Ընդդիմությունը պահանջում է ադրբեջանցուն փոխանակել Բաքվում պահվող հայ գերիների

Լուսանկարը` VERELQ

Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած զինված միջադեպը, երբ տեղացի կինն իր տանը բախվեց սահմանահատ ադրբեջանցի զինվորականի հետ, ի ցույց դրեց հայկական ուժային կառույցների աշխատանքի լրջագույն բացթողումները։


Խորհրդարանական ընդդիմությունը կատարվածի ողջ պատասխանատվությունը բարդում է իշխանությունների վրա՝ մեղադրելով նրանց իրական սահմանների պաշտպանությունը սեփական փիառով և քաղաքական հետապնդումներով փոխարինելու մեջ։


Ասուլիսի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը տեղի ունեցածը որակել է որպես պետական գերատեսչությունների հանցավոր անգործություն՝ անհատականացնելով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԱԱԾ տնօրենի Անդրանիկ Սիմոնյանի պատասխանատվությունը։


Պատգամավորին հատկապես վրդովեցրել է այն փաստը, որ հայկական կողմը սահմանախախտի մասին իմացել է ադրբեջանական ԱԱԾ-ից, իսկ երկօրյա անարդյունք որոնումների ընթացքում բնակչությանը չի զգուշացրել վտանգի մասին՝ «խաղաղության միֆը» չխաթարելու նպատակով։


«Պետությունը փաստացի իր հիմնական ֆունկցիան՝ ժողովրդի անվտանգության ապահովումը, պատվիրակել է ժողովրդի վրա: Շաքիի բնակիչը ստիպված է եղել անձամբ պաշտպանել իր երեխաներին», – հայտարարել է Գրիգորյանը։ Նա իշխանություններին խստագույնս զգուշացրել է զերծ մնալ հանցագործին որպես «բարի կամքի դրսևորում» հանձնելուց՝ շեշտելով, որ դա կարող է տեղի ունենալ բացառապես հայ գերիների վերադարձի պայմանով։


Գործընկերոջ դիրքորոշումը կիսել է նաև պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ ուշադրություն հրավիրելով իրավապահների երկակի ստանդարտների վրա։ Նա տարակուսանք է հայտնել, թե ինչու են ուժայինները հատուկ երաժշտության տակ ցուցադրում ընդդիմադիրների դաժան ձերբակալությունները, սակայն թաքցնում են խաղաղ բնակչի տուն ներխուժած զինված օտարերկրացու վնասազերծման կադրերը։


«Ինչի՞ Գագիկ Ծառուկյանի տուն մտնելիս գետնին են գցում ու այդ ամենը ցուցադրում, իսկ հայ ընտանիք մտած, կնոջ վրա կրակած ադրբեջանցուն չեն ցույց տալիս ինչպես են բռնում: Որովհետև դա կարող է վնասել իրենց խաղաղության օրակարգին», – նշել է Քոչարյանը։


Խորհրդարանականը նաև հիշեցրել է, որ իր հոր՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին նման դեպքերն ուղղակի բացառված էին, քանի որ սահմանախախտները հստակ գիտակցում էին իրենց գործողությունների ճակատագրական հետևանքները։

—

Պաշտոնանկություն ԱԱԾ-ում. փոխտնօրենն ազատվել է սահմանային միջադեպի ֆոնին

Լուսանկարը` nss.gov.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը, որն անմիջականորեն համակարգում էր սահմանապահ զորքերը։


Աղմկահարույց այս որոշումն ընդունվել է Սյունիքի մարզ զինված ադրբեջանցու վերջին ներթափանցումից անմիջապես հետո։


Գեներալ-մայոր Սանամյանի ողջ պաշտոնական գործունեությունը, ինչպես հայտնում է Factor.am-ը, փոխտնօրենի կարգավիճակում կապված է եղել սահմանների պահպանության գործընթացների հետ։ Բացի սահմանապահ զորքերի վերահսկողությունից, նա ներգրավված է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում՝ որպես ԱԱԾ կողմից գլխավոր համակարգող։


Նրա հրապարակային վերջին միջոցառումներից էր այս տարվա սեպտեմբերի 18-ին նորակոչիկների երդման արարողությանը մասնակցությունը։


Դավիթ Սանամյանն անվտանգության մարմիններում էր 1998 թվականից՝ օպերլիազորից հասնելով մինչև գլխավոր վարչության և ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետի պաշտոններին։ ԱԱԾ փոխտնօրեն էր նշանակվել 2025 թվականի օգոստոսի 29-ին։


