«Փաշինյանը մեծ կախվածություն ունի ընդդիմությունից, ակցիաների «վերահսկիչ փաթեթ

Նոյեմբեր 24, 2026

Նոյեմբերի 23-ին, ներկայացնելով Սահմանադրության նոր նախագիծը, Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը կոչ արեց ԱԺ-ում ապահովել անհրաժեշտ ձայներ՝ Սահմանադրության նոր նախագիծը հանրաքվեի դնելու համար։

«Ես հույս ունեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կանգնի այս ճանապարհին, հույս ունեմ՝ ընդդիմությունը հետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի իր կարգավիճակից և չի փորձի խոչընդոտել Հայաստանի Հանրապետության տիրոջը, այսինքն՝ ժողովրդին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը վստահ է՝ եթե ընդդիմությունը չցանկանա, ապա «ալիևյան սահմանադրությունը» չի էլ հասնելու քվեարկության։ «Եթե ընդդիմությունը պակասող 6 ձայնը չի ապահովում, իսկ ընդդիմությունը պնդում է, որ այդքան ձայն չի տալու, ուրեմն գործը չի հասնելու քվեարկության։ Ես հիմք չունեմ նրանց չհավատալու, թեպետ իշխանությունը բոլոր միջոցներով, առանց «կարմիր գծերի», փորձելու է այդ 6 ձայնն ունենալ։ 

Հիմա որքան էլ հետաքրքիր է հնչում, թերևս, վերջին 6 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը մեծ կախվածություն ունի ընդդիմությունից, և այս հարցի շուրջ ակցիաների «վերահսկիչ փաթեթը» գտնվում է ընդդիմության ձեռքում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վիգեն Հակոբյանը։

Կարդացեք նաև

  • Մնացել է իշխանության կոկորդին
  • Փաշինյանն իրեն սպառել է, թե չէ Ալենն էդքան դուխ չուներ՝ ասեր՝ կարող եմ նաև վարչապետ աշխատել… 5 րոպե հետո գիտե՞ք՝ ինչ կլիներ. Նինա Կարապետյանց
  • «Թելադրված է դրսից, Սահմանադրությունը պետք չէ փոխել». Վազգեն Մանուկյան

Հարցին, թե ինչպես պետք է ընդդիմությունն այդ փաթեթն օգտագործի այս պահին՝  քաղտեխնոլոգը պատասխանեց՝ եթե ընդդիմությունը պնդում է, որ 6 ձայն չի տալու և առհասարակ սա իր համար օրակարգային հարց չէ, նշանակում է՝ իշխանությունը կորցնում է տարբերակներից մեկը՝ առանց ընդդիմության համապատասխան ձայների քվեարկության գնալը։

Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ իշխանության կողմից ճնշումներ լինելու են և՛ անհատապես (այսինքն՝ թիրախ են ընտրելու ընդդիմությունից մարդկանց, որոնք իշխանության կարծիքով կարող են լինել «թույլ օղակ», թեպետ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները պնդում են, որ իրենց մոտ «թույլ օղակներ» չկան), և՛ փորձելու է հանրային կարծիք ձևավորել, որ քաղաքական ընդդիմությունը «ժողովրդի, խաղաղության թշնամին է, պատերազմի կուսակցություններ են» և այլն։ Ըստ նրա՝ նման մթնոլորտ ձևավորելուց հետո իշխանությունը կփորձի նաև քաղաքական ճնշում գործադրել քաղաքական ուժերի վրա՝ փորձելով «քաղաքական անասնագողություն» կատարել։

«Եթե այս տարբերակն իշխանության մոտ չի հաջողվում, մնում է մեկ տարբերակ՝ գնալու արտահերթ ընտրությունների, որի մասին Նիկոլ Փաշինյանն ասել է։ Սա, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի համար անցանկալի տարբերակ է, որովհետև այս ընտրություններում նրա գլխավոր խնդիրը 2/3-ն է, ինչն ինքը չունի, այս ընտրություններում չուներ նաև 3/5-րդ, զուտ ԲՀԿ-ից մանդատներ գողանալով կարողացավ ապահովել։ Սա ո՛չ ես եմ ասում, ո՛չ դուք՝ կարդացեք ԵԽԽՎ զեկույցը, պարզ գրված է։ Հիմա որևէ մեկը կարո՞ղ է 2/3 երաշխավորել այսօրվա անկանխատեսելի աշխարհում։ Այս պատճառով, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը հիմնական «ստավկան» դնում է ճնշման վրա»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Նրա բնորոշմամբ՝ իշխանությունն ընդդիմությունից 6 ձայն կորզելու 2 ձև ունի՝ կա՛մ անհատապես աշխատում, գտնում է 6 հոգու, որոնք փաստացի դավաճանելու են ընդդիմությանը, կա՛մ  ընդդիմության նկատմամբ այնպիսի ճնշումներ է անելու, որ գործարքի շրջանակներում ստիպված հոժարակամ այդ ձայները տա։

Ըստ Վիգեն Հակոբյանի, Նիկոլ Փաշինյանն այս պահին շեշտը դրել է վերջին տարբերակի վրա՝ ճնշումներով ստանալ պակասող ձայները, քանի որ արտահերթ ընտրությունները նրա համար մեծ ռիսկեր է պարունակում։

«Որքան հասկացա, նոր Սահմանադրությունում կարող են կուսակցության գործունեությունն արգելել՝ տարբեր պատվարկներով։ Այստեղ բավականին զվարճալի կետ կար, ասում է՝ եթե կուսակցությունն անկախության դեմ է քարոզում կամ խոսում, ապա կարելի է նրա գործունեությունն արգելել, ֆինանսական միջոցների մասին էլ չեմ խոսում։

Այսօր հովանավորը կա գլխիդ, վաղը չկա։ Եթե եկող տարի «քաղաքական պապան»  չեղավ, ի՞նչ է լինելու։ Դրա համար հեշտ չէ գործն ավարտին հասցնել, դրա համար Փաշինյանը շեշտը դնելու է «նաղդի» վրա, ոչ թե «նիսյայի»»,- ընդգծեց Վիգեն Հակոբյանը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Nahapetian Zhanna. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/24/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b4%d5%a5%d5%ae-%d5%af%d5%a1%d5%ad%d5%be%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab-%d5%a8%d5%b6/

Leave a Reply