Courts Uphold Church Autonomy In Clergy Disputes, Lawyer Says

—

Defending Women, or Using Women to Target an Entire People?

—

CC: Consulate General of the Republic of Armenia in Los Angeles Issues Stateme

—

168: Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժող

Հոկտեմբեր 26, 2026

«Ուժեղ Հայաստան»կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ․

«Հոկտեմբերի 25-ին Հայաստանի թվով 19 համայնքում տեղի ունեցած տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները հերթական անգամ եկան ապացուցելու Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների, հարցում, թույլ Ալիևի առջև:

Այս ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ փաստեցին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ։

Ստեփանավանում մեր թեկնածուն գիտեր, որ իրեն կարող են ձերբակալել, սակայն, գիտակցելով այդ վտանգը, որոշեց առաջադրվել, քանի որ Հայաստանին ժողովրդավարություն է անհրաժեշտ։

Դաս չքաղելով ԵԽԽՎ վերջին զեկույցից, որում խոսվում էր հունիսին կայացած համապետական ընտրությունների ժամանակ իշխող ուժի կողմից կիրառված մեծամասշտաբ ընտրախախտումների մասին, «Քաղաքացիական պայմանագիր»-ը նույն ձեռագրով գործեց նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ։

Քաղաքական հակառակորդների կալանավորումները, ընտրության օրը ընդդիմադիր ավագանու անդամների ձերբակալությունները, վախի մթնոլորտի տարածումը, ընտրատեղամասերում ուղղորդված քվեարկությունները, ընտրություններից առաջ պետական բյուջեից հսկայական միջոցների հատկացումն ընտրությունների պատրաստվող համայնքներում, ՔՊ-ականների կողմից քաղաքացուն բնակարան տալու խոստումն ու այլ քայլերը վկայում են միայն մեկ բանի մասին՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն արդար ընտրություններով Հայաստանում չի կարող հաղթել։

«Ուժեղ Հայաստան»-ը համոզված է, որ ժողովրդավարության և առանց զիջումների խաղաղության համար պայքարը հաղթանակով է ավարտվելու, սակայն, գիտակցում է, որ այդ հաղթանակին հնարավոր չէ հասնել, ընդամենը, մի քանի ամսում։

Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է համախմբվենք որպես ազգ և միասնական պայքարենք հանուն առանց զիջումների խաղաղության։
«Ուժեղ Հայաստանը»-ը Փաշինյանի իշխանության ուժեղ այլընտրանքն է, հետևապես, ինչպես Ստեփանավանում, այնպես էլ այլ համայնքներում, շարունակելու ենք աշխատել և իրականացնել սոցիալական ու տնտեսական զարգացման ծրագրեր:

Մենք շարունակելու ենք գործել ի շահ մեր ժողովրդի և վստահ ենք՝ ուժեղ Հայաստան ունենալու ենք»։

—

ՔՊ-ն թող չոգևորվի. աշխարհում զարգացումներն աղետաբեր ու արցախակործան «իշխանութ

Հոկտեմբեր 26, 2026

ՀՀ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները ցույց տվեցին հետևյալը.

ա) Նիկոլի և ՔՊ իշխանությունը բացառապես հենված է իշխանության ուժային գործոնի, վարչական ռեսուրսի և քաղաքացիների մեջ վախի մթնոլորտ սերմանելու վրա՝ ինչը նորություն չէ:

բ) Ընտրութուն անցկացրած բոլոր համայքներում՝ հիմնականում առանց մրցակից, ուժային մեթոդներով աշխատող ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընրողների ընդհանուր թվի 32 %-ը, ինչը կարելի է համարել ՔՊ-ի առավելագույն «վարկանիշ»: Պետք է ի նկատի ունենալ, որ ընտրության են «մասնակցել» ինչպես կամավոր, այնպես էլ «ճար չունեցող և ստիպված» ընտրողները: Այս պարագայում միջինացված 32%-ը խոսում է այն մասին, որ ՔՊ հավաքածու «թիմերը», ՏԻՄ կառավարման մակարդակում չունեն հանրային բավարար հենարան:

գ) Վարչական ռեսուրսի և ՏԻՄ ընտրություններում իշխանական ազդեցության հերթական ակնառու վկայությունն այն է, որ նախնական արդյունքները հրապարակվում և որպես հաղթանակ տարածվում էին ոչ թե ՔՊ նախընտրական շտաբերի կամ ՏԸՀ-ի կողմից, այլ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից (նախարար, մարզպետ):

