերին «ռազմական հանցագործության» վերագրման հարցում, այսինքն, պրահյան փաստաթուղթը, ըստ էության, ևս մեկ «հաղորդում» էր Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի դեմ, եթե, իհարկե, մի օր Փաշինյանն ինքը չդատվի իր խոսքերից, ինչը հուշում է աստվածաշնչյան ճշմարտությունը:

Եվ հենց այստեղ պետք է անցնել «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ Ալիևի հաջորդ ձևակերպումներին, որոնց տողատակում մեսիջներ կան՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին:

«Ադրբեջանը ճանապարհ է հարթել դեպի լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Նրանք, ովքեր ժամանակին ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստանն է, և վերջ», այժմ ասում են՝ «Ղարաբաղն Ադրբեջանն է»։ Եվ դա ասում են հարկադրված։

Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը պարզապես բարի կամքի դրսևորում չէ, և չի կարող այդպիսին համարվել։

Չի կարելի ողջ մեղքը միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա բարդել։ Թեև Հայաստանի նախկին ղեկավարները՝ բոլորը, ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը։

Հայաստանի ներկայիս իշխանությունները մեր նկատմամբ ևս տարածքային պահանջներ էին ներկայացնում, փորձում էին վիրավորել ադրբեջանցի ժողովրդին, իրենց ոչ տեղին և ոչ կոռեկտ հայտարարություններով խաղում ադրբեջանցի ժողովրդի արժանապատվության հետ: Մենք երբեք չպետք է մոռանանք դա։

Այսօր, երբ որոշ արտասահմանյան շրջանակներ փորձում են Հայաստանի ներկայիս ղեկավարությանը ներկայացնել՝ որպես «խաղաղության աղավնի», մենք ամեն անգամ նրանց հիշեցնում ենք հենց այս պատմությունը։ Հիշեցնում ենք 2018-2020 թվականների պատմությունը, որպեսզի պատմությունը չխեղաթյուրվի, և կեղծ թեզերը չփոխարինեն իրական պատմությանը»,- հայտարարել է Փաշինյանի կառուցողական գործընկերը:

Կարո՞ղ ենք ասել, որ Ալիևը տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին ՀՀ նախկին նախագահների հետ դնելով նույն հարթության մեջ, ևս որոշ դեպքերում համարում է «ռազմական հանցագործ»: Բայց, ըստ էության, ոչ միայն 44-օրյա պատերազմի սանձազերծման պատասխանատվությունն ու իրենց զոհերի պատասխանատվությունն է նրա վրա դնում, փորձելով սեփական հանրությանն ինչ-որ մեսիջներ հղել, այլև տողատակում, ըստ էության, նկատի ունի նաև 44-օրյա պատերազմին առնչվող «Գյանջայի դեպքերը», «ՀՀ զինուժի կողմից ադրբեջանական խաղաղ բնակավայրերի թիրախավորումներն առհասարակ»:

Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ այս դրվագների համար ինչ-որ պահի իրենից պատասխանատվություն Բաքուն չի պահանջելու, սխալվում է, հատկապես, երբ տարիներ առաջ պահանջել է հետաքննել այս դեպքերը և մեղավորներին պատժել: Այլ հարց է, որ ինչպես ոչ մեկ անգամ նշել ենք, Փաշինյանը պատասխանատվության սլաքն ուղղելու է ՀՀ զինված ուժերին և 44-օրյայի ժամանակվա ռազմական ղեկավարությանը: 

Բայց մի բան հստակ է՝ Բաքուն «Գյանջայի դեպքերը» դեռ որպես քաղաքական ճնշման գործիք՝ երկար է օգտագործելու Հայաստանի դեմ: Այս մասին հերթական անգամ Բաքուն՝ Ալիևը, Գյանջայում ծնված Հիքմեթ Հաջիևը կհիշեն հոկտեմբերի 4-ին և հոկտեմբերի մեջ այլ օրերի:

Գյանջա քաղաքի հրետակոծության մասին ադրբեջանական կողմը հայկական կողմին ուղղված մեղադրանքներ է հնչեցրել 2020 թ. հոկտեմբերի 4-ին և հոկտեմբերի 17-ին:

Իսկ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի մասին 5 տարի խոսել է, ոչ մի նրբություն չկա, որի մասին չի խոսել:

«Այսինքն, ոչ մի թեմայից այսքան չեմ խոսել՝ սկսած քննիչ հանձնաժողովից՝ մինչև ԱԺ-ում իմ ելույթներ»,- ընդգծել է նա, երբ բավական չէ՝ Քննիչ հանձնաժողովին և քննչական մարմիններին չեն տրամադրվել այն փաստերը, որին տիրապետում է Փաշինյանը, չի հրապարակվել ոչ 44-օրյայի զեկույցը, ոչ 2020 թ. սեպտեմբերի 30-ի և հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստերի ամբողջական ձայնագրություններն են հրապարակվել:

Ինչի՞ է Փաշինյանը փորձում փակել 44-օրյայի էջը, դրանով նաև՝ իր պատասխանատվության, կարող ենք ենթադրել, բայց դրա պատասխանը քննիչ հանձնաժողովի զեկույցում է, պատերազմի օրերին ղեկավարած պաշտպանության նախարարի և ԳՇ պետի, ինչո՞ւ չէ՝ քննչական ու իրավապահ մարմինների «ձեռքում»:

—

Ովքեր փորձում են Փաշինյանի հետ պայմանավորվել, լավ իմանան՝ նա մեր երկրի թիվ մե

Հոկտեմբեր 3, 2026

«Երևան-Կենտրոն» ՔՀԿ-ում կան խցեր, որոնք ոչ մարդկային են և եվրոպական որևէ չափանիշի չեն համապատասխանում։ Դրանց լայնությունն ընդամենը 1,6 մետր է, օդափոխության, լուսաթափանցելիության և սանհանգույցի լուրջ խնդիրներ ունեն։ Նմանատիպ պայմաններում են պահում մեր քաղբանտարկյալներին։ Այդ ՔԿՀ-ի պետը, որը Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինն է, իրեն անպատժելի է պատկերացնում, բայց նա պատասխան է տալու։ Ոչ միայն բարձր, այլև միջին և անգամ ցածր պաշտոններում կա՛մ միայն ՔՊ-ականներ են, կա՛մ նրանց հետ հարաբերություններ ունեցող անձինք։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

«Քաղբանտարկյալներից վրեժ են լուծում կամ ինչ-որ մեկի էգոն են բավարարում։ Միջազգային կառույցներն էլ գլուխները մտցրել են ավազի մեջ և ձայն չեն հանում, այսինքն՝ իրենց արևմտյան արժեհամակարգը կեղծ է, Փաշինյանի վայրագությունները չեն նկատում։ Սուտը, կեղծիքն ու անպատասխանատու լինելը սրանց մոտ ամենաբարձր մակարդակի են։ Ասում են՝ Վեհափառն իբր գործակալ է, մինչդեռ որևէ ապացույց կամ փաստաթուղթ չունեն։ Եվ իրենք այս կերպարներով փորձում են իբր մաքրել եկեղեցին։ Տիրադավներն ամենախայտառակ կերպարներն են։ Եկեղեցին պետք է մաքրվի հենց տիրադավներից»,- ասաց քաղաքական գործիչը։