«Թեև պաշտոնական պարզաբանումներ չկան, թե արդյոք այս պաշտոնանկությունը կապ ունի Սյունիքի միջադեպի հետ, սակայն ակնհայտ է, որ ազատված պաշտոնյան ուղիղ պատասխանատվություն էր կրում սահմանային անվտանգության համար»,- արձանագրում են փորձագետները՝ մատնանշելով դեպքերի և կադրային փոփոխությունների միջև առկա ժամանակագրական կապը։

—

Սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր ունենք. Անդրանիկ Քոչարյանը` սահմանահա

Լուսանկարը` aravot.am

Սյունիքում ադրբեջանցի զինվորականի կողմից սահմանի ապօրինի հատումն ու խաղաղ բնակիչների վրա զինված հարձակումը լուրջ հարցեր են առաջացրել սահմանային անվտանգության վերաբերյալ: Իշխանությունները խոստանում են համապարփակ ծառայողական քննություն՝ խստացնելով հսկողությունը և ակնարկելով կալանավորված սահմանախախտի հնարավոր փոխանակման մասին։


Անվտանգային միջադեպը գրանցվել է հոկտեմբերի 1-ին՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում: Ժամը 14:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող Նասիմի Ռահիմ օղլի Մուսաևն ապօրինի մուտք է գործել գյուղի տներից մեկը և, նկատվելով տանտերերի կողմից, կրակոցներ արձակել։ Հարձակման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված կինը, իսկ նրա երկու անչափահաս երեխաները մարմնական վնասվածքներով (դաստակի կոտրվածք և սալջարդ) տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավոր կնոջը Սիսիանում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են Երևան։ Դեպքից անմիջապես հետո փախուստի դիմած ադրբեջանցին ժամեր անց՝ 15:30-ին, հայտնաբերվել և վնասազերծվել է նույն փողոցի մեկ այլ տանը:


Անդրադառնալով աղմկահարույց դեպքին՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ընդունել է սահմանային պահպանության օղակում առկա բացթողումները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ հակառակորդի զինվորը սահմանը հատել էր դեռևս սեպտեմբերի 29-ին և երկու օր անարգել շրջել Հայաստանի տարածքում։


«Մեր սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր ունենք, որը պետք է լուծել: Մեր բոլոր ծառայությունները համակցված պետք է միասին այս դեպքի առնչությամբ ոչ միայն քննություն իրականացնեն, այլ տոտալ ամբողջ տարածքը տակնուվրա անեն»,- շեշտել է խորհրդարանականը։


Դիտարկմանը, թե արդյոք գործ ունենք մոլորված զինվորի, թե հատուկ նախապատրաստված դիվերսանտի հետ, Քոչարյանը նշել է, որ քննությունը պետք է դիտարկի բոլոր հնարավոր սցենարները։ Նրա խոսքով՝ այն փաստը, որ կինը կարողացել է ինքնուրույն դիմադրել, խոսում է ոչ թե հատուկջոկատայինի, այլ սովորական զինծառայողի մասին։


Միևնույն ժամանակ նա հորդորել է զգոն լինել, քանի որ հակառակորդը կարող էր միտումնավոր մոլորեցնել հայկական կողմին։ Պատգամավորը հիշեցրել է նաև 2023 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահանորդի սպանության դեպքը՝ ընդգծելով, որ նախկինում արված ահռելի աշխատանքից հետո նման միջադեպի կրկնությունը պետք է բացառվեր։


Նասիմի Մուսաևի նկատմամբ արդեն իսկ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ պետական սահմանն ապօրինի հատելու, հրազենի մաքսանենգության և բռնություն գործադրելու հատկանիշներով, իսկ դատարանի որոշմամբ նա կալանավորվել է երկու ամսով։ Խոսելով ձերբակալվածին Ադրբեջանին վերադարձնելու հավանականության մասին՝ Քոչարյանը պարզաբանել է, որ գործընթացը կընթանա բացառապես իրավական ճանապարհով՝ որոշակի պայմանների առկայությամբ. «Հանձնելը պարզապես չի լինում, ինչ-որ բանի դիմաց է լինում»։

—

Եվրոպան է հովանավորել հեղաշրջման փորձը. Կալաձեն՝ Թբիլիսիում ցույցերի մասին

Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների տարելիցին պաշտոնական Թբիլիսին կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Արևմուտքի հասցեին։


Քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Կախա Կալաձեն հայտարարել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին նախագահական նստավայրի գրոհն ու հեղաշրջման փորձը ոչ միայն ծրագրվել, այլև ֆինանսավորվել են եվրոպական կառույցների կողմից։


Հիշեցնելով մայրաքաղաքի կենտրոնում ծավալված արմատական բողոքի ակցիաների մասին՝ քաղաքապետն ընդգծել է, որ անգամ մեկ տարի անց միջազգային գործընկերները դատապարտող որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել։ Նրա խոսքով՝ օրինականություն պահանջելու փոխարեն, անկարգությունների հեղինակներն արժանացել են միայն աջակցության։


