Կես միլիարդ դրամ՝ ընտանիքներին. կառավարությունը փոխում է ծրագիրը

Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի կառավարությունը հավելյալ 500 միլիոն դրամ կուղղի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովմանը՝ ռեկորդային պահանջարկի պատճառով, իսկ հաջորդ տարվանից արմատապես կվերանայի աջակցության տրամադրման կանոնները։


Գործադիրի այսօրվա նիստում հաստատված որոշումը նպատակ ունի բավարարելու հիփոթեքային վարկավորման պետական աջակցության հանդեպ աճող հետաքրքրությունը։ Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ 2026 թվականի համար նախատեսված 2,4 միլիարդ դրամ բյուջեն սպառվելու եզրին է, և վերաբաշխման արդյունքում հատկացված լրացուցիչ ֆինանսավորումը հնարավորություն կտա մինչև տարեվերջ աջակցել ևս 626 շահառուի։


2020 թվականից ի վեր պետությունն արդեն իսկ վճարել է շուրջ 13,2 միլիարդ դրամ ավելի քան 17 հազար ընտանիքի։ Նախարարն ընդգծել է, որ ոմանք ծրագրից հասցրել են օգտվել մեկից ավելի անգամ՝ հաջորդ երեխաների լույս աշխարհ գալուն պես։ «Սա նաև ցույց է տալիս, որ ծրագիրն իրոք ազդում է ընտանիքների՝ երեխա ունենալու որոշում կայացնելու վրա», – շեշտել է Թորոսյանը։


Գործող կարգավորումներն ուժի մեջ են մինչև տարեվերջ, որից հետո կմեկնարկի նոր, առավել հասցեական փուլ։ Նոր նախագծով աջակցության չափը կֆիքսվի 1 միլիոն դրամի սահմանում՝ անկախ երեխայի հերթականությունից, իսկ ձեռք բերվող գույքի առավելագույն արժեքի շեմը 35 միլիոնից կդառնա 40 միլիոն դրամ։


Զուգահեռաբար կխստացվեն պայմանները. շահառուները ոչ միայն չպետք է ունենան այլ սեփականություն, այլև վերջին 12 ամիսների ընթացքում չպետք է բնակարան օտարած լինեն՝ արհեստական գործարքներից խուսափելու նպատակով։


Կառավարությունը հրաժարվում է նաև մարզային առանձին բաղադրիչից, քանի որ այն չի ծառայել բնակչության ապակենտրոնացման բուն նպատակին։


«Պարզվել է, որ այս ծրագրից մեր քաղաքացիներն ամենաշատն օգտվել են Կոտայքի մարզում՝ երևանամերձ համայնքներում: Ավելի հեռու մարզերում, որտեղ, ի դեպ, ավելի մատչելի կլիներ տուն ձեռք բերելն ու կառուցելը, նման ժողովրդականություն չի եղել», – արձանագրել է նախարարը՝ հավելելով, որ նոր ծրագիրը կգործի միասնական կանոններով հանրապետության ողջ տարածքում։

—

Փաշինյանը պատասխանել է Մեդվեդևին

Լուսանկարը` artsakh.news

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ է արձագանքել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի սպառնալիքներին՝ շեշտելով, որ Հայաստանն ընթանում է բացառապես ինքնիշխանության ամրապնդման ճանապարհով։


Հոկտեմբերի 8-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում նա անդրադարձել է ինչպես հայ-ռուսական հարաբերությունների հռետորաբանությանը, այնպես էլ Թուրքմենստանում սպասվող բարձրաստիճան շփումներին։


Անդրադառնալով Մեդվեդևի այն հայտարարությանը, թե ամենասարսափելին Հայաստանի վերածումն է «նոր Ուկրաինայի», Փաշինյանը հիշեցրել է, որ երկիրն արդեն իսկ բախվել է լրջագույն վտանգի այն ժամանակ, երբ ՀԱՊԿ-ը հրաժարվեց կատարել իր դաշնակցային պարտավորությունները պետության հանդեպ։


