«Մեզ «ագրեսիվ» մարքետինգային քաղաքականություն է պետք բոլոր ուղղություններով,

Նոյեմբեր 8, 2026

Հայաստանում զբոսաշրջային ակտիվ սեզոն է համարվում ոչ միայն ամռան երեք ամիսները, այլև սեպտեմբերն ու հոկտեմբերը։ Երկար տարիներ առաջ հոկտեմբերին զբոսաշրջային ակտիվ սեզոնն ավարտվում էր, սակայն հիմա սեզոնը երկարաձգվել է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Ըստ նրա՝ ՀՀ-ում զբոսաշրջային ակտիվ սեզոնը մեկնարկում էր ապրիլից, երբ Եվրոպայից՝ Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և մի շարք այլ երկրներից Հայաստանն ընդունում էր զբոսաշրջիկների, և ավարտվում էր հոկտեմբերի կեսերին։ Սակայն այս պահին ակտիվ սեզոնը սկսվում է մարտից, երբ Իրանից գալիս են մարդիկ, և ավարտվում է նոյեմբերի կեսերին։ Համեմատաբար ամենաթույլ սեզոնը նոյեմբերի կեսերից մինչև Ամանորն է։

«Մեզ մոտ ամանորյա զբոսաշրջությունը սկսում է բավականին ակտիվանալ.  Հայաստանն այս առումով գնալով ավելի գրավիչ է դառնում, և շատ երկրներից մարդիկ գալիս են Հայաստանում նշելու Նոր տարին։ Իհարկե, դեռ չենք հասել նրան, որ ասենք, թե ակտիվ սեզոն է, բայց համեմատաբար վատ չէ։ Ամանորից հետո՝ հունվարի կեսերից սկսած, մինչև մարտի սկիզբ նորից պասիվ է, այնուհետև ակտիվանում է։

Արաբական ծոցի երկրների հետ պետական ու մասնավոր համագործակցությունը, կարծես թե, տալիս է իր արդյունքը, և այդ սեզոնին էլ որոշ քանակի զբոսաշրջիկներ նախընտրում են գալ Հայաստան։ Մեր ֆեդերացիայի օրինակով՝ համագործակցելով Քուվեյթում մեր դեսպանության հետ՝ մասնակցել է ցուցահանդեսի, որից հետո էլ սկսվեց ակտիվ քննարկումների ու բանակցությունների փուլ, ինչից հետո էլ դրվեց ուղիղ չվերթ, ինչն էականորեն ազդեց զբոսաշրջիկների թվի վրա։ Քուվեյթյան շուկան արդեն սկսել է ակտիվանալ»,- հավելեց Մեխակ Ապրեսյանը։

Կարդացեք նաև

  • «Ցավոք, Հայաստանը եվրոպական մեզ համար շատ կարևոր երկրներում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում դեռևս մնում է «կարմիր» գոտիավորմամբ». Մեխակ Ապրեսյան
  • Ատեստավորումը Տնտեսագիտության ինստիտուտում իրավիճակը թեժացրել է․ աշխատակիցները նախատեսում են դիմել իրավասու ատյաններին
  • ԵԱՏՄ-ից՝ ԵՄ. երկու տառի տարբերություն, միլիարդների արժեք

Մեր զրուցակցի բնորոշմամբ՝ զբոսաշրջության ոլորտում կարևոր է, որպեսզի երկիրը կարողանա օգտագործել իր ողջ ռեսուրսը՝ ներկայացնելու այն ամենը, ինչը հետաքրքրում է զբոսաշրջիկներին, նաև գտնի համապատասխան շուկաներ զբոսաշրջային արդյունքներն իրացնելու համար։ Ըստ էության՝ նման մեթոդներով հնարավոր է լուծել սեզոնայնության հարցը, այսինքն՝ այնպես անել, որ նույնիսկ պասիվ սեզոնը դառնա ակտիվ սեզոն։

«Հիմա զբոսաշրջիկներին տարբեր հետաքրքրություններ է ներկայացնում Հայաստանը՝ գինու, գաստրոտուրիզմ, նաև բժշկական տուրիզմ. իհարկե, պատմամշակութային տուրիզմը նույնպես կարևոր է, քանի որ այդ առումով

հսկայական ռեսուրս ունենք, որը պետք է օգտագործել արդյունավետ։ Սեպտեմբերին Հայաստանում անցկացվեց բժշկական տուրիզմի միջազգային կոնֆերանս, ինչը կարևոր քայլ է, որի նախնական աշխատանքները մեկնարկել էին մոտ 2 տարի առաջ։ Իհարկե, որոշ քայլեր արվում էին, բայց այս ուղղությամբ համակարգված քայլեր էին անհրաժեշտ։ Իհարկե, մենք զբոսաշրջիկներին նաև առաջարկում ենք արկածային, քայլարշավային տուրիզմ, լեռնագնացություն, լեռնադահուկային տուրիզմ և այլն։ Այստեղ ևս ինստիտուցիոնալ քայլեր են պետք, շուկաներ գտնել, այսինքն՝ նպատակային ու մարքետինգային քաղաքականություն է պետք։ Առհասարակ, մեզ «ագրեսիվ» մարքետինգային քաղաքականություն է պետք բոլոր ուղղություններով»,- շեշտեց Մեխակ Ապրեսյանը։

Խոսելով ոլորտին տրամադրվող ֆինանսավորման մասին՝ Մեխակ Ապրեսյանն ասաց, որ ոլորտին տրամադրվող ֆինանսական միջոցները պետք է կրկնապատկվեն ու եռապատկվեն։

«Չեմ համարում, որ դա պարզապես զբոսաշրջային ծախս է, այլ ներդրում է ոլորտում, և ցանկացած նման ներդրում առնվազն բազմապատկվում է։ Ոլորտն ունի այդ ֆենոմենը, որ դրված ցանկացած գումար առնվազն կարող է կրկնապատկվել և լավ արդյունք տալ։ Մենք ոլորտում գումար չպետք է խնայենք, հատկապես, երբ տեսնում ենք, թե մեր գործընկեր երկրները որքան գումար են ներդնում զբոսաշրջության ոլորտի զարգացման համար, նաև մարքետինգային քաղաքականության մեջ։

Իհարկե, այդ միջոցները համեմատաբար ավելացել են. մոտ 200 մլն դրամ էր տրամադրվում ոլորտի աջակցման ծրագրերին, վերջին տարիներին դարձել է 800 մլն, նույնիսկ 1 մլրդ չէ։ Կարծում եմ՝ այդ թիվը պետք է կրկնապատկել, եթե ոչ՝ եռապատկել»,- եզրափակեց Մեխակ Ապրեսյանը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Antonian Lara. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/08/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%a1%d5%a3%d6%80%d5%a5%d5%bd%d5%ab%d5%be-%d5%b4%d5%a1%d6%80%d6%84%d5%a5%d5%bf%d5%ab%d5%b6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1/

Leave a Reply