«Եվրոպական կառույցների կողմից հոկտեմբերի 4-ի գործով մենք լսել ենք միայն խրախուսանք, քանի որ պետական հեղաշրջման փորձը ֆինանսավորվում էր հենց նրանց կողմից»,- լրագրողների հետ զրույցում նշել է Կալաձեն։


Վրացի քաղաքական գործիչը համոզմունք է հայտնել, որ ԵՄ-ի կողմից արձագանքի բացակայությունը պատահականություն չէ՝ մեղադրելով արևմտյան գործընկերներին հեղափոխության նպատակաուղղված արտահանման մեջ։


«Ես եվրոկառույցներից ոչ մի հայտարարություն չեմ լսել. ընդհակառակը, տեղի է ունեցել միայն խրախուսանք, քանի որ այս ամենը ծրագրված էր հենց նրանց կողմից։ Նրանց աջակցությամբ ու ֆինանսավորմամբ սկսվեց մի արշավ, որն ուղղված էր պետական հեղաշրջմանն ու հեղափոխությանը։ Նրանց հիմնական խնդիրը երկրում գործող իշխանության տապալումն էր»,- եզրափակել է Թբիլիսիի քաղաքապետը։

—

Կալանավորված ադրբեջանցի սահմանախախտը վիրավոր է և ներկայումս բուժում է ստանում

Լուսանկարը` parliament.am

Ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումը Սյունիքի մարզ ի հայտ բերեց Հայաստանի պետական սահմանների պահպանության լրջագույն խնդիրները:


Իշխանությունները կտրականապես բացառում են նախապես ծրագրված դիվերսիայի վարկածը, սակայն բացահայտ ընդունում են, որ սահմանախախտին վնասազերծելու ուղղությամբ հատուկ ծառայությունների օպերատիվ աշխատանքները ցանկալի արդյունք չեն տվել։


Factor TV-ի հետ զրույցում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզ կդառնան միայն բազմակողմանի քննությունից հետո։ Անդրադառնալով սահմանի անարգել հատման փաստին՝ խորհրդարանականը մատնանշել է որոշ հատվածներում լիարժեք վերահսկողության բացակայությունը։


«Ես չեմ կարող ասել՝ որտեղով է անցել, որովհետև տեղեր կան, որ սահմանապահների վերահսկողության տակ չեն։ Ցավոք սրտի, Հայաստանի սահմանների մեծ մասը դեռևս բանակային ստորաբաժանումների վերահսկողության տակ է: Դրա համար ենք մենք ուզում, որ օր առաջ սահմանազատումն ավարտվի, և տեղադրվեն ժամանակակից տեխնիկական միջոցներ»,- ընդգծել է Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ամրագրված է Կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։


Խոսելով այն մասին, որ դեռևս սեպտեմբերի 29-ին ԱԱԾ-ն ադրբեջանական կողմից տեղեկացված է եղել զինվորի անհետացման մասին, բայց բնակչությանը չի զգուշացրել, պատգամավորը դա բացատրել է «օպերատիվ նպատակահարմարությամբ»։ Միևնույն ժամանակ, նա անկեղծորեն գնահատել է որոնողական օպերացիայի տապալումը։


«Ամեն դեպքում, տեսնում ենք, որ այդ միջոցառումները այդքան արդյունք չեն տվել, և փաստորեն հաջողվել է այդ ադրբեջանցուն ինչ-որ կերպ սպրդել, գնալ, մարդու տանը հաց ուտել, ինչին հետևել են կրակոցները»,- արձանագրել է իշխանության ներկայացուցիչը։


Ձերբակալված Նասիմի Մուսաևին հայ գերիների հետ փոխանակելու հավանականությունն այս փուլում Խաչատրյանն անիրատեսական է համարում։ Նրա խոսքով՝ միջպետական քննարկումները հնարավոր կլինեն միայն քննության ավարտից և կատարվածին իրավական գնահատական տալուց հետո։


Պատգամավորը նաև տեղեկացրել է, որ 2 ամսով կալանավորված սահմանախախտը վիրավոր է և ներկայումս բուժում է ստանում, սակայն արդեն հասցրել է նախնական ցուցմունք տալ, իսկ ապաքինվելուն պես կհարցաքննվի ավելի հանգամանալից:

—

Շաքիի բնակիչը պատմել է` ինչպես է փրկել իր երեխաներին ադրբեջանցի զինծառայողից

Լուսանկարը` 1in.am

Սյունիքի մարզի Շաքի գյուղում մայրը պայքար է մղել իր տուն ներխուժած և երեխաներին պատանդ վերցրած զինված ադրբեջանցի զինծառայողի դեմ։ Թեև կինը ծանր հրազենային վիրավորումներ է ստացել և կորցրել ձախ ձեռքի երեք մատները, նրան հաջողվել է պաշտպանել իր ընտանիքին։


Անի Ավետիսյանի վիճակն այժմ կայուն է, սակայն նրան առջևում սպասվում են բարդ վիրահատություններ։ Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում պատմել է նրա քույրը՝ Արփի Ավետիսյանը, բժիշկները ստիպված են եղել հեռացնել ոտքի 8 սանտիմետր փշրված ոսկորը՝ ինֆեկցիայից խուսափելու համար։


«Բժիշկն ասաց, որ երկու բուռ մենակ բեկորներն ու փշրանքներն են հեռացրել։ Զարմանալի է, թե ինչ զենք է եղել, որ այսքան վնաս է հասցրել»,- նշել է Արփին՝ հավելելով, որ վնասված են նաև քրոջ ծունկն ու ջիլերը, իսկ ոտքը կկարճանա 8 սանտիմետրով։ Չնայած ցավերին՝ Անին գիտակցության է և, հիշելով դեպքերը, ասում է. «Նորից կխփեի, դանակը կոտրվեց»։


Սարսափելի միջադեպը սկսվել է, երբ 15-ամյա տղան և 12-ամյա աղջիկը դպրոցից վերադարձել են տուն և նկատել կոտրված ապակին։ Ներսից փակելով դարպասը՝ նրանք ահազանգել են մորը, սակայն տուն մտնելուն պես հանդիպել են բազմոցին պառկած զինված սահմանախախտ Նասիմի Մուսաևին, ով խլել է նրանց հեռախոսները։


Ճանապարհին ոստիկանություն զանգահարած մայրը հասել է տուն և, երբ ադրբեջանցին փորձել է վերալիցքավորել ինքնաձիգը, դանակով հարձակվել է նրա վրա։ Երբ մայրն ուշագնաց է եղել, անչափահաս որդին բռունցքով հարվածել է զինվորականի գլխին, ինչի հետևանքով կոտրել է սեփական դաստակն ու մատները։


Ընտանիքն այժմ ծանր հոգեբանական ցնցման մեջ է, երեխաները գիշերները չեն քնում։ Արփի Ավետիսյանը խորը վրդովմունք է հայտնել, որ պետական մարմինները գյուղացիներին նախապես չեն զգուշացրել փախստական ադրբեջանցու մասին։


«Ոչ ոք ոչինչ չի ասել։ Եթե քույրս տեղյակ լիներ, ո՞նց կթողեր իր երեխաները մենակ տուն գնան», – հարցնում է նա։ Արփին քննադատել է նաև գյուղապետին, որը ծանր բազմաբեկորային վնասվածքները հանրությանը ներկայացրել է որպես «կրունկի թեթև վնասվածք»։ Հարազատները մտավախություն ունեն, որ իշխանությունների նման անլուրջ մոտեցման պայմաններում երկու ամսով կալանավորված ադրբեջանցուն կարող են պարզապես ազատ արձակել։

—

Նախազգուշացումից մինչև հեռացում. ինչպես կպատժվեն խախտող պատգամավորները

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից

Հայաստանի խորհրդարանը նպատակադրվել է բարձրացնել քաղաքական երկխոսության մշակույթը՝ հստակեցնելով պատգամավորական էթիկայի խախտման համար նախատեսված պատժամիջոցների մեխանիզմները։


Գլխավոր նպատակը, սակայն, ոչ թե զուտ պատժիչ գործողություններն են, այլ ժողովրդի ընտրյալների վարքագծի բարձր ստանդարտների արմատավորումը։


Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը մանրամասնել է կարգապահական միջոցների կիրառման ընթացակարգը։ Նրա խոսքով՝ հնարավոր պատժամիջոցների շարքում են նախազգուշացումը, մեկ նիստի ընթացքում խոսափողից ելույթ ունենալու իրավունքից զրկումը, ինչպես նաև նիստերից հեռացումն ու մինչև յոթ օր խորհրդարանի դահլիճ մուտք գործելու արգելքը։


«Էթիկայի հանձնաժողովի հիմնական նպատակը ոչ թե պատգամավորներին պատժելն է, այլ Հայաստանում պատգամավորական էթիկայի մակարդակը բարձրացնելը», – ընդգծել է Կարապետյանը։ Նա հավելել է, որ դիմումների ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը կազմում է եզրակացություն և ԱԺ նախագահին ներկայացնում կարգապահական միջոց կիրառելու առաջարկություն։


