Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանաձևը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։


«Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք, սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ»,- ասել է վարչապետը։


Փաշինյանը խոսել է նաև անկլավ-էքսկլավների մասին։ Ըստ վարչապետի, դրանք չպետք է լինեն։


«Այսինքն, երկու երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն։ Բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն Թրիփփ-ի, բայց ոչ միայն Թրիփփ-ի շրջանակներում»։


Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ վարչապետի, միմյանց որևէ պահանջ չպետք է ներկայացնեն և պետք է հանգիստ թողնեն իրար բոլոր հարցերով։


«Ոչ մի պահանջ, ներառալ Ղարաբաղ, Գարդման-Շիրվան-Նախիջևան տրամաբանությամբ կամ արևմտյան Ադրբեջան տրամաբանությամբ։


Հիմա ամենակարևոր հարցը․ կա՞ արդյոք իրական հնարավորություն խաղաղությանն այսիսի տեսք տալու։ Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքներով ես ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք, և մենք առաջիկայում զբաղված ենք լինելու այդ հնարավորությունն իրագործելով, այդ հնարավորությունն իրականություն դարձնելով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

—

Ալիևի քաղաքականությունը բողոքի ակցիաներ է հրահրել Ստամբուլում

Ստամբուլում` Ադրբեջանի հյուպատոսության մոտ տեղի են ունենում բողոքի ակցիաներ։ Բնականաբար հիմնականում իսլամամետ ուժեր ու անհատներ են, ովքեր դատապարտում են Ալիևի ռեժիմի որոշման դեմ` դպրոցներում գլխաշոր (հիջաբ) կրելու արգելքի մասին և Իսրայելի հետա հարաբերությունների դեմ։


Իհարկե հասկանալի է, որ այս լարվածությունը առանց իշխանական շրջանակների առնվազն լուռ թողտվության (իսկ իրականում Արդարություն և զարգացում կուսակցության մի շարք անդամներ ու պատգամավորներ են արդեն խոսել Ադրբեջանի ընդունած այս որոշումների դեմ) ուղղակի չէր հասնի այսպիսի մակարդակի։ Բայց մեզ համար առավել քան կարևոր է հասկանալ իրավիճակի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ենթատեքստը։


Ցավոք սրտի, հայկական սեգմենտում վերլուծություններն հատկապես այս թեմայով բավականին թույլ են։ Ես կարծում եմ, պատճառներից մեկը ոչ արդյունավետ մեթոդաբանության կիրառումն է։ Հատկապես նման` նուրբ քաղաքական և աշխարհաքաղաքական հարցերում, որտեղ ցանկացած վերլուծություն անելուց առաջ պետք է նախ վերցնել տեսական ու մեթոդաբանական առանցքը, մեզանում դիտարկվում է սովորական պատմաբանի դիտանկյունից, որը համեմվում է պատմության անալոգիայով և դրա վրա հիմնված «կանխատեսմամբ», որը ավելի նմանվում էր սեփական ցանկության մատուցման կամ պարզապես քարոզչության։


Նեղ քաղաքական, քաղաքագիտական երևույթները չի կարելի դիտարկել այլ կերպ, քան քաղաքագիտական մեթոդաբանության միջոցով, ինչը ցավոք անում են Հայաստանում (և ո’չ միայն) շատերը։


Քաղաքագետ Արա Պողոսյան




—

Բաքվի և Անկարայի վեճը կարող է թաքնված թակարդ լինել Հայաստանի համար

Երբ Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց հետ «կռվում» են, կարծում եմ Հայաստանում ամենաարդիական հարցը պետք է լինի այն, թե «որտեղ են ուզում մեզ գցած լինել»։