«Նույն տրամաբանությամբ ուրիշն էլ կարող է ասել՝ ցանկանում ենք, որ Հայաստանը նոր Ռուսաստանի չվերածվի՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանի ամենատարբեր տեղերում պայթյուններ են հնչում: Դա լավ ժանր չէ», – ընդգծել է կառավարության ղեկավարը։ Վարչապետը հավելել է. «Հայաստանը Հայաստան է և ոչ մի ուրիշ բանի չի վերածվելու: Հայաստանը վերածվելու է ավելի ու ավելի շատ ինքնիշխան պետության: Սա՛ է մեր ճանապարհը»։


Խոսելով Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի մասին՝ վարչապետը նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն, սակայն ոչ ֆորմալ երկխոսությունն անխուսափելի է։


«Այսօր և վաղը միասին նույն տարածքում ենք լինելու, և այդ ձևաչափերում շփումներ լինում են միանշանակ։ Եթե հանկարծ ընթացս պարզվի, որ կոնկրետ հարցի քննարկման անհրաժեշտություն կա, մենք տեղում կպայմանավորվենք և կխոսենք», – եզրափակել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ դիվանագիտական նման պրակտիկա գործել է նաև նախկինում։

—

Տեսանելի ապագայում հայտնվելու ենք թուրքական շահերի ու նրա զինուժի ուղիղ պահան

Ըստ Türkiye թերթի, Թուրքիան կարող է ռազմական բազա տեղակայել Սաուդյան Արաբիայի տարածքում՝ երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնման շրջանակում։ Սաուդյան Արաբիան սկսել է աշխատանքները՝ թուրքական բազայի տեղակայման տարածք տրամադրելու ուղղությամբ։


Միևնույն ժամանակ, վերջնական, որոշում կայացնելու համար, ըստ Sabah թերթի՝ հարցը դեռևս քննարկվում է Անկարայում՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը և երկրի ազգային շահերը։ Ակնկալվում է, որ հարցը հոկտեմբերին կքննարկվի նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։


Եթե ռազմական բազայի մասին տեղեկությունը պաշտոնապես հաստատվի, դա կնշանակի տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներկայության ինչպես նաև ազդեցության էական ընդլայնում։ Արժեբանական առումով, այս սցենարի իրագործման դեպքում, Թուրքիայի զինված ուժերը կրկին կարող են ստանձնել Մեքքայի սրբավայրի պաշտպանությանը: ժամանակին Օսմանյան կայսրությունն էր վերահսկում մահմեդականների համար սրբազան վայրերը։


Թուրքիան արդեն մասնակցում է Սաուդյան թագավորության կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության ուժեղացմանը։ Նա առայժմ ուղիղ պատերազմի մեջ չի մտնում Եմենի հուսիների հետ, այլ աջակցում է սաուդիտներին՝ կիրառելով լիբիական տարբերակը: Հատկապես՝ աջակցում են էներգետիկայի ոլորտի ռազմավարական օբյեկտների անվտանգությունն ապահովելուն՝ փոքր և միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև հետախուզական, լոգիստիկ ու տեխնիկական աջակցության միջոցով։


Զուգահեռաբար, թուրքական տեղեկատվական դաշտում քննարկվում է, որ «մոտ ժամանակահատվածում» կարող են ցամաքային զորքեր ուղարկել Սաուդյան Արաբիա՝ Մեքքայի պայմանագիրը համեմատելով ՆԱՏՕ-ի՝ հավաքական պաշտպանության մասին 5-րդ կետի դրույթների հետ։


Ըստ այդ քննարկումների՝ հավանական է Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների պաշտոնական առաջադրանքների կատարումը նաև Պակիստանում։


Նշեմ, որ Թուրքիան այժմ ռազմական բազաներ ունի 12 երկրներում։ Դրանցից ամենամեծը գտնվում է օկուպացված ու չճանաչված Հյուսիսային Կիպրոսում։ Ռազմակայաններ կան Կատարում, Իրաքում, Սիրիայում, Սոմալիում, Լիբիայում և մի շարք այլ երկրներում։


Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական այս կտորը ևս պանթյուրքիստական գաղափարի իրագործման և թուրքական գերիշխանության հաստատման մաս է:


Հ.Գ.