Տեղեկատվական հոսքի բովանդակությունից ու ձևից հստակ տպավորություն է, որ նրանցից յուրաքանչյուրն իր վարչապետին զեկուցում էր ստացված և կատարված հանձնարարականի մասին:)))

դ) Եթե հինական ընդդիմադիր ուժերը, համակարգված ու պատշաճ կերպով, առանց գլուխ պահելու, առանց ընդդիմադիր գործընկերոջ «գրպանը բան գցելու», առանց «պահարաններում կմաղք փնտրելու», կարողանային յուրաքանչյուր համայնքում, от души հանդես գալ մեկ միասնական թեկնածուով՝ ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանն այլևս շանս չէին ունենա շարունակել քայքայել հայկական պետականությունը:

Հ.Գ. Փոքրիկ օրինակ էլ բերեմ հատուկ ՔՊ-ի համար:

2017թ. ապրիլի խորհրարանական ընտրություններում ՀՀԿ-ն ստացել է 770441 ձայն: Այսինքն՝ ավելի շատ, քան ՔՊ-ն 2026թ հունիսին:

2017թ նոյեմբերին Գորիս քաղաքում մեր կուսակցության՝ այն ժամանակվա թեկնածուն հավաքել էր քվեարկածների ձայների շուրջ 99% (այն ժամանակ ավելի շատ հեղինակություն ուներ, քան հիմա): Նմանատիպ պատկեր էր նաև այլ համայնքներում:

Սակայն խորհրդարանում և ՏԻՄ-երում բացարձակ հաղթած, ՀՀ կենսական շահերով ու ազգային օրակարգով առաջնորդվող իմ կուսակցությունը. ընտրություններից կարճ ժամանակ հետո՝ 2018թ ապրիլին, ստիպված եղավ անարյուն հեռանալ իշխանությունից: Այնպես, որ ՔՊ-ին խորհուրդ եմ տալիս շատ չոգևորվել ընտրության արդյունքներով: Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս»:

—

Երբ քաղաքական մրցակցությունը վերանում է, համայնքը դառնում է մեկ կուսակցության

Հոկտեմբեր 26, 2026

«Առողջության իրավունք» իրավապաշտպան Հ/Կ նախագահ, բժիշկ-փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է.

«Երբ քաղաքական մրցակցությունը վերանում է, համայնքը դառնում է մեկ կուսակցության սեփականությունը։

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկածների բաժինը մի շարք համայնքներում հասել է 90–96%-ի, մինչդեռ ընտրողների մասնակցությունը որոշ համայնքներում չի հասել նույնիսկ 40%-ի։

Ի՞նչ է նշանակում այս պատկերը ժողովրդավարության տեսանկյունից։

Երբ ընդդիմությունը չի կարողանում հանդես գալ որպես իրական այլընտրանք, թուլանում է իշխանության նկատմամբ վերահսկողությունը, նվազում է որոշումների հանրային քննարկումը, իսկ համայնքային բյուջեի և զարգացման ծրագրերի արդյունավետության վերահսկողությունը կարող է դառնալ ձևական։

Բայց խնդիրը միայն ընտրությունների թվերը չեն։ Խնդիրն այն է, թե ինչ պայմաններում է ձևավորվում քաղաքական մրցակցությունը։
Երբ իշխանական ցուցակներում ընդգրկված են համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հիվանդանոցների տնօրեններ, վարչական բաժինների պետեր և այլ պաշտոնատար անձինք, իսկ ընդդիմադիր ուժերը չեն կարողանում իրենց ցուցակներում ներգրավել անգամ նույն համայնքի բուժհաստատությունների կամ այլ հիմնարկների շարքային աշխատակիցներին, հարց է առաջանում՝ արդյո՞ք համայնքում առկա են քաղաքական մրցակցության հավասար պայմաններ։

Համայնքի կրթված, ճանաչված, հարգանք վայելող և զարգացմանը նպաստելու կարողություն ունեցող բնակիչները հաճախ հրաժարվում են ընդդիմադիր ցուցակներում ընդգրկվելուց՝ իշխանության հնարավոր ճնշումներից վախենալով։

Ավելին՝ ընդդիմադիր ցուցակներում ընդգրկված անձանց աշխատանքից ազատումներն արդեն իրականություն են։ Սա նշանակում է, որ քաղաքական դիրքորոշումն այլևս միայն ընտրական նախընտրության հարց չէ․ այն կարող է վերածվել մարդու աշխատանքի և սոցիալական ապահովության խնդրի։

