Նոյեմբեր 15, 2026
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո Խորհրդային Հայաստանի տարբեր շրջաններում սկսվում են արդյունաբերական գործարանների կառուցման աշխատանքները: Կարճ ժամանակ հետո Երևանում և մարզերում սկսում են աշխատել տարբեր գործարաններ: 1927 թվականին հիմնադրվում է Երևանի ռետինատեխնիկական իրերի գործարանը:
Սկզբնական շրջանում գործարանն արտադրել է կալցիումի կարբիդ, իսկ հետագայում ընդլայնել է իր գործունեությունը՝ ստեղծելով պլաստմասսե և ապակե իրերի արտադրամասեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործարանը զբաղվել է պաշտպանական նշանակության աշխատանքներով, իսկ պատերազմից հետո վերսկսել է իր հիմնական արտադրությունը։ Հետագայում՝ 1952 թվականից, գործարանը մասնագիտացել է ռետինատեխնիկական իրերի արտադրության մեջ։
Հայրենական պատերազմի տարիներին Երևանի ռետինատեխնիկական իրերի գործարանը, ինչպես նաև Հայաստանում գործող այլ քիմիական գործարաններ հայտնվում են ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության ուշադրության կենտրոնում:
Այդ ամբողջ ընթացքում և պատերազմից հետո ամերիկյան գործակալական ցանցի աշխատակիցները հետախուզական մանրամասն աշխատանքներ են իրականացնում: 1948 թվականի հունիսին կազմվում է մի գաղտնի զեկույց, որում մանրամասն ներկայացվում է հատկապես Երևանի քիմիական գործարաններում տիրող իրավիճակը, արտադրական մանրամասներն ու ներքին խոհանոցը:
Ստորև ներկայացնում ենք այդ մեծ զեկույցի առաջին մասը, որում մանրամասն ներկայացվում է Երևանի քիմիական գործարանում տիրող իրավիճակը.
«Գաղտնի: Կենտրոնական հետախուզական գործակալություն, տեղեկատվական հաշվետվություն: 1948 թվականի հունիսի 7: ԽՍՀՄ (Հայաստան),
Քիմիական գործարաններ Երևանում
1947 թվականի դեկտեմբերի վերջին Երևանում գործում էին հետևյալ երեք քիմիական գործարանները.
– Երևանի քիմիական գործարան՝ Հայկական ԽՍՀ Տեղական արդյունաբերության նախարարության ենթակայությամբ։
– Երևանի ներկերի և լաքերի գործարան՝ ԽՍՀՄ Քիմիական արդյունաբերության նախարարության ենթակայությամբ։
– Երևանի «Պոլիվինիլացետատ» քիմիական գործարան՝ ԽՍՀՄ Քիմիական արդյունաբերության նախարարության ենթակայությամբ։
Բացի այս ձեռնարկություններից, Երևանում կար նաև «Խրոմպիկ» գործարանը, որն իր արտադրության բնույթով պետք է գտնվեր Քիմիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ, սակայն քանի որ դրա արտադրանքն օգտագործվում էր կաշվի գործարանների կողմից, այն գտնվում էր ԽՍՀՄ Թեթև արդյունաբերության նախարարության վերահսկողության ներքո.
Երևանի քիմիական գործարան
Երևանի քիմիական գործարանը կառուցվել է պատերազմից առաջ։ Պատերազմի տարիներին գործարանը զբաղված է եղել պաշտպանական աշխատանքներով, սակայն պատերազմից հետո այն կրկին սկսել է իր հատուկ արտադրությունը։ Գործարանն ունի երեք հիմնական արտադրամաս՝ կարբիդի, պլաստմասսայի և ապակե իրերի արտադրամասեր.
Հումք և արտադրություն
Կարբիդի արտադրամասն ունի մեկ էլեկտրական վառարան։ Լավ որակի կիր ստացվում է Արարատի կրի գործարանից։ Ածխաջրածնային կոքսը նախկինում բերվում էր Շչերբինսկու քիմիական գործարանից, սակայն, քանի որ այն ուներ մինչև 22 տոկոս մոխրայնություն, արտադրված կարբիդը վատ որակի էր և չէր բավարարում պահանջները։ 1947 թվականի նոյեմբերից գործարանն այլ գործարաններից ստացել է մոխրի ոչ ավելի, քան 11 տոկոս պարունակությամբ կոքս։
Պլաստմասսայի արտադրամասն արտադրում է պլաստմասսայից լայն սպառման ապրանքներ։ 1947 թվականին գործարանն արտադրել է տարբեր տեսակի ավելի քան 400,000 իր՝ հիմնականում փոքր չափսերի։ 1947 թվականի դեկտեմբերին գործարանը Մոսկվայից ստացել է պլաստմասսե իրերի նոր մամլման կաղապարներ։ Ապակե իրերի արտադրամասն ապակի է արտադրում քվարցային ավազից և տարբեր սովորական ապակե իրերից (բաժակներ, գինու գավաթներ և այլն)։
Արտադրվող ապակե իրերը շատ բարձր որակի չեն և նախատեսված են միայն գյուղական կարիքները բավարարելու համար։ Արտադրվում են նաև փոքր քանակությամբ լուսամուտի ապակիներ, սակայն ապակին բավականաչափ մաքուր չէ։
Չնայած գործարանը վերահսկվում է Տեղական արդյունաբերության նախարարության կողմից և նախատեսված է տեղի բնակչության կարիքները հոգալու համար, Մոսկվան հաճախ պատվերներ է ուղղում կալցիումի կարբիդի մատակարարման համար՝ հարավային ԽՍՀՄ-ի միութենական նշանակության ձեռնարկությունների համար, որտեղ կարբիդի պահանջարկը շատ մեծ է։
Տեղական ձեռնարկությունների համար նախատեսված կարբիդի զգալի մասը մատակարարվում է Կիրովականի կարևոր քիմիական գործարանի (Մյասնիկյանի անվան) կողմից, որն արտադրում է ինչպես կարբիդ, այնպես էլ այլ քիմիկատներ.
Անձնակազմ
1947 թվականի դեկտեմբերին գործող տնօրենը Նոկոտյանն էր, և կար մոտ 450 աշխատող»: (Տե՛ս CIA-RDP82-00457R001500930006-1.pdf):
Երևանի քիմիական գործարանների գործունեության մասին ամերիկյան հետախուզության 1948 թվականի զեկույցը կարևոր սկզբնաղբյուր է Խորհրդային Հայաստանի արդյունաբերական պատմության ուսումնասիրության համար։
Այն ներկայացնում է դրանց ռազմավարական նշանակությունը ԽՍՀՄ տնտեսական համակարգում։ Հատկանշական է, որ Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունները հետպատերազմյան տարիներին ևս շարունակում են մնալ օտարերկրյա հետախուզական ծառայությունների ուշադրության կենտրոնում։
Զ. Շուշեցի
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Khoyetsian Rose. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/16/%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9-%d5%a7%d6%80-%d6%83%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%ab%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d5%ad%d5%b8%d6%82%d5%a6%d5%b8%d6%82/