Պրոթեզ տվեցին ու վե՞րջ. Երկու ոտքը կորցրած զինվորին զրկում են հաշմանդամության

Նոյեմբեր 8, 2026

168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանն է։

Զրույցի ընթացքում նա անդրադարձավ իր անցած ճանապարհին, Արցախյան պատերազմում հոր կորստին, 44-օրյա պատերազմի մասնակիցների պատմությունները գրի առնելու գաղափարին, վիրավոր զինծառայողների այսօրվա խնդիրներին, ինչպես նաև հասարակության մեջ տեղի ունեցող արժեքային փոփոխություններին։

Խոսելով իր բնավորության և անցած ճանապարհի մասին՝ Մամիկոն Խուրշուդյանը նշում է, որ երբեք չի հրաժարվել պայքարից, հատկապես այն դեպքում, երբ այն կարող էր տանել դեպի հաղթանակ

Կարդացեք նաև

  • «Ռուսահայ Օրջոնիկիձեն». գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի բացահայտումները
  • Ռուսաստանն ամեն գնով պետք է պահեր Լաչինի միջանցքը. պնդում եմ՝ 2018թ.-ից ՔՊ-ի ներքին սցենարներում է եղել Արցախն Ադրբեջանին հանձնելը. Տիգրան Աբրահամյան
  • ՍԱ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՀԱՅԻ ԴԵՄ. ՀԱՍԵԼ ԵՆ «КОНТРОЛЬНЫЙ ВЫСТРЕЛ»-ԻՆ. ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ՆԱՀԱՆՋԵԼ. ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆ

«Եղել են ճանապարհներս նաև փշով ու տատասկով լի, բայց երբևիցե հետ չեմ նահանջել։ Եղել է պայքար, պայքարել եմ։ Ես երբևիցե չեմ հրաժարվել պայքարից, եթե պետք է այդ պայքարը տանի դեպի հաղթանակ»,- ասում է Մամիկոն Խուրշուդյանը։

Նրա խոսքով՝ ինքը միշտ ընտրել է նաև ամենադժվար ճանապարհները՝ համոզված լինելով, որ հենց այդ ճանապարհներն են մարդուն ավելի համարձակ դարձնում։

Խուրշուդյանը պատմում է նաև մանկության ամենացավոտ էջի՝ Արցախյան պատերազմում հորը կորցնելու մասին։ Նա հիշում է հորական տատիկին, որը որդու զոհվելուց հետո կարծես իր առջև առաքելություն էր դրել՝ հոգ տանել թոռների մասին։

«Հայրս իր կյանքը տվեց հայրենիքի և ինձ համար, հայրս իր արյունը թափեց հայրենիքի և ինձ համար։ Ես խոստանում եմ, իմ հայրենիք, որ ես էլ նույն մարդը լինեմ, որ հաղթեմ իմ թշնամուն, հորս վրեժը ես կլուծեմ»,- ասում է նա։

Խուրշուդյանի խոսքով՝ դեռևս 8-10 տարեկանում գրած այս բանաստեղծության մոտիվներով ապրում է մինչ օրս։ Նա ընդգծում է, որ իր ընտանիքը միշտ պատրաստ է եղել ներդրում ունենալու ազգային արժեքների ու հայրենիքի խնդիրների լուծման գործում։

44-օրյա պատերազմի մասնակիցների 570 պատմություն

Մամիկոն Խուրշուդյանը պատմում է, որ 44-օրյա պատերազմի օրերին Մուրացանի զինվորական հոսպիտալում ծանոթացել է բազմաթիվ վիրավոր զինծառայողների հետ։ Սկզբում իր ընկերների հետ փորձել են օգնություն ցուցաբերել վիրավորներին, իսկ հետագայում որոշել են նրանց պատմությունները գրի առնել։

Նա հոսպիտալում տղաներին խոստացել էր այնտեղից հեռանալ վերջին վիրավոր զինծառայողի հետ։