«1998-ից մինչև 2018-ը դեղին մամուլը, այսինքն՝ այսօրվա իշխանությունը, մեր հասարակությանը թունավորում էր, թե իբր բոլորը թալանչի են։ Որքան իրենք են թալանում երկիրը, ոչ ոք չի թալանել։ 8 տարում 8 միլիարդ դոլարի արտաքին պարտք են վերցրել, մի ենթակառուցվածք չեն կառուցել։ Անգամ «Հյուսիս-Հարավ» ճանապարհը կառուցվել է Սերժ Սարգսյանի օրոք հաստատված ծրագրով։ 451 մարդու նկատմամբ ապօրինի գույքի հարցով քրեական գործ է հարուցվել, ապա փակվել։ Երկու տարբերակ կա՝ կա՛մ այդ գործերը կեղծ էին, կա՛մ էլ իրենք են նրանցից փող վերցրել և գործերը կոծկել։ Երևանը երեք տարի շարունակ՝ 2021-24 թթ․, գլխավոր հատակագիծ չի ունեցել, որ հողերը մեջ-մեջ անեն»,- նշեց Մանուկյանը։

Կարդացեք նաև

  • Երկակի ստանդարտներ և գետնի վրա սրվող իրականություն. Ո՞ւր է տանում Բաքվի անվերջ պահանջների օրակարգը
  • Խենթի պես գոռում էր… Դու էսպե՞ս ես ուզում գնալ Եվրոպա, ինչո՞ւ ես խաբում ժողովրդին. Շառլ Միշելին ասել եմ՝ վաղ թե ուշ դատվելու է. Գասպար Կարապետյան
  • Խաղաղության պատրանքներ, նոր ահաբեկում… Ինչպես են Բաքվի հռետորաբանությունն ու քայլերը կոտրում Փաշինյանի խաղաղության թեզերը

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ այն մարդիկ, ովքեր փորձում են Փաշինյանի հետ համաձայնության կամ առևտրի գալ, թող գիտակցեն՝ մեր երկրի թիվ մեկ «գցողը» հենց Փաշինյանն է․ «Փաշինյանին միշտ պետք են հանրությանը կերակրելու տեսարաններ, և նա բոլորին հրապարակայնորեն փչացնելու է, կարող է հասնել անգամ իր շրջապատին, օրինակ՝ Ալեն Սիմոնյանին։ Այս իշխանությունն իր թալանը պահում է կրիպտոարժույթներով։ Իշխանափոխությունից հետո պատմելու են ամեն ինչ»:

«Երբ ադրբեջանցիները ներթափանցեցին մեր հայրենիք, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ասում էր՝ կսովածանան, հետ կգնան։ Նրանք մի քանի տարի մնացին, չսովածացան, դրա փոխարեն՝ դիրքեր են ամրացնում, բետոնից դիրքեր են կառուցում։ Այսօրվա գեներալիտետի համար ի՞նչն է առաջնահերթ։ ՊՆ-ում չկա խարիզմա ունեցող գեներալ, որը ձեռքը կխփի սեղանին ու կասի՝ հրամանս կատարեք։ Արցախի դրոշով մեդալն Էդվարդ Ասրյանը հեռացնում է իր կրծքից, ի՞նչ ասես սրան։ Արցախը լինելիության հույս էր, մեր պաշտպանն էր, մեր վահանն էր, իսկ սրանք Արցախ բառից ահաբեկվում են»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը։

—

Ադրբեջանը դիվանագիտական փակուղում է. անկախանալու պահին ո՛չ Արցախ է ունեցել, ո

Հոկտեմբեր 3, 2026

«Կա իրականություն, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990թ. օգոստոսի 23-ին ընդունել է Անկախության հռչակագիրը: Դա փաստ է: Հիմքը եղել է 1989թ. դեկտեմբերին ԼՂՀ ընդունած փաստաթուղթը: Հիշեցնենք, որ նաև Ղարաբաղից ընտրված մարդիկ են եղել Հայաստանի Գերագույն խորհրդում: Անկախության հռչակագիրն ընդունվել է միաձայն: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաստատել է Անկախության հռչակագիրը, Հայաստանի անկախությունը: Դրանից առաջ սեպտեմբերի 2-ին սկսում է Արցախի անկախության հռչակումը, այնուհետև տեղի է ունենում այդ հարցով հանրաքվեն:

Մենք ու Արցախն արդեն անկախ պետություններ էինք, երբ կազմավորվեց Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ): Հետո Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում ԽՍՀՄ այլ հանրապետությունների են հրավիրում, որ միանան ԱՊՀ-ին: Ի դեպ, ԽՍՀՄ 3 հանրապետություններ՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան, չեն միացել Ալմա Աթայի հռչակագրին: Հո դա չի՞ նշանակում, որ այդ պետությունները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան, սահմաններ չունեն ու անկախ պետություններ չեն: Ընդ որում, Հայաստանի Գերագույն խորհուրդն Ալմա Աթայի հռչակագիրը վավերացնում է վերապահումներով՝ կապված հենց Արցախի շահերի հետ: Վերապահումներն էլ սահմանների մասով էին: Ադրբեջանը չմիացավ ԱՊՀ-ին, օրինակ, որովհետև ժամանակակից Ադրբեջանն իրեն հռչակում է որպես 1918-20թթ. Ադրբեջանի ժողովրդական Հանրապետության իրավահաջորդ, և ասում է՝ ինչ եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի ժամանակ, ապօրինի է»,- անդրադառնալով Արցախի հանձնումը Ալմա Աթայի հռչակագրով պայմանավորելուն՝ «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք. 168.am-ին դեռևս 3 տարի առաջ տված հարցազրույցում ՀՀ նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հիշեցրել էր.

Կարդացեք նաև

  • Աղմկահարույց հրաժարականներ, պառակտում. ի՞նչ է կատարվել Նյու Յորքում Փաշինյանի փակ հանդիպմանը. Կարեն Ջինբաշյան
  • Ալիևի «հաղորդումը»` Փաշինյանի դեմ․ ինչի՞ համար է նա պատասխանատվության «կանչվում»
  • Խենթի պես գոռում էր… Դու էսպե՞ս ես ուզում գնալ Եվրոպա, ինչո՞ւ ես խաբում ժողովրդին. Շառլ Միշելին ասել եմ՝ վաղ թե ուշ դատվելու է. Գասպար Կարապետյան

«Ալմա Աթայի փաստաթուղթը կարևորագույն փաստաթուղթ էր, այն ընդունվեց 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, դրանով արձանագրվեց ԽՍՀՄ փլուզումը, և այսօր միջազգայնորեն  ընդունված է, որ Խորհրդային Միությունը փլուզվել է դեկտեմբերի 21-ին: Մեզ համար դա կարևոր է նաև, եթե մենք անդրադառնում ենք Արցախի հարցին,  քանի որ Արցախի ինքնորոշման հանրաքվեն տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին: Այսինքն՝  հռչակագիրն ընդունելու պահին Արցախն արդեն անկախ էր: Արձանագրենք՝ սա մեզ համար կարևոր հանգամանք է:

Երկրորդ՝ տարածքային ամբողջականությունը երբեք չի կարելի հակադրել ինքնորոշման իրավունքին: Դրա մասին է  խոսում ՄԱԿ-ի կանոնադրությունը, որին հղում է արվում Պրահայի հայտարարությամբ, և դա համընդհանուր նորմ է. ավելին, եթե կա որևէ համաձայնագիր, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, ապա գործում է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Դա բարձրագույն իրավական ուժ ունի: Բայց նաև նշեմ, որ հենց հռչակագիրն ինքնին խոսում է  ինքնորոշման իրավունքի մասին: Ավելին, երբ վավերացվում էր Ալմա Աթայի հռչակագիրը, այն ընդունվում է վերապահումով՝ կապված հենց Արցախի շահերի հետ: Վերապահումը հետևյալն էր՝ Ալմա Աթայի հռչակագրում կա հետևյալ ձևակերպումը, որ ԱՊՀ անդամ կարող են դառնալ նաև այլ պետություններ: Մենք այդ ժամանակ ի՞նչ արեցինք: Մենք ավելացրեցինք. «ինչպես նաև մինչ Ալմա Աթայի հռչակագիրը հանրաքվեով անկախացած  սուբյեկտներ» ձևակերպումը՝ միանշանակ նկատի ունենալով Արցախը: Դա միայն վերաբերում էր Արցախին: Շատ էական է, երբ մենք խոսում ենք, որ Արցախն  առանձնահատուկ է, ի՞նչ Կոսովո, ի՞նչ այլ բան, որովհետև Արցախն ինքնորոշվել է մինչ ԽՍՀՄ փլուզումը՝  լիովին համապատասխան միջազգային իրավունքին  և այն ժամանակ գործող օրենսդրությանը: Ավելին, Ալմա Աթայի հռչակագիրն ընդունելիս ու վավերացնելով՝ Հայաստանի այն ժամանակ Գերագույն խորհուրդը,  ըստ էության,  ճանապարհ է բացել նաև Արցախի՝ ԱՊՀ-ին  անդամակցության համար: Սա է էությունն այդ փաստաթղթի»,- բացատրել էր  ԱԳ նախկին փոխնախարար  Շավարշ Քոչարյանը, որը ժամանակին մասնակցել է այդ ողջ գործընթացներին:

«Մեր պետականությունն անթերի իրավական հիմքով է ստեղծվել: Այն չի ասում, որ Արցախի ու Հայաստանի հետ մեկ պետական միավորում պիտի ստեղծվի: Հայաստանի և Արցախի միջև ֆունկցիոնալ իմաստով որևէ տարբերություն չկար: Ես նույն պետության զգացողությունն եմ ունեցել՝ անկախ նրանից՝ ընտանիքիս հետ հանգստացել եմ Շուշիո՞ւմ, թե՞ Դիլիջանում: Բայց ունեցել ենք 2 պետություն՝ մեկ միասնական համակարգով: Մեր պետականության հիմքերն անթերի են: Դրանից է վախենում Ալիևը: Դրա համար է ասում՝ վերացրեք Անկախության հռչակագիրը, որովհետև ի տարբերություն իր պետության՝ Ադրբեջանի, որը խիստ խոցելի հիմքի վրա է ստեղծված, մեր պետության իրավական հիմքերն անխոցելի՛ են»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

168: Աղմկահարույց հրաժարականներ, պառակտում. ի՞նչ է կատարվել Նյու Յորքում Փաշի

Հոկտեմբեր 3, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Հայ դատի գրասենյակի Արևմտյան ափի համայնքային կապերի պատասխանատու Կարեն Ջինբաշյանն է:

Օրեր առաջ Սփյուռքի հասցեին տարբեր վիրավորական բառերով արտահայտվող, Սփյուռքը Թուրքիայի և Ադրբեջանի հրահանգով քանդող Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի շրջանակում սեպտեմբերի 23-ին հանդիպել էր «Համահայկական ուսանողական միության» (ASA) մի խումբ ամերիկահայ ուսանողների հետ: Հիշեցնենք, վերջերս էլ նա Սփյուռքի մասին հայտարարեց՝ «Մենք second hand (օգտագործված) ապրանքների կարիք չունենք»՝ նվաստացնելով տասնամյակներ շարունակ հայկական Սփյուռքի հայրենանվեր գործունեությունն ու ահռելի ներդրումները:  Այդ հանդիպումը, որի մանրամասներին դեռ կանդրադառնանք, կազմակերպության ներսում մեծ պառակտումների պատճառ էր դարձել:

Հարութ Սասունյանն այդ կապակցությամբ գրել էր. «դիրքորոշումները՝ ASA-ի խորհուրդը ոչ միայն խախտեց կազմակերպության՝ «ապաքաղաքական» մնալու սկզբունքը, այլև վարչապետի հետ կայանալիք հանդիպման մասին չտեղեկացրեց և չխորհրդակցեց Միացյալ Նահանգների All-ASA-ի տարբեր մասնաճյուղերի ղեկավարների հետ։  Փաշինյանի հետ հանդիպումը պառակտում առաջացրեց «Համահայկական ուսանողական միության» անդամների շրջանում։ Միության Արևելյան տարածաշրջանի փոխտնօրեն Թամարա Գ. Նահապետյանը, դեմ արտահայտվելով այդ հանդիպմանը, հրաժարական տվեց։

Նա ինձ հայտնեց, որ հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ՝ ««Ապաղաքական» All-ASA-ն մտնում է քաղաքական դաշտ» վերնագրով՝ ափսոսանք հայտնելով, որ Փաշինյանին հաջողվեց ապակայունացնել և պառակտել Սփյուռքում գործող ոչ կուսակցական ու ապաղաքական այս հայկական կազմակերպությունը։ Միության խորհրդի մեկ այլ անդամ ևս հրաժարական տվեց։ All-ASA-ի առնվազն երեք մասնաճյուղեր հանդես եկան հայտարարությամբ՝ տարանջատելով իրենց Փաշինյանի հետ հանդիպելու All-ASA-ի որոշումից։ …Փաշինյանը չի կարող Սփյուռքի նկատմամբ նման բացասական դիրքորոշում որդեգրել, իսկ հետո ASA-ի անդամներին հրավիրել իր հետ հանդիպման։ …Ինչպես իր բողոքում նշել է Թամարա Գ. Նահապետյանը. «Չի կարելի Սփյուռքին միաժամանակ անտեսել՝ որպես Հայաստանի քաղաքականության համար անկարևոր գործոն, և միևնույն ժամանակ օգտագործել նրան՝ որպես այդ քաղաքականության լսարան»։ Գովասանքի են արժանի այն ուսանողները, որոնք դեմ արտահայտվեցին Փաշինյանի հակահայկական քաղաքականությանը և մերժեցին նրա հետ հանդիպելու՝ ASA-ի խորհրդի անդամների որոշումը»,- գրել էր Սասունյանը։

Կարդացեք նաև

  • Սահմանվել է ռիելթորի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման կարգը
  • Ադրբեջանը դիվանագիտական փակուղում է. անկախանալու պահին ո՛չ Արցախ է ունեցել, ո՛չ Տիգրանաշեն. Նորմալ իշխանություն ունենալու պարագայում ամեն ինչ այլ կերպ կլիներ. Էդգար Ղազարյան
  • Ալիևի «հաղորդումը»` Փաշինյանի դեմ․ ինչի՞ համար է նա պատասխանատվության «կանչվում»

