Նոյեմբեր 8, 2026
168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի զրուցակիցն արգենտինաբնակ դուդուկահար Գագիկ Գասպարյանն է։ Նրա գործունեության առանցքում օտարների շրջանում հայկական մշակույթը հանրահռչակելը, տարածելն է՝ դուդուկի միջոցով։
Գագիկ Գասպարյանի դուդուկի կատարումները հնչում են նաև լատինաամերիկյան, կանադական և եվրոպական մի շարք ֆիլմերում։
– Երաժշտությամբ սկսել եք զբաղվել դեռևս 15 տարեկանից և առաջին երաժշտական գործիքը, որին տիրապետել եք, եղել է կլառնետը։ Այնուհետև սովորել եք դուդուկ, շվի, բլուլ և այլն։ Ինչո՞վ էր պայմանավորված այդքան երաժշտական գործիքի տիրապետելու ցանկությունը։
– Փոքր տարիքից, ոչ այնքան գիտակից, երբ սիրահարվում ես մեկ գործիքի, ուղղակի սիրով ես այն ընդունում։ Հետո, մեծ տարիքում, արդեն որ սկսում ես ինքնության ճաապարհը կամ զգացմունքն ապրել, որ դու հայ ես, արդեն սկսում ես մոտենալ հայկական գործիքներին։ Կլառնետից հետո եղավ դուդուկը։
Երբ փոքր էի՝ տեսնում էի, որ Ջիվան Գասպարյանը գեղեցիկ հագնված ելույթ էր ունենում հեռուստատեսությամբ, հպարտանում էի։ Հիշում եմ, որ ծնողներս կամ տատս ու պապս հարցնում էին, թե դու ի՞նչ ես հասկանում։ Երաժշտությունը հասնում էր սրտիս, ինչ-որ բան էր հետս կատարվում։
– Հետաքրքիր է, որ կլառնետը ձեռք եք բերել մեծ դժվարությամբ․ հայրիկն է «պեղել»։ Հիշո՞ւմ եք այդ օրը։
– Նախ հայրիկս չէր հավատում, որ ես երաժշտական ընդունակություններ ունեմ։ Առաջին անգամ որ եկա տուն և ասացի, որ ուզում եմ կլառնետ նվագել սովորել, ասաց՝ քո բանը չէ, դու սպորտով ես զբաղվում: Միանգամից հիասթափեցրեց։ Հիշում եմ, որ մայրս հարցրեց, թե ինչո՞ւ այդպես ասացիր, պետք է քաջալերես։ Հաջորդ օրն հայրս ասաց, որ գնում ենք ուսուցչի մոտ՝ ուրախացա։ Գնացինք։ Դե գործիք է պետք, բայց չկա։ Սուղ ժամանակներ են, բոլորս հիշում ենք։ Ուսուցիչն ասաց, որ կտա իրենը, բայց կարճ ժամանակում պետք է ինձ գործիք առնեն։ Մի օր գիշերով հայրս եկավ՝ գործիքը ձեռքին։ Այնքան էի ուրախացել, որ մինչև առավոտ չքնեցի։ Գիշեր ու ցերեկ նվագում էի՝ գործիքը ձեռքիցս չէին կարողանում վերցնել։
– Ազգային երաժշտական գործիքների նվագախմբի դիրիժորի որակավորում եք ստացել։
– Այո, բայց դիրիժորությունն իմ մասնագիտությունը չէր, ուղղակի ուզում էի նվագել։
– Երբևէ չե՞ք մտածել սեփական նվագախումբ ունենալու մասին։
– Այնպես չէ, որ չեմ մտածել, բայց երբ դրսում ես ապրում, արդեն նվագախմբի մասին մտածելը երկրորդական է դառնում, երբ տեսնում ես, որ քո ազգին չեն ճանաչում, միայն Ցեղասպանության մասին գիտեն։ Ու երբ սկսում ես արժեք տալ քո պատկանելիությանը, ինքնությանը, ափսոսանք ես ապրում ու այդտեղ երաժշտությունը մի կողմ է մնում և սկսում ես գիտակցությունը կապել մշակույթի հետ, ու մտածում ես, թե ինչպե՞ս մատուցես, ինչպե՞ս օտարներին ներգրավես այս աշխարհի մեջ, որ կարողանաս պատմել քո մասին։ Մտածել եմ նվագախումբ ունենալու մասին, բայց այն, ինչ անում եմ՝ չի մտնում այդ ֆորմատի մեջ։
Եթե դուդուկը միջազգային երաժշտությամբ ես նաև ներկայացնում, ոնց որ հայը, որը գնում է այլ երկիր, սկզբում այդ երկրի լեզուն պետք է սովորի, որ իր մասին պատմի և շփվի։ Հիմա դուդուկը հայ է․ դուդուկն էլ պետք է այդ երկրի երաժշտությունը նվագի, որ իրենց տուն մտնի, հետո հայկականը հնչեցնի և ասի՝ սա էլ ես եմ։ Ինձ հետ նվագողների 98 տոկոսը հայ չէ։
– Ձեր աշակերտների մեծամասնությունն էլ հայ չէ․ ինչո՞վ է նրանց գրավում դուդուկը։
