Հոկտեմբեր 3, 2026
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Հայ դատի գրասենյակի Արևմտյան ափի համայնքային կապերի պատասխանատու Կարեն Ջինբաշյանն է:
Օրեր առաջ Սփյուռքի հասցեին տարբեր վիրավորական բառերով արտահայտվող, Սփյուռքը Թուրքիայի և Ադրբեջանի հրահանգով քանդող Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի շրջանակում սեպտեմբերի 23-ին հանդիպել էր «Համահայկական ուսանողական միության» (ASA) մի խումբ ամերիկահայ ուսանողների հետ: Հիշեցնենք, վերջերս էլ նա Սփյուռքի մասին հայտարարեց՝ «Մենք second hand (օգտագործված) ապրանքների կարիք չունենք»՝ նվաստացնելով տասնամյակներ շարունակ հայկական Սփյուռքի հայրենանվեր գործունեությունն ու ահռելի ներդրումները: Այդ հանդիպումը, որի մանրամասներին դեռ կանդրադառնանք, կազմակերպության ներսում մեծ պառակտումների պատճառ էր դարձել:
Հարութ Սասունյանն այդ կապակցությամբ գրել էր. «դիրքորոշումները՝ ASA-ի խորհուրդը ոչ միայն խախտեց կազմակերպության՝ «ապաքաղաքական» մնալու սկզբունքը, այլև վարչապետի հետ կայանալիք հանդիպման մասին չտեղեկացրեց և չխորհրդակցեց Միացյալ Նահանգների All-ASA-ի տարբեր մասնաճյուղերի ղեկավարների հետ։ Փաշինյանի հետ հանդիպումը պառակտում առաջացրեց «Համահայկական ուսանողական միության» անդամների շրջանում։ Միության Արևելյան տարածաշրջանի փոխտնօրեն Թամարա Գ. Նահապետյանը, դեմ արտահայտվելով այդ հանդիպմանը, հրաժարական տվեց։
Նա ինձ հայտնեց, որ հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ՝ ««Ապաղաքական» All-ASA-ն մտնում է քաղաքական դաշտ» վերնագրով՝ ափսոսանք հայտնելով, որ Փաշինյանին հաջողվեց ապակայունացնել և պառակտել Սփյուռքում գործող ոչ կուսակցական ու ապաղաքական այս հայկական կազմակերպությունը։ Միության խորհրդի մեկ այլ անդամ ևս հրաժարական տվեց։ All-ASA-ի առնվազն երեք մասնաճյուղեր հանդես եկան հայտարարությամբ՝ տարանջատելով իրենց Փաշինյանի հետ հանդիպելու All-ASA-ի որոշումից։ …Փաշինյանը չի կարող Սփյուռքի նկատմամբ նման բացասական դիրքորոշում որդեգրել, իսկ հետո ASA-ի անդամներին հրավիրել իր հետ հանդիպման։ …Ինչպես իր բողոքում նշել է Թամարա Գ. Նահապետյանը. «Չի կարելի Սփյուռքին միաժամանակ անտեսել՝ որպես Հայաստանի քաղաքականության համար անկարևոր գործոն, և միևնույն ժամանակ օգտագործել նրան՝ որպես այդ քաղաքականության լսարան»։ Գովասանքի են արժանի այն ուսանողները, որոնք դեմ արտահայտվեցին Փաշինյանի հակահայկական քաղաքականությանը և մերժեցին նրա հետ հանդիպելու՝ ASA-ի խորհրդի անդամների որոշումը»,- գրել էր Սասունյանը։
Կարեն Ջինբաշյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Մեր ազգը միասնական պահող Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն են ուզում թուրքերը պառակտել, որ ազգը տկարանա: Փորձում են Սփյուռք ներթափանցել, հեղինակազրկել, բայց ամեն բան անում ենք, որ դա տեղի ունենա:
- Փաշինյանի վարչակազմն ամեն ինչ արել էր, որ Նյու Յորքում հայ ուսանողների հետ հանդիպումն անցնի փակ ֆորմատով և բոլորի համար: Ովքեր կարող էր անհարմար հարցեր տալ Փաշինյանին, չէին հրավիրվել: Հրավիրվել էին միայն Փաշինյանի համակիրները: Կրթական հաստատությունը վերածել էին քաղաքականի: Իրենց քիչ էր թվացել Հայաստանում պառակտում մտցնելը, հիմա անցել են Սփյուռքին:
- Սա միակ դեպքը չէ: Ամիսներ առաջ ԱՄՆ-ում ՀՀ նախորդ դեսպան Լիլիթ Մակունցն ու Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը եկան Կալիֆորնիա, կրկին փակ հանդիպում ունեցան, լուսանկարներ արեցին, հրապարակեցին ու գնացին: Անիմաստ բեմականացում է, թատրոնի պես խաղում ու գնում են: Մենք՝ իբրև Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ մտահոգ սփյուռքահայեր, Հայաստանի իշխանությունների այս խաղերի մեջ չենք մտնելու, ավելի գործնական քայլեր պետք է անենք և անում ենք, դրա համար են մեզ թիրախավորում:
- Սփյուռքահայությունը դեմ չէ Հայաստանի՝ երկարատև խաղաղության ձգտմանը, բայց դա չպետք է լինի հայկական շահի շարունակական զիջմամբ: Հայաստանի Հանրապետությունը չպետք է զիջի տարածքներ, որ ադրբեջանցիները ռազմական բազաներ տեղակայեն մեր տարածքում, չպետք է զիջենք մեր ինքնիշխանությունը և պետք է առաջ մղենք Բաքվի բանտում գտնվող հայ գերիների ազատ արձակման պահանջը: Հայ դատի հանձնախումբը հենց այս հարցերն է առաջ մղում իր պայքարում: Սփյուռքահայ երիտասարդներն ուսյալ, բարձրագույն համալսարաններ ավարտած տղաներ ու աղջիկներ են և հասկանում են, որ սա արժանապատիվ խաղաղություն չէ:
- Քանի որ օտարության մեջ ենք ապրում, մեր ազգային պատկանելությունն ավելի ցցուն պետք է արտահայտվի, որ պայքարենք ձուլման դեմ: Մենք ակնթարթորեն ենք զգում, երբ մեր ինքնության դեմ քայլեր են կատարվում: Հիմա էլ ունենք գիտակցությունը, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարն ու մնացած բոլոր արկածախնդրությունները համաթուրքական պահանջ են:
- Փոքր-ինչ հուսահատված ենք, որովհետև մեր դասական մեթոդներն ու քայլերն այլևս այդքան ազդեցիկ չեն, բայց փոխարենը՝ մենք նոր եղանակներ ենք գտնում երիտասարդությանն ազգապահպանության գործին ներգրավելու համար: Շատերը, երբ առաջին անգամ են մասնակցում հայապահպանական միջոցառումներին, զորաշարժերին, հետո խոստովանում են, որ հայի արյունն այլ կերպ են զգում այդ պահից ի վեր, ավելի շատ են ազգայինը գնահատում:
- Երիտասարդական ներուժը սոցիալական ցանցերում անսահման է, և մենք պետք է կարողանանք այդ ներուժը ճիշտ ուղղորդել: Պատրաստում ենք կադրեր, որ գալիք սերունդը կարողանա Հայ դատն առաջ տանել, հայկական ազգային շահերն առաջ մղել: Նաև մեծ միջոցներ ենք ներդնում, որ հայ երիտասարդները Կոնգրեսում աշխատանք ունենան ու կարողանան մեր առաջնահերթություններն առաջ տանել:
- Թուրքական ու ադրբեջանական լոբբիները մշտական աշխատանք են տանում մեր աշխատանքները կազմաքանդելու համար: Փափուկ ուժ են գործադրում, աշխատում են կոնգրեսականների ու մեդիայի հետ, փորձում են հակահայ ու պրոադրբեջանական աջակցություն ստանալ նրանցից: Մենք սովոր ենք, որ մեր ցանկացած գործ հակազդեցության է արժանանալու, բայց հավատում ենք, որ մեր ճանապարհը շիտակ է:
- Հայ Առաքելական եկեղեցին Ցեղասպանությունից հետո եղել է այն կառույցը, որի շնորհիվ աշխարհասփյուռ հայությունը կարողացել է մնալ հայ: Եվ հենց այդ պատճառով է, որ թե՛ թուրքական իշխանությունները, թե՛ մեր իշխանությունը հարձակում են սկսել Եկեղեցու դեմ, փորձում են նրա այդ առաքելությունը վերցնել Եկեղեցու ձեռքից: Մենք հասկանում ենք, որ սա միայն Ամենայն Հայոց կաթողիկոսի հարցը չէ, մենք փորձում ենք օտարներին բացատրել, որ սա ավելի հեռուն գնացող ու վտանգավոր նպատակներ է հետապնդում, քան առաջին հայացքից կարող է թվալ:
- Մեր խնդիրը զուտ Սփյուռքի կամ համահայկական խնդիրներ չեն. գերիների, Արցախի հարցերը մարդու իրավունքների հարցեր են, որոնք համամարդկային են:
- Մենք թշնամական կեցվածք չունենք ոչ մեկի և ոչ մի կառույցի նկատմամբ, միշտ պատրաստ ենք համագործակցել, եթե նրանք հայկական շահին դեմ չեն աշխատում: Մենք թշնամիներ չենք փնտրում, բայց ով մեզ հետ է, թող լինի, ով մեր դեմ է, թող մեր դեմ լինի: Մենք մեր առաքելությունից չենք նահանջելու:
Մանրամասները՝ տեսանյութում:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Markos Nalchajian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/03/168-%d5%a1%d5%b2%d5%b4%d5%af%d5%a1%d5%b0%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b5%d6%81-%d5%b0%d6%80%d5%a1%d5%aa%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%ba%d5%a1%d5%bc%d5%a1%d5%af%d5%bf%d5%b8/