Բանակը՝ առանց դասական պաշտպանության, Փաշինյանը՝ գերագույն հրամանատար․ Սահմանա

Նոյեմբեր 24, 2026

Հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը, որից դուրս է մղվել Անկախության հռչակագիրը:

Մենք ուսումնասիրել ենք, թե որքանով է բանակին առնչվող՝ վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքականությունն արտացոլվել սահմանադրական նոր նախագծում, և արձանագրել, որ ՀՀ նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է էական փոփոխություններ կատարել Զինված ուժերի կառավարման և կիրառման սահմանադրական կարգում։

Եվ այսպես՝

Նոր Սահմանադրության նախագծի 9-րդ հոդվածում նշվում է.

Կարդացեք նաև

  • Առաջարկս անում եմ ուղիղ եթերում… Նիկոլ Փաշինյան
  • Նիկոլ Փաշինյանը ժողովրդի գրպանը գցեց Ալիևի Սահմանադրության տեքստը
  • Քաղաքական «խցանումներ»՝ Երևանի խցանումների քննարկումների համատեքստում

«1. Զինված ուժերի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը և անվտանգությունը պաշտպանելն է։

2.  Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»:

Գործող Սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է.

«1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:

3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է oրենքով uահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»:

Թվում է, թե այս դեպքում գործ ունենք աննշան փոփոխությունների հետ, բայց՝ ոչ, թեև «սատանան մանրուքների մեջ» է:

Նախ՝ նախագծի 9-րդ հոդվածում բացակայում է դրան գործող Սահմանադրության համարժեք՝ 14-րդ հոդվածի 3-րդ կետը, որով յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակիցը դառնալ ՀՀ պաշտպանությանը: Այս դեպքում 25-օրյա վարժական հավաքների և Տարածքային պաշտպանության ուժերի նպատակահարմարության հարց արդյո՞ք չի առաջանում: Գուցե կլինեն մարդիկ, որ կմեկնաբանեն, թե սա վերաբերում է ավելի շատ պարտադիր ժամկետային ծառայությանը, իրենց իրավունքն է:

Երկրորդ, ըստ էության, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելը ներկայացվել է որպես զուտ նպատակ, բայց ոչ խիստ դրված պարտավորություն և առաքելություն:

Երրորդ, նոր Սահմանադրության առաջարկվող տարբերակում նշված է, որ «Զինված ուժերի նպատակը սահմանների անխախտելիությունը պաշտպանելն է», երբ գործող Մայր օրենքում սահմանված է՝ ՀՀ զինված ուժերն ապահովում են սահմանների անձեռնմխելիությունը»:

Գուցե առաջին հայացքից թվա, թե անձեռնմխելիությունը և անխախտելիությունը նույն բանն է, բայց տողատակում տրամաբանությունը նույնը չէ:

Անձեռնմխելիությունը ենթադրում է պաշտպանություն արտաքին ուժերից, հակառակորդից, թշնամուց, մինչդեռ անխախտելիությունը ենթադրում է եղածի պահպանության խոստում: Պարզ է, չէ՞, երբ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ՀՀ զինված ուժերը չունեն հակառակորդ, Ադրբեջանից և Թուրքիայից սպառնալիքներ չկան, ուրեմն՝ չկա նաև անձեռնմխելիության պաշտպանության խնդիր, ինչը, կրկնում եմ, ենթադրում է դիմադրություն:

Ի դեպ, ինչպես նկատեցիք, նոր Սահմանադրության նախագծում չի պահպանվել գործող Սահմանադրության մեջ առկա «ՀՀ ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը» ձևակերպումը:

Այս մասին ահազանգել են՝ գրելով, որ «մարտունակ բանակը» վերաձևակերպելը «պաշտպանունակ բանակ», դա զուտ բառախաղ չէ, որ պաշտպանությունը ռազմական առումով ևս ենթադրում է հարձակողական և հակահարձակողական գործողություններ: Եվ հիմա, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը վախեցել է նաև «պաշտպանություն» բառից, պաշտպանող կամ պաշտպանունակ բանակից:

