Փաշինյանը Թուրքիայի և Ադրբեջանի գործիքն է. Հայաստանը էլ չի լինի հայկական ազգա

Նոյեմբեր 11, 2026

168TV-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի հյուրը «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպության նախագահ, դոկտոր Ջոն Այբներն է:

– Պարոն Այբներ, մեր վերջին հարցազրույցից հետո Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակը չի կարգավորվել, ընդհակառակը, այն թևակոխել է նոր փուլ՝ ձեռք բերելով ավելի ինստիտուցիոնալ և իրավական բնույթ։ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում Ամենայն Հայոց կաթողիկոսին հեռացնելու իր օրակարգից, և այս նպատակն այժմ կառավարության ծրագրի մի մասն է։ Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ Կառավարության ղեկավարն այս նպատակը վերածում է պետական քաղաքականության։

– Ակնհայտ է, որ Կառավարությունը և վարչապետը ցանկանում են քաղաքական վերահսկողություն հաստատել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Եվ նրանք դա անում են, քանի որ հայաստանյան վարչակարգի, կառավարության բնույթը ոչ թե ժողովրդավար է, այլ՝ ավտորիտար է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են իշխանությունները փորձում վերահսկողություն հաստատել հասարակության բոլոր տարրերի, բայց հատկապես Եկեղեցու նկատմամբ, քանի որ Եկեղեցին հայ ազգի հիմնարար սյունն է։

Վարչապետը, կարծես, չի ապավինում պետական համակարգում զսպումների և հակակշիռների մեխանիզմներին: Եվ, բնականաբար, Հայ Առաքելական եկեղեցին ինչ-որ առումով զսպաշապիկ է պետության իշխանության համար։ Մենք տեսնում ենք, որ կա քաղաքական բախում։ Վարչապետին այս ուղղությամբ առաջ են մղում Ադրբեջանում և Թուրքիայում նրա խաղաղության գործընկերները, ինչպես նաև նրանք, ովքեր կանգնած են այս գործընթացի հետևում:

Կարդացեք նաև

  • Խոստովանում են՝ Պուտինի հետ հանդիպումից առաջ մարդկանց կալանավորելով՝ հող է նախապատրաստում. Մամիկոն Ասլանյան
  • Թեհրանի երկակի ուղերձը Երևանին․ ինչո՞ւ է Իրանը միաժամանակ քննադատում և «աջակցում» Փաշինյանին
  • Առաջին ամենամեծ տագնապը 2020թ. հոկտեմբերի 1-ին էր՝ Ստեփանակերտում… Թող կողմնորոշվի՝ իր հայրենիքը Թուրքիա՞ն է, Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը. Տիգրան Աբրահամյան

Նա առաջ է շարժվում, և շարժվում է եռանդով ու վճռականությամբ, որովհետև իր համար սա քաղաքական գոյաբանական հարց է։ Նա չի կարող գոյատևել, եթե չհաղթի։ Նրան սատարող բոլոր ուժերը՝ Թուրքիան, Ադրբեջանը և այլք, միջոց կգտնեն նրանից ազատվելու համար, ուստի նա չի կարողանա քաղաքականապես գոյատևել առանց վերոնշյալ ուժերի աջակցության։ Հետևաբար՝ նա վճռել է գնալ այս հարցում այնքան հեռու, որքան հնարավոր է։

– Սեպտեմբերին Փաշինյանի նախաձեռնությամբ կառավարությունը զեկույց հրապարակեց Հայ Առաքելական եկեղեցում առկա, այսպես կոչված, ճգնաժամի մասին՝ առաջարկելով հանգուցալուծման ուղիներ։ Ձեր կազմակերպությունը՝ CSI-ը, խիստ քննադատության ենթարկեց այս զեկույցը: Ո՞րն է այս զեկույցի բուն վտանգը։