«Ես խոսք տվեցի, որ այնտեղից դուրս կգամ միայն այն ժամանակ, երբ վերջին վիրավոր տղան դուրս կգա։ Այդպես էլ եղավ»,- ասում է նա։

Արդեն 2021 թվականի մարտին ծնվել է պատերազմին մասնակցած տղաների պատմությունները գրքի վերածելու գաղափարը։ Սկզբում նախատեսվում էր ներկայացնել 20 զինծառայողի պատմություն, սակայն նախագիծն աստիճանաբար ընդլայնվել է։

Այսօր մատենաշարում ընդգրկված է 570 զինծառայողի պատմություն, լույս է տեսել արդեն հինգերորդ հատորը։

«Ես հպարտ եմ, որ ես հայ եմ, հպարտ եմ, որ այդ առաքելության կրողն եմ, որովհետև այն, ինչը ես անում եմ և անելու եմ, ես գիտեմ՝ դա պատմություն է, որը փորձեն էլ ջնջել, չի ջնջվելու»,- նշում է նա:

Խուրշուդյանի համոզմամբ՝ այս գրքերը հետագայում կարևոր աղբյուր են դառնալու նաև հետազոտողների, պատմաբանների, գիտնականների և ռազմական փորձագետների համար։

«25-ամյա տղան պիտի գնա, ասի՝ քսուքի փող տո՞ւր»

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների սոցիալական և առողջապահական խնդիրներին։

Մամիկոն Խուրշուդյանը նշում է, որ բազմաթիվ վիրավոր զինծառայողներ այսօր ստիպված են սեփական միջոցներով հոգալ պրոթեզավորման հետ կապված լրացուցիչ ծախսերը, գնել անհրաժեշտ դեղորայք և քսուքներ, անցնել մերսման ու պարբերական բժշկական ստուգումների։

Նրա խոսքով՝ պետության մոտեցումը, ըստ որի՝ պրոթեզ ստացած և քայլելու հնարավորություն ունեցող զինծառայողն արդեն կարող է վերադառնալ աշխատանքային կյանք, ամբողջությամբ հաշվի չի առնում այդ մարդկանց իրական կարիքները.

«Երիտասարդը, որ պետք է այդ ոտքը դնի պրոթեզի մեջ, քսուքներ են պետք, հավելյալ մերսում է պետք, անընդհատ ստուգել է պետք։ Ո՞վ պետք է այս ամբողջ պրոցեսի համար պատասխան տա»։

Նրա համար անհասկանալի է, թե ինչ հաշվարկով են գնահատվում վիրավոր զինծառայողների հաշմանդամության աստիճանները, և ինչու են որոշ դեպքերում նրանց զրկում համապատասխան կարգավիճակից։

«Այդ տղան պիտի գա, քեզ ասի՝ քսուքի փող տո՞ւր։ Այդ տղան պիտի գա, քեզ ասի՝ դեղի փող տո՞ւր։ Չեղա՞վ, որ նույն 90-ականների իրավիճակն է ստեղծվում, երբ ազատամարտիկների էինք տեսնում, ովքեր գումար էին հավաքում, որովհետև ապրելու փող չունեին»,- շեշտում է նա։

Խուրշուդյանը նաև դժգոհ է պետական կառույցներում առկա բյուրոկրատական քաշքշուկներից։ Նրա խոսքով՝ զինծառայողների ընտանիքները հաճախ ստիպված են լինում առողջապահական և սոցիալական կառույցների միջև անընդհատ դիմումներ ներկայացնել, ինչի հետևանքով շատերն աստիճանաբար հիասթափվում են օգնություն խնդրելու գործընթացից։

«Մեր հասարակությանը հերոսների նկատմամբ իրական վերաբերմունք է պետք»