Մի փոքր մտորելու կարողություն ունեցող մարդը, եթե համադրի տարածաշրջանի գործընթացները՝ կտեսնի, թե Նիկոլի կառավարությունն ինչպիսի հեզությամբ է Հայաստանը ներքաշում թուրքական ազդեցության ու գերակայության տակ:


Ռուսաստանի հետ լավ,կամ վատ դաշնակցային հարաբերություններ չե՞նք կամենում, ուրեմն ՔՊ-ի ջանքերով, տեսանելի ապագայում հայտնվելու ենք թուրքական շահերի ու նրա զինուժի ուղիղ պահանջների տակ: Իրական այլընտրանք առայժմ չկա:


ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան




—

«Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը կժամանի Հայաստան. Փաշինյանը եկաթուղու մասի

Լուսանկարը` kommersant.ru

Երասխի և Կարսի ուղղություններով երկաթուղային ճյուղերի վերականգնման հարցում Երևանին աջակցելու՝ Մոսկվայի պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարության հետ նոր բանակցությունների մասին, որը հանդիսանում է Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարիչը՝ ի դեմս իր դուստր «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության։


Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքային նախագծերի քննարկումը կկայանա արդեն հաջորդ շաբաթ:


Հոկտեմբերի 8-ի կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ, արձագանքելով Ռուսաստանի փոխվարչապետի այն հայտարարությանը, թե Մոսկվայի առաջարկը՝ աջակցելու Երասխի և Գյումրի-Կարս հատվածների վերականգնմանը շարունակում է ուժի մեջ մնալ, Փաշինյանը նոր մանրամասներ է հաղորդել սպասվող բանակցություններից: Նա ընդգծել է, որ հարցը բարձրացվել է ԵԱՏՄ վերջին նիստի շրջանակներում:


«Այդ պայմանավորվածության արդյունքում մյուս շաբաթ ռուսական երկաթուղիների նախագահը կժամանի Հայաստան, մենք աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշ հետևություններ կանենք այդ քննարկման արդյունքներով»,- հայտարարել է կառավարության ղեկավարը՝ նշելով նաև, որ այս պահին դժվար է կանխատեսել, թե կոնկրետ ինչ նորություններ կարձանագրվեն հանդիպումից հետո:


Այնուամենայնիվ, հայկական երկաթուղային հանգույցների վերագործարկումը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն ռուսական կողմի մոտ: Վարչապետը բացահայտել է, որ կառավարությունը բաց է բազմակողմանի առաջարկների համար և դիտարկում է այլընտրանքային տարբերակներ. «Մենք պատրաստ ենք, դիտարկում ենք և կհամաձայնենք: Ես գիտեմ, որ Ախուրյանի և Երասխի հատվածների վերականգնման հարցում ղազախական ընկերություն ևս հետաքրքրություն է ցուցաբերել: Տարբեր հարցեր կան, կքննարկենք»։


Հատկանշական է, որ Մոսկվայի հետ ենթակառուցվածքային երկխոսությունը չի սահմանափակվում միայն լոգիստիկայով: Օրերս, «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի երևանյան այցից հետո, Հայաստանի իշխանությունները անսպասելիորեն հայտարարեցին 1000 մեգավատ հզորությամբ նոր, մեծ ատոմակայան կառուցելու ցանկության մասին։ Այս քայլը կտրուկ շրջադարձ էր նախկին դիրքորոշումից, քանի որ մինչ այդ կառավարությունը պարբերաբար պնդում էր բացառապես մոդուլային կայաններ կառուցելու վերաբերյալ արդեն իսկ կայացված քաղաքական որոշման մասին:


Հայաստանի երկաթուղիներն իրավաբանորեն պատկանում են պետությանը, սակայն 2008 թվականի փետրվարի 13-ից կոնցեսիոն կառավարման են հանձնվել «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությանը՝ «Ռուսական երկաթուղիներ» (ՌԵ) ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր կառույցին։ Պայմանագիրը նախատեսված է 30 տարով։


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունն իրավական հիմքեր ունի ՌԴ-ի հետ կոնցեսիոն համաձայնագիրը վաղաժամկետ չեղարկելու (խզելու) համար։ Երևանը Ռուսաստանին առաջարկում է կոնցեսիոն իրավունքները փոխանցել ընդունելի երրորդ երկրի (օրինակ՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Քաթարին)։ Ռուսական կողմը նշում է, որ 2008 թվականից ի վեր Հայաստանի երկաթուղիների ենթակառուցվածքում ներդրել է մոտ 30 մլրդ ռուբլի և Երևանի հետ քննարկում է տրանսպորտային հատվածների վերականգնման հարցեր (այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող ուղղություններով), սակայն պաշտոնապես զիջել վերահսկողությունը դեռևս մտադիր չէ։

—

Դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել Աբովյան 8/1 հասցեի անշարժ

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 18-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, «Ավիատրանս» ՓԲԸ-ի, «Ֆոքսֆորդ» ՓԲԸ-ի՝ Պետական գույքի կառավարման նախարարության և «Ավիատրանս» ՍՊ ընկերության միջև 2001 թվականի օգոստոսի 9-ին կնքված պետական գույքի մասնավորեցման պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Ստորեւ՝ դատախազության հաղորդագրությունը։


Դատախազությունը, ի թիվս այլնի, պահանջել է պարտավորեցնել «Ֆոքսֆորդ» ՓԲ ընկերությանն իր ապօրինի տիրապետումից ազատել Երևան քաղաքի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքը:


Գլխավոր դատախազությունը նշված պահանջի հիմքում, ի թիվս այլնի, դրել է այն հանգամանքը, որ գրավի առարկա՝ պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքի մասնավորեցումն իրականացվել է ուղղակի վաճառքի ձևով, ոչ թե հրապարակային սակարկություններով, մինչդեռ՝ օրենսդիրը 2001 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ գրավադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի իրացման համար սահմանել էր հստակ և պարտադիր իրավական ռեժիմ՝ գույքի իրացում՝ հրապարակային սակարկություններով:


Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, նույն օրվա մեկ այլ որոշմամբ գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց. «Ֆոքսֆորդ» ՓԲ ընկերությանն արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, այդ թվում՝ գույքը ցանկացած եղանակով օտարելը կամ գրավադրելը:

—

Երևանում բացահայտվել է կանանց սեռական շահագործման դեպք․ կան ձերբակալվածներ

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի մի տղամարդ Հայաստանում զբաղվում է թրաֆիքինգով։


Քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ 30-ամյա օտարերկրացին, ներկայանալով տարբեր անուններով, նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, անձամբ կամ այլ անձանց միջոցով, շահագործման նպատակով հավաքագրել է համաերկրացի մի խումբ կանանց և խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով կազմակերպել նրանց տեղափոխումը Հայաստան։ Այնուհետև վերցրել է անձնագրերը և տեղափոխել Կոտայքի մարզի Առինջ գյուղի առանձնատներից մեկն ու մեկուսացրել առանձին սենյակներում, ապա օգտագործելով նրանց անօգնական վիճակն ու ազատ տեղաշարժի հնարավորությունից զրկված լինելու հանգամանքը՝ բռնություն գործադրելով և դրա գործադրման սպառնալիքով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ համերկրացի տղամարդկանց հետ և կատարել սեքսուալ բնույթի այլ գործողություններ։


Հետագա միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները Առինջ գյուղի նշված առանձնատնից Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխվել մի խումբ անձանց, այդ թվում՝ հիշյալ կանանց մատուցած ծառայություններից օգտված հաճախորդների։


