Բա ո՞ւր են Սփյուռքում Սերժ Սարգսյանի դեմ միտինգ անող, ծաղկեպսակ պռճոկող մարդի

Նոյեմբեր 22, 2026

«Այս իշխանության դիվանագետներն առիթը բաց չեն թողնում պատեհ-անպատեհ առիթներով անընդհատ Թուրքիա գնալ, հանդիպել Էրդողանին: Անթալիայում այնպես չէր, որ բոլոր երկրներն առաջին դեմքերի մակարդակով էին ներկայացված: Նախկինում Հայաստանի ղեկավարի՝ Թուրքիա այցը դառնում էր միջազգային, մեդիա, տարածաշրջանային և քաղաքագիտական իրադարձություն: Հայաստանի ղեկավարները Թուրքիայում հատուկ ուշադրության էին արժանանում: Հայաստանի նախորդ երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի այցերը Թուրքիայի համար էին խնդրահարույց, որովհետև նրանք Թուրքիա էին այցելում՝ որպես հաղթող նախագահներ, և դա Թուրքիայում առաջացնում էր ընդդիմություն-իշխանություն լարում: Հիմա Հայաստանի ղեկավարի այցը Թուրքիա շարքային, որևէ նշանակություն չունեցող այց է, և դա դրսևորվում է նաև մամուլում: Եթե նախկինում Թուրքիայում միջազգային հանդիպում չէր, այլ Թուրքիայի հետ կապված որևէ միջոցառում, չէին մասնակցում:

Հայաստանի նախագահները 2 անգամ են եղել Թուրքիայում՝ Թուրգութ Օզալի թաղմանը գնացել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ֆուտբոլային դիվանագիտության շրջանակում, այն էլ՝ Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի այցից հետո: Հիմա այնքան է արժեզրկվել Հայաստանի ղեկավարի՝ Թուրքիա այցը, բովանդակությունից այնքան զուրկ էր, որ թուրքական մամուլը Փաշինյանի այցից հետո գրում էր միայն թեյի բաժակի, կոստյումի ծոցագրպանում դրած բանանի ու սրտիկի մասին»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:

Հիշեցնենք. Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան տեղի է ունեցել 2008թ. սեպտեմբերի 6-ին։ Այցելելու հրավերը Գյուլին էր ուղղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հավաքականների աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը դիտելու համար (այսպես կոչված՝ «ֆուտբոլային դիվանագիտություն»): ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան աշխատանքային այցը Թուրքիայի Բուրսա քաղաք տեղի է ունեցել 2009թ. հոկտեմբերի 14-ին։ Այցն իրականացվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով՝ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան պատասխան խաղը դիտելու նպատակով։

Կարդացեք նաև

  • Ո՞ւմ եք ոչխարի տեղ դրել, խոտը դուք եք ուտում. Աբրահամ Գասպարյան
  • «Իրավական «բեսպրեդել» է, երկրի ղեկավարն ուղիղ եթերում «առևտուր» է առաջարկում. Չչետք է գործի «կակոյ պրիվետ, տակոյ ատվետ» սկզբունքը». Մարոզյան
  • Անհայտ կորածների ճակատագրին առնչվող դուբլինյան քննարկումներից հետո Բաքուն Երևանի դեմ առաջ է քաշում «անցումային արդարադատության» թեզը

«Փաշինյանը Թուրքիա գնալուց առաջ ասում է՝ Հայոց ցեղասպանության հարցը մեր քաղաքական օրակարգում ընդհանրապես չկա, ու դրանից հետո սփյուռքյան հայկական կուսակցությունները, օրինակ՝ հնչակյանները, հանդիպում են նրա հետ… Մենք նախկինում էլ Թուրքիայի նկատմամբ որևէ հողային պահանջ չենք ունեցել, բայց նախկին ոչ մի նախագահ մեզ նվաստացած վիճակում չի դրել: Հիշեք՝ 2008թ. Սերժ Սարգսյանը համասփյուռքյան տուրնեի դուրս եկավ, որպեսզի մարդկանց բացատրի՝ հայ-թուրքական արձանագրությունների շրջանակում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից չենք հրաժարվում, բայց Սփյուռքում որոշ խմբեր նրա դեմ միտինգներ էին կազմակերպում, ծաղկեպսակ էին պռճոկում… Բա հիմա ո՞ւր են էդ մարդիկ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Hambardsumian Paul. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/22/%d5%a2%d5%a1-%d5%b8%d5%9e%d6%82%d6%80-%d5%a5%d5%b6-%d5%bd%d6%83%d5%b5%d5%b8%d6%82%d5%bc%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bd%d5%a5%d6%80%d5%aa-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a4/

Leave a Reply