Սա իհարկե կարող է հնչել կարծրատիպային, այն իմաստով, թե՝ նրանք երբեք չեն կարող իրականում կռվել։ Բայց հարցը կարծրատիպը չէ։ Նրանք իհարկե կարող են կռվել, այն էլ ինչպես։ Նրանք կարող են անգամ «գայլերի» նման «հոշոտել» միմյանց, որովհետեւ խոսքը պետությունների եւ դրանց ղեկին գտնվող էլիտաների մասին է, իրենց ամեն տեսակ շահերով։ Ավելին, այն հեքիաթները, որ նրանք իրենց ժողովուրդներին պատմում են իբրեւ թե «մեկ ազգի եւ երկու պետության» մասին, նույնիսկ այդ ժողովուրդների համար են թերեւս ծիծաղելի։ Ի վերջո, Թուրքիայի ու Ադրբեջանի ժողովուրդների միջեւ ըստ էության չկա որեւէ անմիջկան կամ հարազատական ընդհանրություն, առնվազն այնպիսին, որ բերի ինչ որ ջերմ զգացումների կամ զգացմունքների։


Հետեւաբար, խնդիրը բոլորովին այն չէ, թե Անկարան ու Բաքուն հավերժ եղբայրության անսասան օրինակ են։ Հարցն այն է, որ Հայաստանի՝ նրանց վեճից օգտվելու հնարավորության մասին գնահատականները թերեւս չափազանցված են։ Թուրքիայի եւ Ադրբեջանի որեւէ վեճ այն դեպքը չէ, երբ՝ «երկու շուն կռվում են ու հաջողում է ճամփորդի» գործը։


Հարցն այն է, որ «ճամփորդը» նրանց միջեւ է, եւ բավական է որեւէ շարժ, ու կռիվը կարող են «թողնել» ու անցնել ճամփորդին։ Եվ այստեղ է առաջանում թերեւս ամենից էական հարցը։ Արդյո՞ք այդ հրապարակային կռվի նպատակներից կամ մոտիվներից մեկն էլ «ճամփորդի» որեւէ շարժ բացառելը չէ։


Իհարկե կասեք, թե՝ իսկ ճամփորդը առհասարակ պատրաստվո՞ւմ էր որեւէ շարժի։ Բայց, խնդիրն այն է, որ կարող են լինել շարժեր, որոնք անմիջականորեն «ճամփորդինը» չեն, բայց էապես կարող են առնչվել «ճամփորդին», տվյալ դեպքում՝ Հայաստանին։


Վերլուծաբան Հակոբ Բադալյան



—

Քաղաքապետարանի նոր նախաձեռնությունը կկրկնի «կարմիր գծերի տասնապատիկ թանկացման

Ովքեր հայտարարում են, թե մարզերից եկողները պետք է ավտոմեքենաները կանգնեցնեն Երևանի մուտքի մոտ և շարունակեն ավտոբուսներով, հավանաբար, բնիկ երևանցիներ են, ոչ թե մարզերի նախկին բնակիչներ։


Կատարյալ անմիտ քաղաքաշինությամբ հազարավոր բարձրահարկեր կառուցելու արդյունքում, ուրբանիզացիայի առանց այդ էլ բարձր ցուցանիշ ունեցող երկրում գյուղական բնակչության համար մայրաքաղաքային կյանքը գայթակղիչ դարձնելով և հընթացս նրանց տնտեսական, սոցիալական, կրթական և տարաբնույթ այլ կախվածության հասցնելով, արհեստական ճանապարհով հնարավոր չէ սահմանափակել նրանց ազատ տեղաշարժը։


Վերջ տվեք հրամայական֊կարգադրիչ պրիմիտիվ ու իրավիճակային մեթոդաբանությանը, քննարկեք խորքային խնդիրները նեղ մասնագետների հետ, լուծումներ կան, դրանք ուղղակի նկատել ու հասկանալ է պետք։ Գոնե առաջնահերթ ներդրեք էլեկտրոնային կառավարման լիարժեք համակարգ, որպեսզի մարդիկ հարկադրված չլինեն իրենց ժամանակն ու սուղ միջոցները ծախսել անմիտ երթևեկությունների վրա։ Կարմիր գծերի տասնապատիկ թանկացումները ձեզ ոչինչ չհուշեցի՞ն:


Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյան



https://verelq.am/hy/node/178594?fbclid=IwY2xjawU9VeRleHRuA2FlbQIxMQBwZG9mAXNydGMGYXBwX2lkEDIyMjAzOTE3ODgyMDA4OTIAAR4JwVe8PhgOrOvlEx4Pow4BTibTSaadCp01xQhk71TA2SB5iQqvFClvhhO8sg_aem_4CXhAVbxvocfrG8zufhN3w

—

«Երևան Մարաթոն»․ տասնյակ փողոցներ կփակվեն միջազգային մրցույթի պատճառով

Հոկտեմբերի 17-ին և 18-ին Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը, որի կազմակերպման և անցկացման շրջանակում մայրաքաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։


Հոկտեմբերի 17-ին.