– Գրավում է դուդուկի ձայնը։ Այն համարվում է մարդկային ձայնի ամենամոտիկ գործիքը։ Այն անցյալի և ապագայի կամուրջն է։ Դուդուկի ձայնն անցյալի ձայնն է։ Ինչո՞ւ պատմական կինոներում ընդգրկեցին դուդուկը․ որովհետև դրանով մարմնավորվեց այդ անցյալը, չէ՞ որ ձայնը հիշողություն է։ Երբ դուդուկի ձայնն ենք լսում՝ ասում ենք 2500 տարի, բայց ինձ մեր պատմաբաններից մեկը մի փաստ էր ուղարկել, որ 5000 տարեկան է։ Հենց սա է, որ աշխարհին հետաքրքրում է։ Միակ գործիքներից է հին աշխարհի, որ կենդանի է մնացել, ոովհետև գիտենք՝ հին գործիքներ կան, որոնք թանգարաններում են, որովհետև զարգացում չեն ապրել։
– Դուդուկը Ձեր շնորհիվ և Ձեր կատարմամբ հնչել է արգենտինական ֆիլմերում։ Որքանո՞վ էր արգենտինացիների համար հասկանալի և ընկալելի դուդուկի թախծոտ և խորը մեղեդին։
– Ընդհանրապես երաժշտության մեջ տխրություն չկա, հիշողություն կա, իսկ հիշողության մեջ և՛ տխրություն կա և՛ ուրախություն։ Մի բան, որն էլ չկա՝ դու հիշելու ես։ Լավ օրերդ ես հիշելու՝ մանկությունդ, որն ուրախություն է, բայց վերջում տխրություն է, որ էլ չկա։ Հիմա մի երաժշտություն, որ կարող է քեզ հիշեցնել անցյալդ տխուր է, բայց դուդուկը տխուր գործիք չէ։ 30 տարի է՝ դրսում եմ ապրում, երբեք չլսեցի, որ ինձ ասեն՝ ինչ տխուր գործիք է։ Ասում են՝ ինչ միստիկ գործիք է։ Քեզ կապում է Տիեզերքի հետ։ Ի՜նչ խորը զգացմունք ունի այս ձայնը, որ հասնում է սրտիդ։ Ամեն գործիք ու երաժշտություն չէ, որ կարող է սրտիդ հասնել, որ հուզվես։
Ընտրեցի դուդուկն ու զարգացրեցի, որ այդ գործիքով պատմեմ իմ մասին։ Ոչ անձիս, այլ հայրենիքիս, ժողովրդի և մեր անցյալի մասին, որ ճանաչեն, թե ով է հայը։ Ու այդպես սկսեցին հրավիրել հեռուստաընկերությունները՝ հասկանալու, թե այս հայն ի՞նչ նորություն է բերել․ ամենահին երաժշտական գործիքն է, բայց ամենանորն է։
– Տեսեք, դուդուկն անգամ արգենտինական ֆիլմերում է հնչում, բայց որ գանք Հայաստան՝ շատ հազվադեպ է հնչում։ Եթե թաղման արարողություն է՝ շատ ժամանակ գուցե այդ դեպքում հնչի։ Այսինքն, մեր ազգային գործիքն է, բայց չենք կարողանում հավուր պատշաճի ներկայացնել։
– Երբեմն ասում եմ՝ մենք մի ժողովուրդ ենք, որ գետի կողքը նստած՝ ծարավ մեռնում ենք, ու չենք տեսնում գետը։ Պետք է խոսես քո մասին, ոչ թե ուրիշից պահանջես։ Սկսի՛ր, քեզ տվել են այդ հնարավորությունը։ Ես դա արեցի։
– Մենք հանգիստ նստում ենք, փոխարենը՝ ոչ բարեկամ, բայց հարևան երկրները յուրացնում են․իրենց ֆիլմերում պարբերաբար հնչում է դուդուկը։
– Մեր հարևան պետությունների սերիալները, որ Հարավային Ամերիկայում ցուցադրվում են, տեսնում ես այդ տեսարժան վայրերը, երաժշտությունը․․․ Այս մեծ մայրցամաքը ճանաչեց իրենց։ Ես այդտեղից էլ շատ բան սովորեցի։ Մենք՝ ինքներս, հեռացել ենք մեր արմատներից ու բողոքում ենք, որ կա՛մ մենք լավ չենք, կա՛մ մերը լավ չենք ճանաչում, կա՛մ ինչո՞ւ գողացան։ Եթե դու դա չես գործածում, եթե ամենօրյա կապը կտրել ես, բա ի՞նչ պետք է լինի, մեկը պետք է վերցնի։
Մենք Կոմիտասով հպարտանում ենք, մեծարում, բայց, եթե Կոմիտասին նվիրված երեկո կազմակերպես, օրինակ, սփյուռքում, քանի՞ հայ է գալու։
Նրա աստվածային երաժշտությունը հիշեցնում է, որ դու հայ ես։ Եթե հեռանում ես դրանից՝ կորցնում ես հիշողությունդ։ Կորցրեցիր հիշողությունդ՝ կողքիդ հայի հետ կապը ո՞նց է լինելու։ Չի ստացվելու այդ կապը։
