Ջրային ռեսուրսները՝ քաղաքական ազդեցության լծակ․ ի՞նչ ռիսկեր է պարունակում դու

Նոյեմբեր 14, 2026

«Մեծամորի ԱԷԿ-ից մինչև հանքավայրեր․ Բաքուն COP17-ին փորձում է Հայաստանի դեմ օրակարգ պարտադրել» վերտառությամբ հոդվածում գրել ենք, որ COP 17-ից օրեր առաջ Ադրբեջանում բարձրացրել են Հայաստանի տարածքում հանքարդյունաբերության գործունեության հնարավոր հետևանքների և տարածաշրջանի համար բնապահպանական այլ ռիսկերի հարցը:

Խոսքը, մասնավորապես, վերաբերել է Հայաստանում՝ Լոռու մարզի Ալավերդի համայնքում և Սյունիքի մարզում հանքարդյունաբերության գործունեությանը, որ իբր հանգեցնում է ստորգետնյա և անդրսահմանային ջրերի աղտոտման, ինչն էլ լուրջ ռիսկեր է պարունակում իր մեջ: Անդրսահմանային ջրերի աղտոտման օրինակ որպես՝ նշվել է Ողջի (Օխչուչայ.- Մ.Պ.) գետը, այդտեղ առաջացած բնապահպանական խնդիրները: Այս թեման, իհարկե, նորություն չէ:

2021 թվականին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին սկսել էր սպառնալ նաև Ադրբեջանը՝ բնապահպանական աղետի մեղադրանքի քողի տակ: Այդ ժամանակ կոմբինատի շուրջ զարգացումներ էր սկսել նաև Նիկոլ Փաշինյանը:

Ինչևէ, Ադրբեջանի էկոլոգիայի նախարարությունից հայտարարել էին, թե ՀՀ սահմանում գտնվող անդրսահմանային Ողջի (Օխչուչայ.- Մ.Պ.) գետը մշտապես աղտոտվում է:

Կարդացեք նաև

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՂԵԳԻԾՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸ
  • Անդրանիկ Քոչարյանի երկակի խաղը․ ինչո՞ւ է նա իրավիճակի լիցքաթափման ճանապարհ մշտապես համարում պաշտպանության նախարարի հրաժարականը
  • «Կոնկրետ իմ հողամասում Ադրբեջանը զորանոց է սարքել, այդ հողը հե՞տ են տալու. Հայաստանը հանել են աճուրդի…». Մասիս Զեյնալյան

«Գետը, որը չափազանց աղտոտված է Կապանի և Քաջարանի լեռնահանքային արդյունաբերության թափոններից, բառացիորեն արդյունաբերական թափոնների կոլեկտորի դեր է խաղում»,- շեշտել էր Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Էմին Գարաբաղլըն՝ հավելելով, որ ջուրն ուղղակիորեն գետ է թափվում առանց մաքրման, իսկ աղտոտվածության մակարդակը բազմակի անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը, գետի ջուրը համարվում է օգտագործման համար ոչ պիտանի։

Իսկ Ադրբեջանի մակերեսային ջրային ռեսուրսների մոտ 70%-ը ձևավորվում է հարևան երկրներում անդրսահմանային ջրերի հոսքի հաշվին:

Ողջի գետի աղտոտման խնդրին նույն ժամանակում անդրադարձել էր նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ասելով, թե գործ ունեն բնապահպանական աղետի հետ:

«ՀՀ-ում լեռնահանքային արդյունաբերության պատճառով Օխչուչայ (Ողջի,- Մ.Պ.) գետում արձանագրվել է ուժեղ քիմիական աղտոտում: Պատասխանատու ընկերությունները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը»,- շեշտել էր նա: Ադրբեջանն այս հարցով նույնիսկ դիմել էր միջազգային կազմակերպություններին:

Այս համատեքստում մտահոգություն է հնչեցվել նաև Ամուլսարի ոսկու հանքի շահագործման կապակցությամբ:

Բաքուն այս հարցերն ակտիվ է պահելնաև COP17-ի օրերին:

«Կենսաբազմազանության հարցերով գագաթնաժողովը ստեղծվել է էկոհամակարգերի վիճակի ազնիվ գնահատման, այլ ոչ թե ընդունող պետության իմիջը «փայլեցնելու» համար։ Եթե Հայաստանը հայտարարում է միջազգային բնապահպանական երկխոսության պատրաստակամության մասին, ապա Սևանի, Արարատյան դաշտի, Ալավերդիի, Սյունիքի, Ամուլսարի և Մեծամորի խնդիրները պետք է հնչեն ամբիոններից, և ոչ թե մնան կուլիսներում»,- գրել էին ալիևյան ռեժիմի խոսափող հանդիսացող ադրբեջանական լրատվամիջոցները:

ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի ավարտից մոտ մեկ ամիս հետո Բաքվի բարձրացրած հարցերը քննարկվում են ամենաբարձր մակարդակով:

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։

Եվ երկու երկրների ղեկավարների հանդիպմանը կարևորվել է շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցությունը և անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։ Այսինքն, Բաքուն փորձում է հասնել նաև բնապահպանական խնդիրների լուծմանը՝ նախքան խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է նմանատիպ հարցեր Հայաստանին առնչվող, այդ թվում՝ Շիկահողի հետ կապված, պաշտոնական հաղորդագրության մեջ այս մասին ոչ մի հիշատակում չկա:

Անդրսահմանային գետերի մոնիթորինգն ինքնին վտանգ չէ, բայց հարց է, թե ազդեցության ինչպիսի լծակներ կարող է ստանալ Ադրբեջանն այդ համագործակցության շրջանակում։ Արդյո՞ք Հայաստանի արդյունաբերական գործունեության նկատմամբ որևէ տեսակի վերահսկողություն կարող է ունենալ, կամ՝ ազդեցություն ՀՀ ջրային ռեսուրսների օգտագործման վրա: Արդյո՞ք Հայաստանը կարող է կանխել ջրային հարցերի վերածումը քաղաքական և բանակցային լծակի, որտեղ նաև ոչ ռազմական անվտանգային բաղադրիչ կա: Եվ, ի վերջո, Երևանը կարողանալու է ապահովել փոխադարձության սկզբունքի իրականացումը:

Ի դեպ, ադրբեջանական իշխանություններին մոտ կանգնած ռեսուրսներն արդեն սկսել են ասել, որ անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը կարևոր է «հարևան պետության տարածքում արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության և ջրավազանների վիճակի վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության առումով»:

Ավելին, նշվում է, որ եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է բարիդրացիական հարաբերություններով, ապա պետք է սկսել նաև ջրային ռեսուրսների վիճակի համար պատասխանատվությունից, որոնցից կախված է ողջ տարածաշրջանի բնապահպանական անվտանգությունը։ Արդյո՞ք սա արդեն նախապայման չի դառնում խաղաղության օրակարգի համատեքստում:

Ի դեպ, հարկ է հիշել, որ դեռ երբ Արցախը հայկական վերահսկողության տակ էր, Բաքուն մշտապես իր օրակարգում էր պահում Սարսանգի ջրամբարի հարցը: Ընդ որում, 2018 թվականի իշխանափոխությունից հետո այդ ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ադրբեջանական կողմին առաջարկել էր Արցախին ու Ադրբեջանին Սարսանգի ջրամբարի ռեսուրսները համատեղ օգտագործել, նպատակը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելն էր: Բայց Ադրբեջանը մերժել էր Արցախի՝ Սարսանգի ջրերի օգտագործման այլընտրանքային ծրագիրը, և շարունակում էր ջրամբարի հարցը բարձրացնել միջազգային կառույցներում: Թե ինչ եղավ հետո, ավելորդ է հիշեցնել:

Ավելին, ջրային ռեսուրսների թեման, ըստ էության, չի անտեսվել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ:

2023 թվականի հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ հաջորդ օրը վերջինը տեղեկացրել է, որ հրադադարի համար ադրբեջանական կողմը նախապայման ունի: Այն է՝ ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին և հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով:

«Ասացի, որ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների, և հետո, նույնիսկ, եթե ես համաձայնեմ զորքերի նահանջին, ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի ընթացքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը: Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարից ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է, այսինքն՝ ԼՂ-ն, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից Ադրբեջանի ջուր վերցնելուն»,- շարունակել է Փաշինյանը:

Այսինքն, այստեղ ևս Բաքուն համաձայն չի եղել ջրամբարի համատեղ օգտագործմանը:

Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանն այս հարցով հեռախոսազրույց չի ունեցել Իրանի առաջնորդի հետ, համենայնդեպս, պաշտոնական հաղորդագրություն չի եղել, քանի որ խոսքն Արցախի և Իրանի սահմանին էր առնչվում։ Բայց ՀՀ ղեկավարը որոշել է Ադրբեջանին ինչ-ինչ առաջարկներ փոխանցել, անունն էլ դնել՝ քաղաքական ճկունություն: Հնարավոր է՝ հենց այս պահից էլ սկսել են հարավային ուղղությամբ մեր նահանջները: Իսկ որտե՞ղ մնաց հայկական կողմի հնարավորությունը՝ Խոդաֆերինի ջրամբարից օգտվելու, գաղտնիք չէ:

Ի դեպ, 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ ևս Խոդաֆերինի ջրամբարը, ըստ էության, եղել է ադրբեջանական թիրախում, բայց նպատակներին չեն կարողացել հասնել, երբ 2016-ի փետրվարին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ջրային ռեսուրսների օգտագործման, Արազ գետի վրա «Խուդաֆերին» և «Գիզ Գալասը» հիդրոհանգույցների շինարարության ու շահագործման մասին:

Փաստաթղթի համաձայն՝ Իրանը պիտի ապահովեր հիդրոհանգույցների ու հիդրոէլեկտրակայանների շինարարության ավարտը, հիդրոհանգույցներում ու հիդրոէլեկտրակայաններում ջրային ու էներգետիկ ռեսուրսների պահպանումն ու շահագործումը մինչև Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը:

Համաձայնագրում նշվում էր, որ կողմերը պետք է օգտագործեն այդ օբյեկտները հավասար իրավունքներով, քանի որ «Խոդաֆերինը» և «Գիզ Գալասըն» գտնվում են «Ադրբեջանի օկուպացված տարածքներում»:

Պատերազմից անմիջապես հետո ոչ մեկ անգամ գրել ենք, որ Ադրբեջանն՝ անգամ ՀՀ ինքնիշխան տարածքում գործողություններ իրականացնելիս, հաշվի է առնում ջրային ռեսուրսների համար պատերազմի հանգամանքը, ըստ այդմ՝ առաջխաղացումների ժամանակ տեղավորվում է հայկական ջրային պաշարների ակունքներում, որպեսզի հետագայում այդ գալիք պատերազմում հաղթող դուրս գա: Ավելի ուշ 2022 թ. սեպտեմբերին տեղի ունեցած մարտական գործողություններում Բաքուն ևս այս կարևոր նպատակը չի անտեսել, երբ օկուպացրել է նաև Ջերմուկի բարձունքները:

2024 թ. մարտին էլ, երբ Տավուշի գյուղերի վերադարձի պահանջն էր առաջ մղվում, ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն գրում էին, որ Հայաստանը «սեփականաշնորհել է Ղազախի շրջանի ջրային ռեսուրսները»:

Դեռ 2022-ին էինք գրել, որ ադրբեջանական կողմը մի քանի նոր ճանապարհ է պատրաստվում կառուցել դեպի Ջողազի ջրամբար կամ Բերքաբերի ուղղությամբ, ավելին՝ Բերքաբերի «բերանով»:

Այսօր ժամանակ առ ժամանակ Բաքուն իր հավակնություններն է ցուցադրում Սևանի հետ կապված, քանի որ հայկական ջրային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն ունենալուց հետո էլ ջրային պաշարների խնդիր ունի:

Ի դեպ, 2014թ. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում Սևանա լճի հետ կապված՝ ակադեմիկոսներից մեկը մտահոգություն էր հայտնել, որ Ազգային ժողովը կողմ է քվեարկել նախագծին, որով նախատեսվում է ավելացնել Սևանա լճից կատարվող ջրի բացթողումների ծավալը, նկատելով, որ բաց թողնված ջուրը գնում է Ադրբեջան: Այս դիտարկմանն այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել էր, որ Սևանից մի կաթիլ ջուր անգամ Ադրբեջան չի գնում:

Կրկնում ենք՝ խնդիրն այստեղ անդրսահմանային գետերի հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը և ՀՀ շահերը չվտանգող այլընտրանքային հնարավոր առաջարկները չեն, այլ, թե որքանով ենք կարողանում կանխել Բաքվի «բնապահպանական» կամ «ջրային» հավակնությունները, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ ՀՀ անվտանգությանը և պաշտպանունակությանը:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Baghdasarian Karlen. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/14/%d5%bb%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%bc%d5%a5%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%d5%9d-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%a6%d5%a4%d5%a5%d6%81/

Leave a Reply