ժամը 7․00-ից մինչև 13․00-ն՝ Հրազդանի կիրճի 5 կմ հատվածում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարակից տարածքից։


ժամը 6․00-ից մինչև հոկտեմբերի 18-ի ժամը 21։00-ն՝ Զաքյան փողոցը՝ Խորենացի-Գրիգոր Լուսավորիչ հատվածում։


Հոկտեմբերի 18-ին.


ժամը 6․00-ից մինչև 8․40-ը երթևեկությունը կսահմանափակվի՝


Խորենացի փողոցում՝ Զաքյան փողոցից մինչև Իտալիայի փողոց,


Բեյրութի, Իտալիայի և Վազգեն Սարգսյան փողոցներում՝ ամբողջությամբ,


Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Մելիք-Ադամյան փողոց,


Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը՝ ամբողջությամբ։


Ժամը 6․00-ից մինչև 9․15-ը՝


Թումանյան փողոցը՝ Նալբանդյան փողոցից մինչև Աղասի Խանջյան փողոց հատվածում,


Սայաթ-Նովայի պողոտան՝ Նալբանդյան փողոցից մինչև Աղասի Խանջյան փողոց հատվածում,


Հանրապետության փողոցը՝ Աղասի Խանջյան փողոցից մինչև Վարդանանց փողոց հատվածում։


Ժամը 6․00-ից մինչև 9․45-ը՝


Նալբանդյան փողոցը՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Կորյունի փողոց / Սայաթ-Նովայի պողոտա,


Վարդանանց փողոցը՝ Հանրապետության փողոցից մինչև Ալեք Մանուկյան փողոց,


Ալեք Մանուկյան և Իսահակյան փողոցները՝ ամբողջությամբ։


Ժամը 6․00-ից մինչև 10․00-ն՝


Թամանյան փողոցը՝ ամբողջությամբ,


Մոսկովյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց։


մինչև 10․10-ը՝ Սարյան փողոցը՝ Մոսկովյան փողոցից մինչև Լեոյի փողոց։


մինչև 10․20-ը՝ Լեոյի փողոցն՝ ամբողջությամբ, Պարոնյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Հնդկաստանի փողոց։


մինչև 10․30-ը՝ Հնդկաստանի և Ձորափի փողոցներն՝ ամբողջությամբ։


մինչև 14․00-ն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Իտալիայի փողոց հատվածում։


մինչև 14․30-ը՝ Հրազդանի կիրճի և Նիկիտա Սիմոնյան փողոցները՝ ամբողջությամբ։


Ժամը 7․00-ից մինչև 14․30-ը՝


Հաղթանակի կամուրջը՝ մասնակի,


Արգիշտիի փողոցն՝ ամբողջությամբ,


Մաշտոցի պողոտան՝ Հաղթանակի կամրջից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց հատվածում։


«ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, պահպանել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները։


Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար»,- ասվում է հաղորդագրությունում։

—

Քննարկվել են Արտաշատ-Սիսիան ճանապարհի ռազմավարությունն ու ֆինանսավորման մեխան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարարության մասնագիտական խմբի հետ՝ փոխնախարար Էդգար Մկրտչյանի գլխավորությամբ։


Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:


Մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արտյոմ Մեհրաբյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալներ Կարեն Բադալյանը, Նարեկ Զուլալյանը, Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը, Քաջարան-Ագարակ և Արտաշատ-Սիսիան ճանապարհների կառուցման ծրագրի ղեկավար Մկրտիչ Կիրակոսյանը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր։


«Նշենք, որ 2016 թվականին պատրաստվել են Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն և նախնական նախագիծ։ Այժմ աշխատանքներ են տարվում այս հատվածի մանրամասն նախագծի պատրաստման գործընթացը մեկնարկելու ուղղությամբ։