Խոսելով ընթացակարգային նրբությունների մասին՝ հանձնաժողովի ղեկավարը պարզաբանել է, որ խմբակցություններն իրավունք ունեն անհրաժեշտության դեպքում փոխարինելու իրենց անդամներին՝ աշխատանքների բնականոն ընթացքն ու քվեարկությունն ապահովելու համար։


«Նիստը կարող է սկսվել երեք պատգամավորի ներկայությամբ, սակայն որոշում ընդունելու համար անհրաժեշտ է հինգ կողմ ձայն։ Ձայների հավասարության դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը», – եզրափակել է նա։

—

Verelq: ԱՄՆ փոխպետքարտուղարը հիացած է Հայաստանի քրիստոնեական ժառանգությամբ

Լուսանկարը` news.am

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ավարտել է իր հայաստանյան այցը՝ խորը հիացմունք հայտնելով հայ ժողովրդի բազմադարյա պատմության և հոգևոր ավանդույթների նկատմամբ։


Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ռայլի Բարնսն առանձնահատուկ ընդգծել է երկրի գլխավոր կրոնական և մշակութային կենտրոններում իրեն ցուցաբերված ջերմ ընդունելությունը։


Պաշտոնական այցի շրջանակներում Պետքարտուղարության ներկայացուցիչն այցելել է հայության հոգևոր կենտրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրան ընդունել է Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Բարնսը կարևորել է համաշխարհային քաղաքակրթության անբաժանելի մասը կազմող ճարտարապետական եզակի հուշարձանների և հնագույն ձեռագրերի պահպանումը։


«Անհավանական տպավորություններով եմ հեռանում Հայաստանից. հիացած եմ Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով», – կիսվելով տպավորություններով՝ հայտարարել է ամերիկացի դիվանագետը։


Իր պաշտոնական ուղերձում Բարնսն անկեղծ երախտագիտություն է հայտնել հոգևոր առաջնորդներին և մշակութային հաստատությունների աշխատակիցներին։ «Շնորհակալություն եմ հայտնում Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին՝ Էջմիածնում ինձ հյուրընկալելու համար, ինչպես նաև Խոր Վիրապի և Մատենադարանի իմ սիրալիր հյուրընկալողներին», – եզրափակել է փոխպետքարտուղարը։

—

168: Ի՞նչ է սպասվում բնակարանային շուկային. Դեռ ինչքա՞ն կբարձրանան գները

Հոկտեմբեր 5, 2026

Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում անթաքույց հրճվանքով է խոսում այն մասին, որ բնակարանները Հայաստանում թանկացել են։ Բայց չի ասում, որ դրա հետևանքով բազմաթիվ ընտանիքներ կորցրել են սեփական անկյուն ունենալու հույսը։ Այսօրվա աշխատավարձերով՝ բնակարանի տեր դառնալն անհասանելի երազանք է շատերի համար։ Երևանում բնակարանների գները երբեմն հասնում են եվրոպական որոշ երկրների գներին, չնայած մարդկանց եկամուտները շատ հեռու են եվրոպականից։

Միայն վերջին 8 տարում Երևանում բնակարանների միջին գները բարձրացել են գրեթե երկուսուկես անգամ։

Եթե 2018թ. առաջին կեսին մայրաքաղաքի կենտրոնում, որը cյի ամենաթանկ հատվածն է, բնակարանների 1 քառակուսու միջին գները տատանվում էին 1000-1050 դոլարի սահմաններում, հիմա գերազանցում են 2500 դոլարը։ Ութ տարում բարձրացել են գրեթե 1500 դոլարով։

Արաբկիրում 750 դոլարից բնակարանների 1 քառակուսու միջին գները հասել են 1800 դոլարի։ Թանկացել են 2.4 անգամով։

Կարդացեք նաև

  • Վիճակը վատանում է. արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը խորացել է ևս 1.1 մլրդ դոլարով՝ գերազանցելով 4 միլիարդը
  • Մի հոգու չե՞ք կարողանում բռնել… ես փողոցում մի բան անեմ՝ ինձ կբռնեն, բայց թշնամու զինվորը տուն է մտնում, կրակում. Հուսիկ Արա
  • Ինձ համար այդպես էլ առեղծված է մնում՝ ինչու ՀՀ բարձրաստիճան ղեկավարները չեն մասնակցում ուսուցչի մասնագիտական տոնին․ Սերոբ Խաչատրյան

Քանաքեռ-Զեյթունում բնակարանի 1 քառակուսի մետրի միջին գներն այս տարվա առաջին կեսին կազմել են 1350 դոլար։ Ութ տարի առաջ 570 դոլարի կարգի էին։