Թրաֆիքինգի և աշխատանքային շահագործման ենթարկված անձանցից ընդունվել են հաղորդումներ։


30-ամյա տղամարդը և մեկ այլ օտարերկրացի ձերբակալվել են։ Հանգամանքները պարզվում են։

—

Քննարկվել է ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկրորդ երկարաձգումը

Երևանում տեղի է ունեցել քննարկում Հայաստանի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկրորդ երկարաձգման վերաբերյալ։


Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան փոխանցմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Նարեկ Ապիտոնյանի և «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպմանը մշակվել և համաձայնեցվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են ռեակտորային կայանքի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը։


Հայտարարությունում նշվում է, որ կայան է մատակարարվել է ավելի քան 500 միավոր սարքավորում և նյութ, արդիականացվել է անվտանգության համակարգը՝ պատասխանատու սպառողների ապահովման համակարգը։ Իրականացվում է նաև ռեակտորի կայանի մետաղի մոնիթորինգի ծրագիր։

—

Հայաստանի պետական պարտքի տոկոսների բեռը մոտ 3 անգամ ավելի բարձր է, քան Ադրբեջ

Պարտքի չափը մի բան է, պարտքի գինը՝ մեկ այլ բան։


2025-ին պետական պարտքի տոկոսավճարները ՀՆԱ-ի նկատմամբ կազմել են մոտավորապես՝


Հայաստան՝ 3%
Վրաստան՝ 1.5%
Ադրբեջան՝ 1%


Այսինքն՝ Հայաստանի պետական պարտքի տոկոսների բեռը մոտ 2 անգամ ավելի բարձր է, քան Վրաստանում, և մոտ 3 անգամ ավելի բարձր է քան Ադրբեջանում։


Հայաստանի տնտեսությունը զգալիորեն ավելի մեծ բեռ է կրում իր պետական պարտքի տոկոսների սպասարկման համար։ Ապագայում պետական պարտքի կայուն կառավարելիության մասով ռիսկեր կա՞ն։ Թվերն առնվազն լուրջ ահազանգ են։


Հետևությունները թողնում եմ հանրությանը։


ՀՀ ԱԺ պատգամավոր, “Ուժեղ Հայաստան” խմբակցության անդամ Հայկ Ֆարմանյան




—

Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վ

Գեղարքունիքի մարզի Վարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գրության հիման վրա՝ ՀՀ կրթության տեսչական մարմինն իր լիազորությունների շրջանակում անմիջապես ձեռնարկել է համապատասխան քայլեր։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:


«Խնդիրը բազմակողմանի, օբյեկտիվ և ամբողջական ուսումնասիրելու, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատության և դասարանի բոլոր սովորողների լավագույն շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով՝ Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ։


Իրավիճակը շարունակում է մնալ Տեսչական մարմնի անմիջական ուշադրության կենտրոնում, և վերահսկողական գործառույթների շրջանակում ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ հաստատությունում անվտանգ, ապահով և կրթական չափորոշիչներին համապատասխան միջավայրի պահպանումն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:


Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում ուսուցչուհին բռնություն կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։


Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ։


Ըստ Քննչական կոմիտեի՝ վարույթը նախաձեռնվել էր անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։ Բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել էր ձերբակալման որոշում:

—

Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Այրարատ» կինոթատրոնի շենքը

Գլխավոր դատախազությունը դիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող «Այրարատ» (“Ռոսիա”) կինոթատրոնի շենքը բռնագանձելու պահանջով: Այն պատկանում է նախկին իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:


Պահանջի հիմքում, ըստ Դատախազության, այն է, որ մինչև 2017 թվականի հունվարի 14-ը նշված անշարժ գույքի սեփականաշնորհմանն ուղղված մասնավորեցման գործարքով նախատեսված՝ 1 միլիոն 550 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումները չեն կատարվել։


Հակակոռուպցիոն դատարանի հոկտեմբերի 5-ի որոշմամբ՝ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, մասնավորապես, ՍՊ ընկերությանն արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության:

—