Խոսելով հերոսների հիշատակը պահպանելու և վիրավոր զինծառայողների կողքին գործնականորեն լինելու անհրաժեշտության մասին, Մամիկոն Խուրշուդյանն ընդգծում է՝ միայն հերոսներին մեծարելը բավարար չէ, եթե նրանց ընտանիքները և վիրավոր զինծառայողներն առօրյա կյանքում չեն ստանում անհրաժեշտ աջակցությունը։

«Ինչքան ուզում ես՝ զինվոր մեծարի, ինչքան ուզում ես՝ զոհվածի, հերոսածին մոր մեծարի, միևնույն է՝ դու կենդանի պետք է այդ զգացողություններդ փոխանցես այդ մարդուն։ Պետք չէ արհեստական ցավակցելն ու զորակցելը, եկեք բոլորս առարկայական մեր ընտանիքների կողքին լինենք»,- նկատում է նա։

Նա նշեց, որ իրենք վիրավոր զինծառայողների համար կազմակերպում են ամառային և ձմեռային հանգստի ծրագրեր, հանդիպումներ հոգեբանների, բժիշկների ու փաստաբանների հետ՝ փորձելով նպաստել նրանց կյանքի որակի բարելավմանը։

Քննադատություն՝ վճարովի մրցանակաբաշխություններին

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Մամիկոն Խուրշուդյանի նախաձեռնած մրցանակաբաշխությանը, որն արդեն շուրջ 17 տարի միավորում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներին։

Նրա խոսքով՝ նախաձեռնության սկզբնական նպատակը եղել է շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել հասարակական կյանքում։

Նա քննադատաբար է մոտենում այն մրցանակաբաշխություններին, որտեղ մրցանակ ստանալը պայմանավորված է գումար վճարելով.

«Մեր մրցանակակիրներն են եղել մաեստրո Տիգրան Մանսուրյանը, Հովհաննես Չեքիջյանը, Կոմանդոսը, Ռուբեն Մաթևոսյանը և բազմաթիվ այլ մեծություններ։ Ես ապշած նայում եմ, երբ տեսնում եմ, որ մարդկանց զանգում են ու առաջարկում՝ վճարեք և կստանաք մրցանակ»։

Նրա խոսքով՝ իր համար մրցանակաբաշխության ամենակարևոր արժեքը մարդկանց գնահատելն է, միավորելը և երիտասարդ սերնդին հնարավորություն տալը՝ անմիջականորեն շփվելու հայ մշակույթի, գիտության ու հայրենիքի համար մեծ ներդրում ունեցած մարդկանց հետ։

«Մեզ սպանում է գոռոզությունն ու անհանդուրժողականությունը»

Անդրադառնալով հասարակական հարաբերություններին՝ Խուրշուդյանն ասում է՝ հայ ժողովուրդն ունի բազմաթիվ դրական հատկանիշներ, սակայն հասարակությանը խանգարում են գոռոզությունն ու միմյանց հանդեպ անհանդուրժողականությունը.

«Մենք շատ լավ ազգ ենք։ Մեզ սպանում է գոռոզությունն ու մեծամտությունը, մենք հրաշալի ազգ ենք, բայց մեզ սպանում է մեր անհանդուրժողականությունն ու իրար հանդեպ չզիջելու այդ մոլուցքը»։

Նա կարևորում է նաև սխալներն ընդունելու և ներողություն խնդրելու կարողությունը՝ նշելով, որ հատկապես երիտասարդների շրջանում հաճախ նկատում է սեփական սխալն ընդունելու դժկամություն։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Arbi Tashjian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/08/%d5%ba%d6%80%d5%b8%d5%a9%d5%a5%d5%a6-%d5%bf%d5%be%d5%a5%d6%81%d5%ab%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%be%d5%a5%d5%9e%d6%80%d5%bb-%d5%a5%d6%80%d5%af%d5%b8%d6%82-%d5%b8%d5%bf%d6%84%d5%a8-%d5%af%d5%b8%d6%80%d6%81/

Leave a Reply