Նոր Նորքում գները 500-ից հասել են 1250 դոլարի՝ թանկացել են գրեթե 2.5 անգամով։

Բնակարանի գները գրեթե նույնքանով բարձրացել են նաև Երևանի մյուս տարածքներում։

Բնակարանային շուկան Հայաստանում անհամեմատ ավելի արագ է թանկացել, քան մարդկանց եկամուտներն են ավելացել։ Ավելին՝ այդ պրոցեսն ուղեկցվել է ոչ միայն բնակարանների, այլև սպառողական շուկաների ակտիվ թանկացմամբ, ինչը նվազեցրել է շատերի համար բնակարան գնելու հնարավորությունը։

Բնակարանների թանկացման հիմնական պատճառը եղել է ոչ թե մարդկանց եկամուտների համարժեք ավելացումը, այլ արհեստական ձևավորված պահանջարկը, որը խթանել են պետության կողմից սուբսիդավորվող հիփոթեքային վարկավորման միջոցով։ Հիփոթեքային վարկերով կամ բանկային պարտքերով վերջին տարիներին բարձր եկամուտներ ունեցող որոշ քաղաքացիներ կարողացել են բնակարան գնել, բայց մեծամասնությունը զրկված են եղել այդ հնարավորությունից, որովհետև նրանց եկամուտները թույլ չեն տվել ոչ միայն ուղղակի, այլև հիփոթեքով բնակարան գնել։ Ու ինչքան բնակարանների գները բարձրանում են, այնքան այս մարդիկ կորցնում են բնակարան ունենալու հույսը։ Բնակարան ունենալը շատերի համար մնում է անհասանելի երազանք, հատկապես այսպիսի թանկացումների պայմաններում։

Հայաստանում վերջին տարիներին բնակարանների պահանջարկն ավելացել է հիմնականում պարտքով բնակարան գնելու հաշվին։ Տասնյակ տարիներ կպահանջվի, որպեսզի շատերը կարողանան փակել այդ պարտքերը։ Որքան էլ դա բնակարան ունենալու հնարավորություն է տվել մարդկանց, այնուհանդերձ մեծապես ծանրաբեռնել է նրանց վարկային բեռը։

Պաշտոնական տվյալներով, Հայաստանում քաղաքացիների վարկային բեռը շատ ավելի արագ է աճել, քան նրանց եկամուտները։ Սրա առաջին պատճառներից մեկը եղել է հենց վարկերով բնակարան ձեռք բեռելը։

Վարկային բեռի ու եկամուտների անհամաչափ ավելացումը լուրջ ռիսկ է բանկային համակարգի համար, սակայն դա չի խանգարում, որ այսօր էլ բանկերը շարունակեն ակտիվորեն վարկավորել քաղաքացիներին։ Սա հետագայում կարող է լուրջ գլխացավանք դառնալ ֆինանսական հաստատությունների համար, հատկապես, երբ տեղի ունենա վարկային բեռի տակ հայտնված քաղաքացիների եկամուտների նվազում։ Իհարկե, բանկերը հույս ունեն, որ թանկացող բնակարանների պարագայում կարող են գրավի իրացման միջոցով հետ ստանալ իրենց գումարները, բայց դա անհնարին կլինի, երբ շուկայում առաջանան ճգնաժամային իրավիճակներ։ Իսկ այդպիսի իրավիճակները որևէ մեկը չի կարող բացառել։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ անշարժ գույքի շուկայում նման ճգնաժամեր ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում՝ հատկապես գների բարձր ակտիվությունից հետո։ Տարիներ առաջ նման խնդիրների բախվեց ամերիկյան շուկան, ինչը տարածվեց ֆինանսական համակարգում՝ հանգեցնելով նաև որոշ բանկերի սնանկացման։

Նման հեռանկարը երբևէ չի կարող բացառվել։ Բայց Հայաստանում դրան այնքան էլ ուշադրություն չեն դարձնում։ Կառավարությունը մատը մատին չի տալիս անշարժ գույքի շուկայի այս քաոսային իրավիճակը կարգավորելու համար։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը խրոխտ տոնով հայտարարեց, որ մտադիր չեն միջամտել անգամ վարձակալության շուկային, որքան էլ նկատելի է, որ այստեղ տեղի են ունենում արհեստական գնագոյացման պրոցեսներ։

Իշխանություններն իրենց նման հայտարարություններով ու գործողություններով շարունակում են տաքացնել անշարժ գույքի շուկան։ Չնայած այն արդեն հասցրել է բավականաչափ տաքանալ՝ տաքացնելով նաև բանկային համակարգը։

Բանկային համակարգը տաքացել է հատկապես հիփոթեքային վարկավորման արդյունքում։ Վերջին 8 տարիներին բանկերի հիփոթեքային վարկերը, որոնք ուղղվել են հիմնականում բանկարանների ձեռքբերմանը, ավելացել են 7.7 անգամով։ Այդ նույն ժամանակ միջին աշխատավարձը Հայաստանում անգամ չի հասցրել կրկնապատկվել։

Հիփոթեքային վարկերը 207 միլիարդից հասել են 1.8 տրիլիոն դրամի։ Խոսքը շուրջ 5 մլրդ դոլարին համարժեք գումարի մասին է, որը պարտքի տեսքով նստած է հիփոթեքով բնակարան գնած քաղաքացիների ընտանեկան բյուջեների վրա։ Այդ գումարները ժամանակի ընթացքում դեռ պետք է վերադարձվեն, բայց այս փուլում դրանք դարձել են անշարժ գույքի շուկայի ակտիվացման ու գների աճի հիմնական գործոններից մեկը։

Բանկային համակարգում բավական մեծ պարտքեր են կախված նաև անշարժ գույքի շուկայի մեկ այլ սեգմենտի՝ շինարարության վարկավորման հետ կապված։ Վերջին տարիներին շինարարությանն ուղղված վարկերը ևս բարձր ակտիվությամբ ավելացել են, ակտիվությամբ շատ քիչ են զիջում հիփոթեքին։ Ութ տարում այդ վարկերն աճել են 6.5 անգամով՝ հասնելով 2.7 մլրդ դոլարի։ Այդ գումարը ևս գնացել է՝ խթանելու անշարժ գույքի շուկայի տաքացումն ու թանկացումը։

Բնակարանները վերջին տարիներին, իհարկե, թանկացել են նաև այլ պատճառներով։ Դրանցից մեկն էլ եղել է արցախցիների բռնագաղթումը, ինչն ավելացրել է ճնշումը թե՛ վարձակալության, և թե՛բնակարանների գների վրա։

Էլի պատճառներ կան, բայց բոլոր պատճառներին չէ, որ ուզում ենք անդրադառնալ։ Խնդիրն այն է։, որ դրանք միասին ստեղծել են մի իրավիճակ, որ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար այսօրվա եկամուտներով ու գների պայմաններում անհավանական է դարձել բնակարան ունենալը։ Հայաստանում աշխատող քաղաքացիների առնվազն 80 տոկոսի իրական աշխատավարձերը չեն հասնում 250 հազար դրամի։ Այդ գումարով ոչ միայն անհնարին է մտածել բնակարան գնելու, այլև հիփոթեքով բնակարան ձեռք բերելու մասին։ Հատկապես որ, այսքանից հետո էլ բնակարանները շարունակում են թանկանալ։ Պաշտոնապես՝ վերջին 1 տարում շուրջ 15 տոկոս գնաճ է գրանցվել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ




—

Անիի ոտքից երկու բուռ միայն ասկոլկա ու ոսկորի փշրանքներն են հեռացրել, բժիշկն

Հոկտեմբեր 5, 2026

Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանի ոտքը վիրահատել են։

Անիի քրոջ՝ Արփի Ավետիսյանի փոխանցմամբ՝ բժիշկները պայքարում են, որպեսզի Անիի ոտքը չհեռացնեն։
«Վիրահատությունն արել են, փշրված ոսկորն են հեռացրել՝ ասկոլկաների հետ միասին։ Բժիշկն ասում է, թե չգիտի՝ ինչ զենքով է խփել, որ ասկոլկաներ էլ կան։ Բժիշկը բացատրեց, ասաց, որ երկու բուռ միայն ասկոլկա ու ոսկորի փշրանքներն են հեռացրել դեռ ու պայքարում են ոտքը փրկելու համար։ Մաքրել են, որ ինֆեկցիա չտարածվի, սրանից հետո դեռևս 3 բարդ վիրահատություն պետք է լինի, 8 ամիս հետո կրկին վիրահատություն է սպասվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արփի Ավետիսյանը։

Ինչ վերաբերում է Շաքիի բնակավայրի վարչական ղեկավարի ասածներին, որ «կրակոց չի եղել, միայն կնոջ սրունքն է մի փոքր վնասվել», Արփի Ավետիսյանը զայրացավ.