– Մենք զեկույցի բովանդակությունն ընդհանրապես լուրջ չենք ընդունում, քանի որ այն լի է բամբասանքներով, ակնարկներով և չհիմնավորված մեղադրանքներով։ Այն փաստը, որ դրանք վերցված են բազմաթիվ բաց աղբյուրներից, իրականում ոչինչ չի նշանակում: Բաց աղբյուրներում այնքան շատ սուտ, չստուգված տեղեկատվություն կա։ Բացի այդ, կարծում եմ՝ դրա մեծ մասը հավանաբար տարածվել է հենց կառավարության կողմից: Այսպիսով, կառավարությունը հղում է անում ինքն իրեն, երբ պնդում է, թե հիմնվում է բաց աղբյուրների վրա՝ զեկույց կազմելիս։ Այնպես որ, սա իրականում ոչինչ չի նշանակում։

Եթե հասարակության շրջանում որևէ մեկը հանցավոր գործունեություն է ծավալում, կառավարությունը՝ պետությունը, պարտավոր է դրանով զբաղվել օրենքի սահմաններում։ Այս զեկույցում ներառված որևէ խնդիր դատարան չի հասել, մեղադրված անձանց որևէ հնարավորություն չի տրվել պատասխանելու, և պետության կողմից նրանց հարթակներ չեն տրամադրվել:

Սա ոչ այլ ինչ է, քան Եկեղեցին թուլացնելուն ուղղված ավտորիտար քայլ, որի նպատակն է պետական իշխանությունը պարտադրել հայ ազգի սրբազան ու հնագույն այդ հաստատությանը:

– Նորին Սրբություն Գարեգին Երկրորդն այժմ քրեական հետապնդման է ենթարկվում՝ կապված Գևորգ Սարոյանի գործի հետ։ Բայց ուշագրավն այն է, որ վերջերս դատարանը որոշեց, որ Կաթողիկոսը ճիշտ որոշում է կայացրել։ Այսինքն՝ մեղադրանքը փլուզվում է։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք գնահատում այս վարույթը միջազգային իրավունքի և կրոնական ազատության տեսանկյունից։

– Այս դատավարություններն, իրականում, ուղղակի անհեթեթություն են։ Պետությունը որևէ իրավունք չունի միջամտելու Եկեղեցու կանոնական իրավունքին և գործունեությանը։ Կաթողիկոսը կարգալույծ է արել քահանայի, և պետության իրավասության մեջ չէ ասել, որ, գիտեք, սա ինչ-որ կերպ անօրինական է:

Եվ այսպես դատական գործն անգամ փլուզվում է։ Թվում է՝ նույնիսկ Հայաստանում, որտեղ կառավարությունը չափազանց մեծ իշխանություն ունի դատական համակարգի նկատմամբ, և դատական համակարգը մեծ ուշադրություն է դարձնում կառավարության հրահանգներին, այս մեղադրանքը սկսում է փլվել։ Դատավորներն ինքնաբացարկ են հայտնում, նրանք չեն ցանկանում նախագահել այս դատավարությունը: Եվ մենք տեսնում ենք այս իրավական գործողության փլուզման սկիզբը։

Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ պետությունը շարունակելու է այս գործելաոճը, քանի որ դատավճիռ ստանալը կամ չստանալն ամենակարևորը չէ։ Նպատակն է Եկեղեցուն կաշկանդել դատական գործընթացներով՝ եկեղեցուն պահելով մշտապես պաշտպանվողի դերում։ Այնպես որ, այն, ինչ հիմա տեսնում եք Հայաստանում՝ ուղղված Եկեղեցու դեմ, մի երևույթ է, որն ԱՄՆ-ում ունի իր անվանումը՝ «իրավական պատերազմ»՝ օրենքի կիրառումը՝ որպես զենք: Դուք պարզապես օգտագործում եք օրենքը ձեր հակառակորդների դեմ, և մեծ հաշվով նշանակություն չունի՝ դատավճիռ կստանա՞ք, թե՞ ոչ, որովհետև կլանում եք նրանց ողջ էներգիան՝ պաշտպանվելու վրա։ Նրանց ֆինանսական ռեսուրսներն ու ողջ էներգիան ծախսվում են նման պաշտպանության վրա, և մենք այս պրակտիկան այժմ տեսնում ենք Հայաստանում

