Դատական համակարգը շատ վատ վիճակում է, իսկ դատախազությունն ու քննչականը՝ խայտա

Նոյեմբեր 8, 2026

sms-ային սկանդալից հետո պարզվեց, որ հեռախոսային հաղորդագրություններով մի օրում հանձարարություններ են տրվում, հրաժարականներ են պարտադրվում։ ԲԴԽ նախագահը, ՔԿ նախագահը և այլք, որոնք պետք է ինքնուրույն որոշումներ կայացնեին, մի sms-ով հրահանգներ կատարող մարդիկ են։ Ոչինչ չի փոխվել, այդ մարմինները զբաղված են նախևառաջ քաղաքական խմբային շահերի սպասարկմամբ, և ինչքան որ ժամանակ ու հավես կմնա՝ իրենց իրական գործառույթներն իրականացնելով։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Հանցավորության վիճակը գնալով վատանում է, ոստիկանության գործառույթների հետ կապված ահավոր դեպքեր կան, օրինակ՝ Ուշիի վերջին ավտովթարը, որը պետք է չլիներ, եթե նորմալ կառավարում և ճանապարհների սպասարկում իրականացվեր։ Այն կառույցները, որոնք պետք է իրենց գործառույթով զբաղվեն, քաղաքական խմբային շահ են սպասարկում։ Այդ կառույցները ստեղծված են, որ հանցավորության դեմ պայքարեն, մեր երեխաներին հեռու պահեն թմրամիջոցներից, ճանապարհները լինեն անվտանգ, մարդիկ իրար չկրակեն։ Այդ գործերով զբաղվում են երևի մի 25-30 տոկոսով, մնացածը քաղաքական գործունեություն է»,- ասաց հանրային գործիչը։

«Ի՞նչ է նշանակում՝ 60 հասցեում միաժամանակյա խուզարկություն։ Այսինքն, ամբողջ իրավապահ համակարգն այդ օրն ուրիշ բանով չի զբաղվել։ Դատական համակարգը շատ վատ վիճակում է, բայց դեռևս որոշ դեպքերում որպես հակակշիռ՝ տեսնում ենք արդարադատություն։ Փաշինյանը փորձում է ընդդիմություն խաղալ, այն դեպքում, երբ թե՛ տեխնիկական, թե՛ իրավական բոլոր հնարավորություններն ունեն պատասխանատվության կանչելու բոլոր իրավախախտ դատավորներին։ Ոստիկանությունում, դատախազությունում, քննչական մարմիններում ինքնուրույնության որևէ նշույլ բացարձակ չկա։ Իսկ որոշ դատավորներ դեռևս սրբորեն հավատում են ինքնուրույնության առաքելությանը, ինչը ողջունելի է»,- նշեց Մելիքյանը։

Կարդացեք նաև

  • Այսօր ձեզ ընդդիմադիր հռչակածներ, ո՞ր մեկիդ ենք ասել՝ գնացե՛ք, մեզ մերժե՛ք… Ասում էիք՝ Նիկոլին ընտրեք, որ Արցախը փրկվի. Էդուարդ Շարմազանով
  • Իրանի դեմ նոր հարձակումից 5 է պակաս, սրանք աթոռ են պոկում, դրսում խաշ ուտում. Էդուարդ Շարմազանով
  • Սառը հաշվարկով անձանց նկատմամբ բռնություն գործադրելու օժանդակություն է եղել. Պետք է տրվի քրեաիրավական գնահատական․ Հովհաննես Խուդոյան

Փաստաբանի կարծիքով՝ եթե լինի քաղաքական կամք, շատ կարճ ժամանակում դատական իշխանությունը կարող է հակակշիռ դառնալ ցանկացած իշխանության․

«Իշխանությունն ուզում է խաչ քաշել մեր ամբողջ անցյալի վրա՝ թե՛ իրավական, թե՛ մշակութային, թե՛ այլ, մեր ողջ մշակույթը դարձնել բովանդակազուրկ։ Խոսում են, օրինակ, Վարդան Մամիկոնյանի մասին՝ մերժելով նահատակության գաղափարը, ինչն անխզելիորեն կապված է նրա հետ։ 2020 թվականին իրենք ՍԴ-ում ջինը բաց թողեցին շշից, դա իրավաբանական առումով դանդաղ գործողության մի ռումբ է։ Ինքնիշխան պետությունը պետք է շրջի այս հակաիրավական ընթացքը»:

«ՔՊ-ն միջազգային գործընկերներին ասում էր, թե ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը ժամանակին ՀՀԿ անդամ է եղել։ Հիմա ինչո՞վ է իրենց արածը տարբերվում դրանից, երբ ՔՊ նախկին երկարամյա անդամ Վլադիմիր Վարդանյանն ընտրվում է ՍԴ նախագահ։

ՍԴ դատավորներից մեկի քվեն անվավեր է ճանաչվում, այսինքն՝ նա չի կարողանում քվեարկել, ո՞վ է նման բան տեսել։ Երբ դեռևս Ադրբեջանից սահմանադրություն փոխելու ցուցում չկար, ՍԴ նախորդ կազմը որոշում էր կայացրել, ըստ որի՝ Անկախության հռչակագրի դրույթները, ինչպես սահմանադրության առաջին և երկրորդ հոդվածները, անփոփոխելի են»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Baghdasarian Karlen. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/08/%d5%a4%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%a8-%d5%b7%d5%a1%d5%bf-%d5%be%d5%a1%d5%bf-%d5%be%d5%ab%d5%b3%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%ab/

Leave a Reply