ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարարության մասնագիտական խմբի հետ՝ փոխնախարար Էդգար Մկրտչյանի գլխավորությամբ։
Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արտյոմ Մեհրաբյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալներ Կարեն Բադալյանը, Նարեկ Զուլալյանը, Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը, Քաջարան-Ագարակ և Արտաշատ-Սիսիան ճանապարհների կառուցման ծրագրի ղեկավար Մկրտիչ Կիրակոսյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր։
«Նշենք, որ 2016 թվականին պատրաստվել են Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն և նախնական նախագիծ։ Այժմ աշխատանքներ են տարվում այս հատվածի մանրամասն նախագծի պատրաստման գործընթացը մեկնարկելու ուղղությամբ։
ՀՀ ՏԿԵՆ-ի, Ֆինանսների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտի» ներկայացուցիչները մանրամասն անդրադարձել են Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի նախնական նախագծին, ճանապարհի ծրագրին, ծրագրի իրականացման առաջնահերթություններին, ֆինանսավորման մեխանիզմներին։ Կողմերը նախանշել են Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի մանրամասն նախագծի պատրաստման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։
Հիշեցնենք, որ ըստ նախնական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5 կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2 կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4 կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց»,- նշվում է հաղորդագրության մեջ։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Parkev Tvankchian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/15/%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%b7%d5%a1%d5%bf-%d5%bd%d5%ab%d5%bd%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%b0/