– Ինչպես ճիշտ նշեցիք, մենք չենք կարող բացառել, որ նրանք կարող են փորձել այնուամենայնիվ շարունակել այս գործելակերպը։ Եթե այս վարույթները շարունակվեն, և Ամենայն Հայոց կաթողիկոսը բանտարկության իրական վտանգի առաջ կանգնի, ի՞նչ իրավական և միջազգային հետևանքներ կարող են ունենալ նման զարգացումները։

– Դա կախված է նրանից, թե ինչի համար նրան կդատապարտեն։ Բայց հիմնվելով այն մեղադրանքների վրա, որոնք կառավարությունն առաջ է քաշում նրա դեմ, դրա համար որևէ հիմք չկա։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ կառավարությունը դա չի անի: Դա կարող է հակասել բոլոր միջազգային մարդու իրավունքներին ու կրոնական ազատության նորմերին և փաստացի հակասել հայկական պետության սահմանադրությանը, բայց հզոր պետությունները դա անում են։

Եվ հարցն այն է, թե ինչպիսի արձագանք կլինի։ Սա քաղաքական հարց է, ոչ թե իրավական։ Մենք գիտենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան են հրահրում այս ամենը։ Նրանց ԶԼՄ-ները, պետական գործիչները խոսում են Կաթողիկոսի դեմ։ Նրանք նրան մեղադրում են խաղաղությանը խոչընդոտելու, բնականոն հարաբերություններին խոչընդոտելու մեջ, նրանք հրապարակայնորեն պահանջում են նրա հեռացումը: Այսպիսով, մենք գիտենք, որ այս գործընթացին ծափահարում և փաստացի սատարում են Ադրբեջանն ու Թուրքիան։

Եվ հարցն այն է՝ միջազգային հանրության մյուս հատվածը կմտահոգվի՞ այս ամենով: Արդյո՞ք եվրոպացիները կմտահոգվեն։ Ամերիկացինե՞րը։ Եվ առայժմ մենք շատ քիչ նշաններ ենք տեսնում, որ արևմտյան կառավարությունները պատրաստ են լուրջ միջամտելու, բացառությամբ մի փոքրիկ բացառության։ Այստեղ մի փոքր հույսի շող կա, այն է՝ եպիսկոպոսներն ապօրինի բանտարկվել էին այս գործընթացի սկզբում, նրանք այլևս բանտում չեն. նրանք տնային կալանքի տակ են, նրանց արգելված է ճանապարհորդել։ Նրանք ապրում են տարբեր սահմանափակումների պայմաններում։

Շատ հավանական է, որ հատկապես Միացյալ Նահանգները փորձել է խրախուսել Փաշինյանի կառավարությանը՝ հետ կանգնել այս դաժան միջոցներից, կկարողանան ճնշում գործադրել Եկեղեցու նկատմամբ՝ առանց եպիսկոպոսներին խիստ ռեժիմի բանտեր ուղարկելու: Հայաստանում ես այցելել եմ արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանին բանտում։ Դա իսկապես սարսափելի էր, դրանք այնպիսի բանտեր էին, որտեղ խորհրդային տարիներին՝ 1930-ականներին, մահապատժի էին ենթարկում հայ եպիսկոպոսներին։ Այսպիսով, կա նշան, որ իշխանությունները հետքայլ են անում, բայց դա, կարծես թե, մեծամասամբ կոսմետիկ բնույթ է կրում։ Նրանք չափազանց շատ դժվարությունների են բախվում, երբ եպիսկոպոսներին, արքեպիսկոպոսներին և քահանաներին իրականում դնում են խիստ ռեժիմով բանտերի ճաղերի հետևում:

– Ինչո՞ւ ենք տեսնում այսքան թույլ միջազգային արձագանք Հայաստանում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ։

