Նոյեմբեր 15, 2026
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը որոշել է «բոչկա գլորել» ԵԱՏՄ-ի վրա։ Ասում է՝ ԵԱՏՄ-ում Հայաստանը վատ վիճակում է, շատ է տալիս, քիչ է ստանում։
Նկատի ունի այն, որ մաքսատուրքերի միջոցով Հայաստանն ավելի շատ գումար է փոխանցում ԵԱՏՄ ընդհանուր բյուջե, քան այդ բյուջեից ստանում է։
Մեղադրում է նախկիններին, որ լավ չեն բանակցել ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում, չեն պաշտպանել Հայաստանի շահը։ Դրա համար էլ հիմա Հայաստանը տուժում է՝ շատ տալիս է, քիչ ստանում։
Սա ասում է մի մարդ, ում քաղաքական թիմը շուրջ 9 տարի իշխանության է։ Ինը տարում հանգիստ կարող էին այնպես անել, որ Հայաստանը ոչ թե ավելի շատ տար, քիչ ստանար, այլ ավելի քիչ տար՝ շատ ստանար։
Նախկինում կամ նախկինների ժամանակ հենց այդպես էլ կար՝ ավելի քիչ տալիս էին, ավելի շատ ստանում։
ՔՊ-իշխանության վերջին տարիներին է, որ Հայաստանն ավելի շատ վճարում է միության միասնական բյուջե, քան ստանում է։ Ու եթե Գևորգ Պապոյանը, իր քաղաքական ղեկավարը, այդքան կային, թող այնպես անեին, որ իրենք էլ քիչ տային, շատ ստանային։
Ինչո՞ւ չեն արել, որովհետև հավանաբար «դուխներն» այդքան չի հերիքել, չեն կարողացել հիմնավորել, թե ինչո՞ւ պիտի Հայաստանն ավելի շատ վճարի, ավելի քիչ ստանա։
Չեն կարողացել անել, նախկիններին են մեղադրում։ Նախկինների ժամանակ հակառակն էր, իրենց ժամանակ է այդպես։ Իրենց ժամանակ է Հայաստանը սկսել ավելի շատ տալ, ավելի քիչ ստանալ։ Բայց արդարության համար պիտի ասենք, որ դա էլ ունի իր պատճառները, չնայած այդ մասին, բնականաբար, Գևորգ Պապոյանը չի ուզում խոսել։ Չի խոսում, որպեսզի հերթական անգամ տպավորություն ստեղծի, թե ինչքան վատն էին նախկինները, ժողովրդի ու պետության շահը չեն գնահատել։
Հիմա տեսեք, թե նախկիններն ինչպես չեն գնահատել ժողովրդի ու պետության շահը։
ԵԱՏՄ կանոնակարգով՝ անդամ երկրների հավաքագրած բոլոր մաքսատուրքերը գնում են ընդհանուր կենտրոնական բյուջե, որտեղից վերաբաշխվում են ֆիքսված տոկոսներով։ Հայաստանի մասնաբաժինը սկզբում 1.11 տոկոս էր, հետագայում ավելացվեց ու սահմանվեց 1.13 տոկոս։
ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերից հավաքվող գումարի այդքան մասը ստանում է Հայաստանը։ Նախկինում այն ավելի շատ էր, քան ներմուծման մաքսատուրքերի միջոցով փոխանցվում էր միության միասնական բյուջե։
Այսինքն՝ միասնական բյուջեից Հայաստանն ավելի շատ ստանում է», քան ինքն էր տալիս. Շահող դիրքում էր։ Ու դա՝ նախկինների իշխանության օրոք։
Օրինակ՝ 2015թ. Հայաստանը ներմուծումից գոյացած մաքսատուրքերի տեսքով միասնական բյուջե է փոխանցել 16.5 մլրդ դրամ, հետ է ստացել 54.5 միլիարդ՝ 38 միլիարդով ավելի շատ, քան փոխանցել է։
Այն ժամանակվա փոխարժեքով ստացած գումարը շուրջ 80 մլն դոլարով գերազանցել էր փոխանցածը։
2016թ. միասնական բյուջեին Հայաստան տվել է 33.9 մլրդ դրամ, ստացել է 52.9 մլրդ դրամ։ Ստացածը 19 միլիարդով ավելին է եղել, քան տվածը։
Նույնը՝ 2017-2018թթ.։ Այդ տարիներին էլի Հայաստանն ավելի քիչ տվել է, ավելի շատ ստացել։ 2017թ.՝ դրական տարբերությունը կազմել է 15.5 միլիարդ, իսկ 2018թ.՝ 13.5 մլրդ դրամ։
2018թ. հետո էլ Հայաստանն ավելի շատ ստացել է, քան տվել է միասնական բյուջեին։ 2019թ. ավել է ստացել գրեթե 12 միլիարդ, իսկ 2020թ.՝ 12.3 մլրդ դրամ։