– Արգենտինահայերը որքանո՞վ են կապված հայկական մշակույթին։ Ընդհանրապես հայոց լեզվին տիրապետո՞ւմ են։
– Արգենտինահայերը Ցեղասպանությունից փրկված հայերն են։ Նրանք կառուցել են դպրոցներ, եկեղեցիներ։ Առաջին, երկրորդ սերունդներն ամեն ինչ արեցին, որ հայկականությունը մնա։ Հիմա արդեն 4-րդ, 5-րդ սերունդ կա, և նրանք արդեն արգենտինացի են, հիշողությունով են հայ ու գնալով ձուլվում են։ Երեխաները հայերեն չեն խոսում։ Իսկ հայկական դպրոցն անունով է հայկական։ Պատկանում է համայնքին, բայց պետական դպրոց է։ Պետական դասերից հետո ցանկացող աշակերտները մնում են, որ հայերենի դաս անեն։ Դպրոցը միայն հայերի համար չէ, տեղացիներն էլ են գալիս սովորելու, որովհետև պետական է։ Բայց կառավարում է հայ համայնքը։ Այնպիսին է, ինչպես կիրակնօրյա դպրոցները՝ մյուս երկրներում։
– Դուք ներկայացնում եք նաև եվրոպական երաժշտություն։ Դուդո՞ւկն է դառնում եվրոպական, թե՞ հայկական շունչ է ստանում այդ երաժշտությունը։
– Նվագում եմ եվրոպական երաժշտություն, բայց այստեղ 20 տոկոսն է եվրոպական, 80 տոկոսը հայկական է։ Եթե այդ երկրում ես ապրում, նրան չես ներգրավում քո աշխարհ և դու չես ներգրավվում իրենց աշխարհ․․․ առաջինը դու իրենց աշխարհում պետք է լինես, որովհետև մենակ ես, բոլորը օտար են։ Դրա համար պետք է համոզես։ Դժվար է, բայց անկարելի չէ։ Շատ բծախնդիր պետք է լինես, որ եվրոպական երաժշտությունը դուդուկով ճիշտ հնչի, իրենց ֆորմատով հնչի, որ իրենց համոզի և հասկանան, ավելի շատ մոտենան այդ գործիքին։
Հետաքրքիր է նաև հայերի համար՝ այդ տխուր տեղից այդ գործիքին հանելու համար։ Չկա՛ դուդուկի երաժշտություն, կա հայկական երաժշտություն։ Ես չգիտեմ՝ ինչո՞ւ են ասում դուդուկի երաժշտություն։ «Դլե յամանը» դուդուկի երաժշտությո՞ւն է, չէ՞ որ երգում են։ «Կռունկը» դուդուկի՞ երաժշտություն է։ Դուդուկով հայկականացվում է, ավելի է հասնում մեր սրտին, որովհետև այս հողի գործիքն է։ Ջութակով «Կռունկ» նվագելը շատ լավ է, բայց երբ դուդուկով ես նվագում՝ հայոց լեռներն աչքիդ առջև են գալիս։ Ես այսօր լսում էի «Ազգ իմ փառապանծը»․ ուզում եմ ամբողջ հայկական դասական երգերը որ լսել ենք մեր մեծերից՝ դուդուկով ներկայացնել։ Դուդուկը երգ է ՝ առանց բառերի։
– Ջիվան Գասպարյանը, ձեզ նման, շրջում էր ամբողջ աշխարհում՝ ներկայացնելով հայկական երաժշտությունը։ Իր հետ պարբերաբար հանդիպել եք․ ի՞նչ էիք խոսում, քննարկում։
– Ջիվան Գասպարյանի հետ շփվելով ուղղակի հպարտություն էի ապրում ու կարոտ էի նաև ապրում, որովհետև Ջիվան Գասպարյանի դուդուկի մեջ Հայաստանն էր։ Ինչպես զգացմուքնով երգում էր, այնպես էլ նվագում էր։
Ուղղակի չէի հավատում, որ իրեն մոտիկից տեսնում եմ։ Խոսում էինք ամեն ինչից։
– Ո՞րն է այն կետը, որին հասնելիս կասեք՝ իմ առաքելությունը կատարված է։
– Որտեղ որ լինես՝ մտածես, որ հայ ես, եթե լավ բան անես՝ քեզնով կճանաչեն քո ժողովրդին, իսկ եթե վատ արեցիր՝ քեզնով կարծիք կկազմեն քո ժողովրդի մասին։ Օտարը հայի հետ շփվելով՝ պետք է լավ կարծիք ունենա։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Andranik Taslakhchian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/08/%d5%af%d5%b8%d5%b4%d5%ab%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6-%d5%b8%d5%9e%d5%be-%d5%a7-%d5%ac%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a3%d5%a5%d5%bf%d5%ab-%d5%af%d5%b8%d5%b2%d6%84%d5%ab%d5%b6-%d5%b6%d5%bd%d5%bf%d5%a1/