– Կարծում եմ՝ պատասխանը բավականին պարզ է. մարդու իրավունքներն ու կրոնական ազատությունն այսօր շատ ավելի ցածր առաջնահերթություն են, քան ժամանակին Արևմուտքի արտաքին քաղաքականության մեջ։ Վերջերս կարդացի, և իրականում այն նոր է հրապարակվել, նախագահ Ռեյգանի և Գորբաչովի՝ Ռեյկյավիկում կայացած զրույցի շատ հիանալի մի սղագրություն: Եվ այն հիանալի էր, քանի որ հենց սկզբում՝ Ռեյգանի երկխոսության ամենաառաջին պահին, նա բարձրացնում էր մարդու իրավունքների հարցը։ Նա նշում էր, որ ամերիկյան ժողովուրդը կհամաձայնի ինչ-որ կարգավորման կամ Սառը պատերազմի ավարտի միայն այն դեպքում, եթե բարելավում լինի մարդու իրավունքների իրավիճակում: Նա դա դրել էր օրակարգի ամենավերևում, ոչ թե օրակարգի հատակում, որպեսզի ցածր մակարդակի պաշտոնյաները քննարկումներ վարեն դրա շուրջ:

Այսօր սա, կարծես թե, պակասում է։ Եվ սա է հիմնարար խնդիրը, ամերիկյան քաղաքական մշակույթն ընդհանրապես այնպես չի գնահատում մարդու իրավունքներն ու կրոնական ազատությունը, ինչպես ժամանակին էր գնահատում: Սա շատ լուրջ խնդիր է, որը բացասաբար կանդրադառնա արևմտյան երկրների՝ նաև եվրոպացիների վրա:

– Եվրոպացիները ևս նույն դիրքավորումն ունեն։

– Իհարկե, բայց Միացյալ Նահանգներն է եղել այս գործընթացի առաջնորդը: Հենց Միացյալ Նահանգներն է, որ իրականում մարդու իրավունքները դրեց եվրոպական երկրների օրակարգում: Եվ մարդու իրավունքների ու կրոնական ազատության ավանդույթը, բնականաբար, շատ ավելի թույլ է Եվրոպայում, քան Միացյալ Նահանգներում, որտեղ այն վաղեմի ավանդույթ ունի: Եվրոպայում դա մեծ մասամբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծագած երևույթ էր Արևմտյան Եվրոպայում, իսկ Սառը պատերազմի ավարտից հետո՝ Վարշավյան պայմանագրի նախկին պետություններում։ Եվ մենք տեսնում ենք, որ մեծ պայքար ու մեծ դժվարություններ կան այս սկզբունքները հետխորհրդային պետությունների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի նկատմամբ կիրառելիս: Նույնիսկ Բալթյան երկրներն ունեն կրոնական ազատության հետ կապված որոշ լուրջ խնդիրներ։

– Կարող ենք ասել, որ այս ժամանակահատվածում չպետք է արձագանք ակնկալել միջազգային հանրությունից:

– Մենք կարող ենք խրախուսել նրանց դա անել: Պարզապես ներկայումս պայմանները հարմար չեն այնպիսի միջամտությունների համար, ինչպիսիք նախագահ Ռեյգանն ու Միացյալ Նահանգներն արեցին Հելսինկյան գործընթացի ժամանակ, այնուհետև այն բանակցությունների ընթացքում, որոնք հանգեցրեցին Սառը պատերազմի ավարտին։ Նայեք ԵԱՀԿ-ին, որը ժամանակին եվրոպական անվտանգության հենասյունն էր, շրջանակը՝ ներառյալ մարդու իրավունքները, իսկ այսօր այն հազիվ է գործում։ Սա մի բան է, որի վրա պետք է աշխատենք և որով պետք է զբաղվենք: Եվ մենք դա անում ենք Վաշինգտոնում, Բրյուսելում և լայն հանրության հետ:

Բայց սա միայն արտաքին ուժերի խնդիրը չէ։ Հայերը պետք է կատարեն գործի իրենց մասը։ Նրանք պետք է հոգ տանեն սրա մասին։ Եթե հայ ազգը բավարար չափով չի մտահոգվում սրանով, ապա դրսից հնարավոր չէ շատ բան անել։