Կարեն Ջինբաշյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Մեր ազգը միասնական պահող Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն են ուզում թուրքերը պառակտել, որ ազգը տկարանա: Փորձում են Սփյուռք ներթափանցել, հեղինակազրկել, բայց ամեն բան անում ենք, որ դա տեղի ունենա:
  • Փաշինյանի վարչակազմն ամեն ինչ արել էր, որ Նյու Յորքում հայ ուսանողների հետ հանդիպումն անցնի փակ ֆորմատով և բոլորի համար: Ովքեր կարող էր անհարմար հարցեր տալ Փաշինյանին, չէին հրավիրվել: Հրավիրվել էին միայն Փաշինյանի համակիրները: Կրթական հաստատությունը վերածել էին քաղաքականի: Իրենց քիչ էր թվացել Հայաստանում պառակտում մտցնելը, հիմա անցել են Սփյուռքին:
  • Սա միակ դեպքը չէ: Ամիսներ առաջ ԱՄՆ-ում ՀՀ նախորդ դեսպան Լիլիթ Մակունցն ու Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը եկան Կալիֆորնիա, կրկին փակ հանդիպում ունեցան, լուսանկարներ արեցին, հրապարակեցին ու գնացին: Անիմաստ բեմականացում է, թատրոնի պես խաղում ու գնում են: Մենք՝ իբրև Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ մտահոգ սփյուռքահայեր, Հայաստանի իշխանությունների այս խաղերի մեջ չենք մտնելու, ավելի գործնական քայլեր պետք է անենք և անում ենք, դրա համար են մեզ թիրախավորում:
  • Սփյուռքահայությունը դեմ չէ Հայաստանի՝ երկարատև խաղաղության ձգտմանը, բայց դա չպետք է լինի հայկական շահի շարունակական զիջմամբ: Հայաստանի Հանրապետությունը չպետք է զիջի տարածքներ, որ ադրբեջանցիները ռազմական բազաներ տեղակայեն մեր տարածքում, չպետք է զիջենք մեր ինքնիշխանությունը և պետք է առաջ մղենք Բաքվի բանտում գտնվող հայ գերիների ազատ արձակման պահանջը: Հայ դատի հանձնախումբը հենց այս հարցերն է առաջ մղում իր պայքարում: Սփյուռքահայ երիտասարդներն ուսյալ, բարձրագույն համալսարաններ ավարտած տղաներ ու աղջիկներ են և հասկանում են, որ սա արժանապատիվ խաղաղություն չէ:
  • Քանի որ օտարության մեջ ենք ապրում, մեր ազգային պատկանելությունն ավելի ցցուն պետք է արտահայտվի, որ պայքարենք ձուլման դեմ: Մենք ակնթարթորեն ենք զգում, երբ մեր ինքնության դեմ քայլեր են կատարվում: Հիմա էլ ունենք գիտակցությունը, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարն ու մնացած բոլոր արկածախնդրությունները համաթուրքական պահանջ են:

  • Փոքր-ինչ հուսահատված ենք, որովհետև մեր դասական մեթոդներն ու քայլերն այլևս այդքան ազդեցիկ չեն, բայց փոխարենը՝ մենք նոր եղանակներ ենք գտնում երիտասարդությանն ազգապահպանության գործին ներգրավելու համար: Շատերը, երբ առաջին անգամ են մասնակցում հայապահպանական միջոցառումներին, զորաշարժերին, հետո խոստովանում են, որ հայի արյունն այլ կերպ են զգում այդ պահից ի վեր, ավելի շատ են ազգայինը գնահատում:
  • Երիտասարդական ներուժը սոցիալական ցանցերում անսահման է, և մենք պետք է կարողանանք այդ ներուժը ճիշտ ուղղորդել: Պատրաստում ենք կադրեր, որ գալիք սերունդը կարողանա Հայ դատն առաջ տանել, հայկական ազգային շահերն առաջ մղել: Նաև մեծ միջոցներ ենք ներդնում, որ հայ երիտասարդները Կոնգրեսում աշխատանք ունենան ու կարողանան մեր առաջնահերթություններն առաջ տանել:
  • Թուրքական ու ադրբեջանական լոբբիները մշտական աշխատանք են տանում մեր աշխատանքները կազմաքանդելու համար: Փափուկ ուժ են գործադրում, աշխատում են կոնգրեսականների ու մեդիայի հետ, փորձում են հակահայ ու պրոադրբեջանական աջակցություն ստանալ նրանցից: Մենք սովոր ենք, որ մեր ցանկացած գործ հակազդեցության է արժանանալու, բայց հավատում ենք, որ մեր ճանապարհը շիտակ է:
  • Հայ Առաքելական եկեղեցին Ցեղասպանությունից հետո եղել է այն կառույցը, որի շնորհիվ աշխարհասփյուռ հայությունը կարողացել է մնալ հայ: Եվ հենց այդ պատճառով է, որ թե՛ թուրքական իշխանությունները, թե՛ մեր իշխանությունը հարձակում են սկսել Եկեղեցու դեմ, փորձում են նրա այդ առաքելությունը վերցնել Եկեղեցու ձեռքից: Մենք հասկանում ենք, որ սա միայն Ամենայն Հայոց կաթողիկոսի հարցը չէ, մենք փորձում ենք օտարներին բացատրել, որ սա ավելի հեռուն գնացող ու վտանգավոր նպատակներ է հետապնդում, քան առաջին հայացքից կարող է թվալ:

  • Մեր խնդիրը զուտ Սփյուռքի կամ համահայկական խնդիրներ չեն. գերիների, Արցախի հարցերը մարդու իրավունքների հարցեր են, որոնք համամարդկային են:
  • Մենք թշնամական կեցվածք չունենք ոչ մեկի և ոչ մի կառույցի նկատմամբ, միշտ պատրաստ ենք համագործակցել, եթե նրանք հայկական շահին դեմ չեն աշխատում: Մենք թշնամիներ չենք փնտրում, բայց ով մեզ հետ է, թող լինի, ով մեր դեմ է, թող մեր դեմ լինի: Մենք մեր առաքելությունից չենք նահանջելու:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Պետք է քննարկվի ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հա

Հոկտեմբեր 3, 2026

ՀՀ ԱԺ նախկին պտգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իշխանությունը պաշտոնական մակարդակում մեղմացնում-թաքցնում է Սիսիանում ադրբեջանցու մասնակցության վտանգավոր միջադեպը, իսկ ոչ պաշտոնական խողովակներով թիրախավորում է սեփական ընտանիքը պաշտպանող հայ կնոջը, որովհետև որոշում ունի ադրբեջանցուն հանձնել Բաքվին:

Սա պատահական տեղի ունեցած սահմանախախտման դեպք չէ, առավել ևս՝ որ հետևանքը քաղաքացիական անձանց, անչափահասներին հրազենային վիրավորում, մարմնական վնասվածքներ և հոգեբանական ներգործություն է:
Դեռ վաղ է խոսել ադրբեջանցու իրական դրդապատճառների և նպատակների մասին, սակայն առկա փաստերն էլ ծանրակշիռ հիմնավորում են՝ վերջինիս հենց այնպես Բաքվին չհանձնելու առումով:

ՀՀ-ում պետք է դատավարություն իրականացվի, տրվի իրավական գնահատական, իսկ հետո քննարկվի վերջինիս փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ»,- գրել է նա:

—

«Չի կարելի թույլ տալ, որ «Շաքին» փոխարինվի տարաբնույթ «Աղոթքների նախաճաշերով»

Հոկտեմբեր 3, 2026

Քաղաքագետ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Չի կարելի թույլ տալ, որ «Շաքին» փոխարինվի տարաբնույթ «Աղոթքների նախաճաշերով»

Չի կարելի արագ մոռանալ Շաքիի «դեպքը» և իշխանությանը դուրս թողնել խորը վերահսկողության ու պատասխանատվության դաշտից՝ նորից տրվելով նրա թելադրած հերթական նարատիվներին ու օրակարգերին։ Այսօր դա կարող է լինել «աղոթքի նախաճաշը», վաղը՝ մեկ այլ թեմա։ Բայց Շաքին պետք է մնա հանրային ու քաղաքական ուշադրության կենտրոնում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա ոչ միայն կատարվածը, այլև պետության չարածի քաղաքական ամբողջ պատկերը։

Շաքին մեկ ադրբեջանցի զինծառայողի պատմություն չէ։ Այն պետական կարողության թեստ էր, որի վերջում ունենք ամենադաժան արդյունքը՝ զինված ադրբեջանցի զինծառայող, հայկական գյուղ, ընտանիքի տուն, մայր, երեխաներ և կրակոց։ Կառույցները կան, լիազորությունները կան, պաշտոնյաները կան, հաղորդագրությունները կան, ամենը կա, բայց չկա արդյունքը՝ պաշտպանված մարդը։