Երբ մարդը պատժվում է իր քաղաքական ընտրության համար, իսկ մյուսները, վախենալով նույն ճակատագրից, հրաժարվում են մասնակցել քաղաքական գործընթացներին, համայնքը կորցնում է իր ամենակարևոր ռեսուրսներից մեկը՝ անկախ մտածող, նախաձեռնող և պատասխանատու մարդկանց։

Արդյունքում ընդդիմությունը զրկվում է ուժեղ թեկնածուներից, ընտրողը՝ իրական այլընտրանքից, իսկ համայնքը՝ զարգացման հնարավորություններից։

Ո՞վ պետք է պահանջի հաշվետվություն անարդյունավետ ծախսերի համար։ Ո՞վ պետք է վերահսկի համայնքային բյուջեի օգտագործումը։ Ո՞վ պետք է պաշտպանի բնակիչների շահերը, եթե այլ կարծիք ունենալն անգամ կարող է աշխատանքը կորցնելու պատճառ դառնալ։

Փաստորեն, այս համայնքները վերածվում են մեկ կուսակցության սեփականության։ Բայց համայնքը ոչ մի կուսակցության սեփականությունը չէ․ այն բոլոր բնակիչներինն է՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։

Ժողովրդավարությունը միայն ընտրություններ անցկացնելը կամ հաղթանակ արձանագրելը չէ։ Այն նաև ազատ մրցակցությունն է, այլակարծության պաշտպանությունը, իշխանության հաշվետվողականությունը և յուրաքանչյուր քաղաքացու՝ առանց վախի քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքը»։

—

Տեղական ինքնակառավարումը չի կարող գոյություն ունենալ այնտեղ, որտեղ ընտրությու

Հոկտեմբեր 26, 2026

ԱԺ պատգամավոր Մամիկոն Ասլանյանը գրել է․՛

«ՏԻՄ ընտրությունները՝ ժողովրդավարության պատրանքի և քաղաքական ամայացման մասին․

Երեկվա ՏԻՄ ընտրությունների արդյունքները բացահայտում են իշխանությունների կողմից վերջին տարիներին համայնքային կառավարման մարմինների նկատմամբ իրականացվող ճնշումների ու հետապնդումների իրական նպատակները։

Համայնքների շուրջ մեկ երրորդում իշխանությունը մրցակից չի ունեցել և, ՍՍՀՄ-ին բնորոշ ընտրական ավանդույթների ոգուն համահունչ` արձանագրել է «ֆանտաստիկ» արդյունքներ։

Ինչո՞ւ։ Որովհետև համայնքներում ձևավորվել է մի վտանգավոր համոզմունք՝ եթե համայնքը ղեկավարի իշխանությանը ոչ ցանկալի թեկնածուն, այն կարող է զրկվել պետական աջակցությունից, իսկ զարգացման ծրագրերը՝ մնալ թղթի վրա։ Այս պայմաններում քաղաքացիների ընտրությունն այլևս ազատ կամարտահայտության արդյունք չէ, այլ իշխանության ստեղծած կախվածության ու պարտադրված ընտրության հետևանք։

Այլընտրանքի բացակայությունը ոչ միայն աղքատացնում է քաղաքական կյանքը, այլև սահմանափակում քաղաքացիների՝ գիտակցված ընտրություն կատարելու հնարավորությունը։

Իսկ այնտեղ, որտեղ մրցակցություն է եղել, այն հաճախ ուղեկցվել է վարչական միջամտություններով ու ճնշումներով՝ ընդհուպ մինչև հիմնական մրցակցի կալանավորում։ Դրա ցայտուն օրինակն է «Ուժեղ Հայաստան» թիմի՝ Ստեփանավանի թեկնածուի նկատմամբ կիրառված կալանքը։

Իշխանությունները հետևողականորեն գնում են համայնքներում քաղաքական կյանքն ամայացնելու ճանապարհով՝ ձևավորելով կառավարման մի համակարգ, որտեղ բացակայում են իրական մրցակցությունը, հանրային հաշվետվողականությունը, ներկայացուցչականությունը և իշխանության փոխզսպման ու հակակշռման մեխանիզմները։

Սա ոչ թե ժողովրդավարության ամրապնդում է, այլ դրա ինստիտուտների աստիճանական դատարկում։