Բայց այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, հայ ազգի դիմագծի շուրջ մղվող պայքարի մի տեսակ է: Վարչապետի «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը հետևյալն է՝ Հայաստանը պետությունն է, և վերջ։ Հայաստանը պետությունն է այն սահմաններում, որոնց նա համաձայնել է, և այն ամենը, ինչ ավանդաբար կոչվում էր հայ ազգ, քաղաքականապես անկարևոր է։ Եվ այսպիսով, անկարևոր է դառնում ոչ միայն Սփյուռքը՝ Հայաստանից դուրս ապրող շատ ավելի շատ հայերը, այլև Եկեղեցին, որը հայ ազգի մի մասն է և որը մարգինալացվում է «իրական Հայաստանի» այս գաղափարախոսությամբ։ Առկա են տոտալիտար կամ ավտորիտար, տոտալիտար գաղափարախոսության բոլոր հատկանիշները, որտեղ պետությունը վերահսկում է ամեն ինչ։

– Պարոն Այբներ, այս գաղափարախոսության հաջորդ քայլը սահմանադրության փոփոխությունն է, որն իշխանությունները ցանկանում են իրականացնել, ինչն Ադրբեջանի և Թուրքիայի հերթական պահանջն է։

– Սրանք Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներն են, քանի որ նրանք ակնկալում են, որ Հայաստանը կստորագրի կապիտուլյացիոն պայմանագիր։ Այն պայմանագիրը, որը բոլորն անվանում են խաղաղության պայմանագիր, իրականում կապիտուլյացիոն պայմանագիր է։ Նրանք կարծում են, որ Հայաստանը պարտվել է պատերազմում, ուստի կարող են Հայաստանին թելադրել իրենց ցանկացած պայման, և ակնկալում են, որ Հայաստանը կստորագրի։

Այսպիսով, Սահմանադրության փոփոխության պահանջը գալիս է Ադրբեջանից և Թուրքիայից։ Սա ավելի քան ակնհայտ է. ակունքներն այնտեղ են, այլ ոչ թե բուն Հայաստանում։ ՀՀ իշխանությունները պարզապես Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկությունների փոխանցման գործիքն են։

Մենք տեսնում ենք այս ձեռագիրը Սահմանադրությունը փոխելու պահանջի և այն փոփոխությունների մեջ, որոնք արդեն հայտնի են հանրությանը։ Դրանց մի մասը հանրային է, մի մասը՝ ոչ, բայց հայտնի հատվածն ամբողջովին տեղավորվում է «իրական Հայաստանի» հայեցակարգի մեջ։ Նպատակն է հանրային կյանքից ու պետական գործընթացներից դուրս մղել ազգի մյուս հատվածին համահայկական գործոնը՝ ամեն ինչ կենտրոնացնելով պետական ապարատի ձեռքում։

– Մենք տեսնում ենք Ադրբեջանի նախապայմանների ցանկը, սակայն ՀՀ իշխանությունները պնդում են, որ սահմանադրության փոփոխությունից հետո նրանք Ադրբեջանից երաշխիքներ կբերեն, որ Ադրբեջանն այլ պահանջներ չի առաջադրի։ Արդյո՞ք Ադրբեջանը կանգ կառնի:

– Չեմ կարծում, որ նրանք կկանգնեն: Նկատի ունեմ՝ ավելի քան հստակ է, թե ինչ է ասում նախագահ Ալիևը «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ ադրբեջանական տեղանուններ տալով նույնիսկ Երևանին, որտեղ դուք այսօր նստած եք, ինչպես նաև նրա խոսույթը՝ ադրբեջանցիների «վերադարձի» մասին։ Այս օրակարգը ձևակերպված է շատ, շատ հստակ ու բազմիցս։ Ուստի որևէ հիմք չկա կարծելու, թե Հայաստանի կառավարության կողմից զրոյական դիմադրության և միջազգային հանրության աջակցության բացակայության (կամ անտարբերության) պայմաններում նա կկանգնի Սահմանադրության փոփոխության հարցի վրա։ Այո՛, նրան կանգնեցնող որևէ բան չկա։

– Եվ այժմ նույնիսկ Ադրբեջանը և Փաշազադեն խոսում են, այսպես կոչված, «Երևանի ղազիաթի» մասին, նրանք զարգացնում են այս հռետորաբանությունը։