ՀՀ ՏԿԵՆ-ի, Ֆինանսների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտի» ներկայացուցիչները մանրամասն անդրադարձել են Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի նախնական նախագծին, ճանապարհի ծրագրին, ծրագրի իրականացման առաջնահերթություններին, ֆինանսավորման մեխանիզմներին։ Կողմերը նախանշել են Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի մանրամասն նախագծի պատրաստման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։


Հիշեցնենք, որ ըստ նախնական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5 կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2 կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4 կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց»,- նշվում է հաղորդագրության մեջ։

—

Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տա

Հոկտեմբերի 29–30-ին Թուրքիայում կկայանա թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ղեկավարների 13-րդ գագաթնաժողովը։ Դրա նախաշեմին Անկարան ակտիվացնում է տեղեկատվական գործունեությունը, և «եղբայրության մասին» հռետորաբանության հետևում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում են տնտեսական շահերը։


Ակնկալվում է, որ գագաթաժողովի գլխավոր թեման լինելու է լոգիստիկան: Թուրքիայի և թուրքական աշխարհի երկրների համար գլխավոր կոմունիկացիոն ռազմավարական ծրագիրը մնում է «Միջին միջանցքը» և դրա մաս կազմող TRIPP-ը: Այսինքն՝ Չինաստան — Կենտրոնական Ասիա — Կասպից ծով — Կովկաս — Թուրքիա — Եվրոպա երթուղուն։


Արցախի ադրբեջանական օկուպացիայից հետո, Թուրքիան արդեն մի քանի տարի է՝ հետևողականորեն զարգացնում է թյուրքական պետությունների միջև լոգիստիկ կապակցվածությունը։ Ստամբուլն արդեն դարձել է Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի համար ավիացիոն հանգույց, իսկ Եվրոպա հասնելու ամենահարմար ուղիներից մեկն անցնում է Թուրքիայի տարածքով։


Այս տրամաբանության շրջանակում Թուրքիան ԹՊԿ-ն դիտարկում է որպես յուրօրինակ աշխարհաքաղաքական կարկաս, որը միաժամանակ նախատեսված է՝


ա) Չինաստանի համար դեպի Եվրոպա հասնելու երթուղուղային այլընտրանքային նախագիծ,


բ) Եվրամիության համար՝ Ռուսաստանի տարածքը շրջանցող տարանցիկ ուղիների դիվերսիֆիկացում։


Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցների ֆոնի վրա, հարվածի տակ հայտնվեց նաև Չինաստանն ու Եվրոպան կապող «Հյուսիսային միջանցքը»։


«Միջին միջանցքի» ամբողջական գործարկման շահագրգիռ կողմերը փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից, և ներդրումներ ներգրավել: Անկարայի և Բաքվի ընդհանուր մտահղացումն է ստեղծել Չինաստանից Եվրոպա ձգվող անխոչընդոտ, բազմամոդալ «թյուրքական միջանցք»՝ ցամաքային և կասպյան երթուղիների համադրմամբ՝ այդ թվում նաև Սյունիքի երթուղու (TRiPP) ներգրավմամբ։ Հատկապես, որ և՛ Թուրքիայի, և Ադրբեջանի համար կոմունիկացիաներն ու էներգետիկան ընկած են արտաքին քաղաքականության հիմքում, հետևաբար՝ նաև հանդիսանում են ազդեցության հիմնական գործիքներ։


Միջազգային հաղորակցության ուղիների և տարածաշրջանային նախագծերի զարգացման հարցերում Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթությունները պետք է լինեն՝


1. Տարածաշրջանային տրանսպորտային նախագծերում Հայաստանի անմիջական ներգրավման ապահովումը։


2. Տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ենթակառուցվածքների զարգացումը։


3. «Հյուսիս–հարավ» և «Արևելք–Արևմուտք» ուղղություններով հաղորդակցությունների դիվերսիֆիկացումը՝ ռազմավարական գերակայությունը տալով «Հյուսիս-Հարավ» նախագծին:


4. Տարանցիկ նախագծերի շրջանակում Հայաստանի ինքնիշխանության և բացարձակ իրավազորության պահպանումը։