Այս ընտրությունների արդյունքները չեն կարող ինքնին վկայել ժողովրդավարության մասին, երբ բազմաթիվ համայնքներում ընտրողը զրկված է իրական այլընտրանքից, իսկ քաղաքական մրցակցությունը տեղի է ունենում անհավասար պայմաններում։

Այս ամենը հակասում է ոչ միայն ժողովրդավարական կառավարման հիմնարար սկզբունքներին, այլև տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի ոգուն և Հայաստանի ստանձնած պարտավորություններին։

Համայնքը իշխանության սեփականությունը չէ։ Այն քաղաքացիներինն է։ Եվ տեղական ինքնակառավարումը չի կարող գոյություն ունենալ այնտեղ, որտեղ ընտրությունը կա ձևականորեն, բայց բացակայում է իրական ազատությունը»։

—

Երբ քաղաքական դաշտը դատարկվում է, իշխանությունը ստանում է ավելի շատ մանդատներ

Հոկտեմբեր 26, 2026

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում ՏԻՄ ընտրություններ էին։ Դրանցից հինգում՝ Արմավիրում, Ախուրյանում, Վարդենիսում, Գառնիում և Վայքում, ընտրողին առաջարկված էր ընդամենը մեկ կուսակցական ցուցակ՝ «Քաղաքացիական պայմանագիր»։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցած Դավիթ Անանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա՝ այդ «հաղթանակի» թվաբանությունը։

Արմավիրում մասնակցությունը կազմել է 36.73%։ ՔՊ-ն ստացել է 13,395 ձայն՝ մասնակիցների 96.07%-ը, բայց ընտրացուցակում ընդգրկված քաղաքացիների ընդամենը 35.29%-ը։

Ախուրյանում՝ 47.06% մասնակցություն, ՔՊ-ին՝ 10,838 ձայն։ Հրապարակվող 92.34% արդյունքի հետևում ամբողջ ընտրացուցակի 43.45%-ի աջակցությունն է։

Վարդենիսում՝ 41.33% մասնակցություն, 9,530 ձայն։ ՔՊ-ի 93.78%-ը ամբողջ ընտրացուցակի նկատմամբ դառնում է 38.76%։

Գառնիում՝ 37.19% մասնակցություն, 3,235 ձայն։ Հաղթական 94.23%-ի իրական հարաբերակցությունը գրանցված ընտրողների թվին՝ 35.05%։

Վայքում պատկերը փոքր-ինչ այլ է։ Մասնակցել է 52.39%-ը, ՔՊ-ն ստացել է 4,186 ձայն՝ ամբողջ ընտրացուցակի 50.35%-ը։ Այստեղ մեծամասնության չմասնակցելու մասին պնդումը ճիշտ չէր լինի։ Բայց մրցակից ցուցակ այստեղ նույնպես չկար։

Այս հինգ համայնքներում միասին՝ 105,034 գրանցված ընտրող և ՔՊ-ին տրված 41,184 ձայն։ Այսինքն, ընտրացուցակների ընդհանուր թվի նկատմամբ՝ 39.21% աջակցություն։

Չմասնակցած յուրաքանչյուր քաղաքացու ընդդիմադիր հայտարարելն անազնիվ կլիներ։ Բայց նույնքան անազնիվ է մրցակցությունից զրկված քվեարկության 92–96 տոկոսները ներկայացնել որպես համաժողովրդական վստահության վկայություն։

Իրականում սա «ջախջախիչ հաղթանակի» քաղաքական լեգիտիմության կասկածելիության գնահատականն է, քանի որ ընտրական արձանագրությունը կարող է հաստատել իշխանության պաշտոնավարումը, բայց չի կարող ստեղծել այն մրցակցությունը, որը քվեաթերթիկից բացակայում էր։

Ինչո՞ւ ընդդիմության մասնակցությունն այսքան սահմանափակվեց։

Ֆինանսական միջոցների սղությունը, տեղական կառույցների թուլությունը, թեկնածուներ հավաքագրելու և ընտրողին հասնելու դժվարությունները իրական խնդիրներ են։ Ընդդիմությունն իր կազմակերպական բացթողումների պատասխանատվությունից ազատված չէ։ Սակայն այս պատկերը միայն ռեսուրսների պակասով բացատրելը նշանակում է շրջանցել գլխավոր քաղաքական հարցը՝ ինչ գնով է այսօր հնարավոր ընդդիմադիր մասնակցությունը։