Սա՝ այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմից առաջ՝ 2019 թվականին, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե մինչև 2050 թվականը պետք է կարողանանք այնպես անել, որ ՀՀ բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնենք աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում։ Բայց նույնիսկ այդ ժամանակ թերահավատությամբ ենք մոտեցել դրան, քանի որ գրեթե նույն ժամանակ Փաշինյանն ասում էր, որ պետք է ոչ թե տարածաշրջանի ամենամարտունակ բանակը լինենք, այլ ամենաինտելեկտուալը: Այդ ժամանակ մտածեցինք՝ այստեղ «շան գլուխ է թաղված»: Եվ խնդիրն այն չէ, որ բանակը չպիտի լինի ինտելեկտուալ, ընդհակառակը և այսօր ավելի, քան երբևէ, բայց ինտելեկտն ու մարտունակությունը փոխկապակցված են, դրանք չի կարելի տարանջատ դիտարկել:

Այսինքն, տողատակում այն ժամանակ բանակին առաջադրվելիք այն խնդիրն էր, որի ականատեսն ենք այսօր:

Ի դեպ, 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահը պահանջ էր դրել՝ նշելով.

«Տեղեկություններ են ի հայտ եկել այն մասին, որ Հայաստանի դաշնակիցները կրկին ցանկանում են թարմացնել հայկական բանակը, արդիականացնել այն։ Ինչի՞ համար։ Ո՞ւմ դեմ: Պատերազմն ավարտված է։ Հայկական բանակ այլևս չկա և չպետք է լինի։ Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան»:

Եվ այս տրամաբանության մեջ էլ պատերազմից հետո առաջնորդեցին բանակը, իսկ այս դեպքում ձեռք բերված սպառազինությունը որևէ նշանակություն չունի: Մենք, բնավ, պատերազմի կոչ չենք անում: Ի դեպ, աբսուրդ է, որ կրակոցի ձայն չլսած մարդիկ հանկարծ խաղաղությունն առավել գնահատող են դառնում: Այստեղ, թերևս, տեղին է մեջբերել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վերջերս հարցազրույցներից մեկում:

«Եթե դու չունենաս երկիրը պաշտպանող բանակ, որը կարողանա դիմակայել քո երկրի դեմ հնարավոր գործողություններին, նշանակում է՝ ոչինչ չենք արել։

Եթե մենք խոսում ենք խաղաղությունից, այն, իհարկե, խնամքի կարիք ունի, բայց առաջին հերթին պաշտպանվելու կարիք ունի։ Իսկ դրա համար միայն սպառազինությունը քիչ է, այդ սպառազինությունը կիրառող զինվորի մակարդակի բարձրացում է պետք։ Եվ զինվորի ոգու մակարդակի բարձրացում է պետք։

90-ականներին չենք ունեցել այն սպառազինությունը, որ ունենք այսօր։ Բայց 1994-ին ռազմական գործողությունների արդյունքում պարտադրվել է, որ հակառակորդը հրադադար ստորագրի։ Որովհետև մարդը գիտեր, թե ինչի համար է ծառայության մեջ։ Եվ որ պահին Վազգեն Սարգսյանն ուզում էր մահապարտ, նա ունենում էր այդ մահապարտներին, որոնք պետք է պաշտպանեին իր երկրի սահմաններն ու իր ժողովրդին։ Հիմա մենք ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ բանակ, որի համար ժամանակ է պետք»,- Բուն TV-ին տված հարցազրույցում ասել է Քոչարյանը:

Վերադառնանք նոր Սահմանադրության նախագծին և համեմատենք ՀՀ զինված ուժերին առնչվող գործողի Մայր օրենքում առկա հոդվածների և կետերի հետ:

Նոր Սահմանադրության նախագծի 57-րդ հոդվածը սահմանում է.

Հոդված 57. Զինված ուժերի ղեկավարումը և կիրառումը

1. Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են՝ Ազգային ժողովի վերահսկողությամբ:

2. Զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է:

3. Զինված ուժերի ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը:

4. Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը: Գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:

5. Ռազմական դրության կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված միջոցառումների իրականացման, ինչպես նաև մարդասիրական կամ բնապահպանական օգնության, զորավարժությունների կամ խաղաղության դիտորդական առաքելությունների նպատակով զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուղարկելու անհրաժեշտության դեպքում Կառավարությունը որոշում է ընդունում զինված ուժերի կիրառման մասին:

6. Կառավարությունը զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուղարկելու մասին որոշում է կայացնում Ազգային ժողովի համաձայնությամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերի:

7. Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը կայացնում է վարչապետը, բացառությամբ զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուղարկելու դեպքերի։

Զինված ուժերի կիրառման մասին որոշման վերաբերյալ վարչապետը անհապաղ տեղեկացնում է Կառավարության անդամներին, և Կառավարությունը կարող է վերացնել այդ որոշումը կամ չեղյալ հայտարարել այդ որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը: Եթե Կառավարությունը որոշում չի կայացնում զինված ուժերի կիրառման մասին վարչապետի որոշումը վերացնելու կամ այդ որոշմամբ նախատեսած միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին, ապա հայտարարում է ռազմական կամ արտակարգ դրություն, որից հետո գործում են Սահմանադրության 47-րդ հոդվածով սահմանված կարգավորումները։

Իսկ գործող Սահմանադրության 155-րդ հոդվածում նշվում է հետևյալը.

