Նոյեմբեր 14, 2026
Հիմա խոսք չկա իշխանափոխության մասին, ընդդիմության նպատակն ալիևյան սահմանադրության ընդունումը բացառելն է։ Դրա ճանապարհային քարտեզը տրվել է դեռևս հունիսին, «Ուժեղ Հայաստանը» նաև դրանով է բացատրել մանդատները վերցնելը։ Խորհրդարանով սահմանադրական հանրաքվե նշանակելու համար իշխանությանն անհրաժեշտ է ընդամենը վեց ձայն։ Այդ վեց ձայնն իրենք չեն ստանալու, որովհետև «Ուժեղ Հայաստանն» իր 29 պատգամավորներով հետևողական է լինելու այս հարցում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Մեր 29 պատգամավորները, գնալով խորհրդարան, արձանագրել են, որ պատրաստ են ամեն ինչի՝ ձերբակալության, քաղաքական հետապնդումների, այլ մեթոդների։ 29 պատգամավորների անունից վստահաբար կարող ենք ասել՝ իրենց չի հաջողվելու անցկացնել ալիևյան սահմանադրությունը։
Վստահաբար՝ Փաշինյանն ու ՔՊ-ն գտնվում են մոլորության մեջ։ Եկեղեցու դեմ արշավի շրջանակում իրենք պետք է հասկանային, որ Սամվել Կարապետյանը և «Ուժեղ Հայաստանը» պատրաստ են այս ամենին։ Եվ ինչպես իրենց չհաջողվեց հակաեկեղեցական արշավի շրջանակում հաջողության հասնել, վստահաբար այս դեպքում էլ իրենց նախաձեռնությունը՝ ընդունել ալիևյան սահմանադրությունը, դատապարտված է անհաջողության»,- ասաց քաղաքական գործիչը։
«Այս իշխանությունն իրավապահներին մշտապես որպես մահակ է օգտագործել։ Բայց իրենք չեն կարողանալու կալանքը որպես պատժի միջոց կիրառելով՝ հասնել որևէ արդյունքի։ Որքան կալանավորեն, ավելի կուռ ենք լինելու։ Սամվել Կարապետյանի կալանքից հետո ավելի վճռական ենք դարձել։ Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունը գտնվում է փակուղում։ Իրենք սպառել են հնարավոր բոլոր միջոցները։
Մեր անկախությունն ու պետականությունը չեն կարող լինել առևտրի առարկա։ Մեր բոլոր 29 պատգամավորներն այս հարցում ունեն միաձայն որոշում։
Ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարությունը ոչ թե քաղաքական, այլ մեր պետականության, ընդհանուր հայրենիքի, մեր երկրի տարածքային ամբողջականության և անվտանգության օրակարգ է»,- նշեց Աբրահամյանը։
Պատգամավորի կարծիքով՝ ընդդիմադիր ուժերը կարող են տարբեր հարցերում տարակարծիք լինել, բայց հայրենիքին վերաբերող հարցերում միասնական են․
«Մենք չպետք է թույլ տանք, որ մեր երկիրն Ալիևի պահանջով սահմանադրություն փոխի։ Ադրբեջանը և Իլհամ Ալիևը չեն կարող մեր երկրի լավն ուզել։ Խաղաղությունն այլընտրանք չունի, բայց դա չի նշանակում, որ հարևան երկիրը պետք է Հայաստանին ինչ-որ բան թելադրի և խառնվի մեր ներքին գործերին։ Նոյեմբերի 9-ի նախօրեին Ալիևը փաստացի խոսեց Հայաստանի կապիտուլյացիայի մասին։ Եթե նա իրոք խաղաղություն ուզեր, նման տերմինաբանությամբ չէր խոսի»:
«Ալիևն իր գործողություններով և թեզերով ցույց է տալիս, որ Հայաստանը՝ որպես պետություն, չի ճանաչում։ Խաղաղությունը պետք է լինի առանց զիջումների։ Անկախ կուսակցական պատկանելությունից՝ բոլոր քաղաքական ուժերը և քաղաքացիները կարող են միանալ այս օրակարգին։ Մեր պետականությունը, եկեղեցին, մարդու իրավունքները, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը մեր ազգային արժեքներն են, և մեր պետությունն այս հենասյուների վրա է պահպանում մեր գոյությունը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Antranik Varosian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/14/%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%b9%d5%a5%d5%9b%d6%84-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8/