Որոշ կուսակցություններ, օրինակ՝ ՀՅԴ-ն և «Ապրելու երկիր»-ը հաղորդել են իրենց թեկնածուների, նրանց հարազատների ու աշխատավայրերի նկատմամբ ճնշումների մասին։ «Անկախ դիտորդն» էլ իր երկարաժամկետ դիտարկման մեջ արձանագրել է ընդդիմադիր թեկնածուների և աջակիցների նկատմամբ ճնշման դեպքեր ու վարչական ռեսուրսի չարաշահման խնդիրներ։ Ստեփանավանում ընտրություններից օրեր առաջ նույն գործով ձերբակալվել է 24 անձ, այդ թվում՝ ընդդիմադիր համայնքապետի թեկնածուն։ Իրավապահների վարկածը ընտրակաշառքն է, ընդդիմության գնահատականը՝ քաղաքական կաշկանդումը։

Մեղավորությունն ու հետապնդման իրավաչափությունը պետք է որոշվեն ապացույցներով, ոչ քաղաքական համակրանքով։ Բայց այդ գործողությունների ազդեցությունն ընտրական միջավայրի վրա չի կարելի պարզապես չտեսնել։

Մեր քաղաքական գնահատմամբ՝ խնդրի ծանրության կենտրոնը հենց այստեղ է։ Երբ ընդդիմադիր քաղաքական ուժի թեկնածուն պետք է հաշվարկի ոչ միայն պարտվելու, այլև իր ազատության, աշխատանքի և ընտանիքի բարեկեցության հնարավոր կորուստը, ընտրություններին մասնակցելը քաղաքացիական իրավունքից վեր է ածվում անձնական արկածախնդրության նմանվող որոշման։ Պարտադիր չէ ճնշել բոլորին, քանի որ մի քանի տեսանելի դեպքը կարող է լռեցնել ու կաշկանդել շատերին։

Իշխանությունը խոստանում է ստուգել ճնշումների ահազանգերը։ Այդ խոստման արժեքը չափվում է իրապես անկախ քննությամբ ու պատասխանատվությամբ, այլ ոչ թե՝ վարչապետին նամակ գրելու հնարավորությամբ։

Հակառակորդի բացակայությունը դեռ սեփական ուժի ապացույց չէ։ Երբ քաղաքական դաշտը դատարկվում է, իշխանությունը ստանում է ավելի շատ մանդատներ, իսկ պետությունը՝ ավելի քիչ ժողովրդավարություն։

Եվ հենց սա է այդ «հաղթանակի» ամենածանր պարտությունը»։

—

«Բաղրամյանով վերև-ներքև». ժամանակի միջով անցնող քաղաքը

Հոկտեմբեր 26, 2026

Պատրա՞ստ եք շրջել Բաղրամյանով վերև-ներքև՝ հայտնվելով տարիների շրջապտույտի մեջ։ «Գիրք-խճանկար Երևանի, կյանքի ու ժամանակի մասին»․ այսպես է Արա Թադևոսյանը բնորոշել իր նոր՝ «Բաղրամյանով վերև-ներքև» գիրքը։

Այս պատմության գլխավոր հերոսը Բաղրամյան պողոտան է, որտեղ ամբողջ կյանքում ապրել է հեղինակը։ Նա գրականության է վերածում այն, ինչ մարդիկ փորձում են մոռանալ, այն, ինչ գուցե մոռանան, և այն, ինչ արժանի է վավերագրության։

Գրքի շապիկի և առաջաթերթի ձևավորումը (ձևավորող՝ Արարատ Մինասյան) միահյուսված է պատումին։ Երկխոսում են պողոտան ու հեղինակը։ Քաղաքն անցնում է ժամանակի միջով, ժամանակը՝ քաղաքի։

Կարդացեք նաև

  • Ինձ ասում են՝ չե՞ս վախենում. չէ՛, չեմ վախենում, ա՛յ թալանչի, փողերն ո՞ւր են, ո՞ւր են էդ միլիարդները. համակարգային կոռուպցիան է՛ս ա. Մեսրոպ Մանուկյան
  • Դիվանագիտական մանևրներ Կովկասում. Ադրբեջանն ակտիվանում է, Հայաստանը՝ պասիվանում Թեհրանի ուղղությամբ
  • Հանդիպում՝ առանց էական առաջընթացի. Հայաստանի արևմտյան վեկտորն ու հայ-իրանական օրակարգի մարտահրավերը

Բաղրամյանը նաև աշխարհին նայող դիտակետ է։ Ինքնաճանաչումը սկսվում է սեփական փողոցից։ Հեղինակն իր անցած ուղին ներկայացնում է մանկությունից՝ ոչ հեռավոր 80-90-ականներից, հասնելով մեր օրեր։