Հոդված 155. Զինված ուժերը 

1. Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին:

2. Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Պաշտպանության նախարարն այդ հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը:

3. Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:

4. Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է:

5. Զինված ուժերի ենթակայության, ղեկավարման, ինչպես նաև այլ մանրամասներ սահմանվում են օրենքով:

Նախ՝ աբսուրդ է նոր Սահմանադրության նախագծում թողնել այն կետը, որով Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը համարվում է գլխավոր շտաբի պետը, քանի որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը հակասահմանադրական որոշում կայացրեց, որով փոխվեց բանակի կառավարման մոդելը և ԳՇ պետը դարձավ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, որը չի կարող փոխարինել Պաշտպանության նախարարին: Ի դեպ, նոր Սահմանադրության նախագծում, ըստ էության, վերացվել է ԳՇ պետի պաշտոնավարման ժամկետը, որի համար 5-ամյա ժամկետ է օրենքով սահմանված: Թեև գործող Սահմանադրության պայմաններում այդ պահանջն «իրավունքի ուժով» խախտվել է:

Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ ինքը պետք է խաղաղ պայմաններում դառնա ՀՀ ԶՈւ գերագույն հրամանատարը, թեև գործող Սահմանադրության մեջ նման իրավունք կա միայն պատերազմի ժամանակ: Դե, քանի որ պատերազմը բացառում են, Նիկոլ Փաշինյանը որոշել է իրեն հռչակել ԶՈւ գերագույն հրամանատար, ի վերջո, երկրում ռազմական դրություն հայտարարելու խնդիր կարող է լինել: Սրանով Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, անուղղակիորեն ընդունում է, որ երբ հայտարարված չի եղել պատերազմ, ինքն իրավունք չի ունեցել գերագույն հրամանատար դառնալու:

Այսինքն, 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ-ում հայտարարվել է միայն ռազմական դրություն, բայց Նիկոլ Փաշինյանն իրեն դե ֆակտո վերապահել է գերագույն հրամանատարի լիազորություններ և ռազմական է հրամաններ տվել, իսկ Օնիկ Գասպարյանն օրենքից դուրս ուղիղ ենթարկվել է նրան: Դեռ չենք ասում պատերազմից հետո, երբ դեռևս ռազմական դրությունը չեղարկված չէր: Արդյո՞ք սա հետադարձ ուժով չպետք է պատասխանատվություն ենթադրի:

Նշենք, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 2023 թվականին Քննիչ հանձնաժողովում առաջարկել էր ՀՀ վարչապետին Գերագույն հրամանատարի լիազորություններով օժտել նաև խաղաղ պայմաններում, և բացատրել, թե ինչու է այդպես կարծում:

«Ստացվում է, որ խաղաղ պայմաններում նախարարը հիմնական պատասխանատվությունն է կրում պատերազմին նախապատրաստվելու համար, իսկ վճռական պահին դուրս է մղվում ռազմական հրամանատրման շղթայից, և դա՝ այն դեպքում, երբ առաջարկվող կարգավորումներով լիազորված է ԶՈՒ կիրառման պլանի համակարգման համար,- մասնավորապես, շեշտել էր նա և հավելել,- Պետք է հստակեցնել նաև ռազմական դրության հայտարարման և պատերազմի չհայտարարման ժամանակ զինված ուժերի կիրառման մասով ՀՀ վարչապետի գործառույթը»:

Սահմանադրական նոր փոփոխությունների ընդունման պարագայում Գերագույն հրամանատար-Պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ արդյո՞ք խնդիրներ չեն առաջանալու ռազմական դրության պայմաններում, ԶՈւ կիրառման հարցերում, իհարկե՝ միանգամայն հնարավոր է, եթե չասենք՝ չի բացառվում:

Ակնհայտ է՝ բանակն առավել վերահսկելի է դառնում, և օրինականացվում է այն, ինչ Նիկոլ Փաշինյանը մինչ այս անօրինական կերպով իրականացրել է, մի բան էլ ավելի:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Jirair Kafian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/24/%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a8%d5%9d-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b6%d6%81-%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%ba%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6/

Leave a Reply