Անվտանգային համակարգը հենց նրա համար է համակարգ, որ մի օղակի բացթողումը կարողանա փակել մյուսը։ Սահմանին չկանգնեցված վտանգը պետք է հայտնաբերվի երկրի ներսում, ստացված տեղեկությունը պետք է վերածվի սպառնալիքի գնահատման, գնահատումը՝ համադրված գործողության, իսկ գործողությունը՝ պաշտպանության։

Շաքիում այդ շղթայի վերջում եղել է ոչ թե չեզոքացված վտանգը, այլ սեփական տանը զինված ադրբեջանցի զինծառայողի հանդիպած, պատանդառված և գնդակահարված ընտանիքը։

Առավել ծանր է այն, որ ենթադրենք, թե պետությունը, իր իսկ պաշտոնական վարկածով, հնարավոր վտանգի մասին նախապես տեղեկացված է եղել։ Ուրեմն այստեղ խոսքը միայն սահմանային վերահսկողության մասին չէ։ Խոսքը նախապես հայտնի հնարավոր սպառնալիքը կառավարելու պետական կարողության մասին է։ Տեղեկությունը եղել է, որոնումը, ըստ պաշտոնական հաղորդագրության, եղել է, բայց վերջնական արդյունքը եղել է կրակոց հայկական ընտանիքի տանը։

Այստեղ է հիմնական քաղաքական չափանիշը․ անվտանգության ապահովմամբ իսկապես մտահոգ պետությունը նախապես ստացված տեղեկությունը կվերածեր իրական պաշտպանական կարողության, կաշխատեր վատագույն սցենարի հաշվարկով, վտանգի հնարավոր գոտում կբարձրացներ պաշտպանվածության մակարդակը և քաղաքացուն չէր թողնի որպես անվտանգության վերջին օղակ։

Մեզ մոտ ստացվեց հակառակ հերթականությունը՝ նախ վտանգը հասավ մորն ու երեխաներին, հետո պետությունը սկսեց հանրությանը պատմել, թե մինչ այդ ինչ գիտեր այդ վտանգի մասին, իսկ վերջին ակորդը «ֆեստիվառային» քաղաքականության պատանդ գյուղապետի գնահատականներն էին:

Սա այլևս պարզապես վատ հաղորդակցություն չէ։ Սա կառավարման մտածողության խնդիր է։ Օպերատիվ գաղտնիությունն անհրաժեշտություն է, բայց օպերատիվ գաղտնիությունն ու անվտանգային լռությունը նույն բանը չեն։ Երբ պետությունը գիտի հնարավոր զինված ներթափանցման մասին, հանրությունը դրա մասին տեղեկանում է արդեն վտանգի իրացումից հետո, այն էլ ոչ պետական խողովակներով, իսկ պետական բացատրությունը գալիս է որպես կատարվածի մեկնաբանություն, առաջանում է շատ ավելի խոր խնդիր՝ անվտանգության ապահովման փոխարեն պետության համար փաստորեն ավելի կարևոր է բացակայող անվտանգության տեղեկատվական կառավարումը։

Եվ հենց այստեղ է Շաքին միանում այն բանաձևին, որով բնութագրվում է այս կառավարման քաղաքական տրամաբանությունը՝ «ֆեստիվառ»՝ անվտանգության փոխարեն, պոպուլիզմ՝ գիտահեն կառավարման փոխարեն։

«Ֆեստիվառը» այստեղ պարզապես հեգնական բառ չէ։ Դա կառավարման մտածողություն է՝ իրականությունը փոխելու փոխարեն կառավարել դրա հանրային ընկալումը, պետական կարողության պակասը փոխհատուցել լավատեսական պատմությամբ, իսկ քաղաքական արդյունավետությունը չափել հասարակության տրամադրությունները կառավարելու կարողությամբ։

Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին, Հանրայինով Թաթայի համերգ ցուցադրելը, որը կարելի էր համարել ընդամենը խայտառակ խմբագրական որոշում իրականում հանրային ուշադրության և զգացմունքների թեստ էր, բայց հասարակության արձագանքը շատ ավելի կարևոր բան ցույց տվեց՝ մարդիկ մերժեցին իրենց առաջարկված «ֆեստիվառային» իրականությունը։

Շաքիում նույն մտածողությունն արդեն հեռուստաեթերի մասին չէ։ Այստեղ դրա գինը անվտանգությունն է։
Երբ «խաղաղության» մասին խոսքը արտաքին քաղաքական նպատակից աստիճանաբար վերածվում է նաև հասարակության հոգեբանական վիճակը կառավարելու միջոցի, իշխանության համար առաջանում է վտանգավոր գայթակղություն՝ անվտանգ լինելու փոխարեն գերակայություն տալ անվտանգ զգալուն։ Բայց բարձր տրամադրությունը սահման չի պաշտպանում, տոնական եթերը վտանգ չի չեզոքացնում, «խաղաղություն» բառի ամենօրյա կրկնությունը պետական կարողություն չի ստեղծում, սահմանը PR չի կարդում, զինված ադրբեջանցին քարոզչական տրամադրությանը չի ենթարկվում։

Հենց այստեղ է ավարտվում «ֆեստիվառը» և սկսվում պետությունը։

Առանձին ու շատ լուրջ խնդիր է ադրբեջանական նախազգուշացման պատմությունը։ Ես չեմ պնդում, որ այն չի եղել։ Բայց դրա ամբողջական ներկայացման նկատմամբ լուրջ վերապահում ունենալու քաղաքական հիմք կա, որովհետև այդ դրվագը չափազանց հարմար հնարավորություն է ստեղծում Ադրբեջանի քաղաքական դեմքը փրկելու համար։

Առանց այդ դրվագի քաղաքական պատկերը պարզ է՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը զենքով հայտնվել է Հայաստանի տարածքում, հասել հայկական բնակավայր և կրակել խաղաղ բնակչի վրա։ Նախազգուշացման դրվագը փոխում է պատմության քաղաքական շրջանակը․ Ադրբեջանն այլևս միայն այն պետությունը չէ, որի զինված զինծառայողը ներթափանցել է Հայաստան, այն միաժամանակ ներկայանում է որպես Հայաստանին նախազգուշացրած և համագործակցած կողմ։ Փաստը չի փոխվում, փոխվում է փաստի քաղաքական մատուցումը։

Զինված ներթափանցման կողքին կառուցվում է երկու երկրների ծառայությունների «համագործակցության» պատմություն, որը Բաքվին հնարավորություն է տալիս մեղմել միջադեպի քաղաքական գինը և այն ներկայացնել որպես մեկ զինծառայողի արարք, այլ ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների համար ծանր անվտանգային միջադեպ։

Բայց այստեղ ամենակարևորն այն է, որ այս կառուցվածքը քաղաքականապես հարմար է ոչ միայն Բաքվին, այն հարմար է նաև Երևանին։ Բաքուն հնարավորություն է ստանում փրկելու իր քաղաքական դեմքը, Փաշինյանի իշխանությունը՝ իր «խաղաղության» պատկերը։ Զինված ներթափանցումը տեղավորվում է հանգստացնող՝ «տեղեկացրել են, փնտրել ենք, գտել ենք» պատմության մեջ, որից հետո արդեն կարելի է փորձել հնարավորինս արագ փոխել անվտանգային օրակարգը և շարունակել «ապանյարդայինացման» օրակարգը:

Հետևաբար ադրբեջանական նախազգուշացման պատմությունը պետք է ստանա ոչ այնքան օպերատիվ մանրամասների հրապարակային քննություն, որքան քաղաքական ու ինստիտուցիոնալ ամբողջական գնահատական։