5. Բազմակողմանի ներդրումային և մրցակցային միջավայրի ձևավորումը, որպեսզի տարածաշրջանային կապուղիները չդառնան մեկ կամ երկու պետության բացառիկ ազդեցության ու վերակսկողության գործիք։


6. Ռուսաստանի, Չինաստանի, ԵՄ-ի, Իրանի, Հնդկաստանի և այլ գործընկերների հետ տնտեսական կապերի հավասարակշռված զարգացումը։


Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ»:


ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան




—

Ադրբեջանի ավելի քան 100 պետական կայք ենթարկվել է արտասահմանյան հաքերների հարձ

Հոկտեմբերի 13-ի երեկոյան արտասահմանյան հաքերային խումբը լայնածավալ կիբեռհարձակում է իրականացրել Ադրբեջանի կառավարական տեղեկատվական ենթակառուցվածքների վրա։


Հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայության տվյալներով՝ հարվածի տակ է հայտնվել ավելի քան 100 կառավարական դոմեն։


Արդյունքում խափանվել է մի շարք կառավարական գործակալությունների կայքերի աշխատանքը։

—

Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը. փաստա

Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը:


«Մերժել է նույն հիմնավորումներով, ինչով մերժել է բազմաթիվ բողոքներ, երբ առանց մանրակրկիտ անդրադառնալու հիմքերին` ընդհանուր, ձևական ձևակերպումներ են տրվել»,–այս մասին ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։


Հիշեցնենք՝ շուտով կլրանա 2-րդ ամիսը, ինչ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է։

—

Հայաստանում նոյեմբերի 1-ից կսկսվի մի շարք ապրանքների թվային դրոշմավորումը

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր:


Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար ներդրվելու է նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր։


Փորձնական ծրագրերը կիրականացվեն հետևյալ ապրանքախմբերի համար․


• կրակմարիչներ և հրդեհային անվտանգության սարքավորումներ, պիրոտեխնիկական արտադրանք,
• հիգիենայի միջոցներ,
• հեծանիվ,
• ծխախոտի փոխարինիչներ,
• կենցաղային ապրանքներ,
• լուսանկարչական ապարատներ և ֆոտոլամպեր, այլ սարքավորումներ,
• դողեր և ավտոդողեր, ավտոպահեստամասեր, քսայուղեր և տեխնիկական հեղուկներ,
• կոշկեղեն, խաղալիքներ,
• ծովամթերք, մակարոնեղեն, այլ պատրաստի մթերք, քացախ, հրուշակեղեն, սննդային հավելումներ,
• բժշկական արտադրատեսակներ, անասնաբուժական դեղամիջոցներ, հակասեպտիկ և ախտահանիչ միջոցներ,
• բնական մորթուց հագուստի առարկաներ, դրոշմավորում։


Փորձնական ծրագրերի շրջանակում կստուգվեն և կկարգավորվեն ապրանքների դրոշմավորման մեխանիզմներն ու տեղեկատվական համակարգի աշխատանքը։ Կփորձարկվեն նաև ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումն օպերատորի տեղեկատվական համակարգի հետ։ Ի դեպ, փորձարկումը կընդգրկի դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքաշրջանառության ամբողջ շղթան՝ դրոշմավորման ծածկագրերի պատվիրումից մինչև ապրանքների շրջանառությունից դուրսբերումը։


Ծագրերի հիմնական նպատակն է տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ ապահովել Հայաստանում ապրանքների շրջանառության հետագծելիությունը, բարձրացնել շուկայի թափանցիկությունը՝ կանխելով կեղծ ու անորակ ապրանքների տարածումը։ Մասնավորապես, նախաձեռնությունը միտված է ստվերային շրջանառության կրճատմանը, բիզնեսի համար արդար մրցակցային պայմանների ձևավորմանն ու սպառողների իրավունքների պաշտպանությանը։ Միաժամանակ, թվային համակարգի ներդրումը կնպաստի Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության կարգավորումների ներդաշնակեցմանը, ԵԱՏՄ տարածքում ապրանքների տեղաշարժի պարզեցմանն, ինչպես նաև լոգիստիկ ծառայությունների զարգացմանը։

—