«Կյանքի առաջին 40 տարին Բաղրամյան 1 հասցեում»․․․ Արդեն վաճառված բնակարանի մասին Արա Թադևոսյանը տարիներ անց ասելու էր․ «Մենք այդ տանը շատ երջանիկ ենք եղել»։
«Կլորի հայաթ», բակային խաղեր, բակի կենտրոնում գործող-չգործող շատրվան, «Գիտնականների տուն», «Լաբորատորիա»…

«Երբեմն բակ նայող սենյակիս պատուհանից տեսնում էի, որ մի մարդ «լաբորատորիայի» երկրորդ հարկի իր աշխատասենյակում մնում էր մինչև ուշ ժամ և ինչ-որ բան գրում։ Ի՞նչ էր գրում։ Գուցե գի՞րք»,- հիշում է հեղինակը։ Այսպես մանր պատկերներով գծագրվում է անցած տարիների Երևանը։
Դեռ զգալու ենք «Գրանատուսում» վաճառվող՝ մամայի թխած «Նապոլեոնի» հոտը, հիշելու հանապազօրյա հացը վաստակելու այն հնարավոր ու անհնար միջոցները, որ մեզ սովորեցրել էր «90-ականներ» ասվածը։
Կա կարծիք, որ այս և նման գրքերը միշտ հետաքրքրելու են երևանցիներին ու Երևանը ճանաչողներին։ Բայց չէ՞ որ մենք կարդում ենք համաշխարհային գրականություն, և մեզ հուզում են անծանոթ աշխարհների իրականությունն ու անծանոթ հերոսների պատմությունները։ Գուցե պատումն ընկալում ենք ոչ այնպես, ինչպես տեղի ընթերցողը, բայց մի կողմ չենք դնում՝ միայն մեզ ծանոթ իրականություն փնտրելով։ Իսկ թե ինչպես անել, որ ոչ միայն հայ ընթերցողը կարդա, ասենք, լատինաամերիկյան գրականություն, այլև լատինաամերիկացին թերթի հայկականը, այլ խնդիր է։ Սրանով պարզապես անդրադարձա մի հարցի, որը բարձրացվեց Արա Թադևոսյանի և Լուսինե Հովհաննիսյանի հանդիպման ժամանակ՝ նվիրված Երևանի մասին նրանց գրքերին։

Իսկ հիմա Բաղրամյանով վերև։
Ի՞նչ էին կարդում երեխաները, թա՞նկ էր գիրքն ինժեների աշխատավարձով ապրող ընտանիքի համար, ինչո՞ւ էր Արիկը շտապում բացել փոստարկղի դռնակը, ինչպե՞ս է ավարտվում մանկությունը․․․

Կարդում ենք․ «Շաբաթ օրերին վազում էի ներքև, որ փոքրիկ բանալիով բացեմ առաջին հարկի մեր փոստարկղը, վերցնեմ թերթն ու լինեմ այդ օրվա «Советский спорт»-ի առաջին ընթերցողը»։

Այդ առաջին ընթերցողի կենսագրական գիծն ու հաջողության պատմությունը գալիս են լրացնելու գրքի վավերագրականությունը։ Երկար ճանապարհ է անցել Արա Թադևոսյանի ղեկավարած «Մեդիամաքս» լրատվականը, իսկ մինչև այդ հեղինակն անցել է լրագրողի իր ուղին։

«Литературная Армения» ամսագրի բանաստեղծության բաժնի վարիչ Նադեժդա Կրեմնյովայի հետ նամակագրությունը փաստում է՝ ինչքան կարևոր կարող են լինել մի նամակը, քաջալերանքը, հատկապես առաջին քայլերն անելիս։ Միաժամանակ բացահայտվում է շատերիս ոչինչ չասող այդ անվան (Նադեժդա Կրեմնյովա) հարուստ կենսագրությունն ու ուղին՝ Կարսից Փարիզ, որ սերունդների ճակատագրի վկայությունն են։

Այս պատմության մեջ կան պատմություններ. տպավորություն է, որ գրքում գիրք ես կարդում։ Հեղինակը լրագրողական հետաքննությամբ էական բացահայտումներ է անում։ Դժվար է չտրվել գայթակղությանը և ամեն ինչ դրվագ առ դրվագ չպատմել։

