Նոյեմբեր 8, 2026
ՀՀ կառավարությունը վերաբաշխում կկատարի 2026 թվականի պետական բյուջեում՝ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) շենքային պայմանների ապահովման նպատակով. նոյեմբերի 5-ի նիստում ընդունված որոշման համաձայն՝ կառույցի կարիքների համար կհատկացվի 496 մլն 898.1 հազար դրամ (մոտ 1 մլն 379 հազար ԱՄՆ դոլար)։
Ըստ որոշման հիմնավորման՝ ֆինանսական միջոցները կնվազեցվեն ԱՀԾ-ի «Արտաքին հետախուզական գործունեության կազմակերպում» միջոցառման «Այլ ծախսեր» հոդվածից։
Նշվում է, որ գումարն ուղղվելու է ծառայության համար շենքի ձեռքբերմանը և կապիտալ վերանորոգմանը (ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերում)։
Նոյեմբերի 5-ի նիստի օրակարգում ընդգրկված 39 հարցից 36-ը չզեկուցվող էր, այդ թվում՝ 2026 թ. պետական բյուջեում վերաբաշխում և կառավարության 2025 թ. դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ այս նախագիծը։ Որոշման 2-րդ կետը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը նշվել են` «հույժ գաղտնի»։
Ավելի վաղ՝ 2025 թվականի սեպտեմբերի 11-ի նիստում, կառավարությունը որոշել էր ԱՀԾ-ին հատկացնել առանձին վարչական շենք՝ ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով։ Այդ նպատակով 2025 թ. պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել էր 1 մլրդ 710 մլն դրամ (այդ պահին գործող փոխարժեքով՝ մոտ 4 մլն 456 հազար դոլար)։
Մինչ նոր շենք տեղափոխվելը ծառայությունը ժամանակավորապես գործում էր Երևանի Բաղրամյան 24 հասցեում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում, իսկ նոր շենքի հասցեն պահվում է գաղտնի։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Antonian Lara. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/08/1-%d5%b4%d5%ab%d5%ac%d5%ab%d5%b8%d5%b6-379-000-%d5%a4%d5%b8%d5%ac%d5%a1%d6%80-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b7%d5%ad%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%b0%d5%ae-%d5%b7%d5%a5%d5%b6%d6%84%d5%a1/