– Նրանք զարգացնում են այս խոսույթը՝ նպատակ ունենալով ադրբեջանցիների մասսայական ներգաղթ (վերաբնակեցում) կազմակերպել դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, կամ, ինչպես իրենք են անվանում, «Արևմտյան Ադրբեջան»։ Դա՛ է ծրագիրը, դա՛ է նրանց պատկերացումը։ Եվ եթե Հայաստանը չհամաձայնի դրա հետ, նրանք մարդու իրավունքների վերաբերյալ ամենատարբեր առարկություններն ու մեղադրանքներն են առաջ քաշելու։

– Ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե ընդունվեն այս բոլոր պահանջները, և ներկայիս միտումը շարունակվի:

– Դե, ժամանակի ընթացքում Հայաստանը կդադարի լինել հայկական ազգային պետություն: Դուք կարող եք ունենալ ձեր սահմանները, ձեր, այսպես կոչված, «իրական Հայաստանը»: Բայց հարցն այն է, թե ի՞նչ կա այդ պետության ներսում: Եվ հաջորդ քայլը լինելու է, և նրանք արդեն ակնարկել են սրա մասին, ոչ միայն ապրանքների, այլև մարդկանց ազատությունը, տեղաշարժի ազատությունը:

Եվ ահա հարցը. արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը պետք է գլոբալիզացվի: Աշխարհի այդ հատվածում դա նշանակում է լիովին ինտեգրվել թյուրքաիսլամական միջավայրին՝ քաղաքական միջավայրին, թե՞ այն կմնա հայկական ազգային պետություն: Սա է հիմնարար հարցը: Եվ գոյություն ունենալ որպես բաստիոն, որպես պաշտպանություն մի ազգի համար, որը վերապրել է ցեղասպանություն, բնաջնջվել է Թուրքիայում և դարեր շարունակ գտնվել է ճնշման տակ… Հայաստանը կանգնած է այդ անցյալին վերադառնալու հեռանկարի առաջ, եթե չլինի հայկական ազգային պետություն, որն ի վիճակի է կամ ցանկություն ունի պաշտպանելու իր ազգային շահը:

– Պարոն Այբներ, վերջին զարգացումներից մեկն այն է, որ իշխանությունները Սամվել Կարապետյանի տնային կալանքը փոխարինեցին բանտային կալանքով։ Եվ սահմանադրության փոփոխությունների այս գործընթացում ընդդիմությունը փորձում է միավորվել։ Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը:

– Դե, ես մասնակից չեմ այդ քննարկումներին, որոնք տեղի են ունենում ընդդիմության առաջնորդների միջև, և իրականում չգիտեմ, թե ինչ մտադրություններ նրանք ունեն: Բայց ակնհայտ է, որ երբ Դուք բախվում եք տոտալիտար հակումներ ունեցող վարչակարգի հետ, ինչը մենք տեսնում ենք թե Եկեղեցու, թե ընդդիմության քաղաքական հետապնդումների դեպքում, վարչակարգի բնազդները պարզ են։ Ակնհայտ է նաև, որ որքան միասնական է ընդդիմությունը, այնքան լավ նրանք կարող են դիմակայել այդ միտումներին:

Բայց արդյո՞ք նրանք կմիավորվեն, և ի՞նչ չափով, ես իրականում կդժվարանամ ասել: Առայժմ նրանք շատ միասնական պատկեր չեն ձևավորել: Որոշ թևեր միավորվում են, որոշները՝ մնում լուսանցքում, հետևաբար՝ մենք ունենք մասնատված ընդդիմություն։ Ես որևէ կուսակցական-քաղաքական շահագրգռվածություն չունեմ։ Ինձ համար էական չէ, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կլինի իշխանությա՞ն, թե՞ որևէ այլ կուսակցություն: Ինձ հետաքրքրում է, որ Հայաստանում լինի մի կառավարություն, որը պաշտպանում է ազգը, ազգային շահը, ներառյալ Առաքելական եկեղեցու և այլ համայնքների իրավունքները։ Բայց ներկայումս հենց այդ Եկեղեցին է վտանգված, քանի որ այն ուժեղ է ու հզոր և կարող է խոչընդոտ հանդիսանալ կառավարության օրակարգի ճանապարհին։