Եվ, իհարկե, «Շարժում 88/25»․․․

«Շարժումը մի հսկա խառնարան էր, որի բովում ոմանք բարձրացան այնտեղ, որտեղ արժանի չէին լինելու, ոմանք էլ, ավաղ, զրկվեցին կյանքից»։ 88-ի շարժումն իր ողբերգական հետևանքներով հմտորեն ամփոփվում է մի քանի էջում։ Գույները խտացված չեն, մուգ են, բայց գրքում սկզբից մինչև վերջ պահպանվում են այն լույսն ու լավատեսական տրամադրությունը, որով հեղինակը նայում է կյանքին։ 88-ի ծանր հուշերից նա անմիջապես անցնում է «Ցոգոլի գողությունն ու սարսափը» գլխին՝ թուլացնելով լարվածությունը և ընթերցողին վերադարձնելով բակային անհոգության ջերմությունը։ Հետաքրքիր են անցումները. նա ոչ միայն Բաղրամյանով է վերև-ներքև գնում, այլև ժամանակի ու տարածության։
«2025-ի հոկտեմբերի 27-ին լրացավ պապայի մահվան 30-րդ տարելիցը․ առանց նրա ապրում եմ շատ ավելի երկար, քան նրա հետ»։

Լեզվի այս անմիջական, զուսպ ոճից երևում է, թե ինչպես է սեփական կյանքի ժամանակը, հույզը դառնում քաղաքի պատմության մի մասը։ Այդ կապն է զգացվում նաև ԱԺ այգու շուրջ հյուսվող պատմության մեջ, որտեղ դստեր՝ Եվայի հետ մանկասայլակով զբոսանքի թեթևությունը հակադրվում է փակ դարպասներին ու քաղաքական վայրիվերումներին։
Համադրվում և հակադրվում են անցած տարիներն ու ներկա իրականությունը։

Կարող եք վիճել, տեղ-տեղ չհամաձայնել։ Կարող եք նաև ստեղծել ձեր ճանաչած Երևանը։

Կարո՞ղ եք։
Գուցե ստեղծվեն երևանյան նոր շարքեր․․․

Գրքի աշխարհագրական ընթացքն ի վերջո տեղափոխվում է Բաղրամյան 59, որտեղ հեղինակն ապրում է 2015 թվականից։ 13-րդ հարկի բարձրությունից երևացող Արարատն ու Արագածը կարծես նոր դիտակետ են դառնում, թեև մամայի պնդումը, որ կենտրոնից շատ հեռու են գնում, երևանյան այն հարազատ ու անփոփոխ ընկալումն է, որն իրականում երբեք չի հեռանում հենց պողոտայի սահմաններից։ Բաղրամյանն այդպես էլ հետնանկար չի դառնում․․․

Օր օրի հին Երևանից հեռացող սերնդի համար քաղաքը կդառնա՞ ցնորք, միֆ, թե՞ Մինայի՝ աղջիկ ժամանակ գործած գորգի պես՝ ինչքան հնանա ու մաշվի, այնքան կշքեղանան գույները։

Հեղինակն իր հստակ համոզմունքն ունի մանկության, հիշողությունների ու Երևանի մասին. նա գիրքն ավարտում է այն պնդմամբ, որ «ամենալավը 1980-1990-ականների Երևանն էր, որտեղ մենք երջանիկ էինք»։

ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ




—

ԵՄ-ն երբեք Հայաստանին չի խնդրել դադարեցնել ՌԴ հետ հարաբերությունները․ Վասիլիս

Հոկտեմբեր 26, 2026

Հայ և թուրք լրագրողները համատեղ մեդիա շրջայցի ամփոփիչ հանդիպման ընթացքում Երևանում հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Քննարկման առանցքում եղել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը և Հայաստանի տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը:

Մարագոսն ընդգծել է, որ Հայաստանի հետ ԵՄ համագործակցության խորացումը որևէ այլ գործընկերոջ դեմ ուղղված չէ։ Նրա խոսքով՝ Եվրամիությունն աջակցում է Հայաստանի տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդմանը՝ այլընտրանքային հնարավորություններ ստեղծելով։ «Մենք երբեք չենք խնդրել Հայաստանին դադարեցնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։Մենք երբեք չենք խնդրել Հայաստանին արտահանում չիրականացնել Ռուսաստան»,- հայտարարել է դեսպանը։

Նա նշել է, որ երբ Ռուսաստանը սահմանափակող միջոցներ է կիրառում հայկական արտահանման նկատմամբ, ԵՄ-ն աջակցում է Հայաստանին շուկաների դիվերսիֆիկացման հարցում։ Նույն մոտեցումը, ըստ Մարագոսի, գործում է նաև էներգետիկայի ոլորտում։