Հասարակությունը պետք է հասկանա՝ նախապես հայտնի սպառնալիքի պայմաններում որքանով է աշխատել Հայաստանի անվտանգության համակարգը, ի՞նչ պաշտպանական արդյունք է տվել այդ տեղեկությունը և ինչ պատասխանատվություն է ենթադրում այն փաստը, որ վերջնական արդյունքում վտանգը հասել է հայկական ընտանիքի տուն։ Ոչ թե որովհետև նախապես հայտարարում ենք պաշտոնական վարկածը կեղծ, այլ որովհետև այդ վարկածը միաժամանակ քաղաքական խնդիր է լուծում և՛ Բաքվի, և՛ Երևանի համար։

Իսկ իշխանության համար այստեղ երկու տարբերակն էլ ծանր են։ Եթե ներկայացված պատմությունն ամբողջական չէ, գործ ունենք պաշտոնական տեղեկատվության արժանահավատության խնդրի հետ, եթե այն ամբողջությամբ ճիշտ է, վիճակն ավելի ծանր է՝ Հայաստանը նախապես տեղեկացված է եղել հնարավոր զինված ներթափանցման մասին և այդ տեղեկությամբ հանդերձ չի կարողացել կանխել, որ զինված ադրբեջանցի զինծառայողը հասնի հայկական ընտանիքի տուն և կրակի մոր վրա։

Հետևաբար մեկ զինծառայողի կալանքով այս պատմությունը փակել չի կարելի։ Նրա քրեական պատասխանատվությունը մի հարց է, Հայաստանի պետական համակարգի պատասխանատվությունը՝ մեկ այլ։

Քաղաքական գնահատման առարկան պետք է լինի ամբողջ անվտանգային շղթայի գործունակությունը՝ սպառնալիքի գնահատումից մինչև պետական կառույցների փոխգործակցությունը, բնակչության պաշտպանվածությունն ու ղեկավար օղակների պատասխանատվությունը։ Իսկ այդ համակարգի պատրաստվածության և գործունակության քաղաքական պատասխանատվությունը կրում է կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Հենց դրա համար էլ Շաքին չի կարելի արագ մոռանալ։ Չի կարելի թույլ տալ, որ իշխանությունը հերթական նոր թեմայով հանրությանը դուրս բերի այս պատմությունից, իսկ մենք մի քանի օր անց արդեն քննարկենք նրա թելադրած հաջորդ օրակարգը։ Այսօր՝ «աղոթքի նախաճաշ», վաղը՝ մեկ այլ «ֆեստիվառ», մեխանիզմը նույնն է՝ փոխել թեման ավելի արագ, քան կհասցնի ձևավորվել պատասխանատվության հանրային պահանջը։

Քաղաքական ընդդիմության, մեդիայի և հանրության խնդիրը հիմա իշխանությանը Շաքիի թեմայով վերահսկողության և պատասխանատվության դաշտում պահելն է, մինչև պետական համակարգի գործողություններն ու բացթողումները ստանան ամբողջական քաղաքական գնահատական։

Ամենավտանգավորը միայն այն չէ, որ զինված ադրբեջանցի զինծառայողը հասել է հայկական ընտանիքի տուն։ Ամենավտանգավորը կլինի, եթե դրանից մի քանի օր անց իշխանությանը հաջողվի մեզ վերադարձնել հերթական «ֆեստիվառ»՝ այնպես, կարծես այդ տունը, այդ մայրը, այդ երեխաներն ու այդ կրակոցը չեն եղել։

Օրակարգը կարելի է փոխել, պատասխանատվությունը՝ ոչ, տրամադրությունը կարելի է կառավարել, իրականությունը՝ ոչ, քարոզչությամբ կարելի է ստեղծել անվտանգության զգացողություն, բայց ոչ անվտանգություն։ Հենց սրանով է «ֆեստիվառապետությունը» տարբերվում Հանրապետությունից։ Հենց սրանով է իր պետության համար պատասխանատու հանրությունը տարբերվում «ֆեստիվառների» բերման ենթարկված վարչական ռեսուրսից»:

—

Սամվել Կարապետյանի էական ու դիպուկ պատասխանը. Հակոբ Բադալյան

Հոկտեմբեր 3, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Պատասխանելով հարցին, թե ինչպես պայքարել «կարմիր գծեր» չունեցող իշխանության դեմ, Ուժեղ Հայաստանի հիմնադիր և առաջնորդ Սամվել Կարապետյանը պատասխանում է՝ «կարմիր գծեր ունենալով»։

Ըստ իս, շատ կարևոր, էական ու դիպուկ պատասխան։ Ովքեր հետևում են իմ մեկնաբանություններին ու վերլուծություններին, թերևս կռահեցին, թե ինչո՞ւ եմ ես սա համարում շատ կարևոր ու էական։ Ես պարբերաբար խոսում եմ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարող համակարգի դեմ պայքարը հնարավոր չէ հաջողել սիմետրիկությամբ։ Սիմետրիան ապահովելու է նրա գերազանցությունը, եթե իհարկե մյուս կողմից այնպիսի մի համակարգ չէ, որը գերազանցում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդածին մի քանի անգամ։

Այդպիսի համակարգ կարող է լինել միայն Հայաստանից դուրս։ Միևնույն ժամանակ, հնարավոր չէ պայքարել առանց համակարգի։ Բայց, պետք է այդ համակարգը կառուցվի ասիմետրիկ տրամաբանությամբ։ Ըստ այդմ, եթե Փաշինյանը գործում է առանց կարմիր գծերի, ապա նրան հաղթելու համար պետք է համակարգ, որն ունի կարմիր գծեր։ Իհարկե դա լայն հասկացություն է՝ փիլիսոփայական շերտից մինչև մարտավարական ու ռազմավարական հայեցակարգեր։

Բայց սկզբունքն ըստ իս հետևյալն է․ եթե դու հաղթում ես առանց որևէ կարմիր գիծ մշակելու և պահպանելու, ապա այդ հաղթանակով դառնում ես առանց կարմիր գծերի մի նոր իշխանություն։ Հետևաբար, առանց կարմիր գծի նոր իշխանությունը դառնում է նոր խնդիր թե հենց տվյալ իշխանության կրողի, թե հանրության, թե պետության համար։ Այլ կերպ ասած՝ փոխվում է փաթեթը, այլ ոչ թե որակն ու տրամաբանությունը։

Հետևաբար, երբ Կարապետյանը բարձրաձայնում է, որ «կարմիր գծեր» չունեցող իշխանությանը պետք է հաղթել «կարմիր գծեր ունենալով», ըստ իս նա խոսում է ոչ թե պարզապես իշխանություն փոխելու, այլ Հայաստանում ներքին կյանքի ու արտաքին–անվտանգային կենսունակության որակ փոխելու բանաձևի մասին»:

—

«Անին այս պահին վիրահատվում է. Անին ու ամուսինը երբ տուն են մտել, ինքը դռան հ

Հոկտեմբեր 3, 2026

Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանն այս պահին վիրահատվում է։ Այս մասին քիչ առաջ 168.am–ին փոխանցեց Անիի քույրը՝ Արփի Ավետիսյանը։

«Ասել էին, որ երկուշաբթի կվիրահատեն, բայց հիմա են վիրահատում։ Ասել էին, որ ճնշումը շատ ցածր է՝ 90-40 է, հեմոգլոբինը ցածր է, քանի որ շատ արյուն է կորցրել։ Անոթային վնասվածք է, բեկորային փշրվածք, ոսկորը պետք է իմպլանտով հավաքվի։ Ասել են՝ ժամը 13։00-ին, որ երեխաները կարողանան Անիին տեսնել, բայց քիչ առաջ տեղեկացրեցին, որ վիրահատությունը երկար կտևի»,- նշեց Արփի Ավետիսյանը։