«Ամբողջ օրը հիվանդանոցում եմ, խոսում եմ բժշկի հետ, հիմա վարչական ղեկավարի՞ն պետք է հավատան, թե՞ մեր տեսածին։ Ասենք՝ հիմա պայքարում են Անիի ոտքը փրկելու համար, ասում են՝ կրունկն է վնասված, ո՛չ մեկը չի գալիս, ո՛չ մեկը չի հետաքրքրվում։ Տեսանյութերով էլ են ցույց տալիս, չե՞ն տեսնում՝ որ մասն է վնասված»։
Արփիի հետ զրուցելուց հետո, զրուցեցինք նաև Արփիի ամուսնու հետ, նա ասաց, որ բժիշկն ասել է՝ Անիի ոտքի վիրահատությունը պետք է արագ անեն, որպեսզի ինֆեկցիա չանցնի ամբողջ ոտքին, հետո տեսնեն՝ ոտքը կարողանո՞ւմ են պահել, թե՞ ոչ։

Կարդացեք նաև

  • «Անին այս պահին վիրահատվում է. Անին ու ամուսինը երբ տուն են մտել, ինքը դռան հետևում է եղել՝ ամբողջ ընթացքում զենքը երեխաների վրա պահած». Արփի Ավետիսյան
  • Ձեր երկրի վարչապետին չեմ ճանաչում, բայց կասեմ հետևյալը՝ էլեկտրոֆիզիոլոգիական չափումները կեղծել հնարավոր չէ. եվրոպական որևէ երկրի դատարանում նման պատկեր անհնար է տեսնել. գերմանացի բժշկի և փաստաբանի ահազանգը
  • Ինչպես հայ կանայք պահեցին ընտանիքն ու ինքնությունը. ասեղնագործությունը՝ փրկօղակ

«Հիմա մեր ամբողջ խնդիրն Անիի ոտքը պահելն է, թե ինչ է ասել գյուղապետը՝ մեզ չի հետաքրքրում։ Ասում էին՝ Անին դանակն առել, ընկել է այդ ադրբեջացու հետևից, գնացել գոմ է մտել՝ չկա նման բան, իրենց մնա՝ ինչեր ասես կգրեն։

Փաստն այն է, որ այդ մարդուն տեղափոխել են հիվանդանոց, վիրահատել են, բժիկն ասում է՝ ոսկոր գոյություն չունի, փշրվել է, 14 սմ պետք է կտրեին, որ ոսկորը հեռացնեին, բայց աշխատել են մինիմալ՝ 8 սմ-ով բավարարվել, որ ոտքը չհեռացնեն։ Պայքարը ոտքի համար է, որ չսևանա ու չհեռացնեն։ Ասել է՝ ծնկի հատվածը թուլացած է, սպասում են՝ տեսնեն ոտքը սնվելո՞ւ է, դեռ չգիտեն, թե ինչպես են վերականգնելու»,- նշեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ այս պահին դրսում բուժվելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ են, մեր զրուցակիցը փոխանցեց, որ օրվա մեջ Անիի քույրերին կամ երեխաներին հազիվ 5 րոպեով թույլ են տալիս մտնել Անիի մոտ՝ տեսակցելու նրան։
«Պետական մարմիններից չեն գալիս, գոնե միջանցքում ծնողը նստած է, տեսնեն, մոտիկանան խոսեն, միայն լրագրողներն են գալիս»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Առողջապահության նախարարի այցին, մեր զրուցակիցը փոխանցեց, որ երեկոյան է նախարարն այցելել, երբ Անիի ընտանիքի անդամներից որևէ մեկը չի եղել հիվանդանոցում։

«Երեկոյան բացել լուսանկարն ենք նայել, որ նախարարն այցելել է Անիին, մենք նախարարին չենք տեսել։ Մենք ՔՊ-ական պատգամավորներին ևս չենք տեսել, նրանք ծնողներին չեն էլ մոտեցել։

Ինչ վերաբերում է բուժման ծախսերին, բժիշկը մեզ ասել է, որ՝ դուք որևէ բանի հետ գործ չունեք, պետությունը ծախսերը հոգացել է։ Մեզ հիմա որևէ բան հետաքրքիր չէ, միակ բանը, որը հետաքրքրում է, այդ աղջկա ոտքը փրկենք, չկտրեն։ Հարյուր հոգի զանգահարել են, ասում են՝ ինչով կարող ենք օգնել, բայց մեզ որևէ բան պետք չէ, մատները չկա՝ հասկացանք, գոնե ոտքը չհեռացնեն։ Բժիշկն էլ որ չասի, արդեն հասկանալի է, որ տարիներ են պետք, որ այդ մարդը կարողանա ոտքի կանգնի ու քայլի»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկից զինծառայող է հատել ՀՀ սահմանը՝ Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում։

«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։

Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցանքը կատարել է ադրբեջանցի զինվորը, նրան ձերբակալել են, այնուհետև՝ կալանավորել։

Նշենք, որ ադրբեջանցին վիրավորել է նաև կնոջ անչափահաս տղային, նա դաստակի հատվածում վնասվածք է ստացել։ Նրա հետ եղել է նաև անչափահաս քույրը, որը հոգեբանական ծանր վիճակում է հայտնվել։

—