«Մենք երբեք չենք ասել Հայաստանին՝ Ռուսաստանից գազ մի՛ գնեք։ Փոխարենը՝ աջակցում ենք դիվերսիֆիկացման և դիմակայունության ամրապնդման հնարավորություններին։ Ի վերջո, Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը պետք է որոշեն երկրի էներգետիկ աղբյուրների համադրությունը»,- ասել է նա։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ դեսպանը կարգավորումը կենսական է համարել երկու երկրների, և կարևոր՝ Եվրամիության համար։ Նա շեշտել է, որ դիվանագիտական աշխատանքը չի կարող արդյունավետ լինել առանց մարդկանց միջև անմիջական կապերի։ «Այս ամբողջ աշխատանքն անարդյունավետ է, եթե դրանում բացակայում է մարդկանց միջև կապերի բաղադրիչը»,- նշել է Մարագոսը։

Այս համատեքստում նա կարևորել է գործարարների և լրագրողների փոխադարձ այցելությունները։ Հիշատակելով սեպտեմբերին Երևանում անցկացված հայ-թուրքական գործարար համաժողովը՝ դեսպանը նշել է, որ մասնակիցների շրջանում տեսել է ոչ միայն դրական արձագանք, այլև միասին աշխատելու ոգևորություն ու պատրաստակամություն։ Նրա գնահատմամբ՝ հարևաններին ճանաչելու ցանկությունը նաև սեփական անվտանգության մեջ ներդրում է։

Սահմանի բացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ Մարագոսը հայտնել է, որ ԵՄ-ն աջակցում է սահմանային ենթակառուցվածքների բարելավմանն ու ճանապարհային և երկաթուղային կապերի տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին։ Նա հիշատակել է Մարգարա-Ալիջան անցակետը և Կարս-Գյումրի երկաթուղային կապի՝ Ախուրիկի հատվածը։

«ԵՄ-ն աջակցում է ֆիզիկական ենթակառուցվածքներին և տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին, որպեսզի քաղաքական որոշումն ընդունվելու պահին ամեն ինչ տեխնիկապես պատրաստ լինի»,- ընդգծել է դեսպանը։ Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ առաջ շարժվելու հետաքրքրություն են արտահայտում, և տեխնիկական քայլեր ձեռնարկվել են։ Միաժամանակ նա նշել է, որ բնական է հիասթափությունը, որ սահմանը չի բացվել ակնկալված արագությամբ։

Հարցին, թե արդյոք Բրյուսելն օգտագործում է Թուրքիայի հետ հարաբերություններում ունեցած լծակները՝ Անկարային առանց նախապայմանների սահմանը բացելուն մղելու համար, Մարագոսն արձագանքել է, որ առաջնային գործիք է համարում խրախուսումը և գործընթացի նկատմամբ կողմերի պատասխանատվությունը։

Խոսելով կարգավորման նկատմամբ Եվրամիության շահագրգռության մասին՝ դեսպանը նշել է երկու հիմնական հանգամանք՝ հարևան տարածաշրջանի կայունությունը և Եվրոպան Կենտրոնական Ասիայի ու Չինաստանի հետ կապող այլընտրանքային երթուղիների զարգացումը։ «Երբ ամրապնդում ենք հարաբերությունները գործընկերներից մեկի հետ, դա ուղղված չէ մեկ այլ գործընկերոջ դեմ։ Խաղաղությունից, կայունությունից և համագործակցությունից շահում են բոլորը»,- ընդգծել է նա։

Հանդիպման ավարտին դեսպանն ընդգծել է, որ ԵՄ դերը պայմաններ թելադրելը չէ, այլ շփման և համագործակցության հնարավորություններ ստեղծելը։

«Եթե մարդկանց միջև կապերն արմատավորվեն, և դուք շարունակեք հաղորդակցվել, ազնվորեն լուսաբանել ու կառուցել մասնագիտական և անձնական կապեր, որևէ քաղաքական խոչընդոտ չի կարող ընդմիշտ կանգնել ճանապարհին»,- ասել է Մարագոսը։

Հիշեցնենք, որ մեդիա շրջայցն իրականացվել է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորմանը. անդրսահմանային կապերի ընդլայնում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացրել են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Հրանտ Դինք հիմնադրամը և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը՝ TEPAV-ը։

—