– Հայաստանում ստեղծված իրավիճակն ինչպե՞ս է ազդում Հայաստանի միջազգային հեղինակության վրա:

– Մարդիկ, ովքեր տեղյակ են կատարվողից, մտահոգված են մարդու իրավունքների ու կրոնական ազատության իրավիճակով, նրանք տպավորված չեն այս ամենով: Սա վնասում է Հայաստանի՝ ժողովրդավարական երկրի համբավին, մի երկրի, որտեղ կա օրենքի գերակայություն, և որը ցանկանում է հետևել արևմտյան չափանիշներին, ինչպես հուշում է Եվրոպական միությանը միանալու ՀՀ իշխանությունների ցանկությունը։

Բայց ինչպես ակնարկեցի ավելի վաղ, Արևմուտքում շատերն իրականում շատ չեն մտահոգվում այս ամենով: Ինչո՞ւ, խնդիրը փողն է։ Նրանք կարող են փող աշխատել Հայաստանից, կարող են գումար աշխատել տրանսպորտային միջանցքից։ Կարևորն այն է՝ արդյո՞ք Հայաստանն օգտակար է լինելու նրանց համար, երբ նրանք շարունակաբար հակամարտության մեջ են Ռուսաստանի և Իրանի հետ: Այսպիսով, սրանք են այն հարցերը, որոնք Արևմուտքում շատերին հետաքրքրում են, նրանց մարդու իրավունքների և կրոնական ազատության հարցը քիչ է հուզում։

Ցավոք, այսօր իրավիճակն այսպիսին է, և ես կխրախուսեմ արևմտյան առաջնորդներին հետ նայել նախագահ Ռեյգանի և նրա նախորդ՝ Ջիմի Քարտերի ժամանակներին, ովքեր մարդու իրավունքներն ու կրոնական ազատությունը կարևորում էին՝ որպես ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներ: Եվ նրանք լրջորեն էին տրամադրված այդ իրավունքները առաջ մղելու հարցում հատկապես այն երկրներում, որոնց հետ Միացյալ Նահանգներն ուներ լավ հարաբերություններ։ Կան որոշ երկրներ, որոնք պատրաստ չեն ականջալուր լինելու Միացյալ Նահանգներին. Միացյալ Նահանգներն այնտեղ որևէ լծակ չունի։ Բայց այսօր Հայաստանի պարագայում իրավիճակը բոլորովին այլ է: Հայաստանն Արևմուտքի կարիքն ունի։

– Պարոն Այբներ, Հայաստանը կարո՞ղ է Եվրոպական միության մաս դառնալ՝ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ բոլոր ընդդիմադիր առաջնորդների կալանավորումը և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը։ Ինչպե՞ս եք տեսնում այս հարցը:

– Դե, եթե Եվրոպան հավատարիմ մնա իր սեփական չափանիշներին, ապա Հայաստանը չի համապատասխանի չափանիշներին, քանի դեռ շարունակում է գործել այն ճանապարհով, որով գործում է՝ ընդդիմադիր գործիչների ձերբակալություններով, Եկեղեցու դեմ ուղղված հակաիրավական գործողություններով և բացահայտ հակաժողովրդավարական ընթացքով։

Բայց բուն հարցն այն է, թե որոնք են Եվրոպական միության իրական նորմերն ու սկզբունքները, երբ հենց եվրոպան ինքն է վտանգված, երբ եվրոպան ինքն է զիջում իր սեփական դեմոկրատական արժեքները: Եվ երբ Հայաստանում քննարկումներ են գնում ԵՄ-ին միանալու մասին, իրականում այնքան էլ պարզ չէ, թե ինչի՞ն եք Դուք միանալու։ Եվ կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռևս պետք է լուծվեն ԵՄ-ի վերաբերյալ, և թե ինչ չափով է այն պաշտպանելու մարդու իրավունքների և կրոնական ազատության իր սեփական սկզբունքները։ Եվ մենք այս օրերին ԵՄ-ի ներսում տեսնում ենք շատ բացասական միտումներ։ Այսպիսին է իրավիճակը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/11/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%87-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply