Հոկտեմբեր 3, 2026
«Երևան-Կենտրոն» ՔՀԿ-ում կան խցեր, որոնք ոչ մարդկային են և եվրոպական որևէ չափանիշի չեն համապատասխանում։ Դրանց լայնությունն ընդամենը 1,6 մետր է, օդափոխության, լուսաթափանցելիության և սանհանգույցի լուրջ խնդիրներ ունեն։ Նմանատիպ պայմաններում են պահում մեր քաղբանտարկյալներին։ Այդ ՔԿՀ-ի պետը, որը Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինն է, իրեն անպատժելի է պատկերացնում, բայց նա պատասխան է տալու։ Ոչ միայն բարձր, այլև միջին և անգամ ցածր պաշտոններում կա՛մ միայն ՔՊ-ականներ են, կա՛մ նրանց հետ հարաբերություններ ունեցող անձինք։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
«Քաղբանտարկյալներից վրեժ են լուծում կամ ինչ-որ մեկի էգոն են բավարարում։ Միջազգային կառույցներն էլ գլուխները մտցրել են ավազի մեջ և ձայն չեն հանում, այսինքն՝ իրենց արևմտյան արժեհամակարգը կեղծ է, Փաշինյանի վայրագությունները չեն նկատում։ Սուտը, կեղծիքն ու անպատասխանատու լինելը սրանց մոտ ամենաբարձր մակարդակի են։ Ասում են՝ Վեհափառն իբր գործակալ է, մինչդեռ որևէ ապացույց կամ փաստաթուղթ չունեն։ Եվ իրենք այս կերպարներով փորձում են իբր մաքրել եկեղեցին։ Տիրադավներն ամենախայտառակ կերպարներն են։ Եկեղեցին պետք է մաքրվի հենց տիրադավներից»,- ասաց քաղաքական գործիչը։
«1998-ից մինչև 2018-ը դեղին մամուլը, այսինքն՝ այսօրվա իշխանությունը, մեր հասարակությանը թունավորում էր, թե իբր բոլորը թալանչի են։ Որքան իրենք են թալանում երկիրը, ոչ ոք չի թալանել։ 8 տարում 8 միլիարդ դոլարի արտաքին պարտք են վերցրել, մի ենթակառուցվածք չեն կառուցել։ Անգամ «Հյուսիս-Հարավ» ճանապարհը կառուցվել է Սերժ Սարգսյանի օրոք հաստատված ծրագրով։ 451 մարդու նկատմամբ ապօրինի գույքի հարցով քրեական գործ է հարուցվել, ապա փակվել։ Երկու տարբերակ կա՝ կա՛մ այդ գործերը կեղծ էին, կա՛մ էլ իրենք են նրանցից փող վերցրել և գործերը կոծկել։ Երևանը երեք տարի շարունակ՝ 2021-24 թթ․, գլխավոր հատակագիծ չի ունեցել, որ հողերը մեջ-մեջ անեն»,- նշեց Մանուկյանը։
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ այն մարդիկ, ովքեր փորձում են Փաշինյանի հետ համաձայնության կամ առևտրի գալ, թող գիտակցեն՝ մեր երկրի թիվ մեկ «գցողը» հենց Փաշինյանն է․ «Փաշինյանին միշտ պետք են հանրությանը կերակրելու տեսարաններ, և նա բոլորին հրապարակայնորեն փչացնելու է, կարող է հասնել անգամ իր շրջապատին, օրինակ՝ Ալեն Սիմոնյանին։ Այս իշխանությունն իր թալանը պահում է կրիպտոարժույթներով։ Իշխանափոխությունից հետո պատմելու են ամեն ինչ»:
«Երբ ադրբեջանցիները ներթափանցեցին մեր հայրենիք, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ասում էր՝ կսովածանան, հետ կգնան։ Նրանք մի քանի տարի մնացին, չսովածացան, դրա փոխարեն՝ դիրքեր են ամրացնում, բետոնից դիրքեր են կառուցում։ Այսօրվա գեներալիտետի համար ի՞նչն է առաջնահերթ։ ՊՆ-ում չկա խարիզմա ունեցող գեներալ, որը ձեռքը կխփի սեղանին ու կասի՝ հրամանս կատարեք։ Արցախի դրոշով մեդալն Էդվարդ Ասրյանը հեռացնում է իր կրծքից, ի՞նչ ասես սրան։ Արցախը լինելիության հույս էր, մեր պաշտպանն էր, մեր վահանն էր, իսկ սրանք Արցախ բառից ահաբեկվում են»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Toneyan Mark. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/03/%d5%b8%d5%be%d6%84%d5%a5%d6%80-%d6%83%d5%b8%d6%80%d5%b1%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a1%d5%b6/