Նա տեղեկացրեց, որ երեկ Անիի մոտ հիվանդանոցում մեծ քույրն է մնացել, ճնշումը կրկին ցածր է եղել, ջուր է խմել միայն։

Ինչ վերաբերում է Անիի երեխաների առողջական վիճակին, մեր զրուցակիցը փոխանցեց, որ նրանք շատ են վախեցել։

Կարդացեք նաև

  • «Եթե սովորական զինվորն է կարողանում հեշտությամբ սահմանը հատել, պատկերացրեք, եթե դիվերսիա լիներ, ինչ կարող էր լինել». Իրինա Յոլյան
  • Ձեր երկրի վարչապետին չեմ ճանաչում, բայց կասեմ հետևյալը՝ էլեկտրոֆիզիոլոգիական չափումները կեղծել հնարավոր չէ. եվրոպական որևէ երկրի դատարանում նման պատկեր անհնար է տեսնել. գերմանացի բժշկի և փաստաբանի ահազանգը
  • 7-9 մլն դոլար՝ Ամուլսարի համայնքներին․ ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ ուր կգնան գումարները

«Ադրբեջանցին  տան մեջ զենքը պահել է երկու երեխաների վրա, այդ ընթացքում մայկայով ու շալվարով է եղել, մի կողմից՝ զենքը երեխաների վրա է պահել, մյուս կողմից՝ հագնվել է։ Երբ Անին ու ամուսինը տուն են մտել, ինքը դռան հետևում է եղել, այդ ամբողջ ընթացքում զենքը երեխաների վրա է պահած եղել։ Վախեցած են երեխաները, մի անգամ հոգեբանը եկավ, խոսեց իրենց հետ։ Երեխաներին հայրը բերել է, որ մայրիկին տեսնեն, տատիկ-պապիկի տանն են, Շաքիից եկել են»,- շեշտեց Արփի Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկից զինծառայող է հատել ՀՀ սահմանը՝ Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում։

«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։

Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցանքը կատարել է ադրբեջանցի զինվորը, նրան ձերբակալել են, այնուհետև՝ կալանավորել։

Նշենք, որ ադրբեջանցին վիրավորել է նաև կնոջ անչափահաս տղային, նա դաստակի հատվածում վնասվածք է ստացել։ Նրա հետ եղել է նաև անչափահաս քույրը, որը հոգեբանական ծանր վիճակում է հայտնվել։

—

«Ադրբեջանում շարունակաբար մի ամբողջ սերունդ պատրաստում են փաստացի ապագա պատեր

Հոկտեմբեր 3, 2026

Ադրբեջանի նախագահը հերթական մեղադրանքն է  հնչեցրել ՀՀ նախկին ղեկավարների հասցեին, նրանց մեղադրելով «հանցագործություն կատարելու մեջ»։

«Նոր Ադրբեջան» կուսակցության VIII համագումարում իր ելույթում Ալիևը հայտարարել է.

«Չի կարելի մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա, թեև Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը։

Հայաստանի ներկայիս իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել մեր նկատմամբ, փորձել են վիրավորել ադրբեջանական ժողովրդին և իրենց անտեղի ու անքաղաքավարի հայտարարություններով վիրավորել են ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ ադրբեջանցիները երբեք չպետք է մոռանան դա։

Կարդացեք նաև

  • Աղմկահարույց հրաժարականներ, պառակտում. ի՞նչ է կատարվել Նյու Յորքում Փաշինյանի փակ հանդիպմանը. Կարեն Ջինբաշյան
  • Սահմանվել է ռիելթորի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման կարգը
  • Ալիևի «հաղորդումը»` Փաշինյանի դեմ․ ինչի՞ համար է նա պատասխանատվության «կանչվում»

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի ղեկավարը մեղադրում է ՀՀ նախկին ղեկավարներին։

«Ադրբեջանի նախագահն առաջին անգամ չէ, որ նման տեքստ է արտաբերում, տարբեր առիթներով է այդ մասին խոսել, որ ՀՀ նախկին ղեկավարներն իբրև պետք է Բաքվում լինեն, և այլն։

Սակայն ինքս կարծում եմ, որ Ալիևի այս հայտարարությունը ոչ թե զուտ ՀՀ նախկին ղեկավարների մասին է, այլ ուղղված էր հենց Նիկոլ Փաշինյանին, որ այնպես չէ, որ «Նիկոլ Փաշինյանը զերծ է բոլոր մեղքերից»։ Այսինքն՝ Ալիևն իր հայտարարությամբ ասում է, որ «այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը որևէ մեղք չի գործել»։

Ըստ իս, սա Բաքվից ակնհայտ ազդակ էր ՝ուղղված Նիկոլ Փաշինյանին, որով կոչ են անում արագացնել այն գործընթացները, առաջադրանքների կատարումը, որոնք դրվել են նրա սեղանին։ Եկեղեցու դեմ պայքար, Սահմանադրության հետ կապված հարցերը, ՀՀ-ում ապազգային քայլերի դեմ հանդես եկողների նկատմամբ ճնշումների ավելացում և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Այս համատեքստում Տաթևիկ Հայրապետյանը հիշեցրեց Ալիևի արտաքին քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Հաջիևի հայտարարությունը, որ «ՀՀ կառավարությունը պետք է իր հասարակությանը նախապատրաստի խաղաղության»։ Իսկ այս ամենը նշանակում է, որ ադրբեջանական կողմն ասում է՝ «չենք ուզում ձեր կողմից տեսնել ազգային արժանապատվության դրսևորումներ», կամ, երբ «ՀՀ ներսում իշխանությունը վարում է հիշողության ջնջման քաղաքականություն, դրա շուրջ առաջ գա հանրային դժգոհություն»։

«Մինչդեռ Ադրբեջանում շարունակաբար մի ամբողջ սերունդ պատրաստում են փաստացի ապագա պատերազմի։ Այսինքն՝ Հայաստանի տարածքն անվանում են զավթողական անուններով, այդ ամենը քարոզում են դպրոցներում։ Իրենց սերնդին պատրաստում են պատերազմի, բայց ՀՀ իշխանությանը կոչ են անում ազգային արժանապատվության ստորացման  և ՀՀ-ի դեմ մղվող քայլերի հարցում ամեն ինչ արագացնել»,- հավելեց փորձագետը։

Ինչ վերաբերում է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինվորին, նրա կատարած հանցագործություններին Շաքի բնակավայրում և հարցին՝ իրատեսակա՞ն է, որ հայկական կողմը կարող է նրան փոխանակել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ պատանդների հետ, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց՝ այստեղ թիվ մեկ խնդիրն այն է, որ նախ պետք է քննություն անցկացվի, քանի որ բազմաթիվ հարցեր կան, թե ինչպե՞ս է ադրբեջանցին հայտնվել ՀՀ սահմաններից ներս, ինչպե՞ս է մի քանի օր ազատորեն շրջել, ի՞նչ է կատարվել գյուղում և դարձել է սպառնալիք երիտասարդ կնոջ և նրա երեխաների համար։

«Մենք գործ ունենք կոնկրետ հանցագործության հետ, այնպես չէ, որ ինչ-որ մեկը հատել է սահմանը պատահաբար, ու նրան բռնել են։ Այդ անձը հանցագործ է, գործ ունենք ՀՀ քաղաքացու կյանքի ու առողջության նկատմամբ ոտնձգություն կատարած ադրբեջանցի զինծառայողի հետ։

Եղել է դեպք, երբ Նիկոլ Փաշինյանը մարդասիրական նկրտումներով ադրբեջանցի զինծառայողի է հանձնել ադրբեջանական կողմին։

Եթե երբևէ պետք է քննարկվի այս ամենը գերիների համատեքստում, գերիներ, որոնք որևէ հանցանք չեն գործել, որքան էլ Ադրբեջանը դրա մասին հայտնում է, պետք է քննարկվի բացառապես այն տիրույթում, որ բոլոր պետք է վերադառնան։

«Կոպիտ ասած՝ բոլորը՝ բոլորի դիմաց, այսինքն՝ հարցը պետք է քննարկվի այդ տիրույթում, որ այս ադրբեջանցուն տանք ու մեկ հոգի բերենք։ Շատ կարևոր է անվտանգային հատվածը, որ հանկարծ Ադրբեջանը չմտածի, որ ցանկացած պահի կարող են մտել ՀՀ տարածք, ամեն ինչ անեն ու դուրս գան։

Վերջին օրերին Ադրբեջանի տեղեկատվական դաշտում շատ ակտիվ քննարկում են, որ, բնականաբար, Նիկոլ Փաշինյանը հետ է տալու այդ ադրբեջանցուն, ու դա բացարձակ չի քննարկվում գերիների վերադարձի համատեքստում։

Գերիների հարցը բոլորովին այլ տիրույթի հարց է և բոլորովին այլ հարցեր պետք է դրվեն իշխանությունների առաջ, թե ինչո՞ւ վաշինգտոնյան պայմանավորվածություններից ավելի քան 1 տարի անց, երբ Թրամփը խոսում էր, որ կփորձի միջնորդել և ազատ արձակել այդ մարդկանց, նրանք դեռ գտնվում են գերության մեջ»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը։

—

«Պետք է պատասխան տան մեզ՝ այդ զինվորին ուղղորդել ու ուղարկե՞լ են, թե՞ մոլորվե

Հոկտեմբեր 3, 2026

Հոկտեմբերի 1-ին Սիսիանի շրջանի Շաքի բնակավայրում տեղի ունեցած միջադեպի առաջին 2 օրերին մեծ իրարանցում է առաջացրել մարդկանց մի հատվածի մոտ ոչ միայն Շաքիում, այլև ամբողջ Սյունիքում։

«Սիսական» ջոկատի ազատամարտիկ, քանդակագործ Աշոտ Ավագյանն ասում է՝ այնպես չէ, որ Սիսիանից դեպի հյուսիս-արևելք ընկած տարածքից երբևէ մարդ է մտել ՀՀ սահման։ Օրինակ, դեպքեր եղել են, որ Նախիջևանի հատվածից են ադրբեջանցի զինվորներ հայտնվել ՀՀ սահմանին, բայց այնպես չի եղել, որ գյուղ են մտել ու պտտվել։

«Ինչքանով ես եմ հասկանում, մեր զինվորականները, որ կանգնած են, կարծես բաց տարածքներ կան, և հնարավոր է՝ այդ հատվածներից թափանցել են մեր տարածք։ Կարծում եմ՝ հենց այսպես է եղել։ Հիմա հարց է, թե որ կողմերից է եկել՝ Ծղուկի հատվածի՞ց, թե՞ Իշխանասարի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Ավագյանը։

Նա հիշեցրեց, որ նախկինում, երբ Նախիջևանի հատվածից որևէ ադրբեջանցի զինծառայող էր հատում ՀՀ սահմանը, դրա մասին անմիջապես տեղեկացնում էին, գոնե ասում էին, որ ադրբեջանցի է հայտնվել ՀՀ սահմանին։

Կարդացեք նաև

  • «Ադրբեջանում շարունակաբար մի ամբողջ սերունդ պատրաստում են փաստացի ապագա պատերազմի. սա Բաքվից ակնհայտ ազդակ էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
  • Չկա՛ որևէ Ադրբեջան․ սա Թուրքիայի 2-րդ պետությունն է. Կաթողիկոսի դեմ արշավի մեկնարկը տրվել է Բաքվից. Հրանտ Միքայելյան
  • «Եթե սովորական զինվորն է կարողանում հեշտությամբ սահմանը հատել, պատկերացրեք, եթե դիվերսիա լիներ, ինչ կարող էր լինել». Իրինա Յոլյան

«Ըստ երևույթին այս ադրբեջանցու հայտնվելու մասին հաշված մարդիկ են իմացել ու բնակչությանը տեղյակ չեն պահել։ Սկզբի օրը, երբ ինձ զանգահարեցին ու ասացին, որ նման բան է պատահել, ասացին՝ մեկ հոգի է, հետո ասացին՝ 6 հոգի են։ Հաջորդ օրն էլ ասացին, որ 2 հոգուն բռնել են, 4 հոգին դեռ կան։ Դե, ժողովրդի մոտ կարող են նման խոսակցություններ լինել սահմանը հատածների թվի վերաբերյալ, և սա բնական է։  Եթե պաշտոնական աղբյուրները լռում են, հստակ չեն ասում, թե քանի հոգի են հատել սահմանը, միայն վերջին պահին են խոսում, ժողովուրդը ցանկացած թիվ կարող է ասել, դե, ժողովրդի երևակայությունը լավն է»,- հավելեց Աշոտ Ավագյանը։

Քանդակագործի խոսքով՝ միջադեպից հետո մարդկանց մի մասը վախեցած է եղել, անհանգիստ, բայց մի մասին չի էլ հետաքրքրել տեղի ունեցողը։

«Այստեղ այլ խնդիր կա՝ իրականում ինքը մոլորվե՞լ է ու հայտնվել ՀՀ սահմաններից ներս, թե՞ նպատակային է հատել սահմանը, որովհետև երբ Նախիջևանից հանկարծ հայտնվում էին այս կողմերում ու բացատրություններ էին տալիս, ասում էին՝ մառախուղ է եղել, մոլորվել են, կամ իրենց բանակում վատ են վերաբերվել՝ փախել են։ 1996 թվականին նման մի դեպք եղավ, ադրբեջանցի զինծառայող էր հայտնվել Սյունիքում, անձամբ նրա հետ խոսեցի, այդ զինվորն ասաց. «Մեր բանակում մեզ շատ են նեղում, դրա համար փախել եմ»։ Հիմա պետք է պատասխան տան մեզ՝ այդ զինվորին ուղղորդել ու ուղարկե՞լ են, թե՞ մոլորվել է, իսկ գուցե ուղարկել են, որ մեր զգոնությունը փորձեն, կարող է այսպես հանգիստ լինենք ու հետո դիվերսիոն բաներ տեղի ունենան»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Աշոտ Ավագյանը նաև ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները պետք է տան իշխանությունները՝ տեղական իշխանություններից սկսած՝ մինչև երկրի ղեկավար։

«Տա Աստված, որ այս զինվորը հատուկ ուղարակված չլինի, որպեսզի մեր զգոնությունը փորձեն ու հետագայում սկսեն դիվերսիա իրականացնել, այսքան բան»,- ընդգծեց Աշոտ Ավագյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկից զինծառայող է հատել ՀՀ սահմանը՝ Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում։

«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։

Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցանքը կատարել է ադրբեջանցի զինվորը, նրան ձերբակալել են, այնուհետև՝ կալանավորել։

Նշենք, որ ադրբեջանցին վիրավորել է նաև կնոջ անչափահաս տղային, նա դաստակի հատվածում վնասվածք է ստացել։ Նրա հետ եղել է նաև անչափահաս քույրը, որը հոգեբանական ծանր վիճակում է հայտնվել։

—