Նոյեմբեր 24, 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարարության Գլխավոր լոգիստիկ վարչությունում հանդիպում է տեղի ունեցել ՆԱՏՕ-ի աջակցության և մատակարարման գործակալության (NSPA) պատվիրակության հետ։
Կողմերը քննարկել են Գործողությունների լոգիստիկ աջակցության գործընկերության (OLSP) աշխատանքը և ռազմական լոգիստիկայի ոլորտում Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հեռանկարները։
Այս համատեքստում քննարկվել են նաև ՆԱՏՕ-ի երկրների համար անվտանգության նոր միջավայրի ձևավորումը, OLSP-ի գործունեության ուղղությունները, ինչպես նաև ազգային, բազմակողմ և դաշինքի ընդհանուր լոգիստիկ ռեսուրսների համատեղ օգտագործման մեխանիզմները։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են զեկույցներ անվտանգության արդի պայմաններում ՆԱՏՕ-ի պաշտպանունակության ամրապնդման, ռազմական շարժունակության ապահովման, մատակարարման շղթաների կայունության բարձրացման և դաշինքի հավաքական լոգիստիկ ապահովման վերաբերյալ։
ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության պաշտոնական կայքում ներկայացված OLSP-ի գործառույթներն ու ծառայությունների շրջանակը ցույց են տալիս, որ այն պարզապես խորհրդակցական հարթակ չէ:
Հանդիպման քննարկումների օրակարգը ևս շատ ավելի լայն ռազմական նշանակություն ունի, քան կարող է թվալ առաջին հայացքից՝ զուտ տեխնիկական բնույթի լոգիստիկ հարցերի քննարկումից։
Ռազմական լոգիստիկան զինված ուժերի մարտունակության ապահովման առանցքային բաղադրիչներից է՝ ներառելով ոչ միայն սպառազինության, զինամթերքի ու վառելիքի մատակարարումը, այլև անձնակազմի և ռազմական տեխնիկայի տեղափոխումը, զորքերի տեղակայումը, ենթակառուցվածքների ապահովումն ու ռազմական գործողությունների շարունակական սպասարկումը։
Հետևաբար, Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի լոգիստիկ աջակցության մեխանիզմների նկատմամբ հետաքրքրությունը դիտարկման արժանի է հատկապես տարածաշրջանային անվտանգության և Բաքվի ռազմական կարողությունների զարգացման համատեքստում։
Սեպտեմբերի 22-ին Բաքվում տեղի ունեցած «Նոր մարտահրավերներ անվտանգության համաշխարհային ճարտարապետության մեջ. համագործակցության արդյունավետ մեխանիզմների ձևավորում ահաբեկչության դեմ պայքարում» խորագրով անվտանգային 4-րդ ֆորումին ուղղված իր ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մասնավորապես, նշել էր.
«Ժամանակակից մարտահրավերների մասշտաբներն ու գնալով բարդացող բնույթը պահանջում են առավել սերտ համագործակցություն, ինչպես նաև ճկուն ու համակարգված մոտեցումների կիրառում: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ անվտանգության հայեցակարգն այլևս չի սահմանափակվում առանձին պետությունների սահմաններով: Մեկ տարածաշրջանում առաջացած ճգնաժամը կամ լարվածության օջախը կարող է արագորեն ազդել մյուսների վրա՝ խաթարելով քաղաքական ու տնտեսական կայունությունը, վտանգելով էներգետիկ ու պարենային անվտանգությունը և լուրջ խափանումներ առաջացնելով տրանսպորտային ու հաղորդակցության ցանցերում»:
Փաստորեն, Ադրբեջանի նախագահն անվտանգության ժամանակակից մարտահրավերների համատեքստում առանձնացնում է նաև էներգետիկ և պարենային անվտանգության, տրանսպորտային ու հաղորդակցային ցանցերի անխափան գործունեության խնդիրները:
ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության պաշտոնական կայքում ներկայացված տվյալների համաձայն՝ Ադրբեջանը OLSP-ի անդամ չէ։ Այդ գործընկերության անդամների թվում են, սակայն, Թուրքիան և Մեծ Բրիտանիան՝ երկրներ, որոնց հետ Բաքուն ունի ռազմավարական հարաբերություններ:
Օրերս հրապարակել ենք «Լոնդոնի շահերն Ադրբեջանում՝ պաշտպանություն, էներգետիկա, Նախիջևան և TRIPP․ ի՞նչ է փոխում դուբլինյան հռչակագիրը Հարավային Կովկասում» վերտառությամբ հոդված:
Բաքվի հետ ռազմավարական և ռազմական համագործակցություն ունեցող այլ երկրներ ևս անդամակցում են ՆԱՏՕ-ի Գործողությունների լոգիստիկ աջակցության գործընկերությանը (OLSP-Operational Logistics Support Partnership):
Ինչո՞ւ է Բաքուն հետաքրքրված ռազմական լոգիստիկայի ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ և OLSP-ին հնարավոր անդամակցությամբ: Վերջինը կարող է հնարավորություն տալ Ադրբեջանին՝
■ Կատարելագործել վառելիքի, սննդի, բժշկական ապահովման, տեխնիկայի սպասարկման և այլ անհրաժեշտ լոգիստիկ ծառայությունների կազմակերպումը,
■ Օգտվել երկաթուղային, օդային և բազմամոդալ փոխադրումների հնարավորություններից, որոնք կարող են հեշտացնել անձնակազմի, ռազմական տեխնիկայի և այլ բեռների տեղափոխումը,
■ Ավելի արդյունավետ լոգիստիկ համակարգի միջոցով երկար ժամանակ պահպանել զորքերի մարտունակությունը և ապահովել ավելի մեծ ստորաբաժանումների տեղաշարժն ու գործողությունները,
■ ընդհանուր լոգիստիկ ընթացակարգերի և պլանավորման մեխանիզմների կիրառմամբ բարձրացնել ադրբեջանական զինված ուժերի փոխգործունակությունը գործընկեր երկրների ուժերի հետ,
■ Host Nation Support-ի մեխանիզմների միջոցով զարգացնել սեփական տարածքում օտարերկրյա ստորաբաժանումների տեղակայման, տարանցման կամ զորավարժությունների լոգիստիկ ապահովման կարողությունները։
Այս համատեքստում, բնականաբար, չպետք է անտեսել նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր ռազմական-լոգիստիկ նշանակությունը։ Եթե Ադրբեջանը ձգտում է իր տարածքով և իր համար կարևոր ուղղություններով անցնող տրանսպորտային ուղիները դիտարկել ոչ միայն որպես տնտեսական ու առևտրային հաղորդակցություններ, այլև որպես ռազմական լոգիստիկայի հնարավոր բաղադրիչներ, ապա հարց է առաջանում՝ արդյո՞ք TRIPP-ի համատեքստում չպետք է դիտարկել նաև ռազմական լոգիստիկայի ոլորտում Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ջանքերը:
Այսինքն, Հայաստանի համար այստեղ կարևոր հարց է՝ արդյո՞ք տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը զուգահեռ՝ մեծանալու են նաև դրանց ռազմական-լոգիստիկ նպատակներով օգտագործման հնարավորությունները, և ինչպիսի վերահսկողության ու անվտանգության մեխանիզմներ են գործելու այդ գործընթացում:
«TRIPP-ը և ռազմական բեռների տարանցումը․ ի՞նչ այլընտրանք ունի Ադրբեջանը, արդյո՞ք սահմանափակումների ազդեցությունը հավասարազոր է» վերնագրով հոդվածում անդրադարձել ենք ԹՐԻՓՓ-ով ռազմական բեռներ տեղափոխել-չտեղափոխելու հնարավորությանը:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by David Nargizian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/24/%d5%b6%d5%a1%d5%bf%d6%85-%d5%ab-%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab%d5%bd%d5%bf%d5%ab%d5%af-%d5%b0%d5%b6%d5%a1%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/