Վախենում եմ… Արման Նավասարդյանը՝ իշխանության, եկեղեցու և ազգային ինքնության մ

Նոյեմբեր 22, 2026

168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը դերասան Արման Նավասարդյանն է։

Հարցազրույցի ընթացքում դերասանն անդրադառնում է Հայաստանում ստեղծված հասարակական ու քաղաքական իրավիճակին, ազգային ինքնության պահպանման խնդրին, Հայ Առաքելական եկեղեցու նշանակությանը, մշակութային դաշտում տեղի ունեցող գործընթացներին և արվեստագետների՝ հասարակական հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուն։

Խոսելով որոշ արվեստագետների լռության մասին՝ Նավասարդյանը նշեց, որ ինքը չի կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է երկրում։ Նրա խոսքով՝ երկիրը սեփական տունն է, և այդ տանը տեղի ունեցող ցանկացած իրադարձություն պետք է մտահոգի իրեն.

Կարդացեք նաև

  • Ինտելեկտուալ մարմնավաճառների ժամանակը
  • Խաղաղությունն Ալիևի նման կոմպլեքսավորված ճիճուից թուղթ մուրալը չէ. Տիգրան Թորոսյան
  • Եկե՛ք ինձ մոտ

«Ես իմ տունն եմ համարում էս երկիրը, և իմ տան մեջ կատարվող ցանկացած բան՝ սկսած մաքրությունից, վերջացրած գույքի տեղափոխությամբ, ինձ պիտի հետաքրքրի։ Էլ չեմ ասում, որ կտրել մի սենյակը և տալ հարևանին չեմ կարող։ Սա իմ տունն է»։

Դերասանը չի ընդունում այն մոտեցումը, թե արվեստագետը պետք է զբաղվի միայն իր մասնագիտությամբ և չարտահայտվի հասարակական ու քաղաքական իրադարձությունների վերաբերյալ.

«Շեքսպիրի Համլետը քաղաքականությա՞մբ էր զբաղվում, թե՞ լինել-չլինելու հարցեր որոշում։ Մարդը էդ հարցի առաջ էր կանգնած, նա քաղաքական հայտ չէր ներկայացրել թագավորին»։

Արման Նավասարդյանը մտահոգություն հայտնեց նաև ազգային ինքնության պահպանման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նրա համոզմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցին միայն կրոնական կառույց չէ, այլ ազգային ինքնության կարևորագույն կրողներից մեկը։

«Մեր եկեղեցին, թույլ տվեք ասել, շատ ավելի ազգային կառույց է, քան կրոնական։ Չափազանց ազգային կառույց է։ Հզորագույն կրիչ է ազգային ինքնության»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ազգային ինքնությունը պահպանող չորս կարևոր հենասյուներ կան.

«Չորս բան կա, որ քեզ պիտի պահեն իբրև ինքնություն ունեցող, տեսակ ունեցող։ Մշակույթ, կրթություն, բանակ և եկեղեցի»։

Դերասանի կարծիքով՝ մշակույթը, կրթությունը և բանակը գտնվում են իշխանության վերահսկողության ներքո, իսկ եկեղեցին այն կառույցն է, որը չի ղեկավարվում իշխանությունների կողմից։ Նա այս հանգամանքը դիտարկեց եկեղեցու դեմ սկսված արշավի համատեքստում։

Անդրադառնալով ազգային և պետական արժանապատվության շուրջ ձևավորված խոսույթին՝ Նավասարդյանը հարցադրում արեց, թե ինչ է ենթադրում պետական արժանապատվությունը, եթե անտեսվում են ազգային արժեքները։

«Վախենում եմ երկիրը կորցնելուց»,- այսպես պատասխանեց նա հարցին՝ նշելով իր ամենամեծ վախը։

Նա խոսեց նաև ազգային մշակույթի աստիճանական կորստի մասին՝ քննադատելով ժամանակակից արվեստում սեփական դիմագիծը պահպանելու խնդիրը։ Նավասարդյանի խոսքով՝ ժամանակակից լինելը չի նշանակում հրաժարվել ազգայինից։

«Ժամանակակից պիտի լինի, գերժամանակակից պիտի լինի, բայց իմ ժամանակակիցը պիտի լինի, ոչ թե ֆրանսիացու»,- ասում է նա։

Դերասանը մտահոգություն հայտնեց նաև հայկական կինոյի և թատրոնի վիճակի վերաբերյալ։ Նրա գնահատմամբ՝ հետխորհրդային շրջանում հայկական կինոն մեծ մասամբ կորցրել է ազգային դիմագիծը։

Անդրադառնալով դերասանական մասնագիտությանը և սերիալներին՝ Նավասարդյանը նշեց, որ այսօր թատերական բուհն ավարտած երիտասարդներից միայն փոքր մասն է զբաղվում բուն մասնագիտությամբ։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ ֆիլմում դերասանական կրթություն չունեցող մարդու նկարահանվելն ինքնին դատապարտելի չէ, եթե տվյալ մարդը համապատասխանում է դերին։

Հարցազրույցի ընթացքում դերասանն անդրադարձավ նաև իր ուսուցչին՝ Սոս Սարգսյանին։ Նավասարդյանը պատմեց, թե ինչպես էր մեծանուն դերասանը պահանջում առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվել հայերենին և ազգային արժեքներին։

«Դա մեր գոհարն է, դա մեր հարստությունն է, դա մեր ինքնությունն է, դա մեր տեսակն է, դա մեր գենն է, դա մեր պապի անունն է, դա մեր ապուպապի անունն է»,- շեշտում է նա։

Նավասարդյանը պատմեց նաև, թե ինչու է հեռացել Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնից՝ նշելով, որ իր և լիազոր մարմնի միջև անհամաձայնություն է առաջացել։ Նրա համոզմամբ՝ հեռանալով՝ ավելի շատ է պաշտպանել թատրոնի շահերը։

Հարցազրույցի ամենահուզիչ դրվագներից մեկում դերասանը խոստովանեց, որ վերջին անգամ արտասվել է նախորդ օրը՝ YouTube-ում դիտելով Ադրբեջանի նախագահի այցը Թալիշ գյուղ, որտեղ ինքը ծառայել է.

«Չկարողացա ինձ զսպել»։

Մանրամասները՝ տեսանյութում




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Kalashian Nyrie. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/22/%d5%be%d5%a1%d5%ad%d5%a5%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%a1%d5%be%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a4%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8%d5%9d-%d5%ab%d5%b7%d5%ad/

Leave a Reply