2021թ. էլ է Հայաստանն ավելի շատ գումար ստացել ԵԱՏՄ-ից, քան փոխանցել է։ Փոխանցել է 75 մլրդ դրամ, ստացել՝ 84.6 միլիարդ։ Այդ տարի ինչպես փոխանցված, այնպես էլ ստացած գումարներն ավելացել են։ Ավելացել են այն բանի հաշվին, որ Հայաստան մեծ քանակությամբ ավտոմեքենաներ էին ներմուծվում ու վերաարտահանվում ԵԱՏՄ անդամ այլ երկրներ։
Մինչև 2021թ. ԵԱՏՄ միասնական բյուջեից Հայաստանի ստացած գումարները շատ ավելին էին, քան կատարված վճարումները։ Ու դա ԵԱՏՄ անդամագրման շրջանակներում նախկինների բանակցած առավելությունն էր։
Այն ժամանակ ոչ մի ՔՊ-ական, այդ թվում՝ Գևորգ Պապոյանը չէր ասում, թե ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանն ավելի քիչ է վճարում միասնական բյուջե, բայց ավելի շատ է ստանում։
Պատկերը փոխվեց 2022թ. սկսած։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանի նկատմամբ կիրառվեցին համատարած սանկցիաներ ու ուղիղ ներմուծումները Ռուսաստան շատ երկրներից դարձան անհնարին։ Դրանք փոխարինվեցին այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի միջոցով իրականացվող ներմուծումներով կամ հայտնի վերաարտահանումներով։
Քանի որ վերաարտահանվող ապրանքները Հայաստան են մտնում ոչ ԵԱՏՄ երկրներից, դրանց ձևակերպման ժամանակ ՀՀ սահմանին գանձվում են ներմուծման մաքսատուրքեր։ Այդ գումարները գնում են միասնական բյուջե։ Դրանով է պայմանավորված, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից հետո, Հայաստանի վճարած գումարները միասնական բյուջե սկսեցին «ուռել»։
Վերաարտահանումների հաշվին 2022թ. Հայաստանը գանձեց ու ԵԱՏՄ բյուջե ուղարկեց 127.8 միլիարդ, 2023թ.՝ 187.5 մլրդ դրամ։ Փոխարենը՝ միասնական բյուջեից ստացած գումարը կազմեց 2022թ. 55.1 միլիարդ, իսկ 2023թ.՝ 73 միլիարդ դրամ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի միջոցով մեծ ծավալի վերաարտահանումներ իրականացվեցին նաև հետագա տարիներին, կրկին Հայաստանն ավելի շատ տվեց, քան ստացավ միասնական բյուջեից։
2024-2025թթ., որը վերաարտահանումների ամենածաղկուն շրջանն էր, Հայաստանը ներմուծման մաքսատուրքերի միջոցով միասնական կաթսա է ուղարկել 642 մլն դոլար, իսկ այնտեղից ստացել է 364 մլն դոլար։
Եթե իշխանությունները համարում են, որ սա անարդար մոտեցում է, թող բարի լինեն բանակցել ու ավելացնել Հայաստանի բաժինը, ոչ թե, ինչպես միշտ, իրենց ձախողումները բարդեն ուրիշների վրա։ Մինչ այդ, սակայն, պետք է հաշվի առնել, որ վերաարտահանումների այս շղթան հավերժական չէ ու վաղն ավարտվելու է, երբ դադարեցվեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Այդ ժամանակ վերադառնալու ենք այնտեղ, երբ Հայաստանն ավելի շատ ստանում էր, ավելի քիչ տալիս։
Եթե այսօր պահանջում ենք ավելի շատ ստանալ, քանի որ ավելի շատ ենք տալիս, վաղն էլ պետք է պատրաստ լինել հակառակին։ Այլ բան՝ մինչ այդ Հայաստանը կշարունակի՞ մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ կլինի ԵԱՏՄ-ից դուրս։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Hagop Kamalian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/16/168-%d5%a3%d6%87%d5%b8%d6%80%d5%a3-%d5%ba%d5%a1%d5%ba%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a2%d5%b8%d5%b9%d5%af%d5%a1-%d5%a3%d5%ac%d5%b8%d6%80%d5%a5/